ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 6920/14
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի ապրիլի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2013 թվականի դեկտեմբերի 13-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու պրն Հովհաննես Տիրատուրյանը ծնվել է 1968 թվականին։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Սաֆարյանը։
Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների համաձայն՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բուժօգնություն ենթադրաբար չտրամադրելու վերաբերյալ ներկայացված գանգատն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն), որը ներկայացրել է գանգատի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին առաջարկել են ներկայացնել սեփական դիտարկումները: Քարտուղարի նամակին չեն պատասխանել։
2020 թվականի դեկտեմբերի 17-ի գրությամբ, պատվիրված նամակով ուղարկելու միջոցով դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումները ներկայացնելու համար թույլատրված ժամկետը լրացել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, և որ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին։ Դիմումատուի ներկայացուցիչն այդ գրությունն ստացել է 2021 թվականի հունիսի 17-ին։ Այնուամենայնիվ, որևէ պատասխան չի ստացվել։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոնշյալի լույսի ներքո, ինչպես նաև Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որևէ հատուկ հանգամանքի բացակայության պարագայում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ։
Հետևաբար գործը պետք է հանվի ցուցակից։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը հանել գործերի ցուցակից։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մայիսի 5-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
Յոլիեն Շուկինգ՝ |
