«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2006 թվականի N 619-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 22.04.22 N 532-Ն)
Հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 22.04.22 N 532-Ն)
1. Հաստատել աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 22.04.22 N 532-Ն)
I. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լրիվ ծավալով մասնագիտական գործունեություն` նորմալ աշխատաժամանակի ընթացքում իր մասնագիտությամբ նախատեսված աշխատանքների ամբողջական կատարում` ներառյալ աշխատանքը վնասակար և վտանգավոր պայմաններում և չնորմավորված աշխատանքները:
2. Մասնագիտական աշխատունակություն` անձի ունակությունը կամ հնարավորությունը կատարելու տվյալ մասնագիտությամբ որոշակի որակավորման, ծավալով և որակով աշխատանք:
2.1. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու կարողություն:
(2.1-ին կետը լրաց. 22.04.22 N 532-Ն)
2.2. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 1-ին աստիճանի սահմանափակում՝ տվյալ աշխատավայրում իր կողմից կատարվող աշխատանքն իրականացնելու անհնարինություն, աշխատանքային գործունեության իրականացում մինչև վնասվածք կամ հիվանդություն ձեռք բերելն աշխատավայրում նախատեսված աշխատանքային պայմաններում՝ որակավորման իջեցմամբ կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ:
(2.2-րդ կետը լրաց. 22.04.22 N 532-Ն)
2.3. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 2-րդ աստիճանի սահմանափակում՝ աշխատանքային գործունեության իրականացում հատուկ ստեղծված պայմաններում՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ կամ հատուկ սարքավորված աշխատատեղերում՝ այլ անձանց օգնությամբ:
(2.3-րդ կետը լրաց. 22.04.22 N 532-Ն)
2.4. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:
(2.4-րդ կետը լրաց. 22.04.22 N 532-Ն)
2.5․ Առողջությանը հասցված վնաս` օրգանիզմի ֆունկցիաների խանգարում կամ մարմնի կառուցվածքի խախտում, որոնք առաջացել են աշխատանքի ընթացքում արտաքին միջավայրի տարբեր ազդակների ազդեցության հետևանքով։
(2.5-րդ կետը լրաց. 22.04.22 N 532-Ն)
II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում՝ ելնելով հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման կամ մարմնի կառուցվածքի խախտման հետևանքով առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից։ Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտման աստիճանը, որոնք հանգեցնում են աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման կամ անհնարինության:
(3-րդ կետը խմբ. 22.04.22 N 532-Ն)
4. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է տոկոսներով` 10-100 տոկոս:
5. Անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշվում է հետևյալ հատկանիշների ամբողջական վերլուծությամբ`
ա) կլինիկաֆունկցիոնալ հատկանիշներ.
բ) մասնագիտական գործունեության բնույթ (մասնագիտություն, որակավորում, աշխատանքի որակ և ծավալ, դրանց կատարման հնարավորություններ).
գ) անձի գործունեության և մասնակցության սահմանափակման աստիճաններ:
(5-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
6. Կլինիկաֆունկցիոնալ հատկանիշներն են`
ա) աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը, ինչպես նաև աշխատանքի վայրում դժբախտ դեպքի կամ մասնագիտական հիվանդության ախտաբանական վիճակների առանձնահատկությունները.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 22.04.22 N 532-Ն)
գ) օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի խանգարման աստիճանը (թեթև, միջին, ծանր, խոր).
դ) կլինիկական և վերականգնողական կանխատեսումը` հիվանդության ելքը, ընթացքը, բուժման հնարավորությունը, արդյունքը և վերականգնման իրականացման կանխատեսվող հնարավորությունը.
ե) հոգեֆիզիոլոգիական ունակությունները:
զ) (ենթակետն ուժը կորցրել է 22.04.22 N 532-Ն)
(6-րդ կետը փոփ., խմբ. 22.04.22 N 532-Ն)
7. Տուժողների մոտ կլինիկական պատկերի բազմազանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես վնասվածքների, մասնագիտական հիվանդությունների անմիջական հետևանքների առկայությամբ, այնպես էլ դրանց ծանրացումներով կամ բարդացումներով:
(7-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
8. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս, հիմք ընդունելով բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքները, հաշվի է առնվում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքի, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով` տուժողի մասնագիտությամբ լրիվ ծավալով աշխատանք կամ հավասարազոր որակավորմամբ ու վճարովի այլ աշխատանք կամ սովորական կամ հատուկ ստեղծված արտադրական պայմաններում մնացորդային մասնագիտական աշխատունակության կիրառմամբ ավելի ցածր որակավորման աշխատանք կատարելու կարողությունը:
(8-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
9. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի գնահատման հիմքում ընկած են հետևյալ գործոնները`
ա) տեխնոլոգիական` աշխատանքային գործընթացների, աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատանքային գործիքներն օգտագործելու (սպասարկելու) բարդությունը,
բ) կազմակերպական` աշխատողի ինքնուրույնության աստիճանն աշխատանքային պարտականությունների ընդհանուր ծավալը կատարելիս,
գ) աշխատողի նյութական պատասխանատվությունը,
դ) առողջության համար ծանր, վտանգավոր, առանձնապես ծանր, առանձնապես վտանգավոր պայմաններում կատարած աշխատանքը:
10. Եթե տուժողը չի կարող կատարել նախկին բարդության (որակավորման) աշխատանք, ապա նրան այլ ավելի թեթև աշխատանքի տեղափոխելու պահանջ է առաջանում` հաշվի առնելով ծառայությունների անհատական ծրագրի պահանջները:
(10-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
11. Որակավորում չունեցող ֆիզիկական աշխատանք կատարող տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է` կախված նրա հոգեֆիզիոլոգիական վիճակից, ֆիզիկական աշխատանք կատարելու դեպքում` անձի ֆիզիկական կարողությունից:
12. Ստացած վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետ կապված աշխատողի մասնագիտության, որակավորման, նրա արտադրական գործունեության ծավալի փոփոխման անհրաժեշտության հարցի լուծման հիմք է հանդիսանում աշխատատեղը բնորոշող հատկանիշների համալիրը:
13. Երբ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքի, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով առաջացել է օրգանիզմի ֆունկցիաների կամ կառուցվածքի խոր աստիճանի խանգարում (խախտում), որը հանգեցրել է տուժողի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողության, անհնարինության կամ հակացուցվածության նույնիսկ հատուկ ստեղծված արտադրական կամ այլ պայմաններում՝ հանգեցնելով մասնագիտական աշխատունակության ու մասնագիտական գործունեության լրիվ կորստի, սահմանվում է մասնագիտական աշխատունակության 100 տոկոս կորուստ:
(13-րդ կետը խմբ. 22.04.22 N 532-Ն)
14. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի ծանր աստիճանի խանգարման (խախտման) հետևանքով մասնագիտական աշխատանք կարող է կատարել միայն հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է 70-90 տոկոս:
(14-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
15. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման) հետևանքով կարող է մասնագիտական աշխատանքը կատարել սովորական արտադրական պայմաններում` որակավորման իջեցմամբ կամ կատարվող աշխատանքի ծավալի փոքրացմամբ կամ, եթե օրգանիզմի ֆունկցիայի կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման) հետևանքով նա կորցրել է տվյալ որակավորմամբ մասնագիտական գործունեությունը շարունակելու ունակությունը, սակայն սովորական արտադրական պայմաններում կարողանում է շարունակել ավելի ցածր որակավորմամբ մասնագիտական աշխատանքային գործունեություն, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է 40-60 տոկոս:
(15-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
16. Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի թեթև աստիճանի խանգարման (խախտման) հետևանքով որակավորման իջեցմամբ մասնագիտական աշխատանքը կարող է կատարել սովորական արտադրական պայմաններում կամ աշխատանքի ծավալի փոքրացմամբ կամ աշխատանքային բնույթի փոփոխման պայմաններում, որոնք հանգեցնում են տուժողի աշխատավարձի նվազեցման, կամ, եթե նրա մասնագիտական գործունեության իրականացումը պահանջում է մեծ լարում, քան նախկինում, սահմանվում է 10-30 տոկոս մասնագիտական աշխատունակության կորուստ:
(16-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
17. Եթե աշխատանքային գործունեության ժամանակ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքը, մասնագիտական հիվանդությունը կամ առողջությանը հասցված այլ վնասը տուժողի մոտ չեն առաջացրել մասնագիտական աշխատունակության կորուստ, թույլ են տվել նրան կատարելու իր մասնագիտական գործունեությունը` առանց որակավորման, աշխատանքի ծանրության աստիճանի և աշխատավարձի իջեցման, մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը, ապա կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ֆունկցիոնալության գնահատում անցնելիս մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան չի սահմանվում:
(17-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
18. Աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված կրկնակի վնասվածքի, կրկնակի մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ կրկնակի վնասի դեպքում, անկախ նույն, թե մեկ այլ գործատուի մոտ աշխատելուց, տուժողի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին և չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 100 տոկոսը:
(18-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
19. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է մեկ կամ երկու տարով, կամ անժամկետ` ելնելով տուժողի առողջության խաթարմամբ պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի խանգարման կամ մարմնի կառուցվածքի խախտման աստիճանից, օրգանիզմի պահուստային ներուժից ու հարմարողական հնարավորություններից: Հաշվի են առնվում նաև աշխատանքի վայրում ստացած վնասվածքի և մասնագիտական հիվանդության բնույթը, մասնագիտական աշխատունակության լրիվ կամ մասնակի վերականգնման հնարավորությունը, բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հեռանկարի կանխատեսումը:
(19-րդ կետը փոփ., լրաց. 22.04.22 N 532-Ն)
20. Վերականգնման հեռանկարի բացակայության դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է անժամկետ:
21. Երբ մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է հաշմանդամության հետ միաժամանակ, ապա մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է մինչև հաշմանդամության ժամկետի ավարտը:
22. Վերականգնողական միջոցառումների տեսակները, ծավալները և ժամկետները սահմանվում են ծառայությունների անհատական ծրագրում:
(22-րդ կետը փոփ. 22.04.22 N 532-Ն)
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 22.04.22 N 532-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |