ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 169-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղ. Երևան, Աջափնյակ, Ս. Մարտիրոսյան փողոց 3 հասցեում գտնվող, 626.55 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված, բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0936 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25102022-01-0271 վկայական) (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 99 000 000 դրամ.
2) հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 15 141 298 դրամ.
3) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 31 543 200 դրամ.
4) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 99 000 000 դրամ.
5) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 950 000 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
6) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով.
4) սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |