ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 418-Ն
«ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրում գտնվող «Արտաշատ Մայրաքաղաք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոց (5.85195 հա):
2․ Սահմանել «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը` 5.85195 հեկտար:
3․ Սահմանել, որ «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4․ Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղ։
5. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը (տարածքը) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով։
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել արգելոցի զբաղեցրած հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ՝ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով կնքել համապատասխան 5.85195 հեկտար հողի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 30-րդ կետով.
«30. «Արտաշատ Մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց»:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման N 2 հավելվածի 39-րդ և 42-րդ կետերով, իրականացնել 5.85195 հեկտար մակերեսով հողամասի սահմաններում ներառվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սեփականության սուբյեկտի և նպատակային նշանակության փոփոխություններ։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2023 թվական: