Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2006-30.09.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.885
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ և ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և ապահովագրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց միջև առաջացող ապահովագրական հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է կամավոր և պարտադիր ապահովագրական գործունեության սկզբունքները:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների շահերի պաշտպանության ապահովումը, ապահովագրական համակարգի զարգացման, հուսալիության և բնականոն գործունեության ապահովումն ու ապահովագրական գործունեություն իրականացնողների համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումը:


Հոդված 2. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքները և նորմատիվ իրավական այլ ակտերը

(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

 

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և նորմատիվ իրավական այլ ակտերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակները և նրանց առանձնահատկությունները կարգավորվում են նաև պարտադիր ապահովագրության մասին օրենքներով:

(2-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 3. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ապահովագրություն` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով և ապահովագրական պայմանագրով սահմանված կարգով ապահովագրական պատահարների տեղի ունենալու հետ կապված ապահովադիրների կամ պայմանագրով նախատեսված այլ անձանց անձնական և գույքային շահերի պաշտպանության նպատակով ապահովագրողի և ապահովադրի միջև հաստատված հարաբերություն` ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարներից ապահովագրողների ձևավորած ապահովագրական պահուստների հաշվին.

ապահովագրության օբյեկտներ` ապահովագրության ենթակա օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող անձնական և գույքային շահեր.

կամավոր ապահովագրություն` ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրական պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրություն.

պարտադիր ապահովագրություն` ապահովագրվողի կամքից անկախ` ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություն, որի տեսակները, պայմաններն ու անցկացման կարգը կարգավորվում են սույն օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով.

անձնական ապահովագրություն` ապահովագրական պատահարի հետևանքով ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կյանքին, առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, ինչպես նաև նրանց կյանքում որոշակի իրադարձության երևան գալու (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը և այլն) դեպքերում ապահովագրական գումարի վճարման հետ (անձնական ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

գույքային ապահովագրություն` ապահովագրական պատահարի հետևանքով ապահովադրի կամ շահառուի գույքային շահերի` գույքի տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման ժամանակ առաջացած վնասների կամ կորստի դեպքում ապահովագրական հատուցման հետ (գույքային ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

պատասխանատվության ապահովագրություն` ապահովադրի կամ ապահովագրված անձի կողմից երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման հետ (պատասխանատվության ապահովագրության տեսակներ) կապված ապահովագրություն.

կյանքի ապահովագրություն` ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաև նրա կյանքում որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը և այլն) երևան գալու հետ կապված ապահովագրություն, երբ ապահովագրական պատահարին բնորոշ են պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության պայմանագրի ժամկետի ավարտին` ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է` պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության տեսակներ).

ոչ կյանքի ապահովագրություն` կյանքի ապահովագրության տարրեր չպարունակող անձնական ապահովագրության, ինչպես նաև գույքային և պատասխանատվության ապահովագրության տեսակները ներառող (ոչ կյանքի ապահովագրության տեսակներ) ապահովագրություն.

կուտակային ապահովագրություն` կյանքի ապահովագրության բնույթ, երբ ապահովագրողը պարտավորվում է ապահովադրի կողմից ապահովագրական պայմանագրով պայմանավորված միանվագ կամ պարբերաբար վճարվող ապահովագրավճարի դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել ապահովագրական գումարը կամ երաշխավորված եկամուտը` ապահովադրի կամ ապահովագրված անձի մահվան, որոշակի տարիքի հասնելու, նրա կյանքում ապահովագրական պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը և այլն) երևան գալու դեպքում կամ ապահովագրական պայմանագրով սահմանված ժամկետի լրանալու դեպքում` կախված այն հանգամանքից, թե այս ապահովագրական պատահարներից որն է ավելի շուտ տեղի ունենում.

համատեղ ապահովագրություն` մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից ապահովագրության օբյեկտի համատեղ ապահովագրում.

վերաապահովագրություն` մեկ ապահովագրողի կողմից, պայմանագրով որոշված պայմաններով, ապահովադրի նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման ռիսկի ապահովագրումն այլ ապահովագրողի մոտ.

ապահովագրական գործունեություն` ապահովագրության, կամ վերաապահովագրության, կամ ապահովագրության ոլորտում միջնորդային գործունեության իրականացում.

ապահովագրական գործունեություն իրականացնողներ` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով գրանցված և լիցենզավորված ապահովագրական ընկերություններ կամ ապահովագրական միջնորդներ (բրոքերներ).

ապահովադիր, ինչպես նաև ապահովագրվող` ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

ապահովագրող, ինչպես նաև ապահովագրական ընկերություն` ապահովագրական գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը որոշակի վճարի դիմաց իր վրա է վերցնում ապահովադրի ռիսկի նյութական հետևանքները և ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադրին հատուցում է վնասը կամ վճարում ապահովագրական գումարը.

ապահովագրական բրոքեր` ապահովադրի հանձնարարությամբ և նրա անունից ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող մասնագիտացված բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.

ապահովագրական գործակալ` ապահովագրողի անունից և նրա հանձնարարությամբ բացատրական աշխատանքների կամ օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով չարգելված այլ գործողությունների միջոցով ապահովադիրների հետ ապահովագրական պայմանագրերի կամ վկայագրերի կնքման հետ կապված աշխատանքներ իրականացնող` ապահովագրողների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձ.

ապահովագրական ռիսկ` պատահարի (դեպքի) տեղի ունենալու և (կամ) վնաս հասցնելու հավանականություն, որի հետ կապված իրականացվում է ապահովագրությունը.

ապահովագրական պատահար` փաստացի տեղի ունեցած պատահական դեպք կամ կուտակային ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ավարտ, որի վրա հասնելու հետևանքով սկիզբ է առնում կամավոր ապահովագրության դեպքում` ապահովագրության պայմանագրով, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում` օրենքով նախատեսված, ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար վճարելու ապահովագրողի պարտավորությունը.

ապահովագրության պայմանագիր` ապահովագրողի և ապահովադրի միջև առաջացող հարաբերությունները կարգավորող և նրանց միջև կնքվող գրավոր համաձայնություն, ըստ որի սահմանված ժամկետում ապահովադրի կողմից վճարվող ապահովագրավճարների դիմաց ապահովագրողը պարտավորվում է ապահովագրական պատահարի առաջացման դեպքում կատարել ապահովագրական հատուցում կամ վճարել ապահովագրական գումար ապահովադրին կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը.

ապահովագրության վկայագիր` ապահովագրողների կողմից ապահովագրության պայմանագիրը բովանդակող և նրա իրողությունը հավաստող հաստատված նմուշի փաստաթուղթ.

ապահովագրական արժեք` գույքային ապահովագրության պայմանագրի կնքման պահին տվյալ գույքի իրական (շուկայական) արժեքը.

ապահովագրական գումար, ինչպես նաև ապահովագրական ծածկույթ` կամավոր ապահովագրության դեպքում` ապահովադրի և ապահովագրողի համաձայնությամբ որոշված, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում` օրենքով սահմանված դրամական արտահայտությամբ գումար, որի սահմաններում ապահովագրվում է ապահովագրության օբյեկտը.

ապահովագրավճար, ինչպես նաև ապահովագրական պարգև` ապահովագրության համար նախատեսվող գումար, որն ապահովադիրը կամավոր ապահովագրության դեպքում` ապահովագրության պայմանագրի, իսկ պարտադիր ապահովագրության դեպքում, օրենքի համաձայն, պարտավոր է մուծել ապահովագրողին.

ապահովագրական սակագին` սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափ, որը կամավոր ապահովագրության տեսակների համար որոշվում է ապահովագրողի կողմից, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների համար սահմանվում է օրենքով.

ապահովագրական հատուցում` դրամական արտահայտությամբ գումար, որն ապահովագրողը գույքային ապահովագրության պայմանագրով, ապահովագրական գումարի սահմաններում, պարտավորվում է վճարել ապահովադրին կամ շահառուին` պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած փաստացի վնասների կամ կորուստների դիմաց.

փոխկապակցված անձինք` երկու և ավելի անձինք, եթե`

ա) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթի քսան և ավելի տոկոսին.

բ) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին կամ տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ կամ տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.

գ) նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի, կամ նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.

դ) նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

ակտուար` ֆինանսների բնագավառում պատահական դեպքերի տեղի ունենալու հավանականությունը և դրանց հետ կապված` ռիսկերը գնահատող, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ, որն ապագա անորոշություններ պարունակող ֆինանսական խնդիրներ լուծելու համար կիրառում է, մասնավորապես, հավանականությունների տեսության, վիճակագրության և ռիսկերի տեսության մեթոդներ.

ապահովագրված անձ` անձ, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա.

շահառու` ապահովագրական պայմանագրով նախատեսված` ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար ստանալու իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

վթարային հավաստագիր` ապահովագրական պատահարի փաստի և այդ պատահարի հետևանքով ապահովագրության օբյեկտին պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ.

չհատուցվող գումար` ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափը վնասի հատուցմանը, որն ապահովագրողի և ապահովադրի միջև համաձայնեցված գումար է կամ սահմանվում է ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ.

պայմանական չհատուցվող գումար` չհատուցվող գումարի տեսակ, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պատասխանատվությունից, երբ դրա մեծությունը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.

ոչ պայմանական չհատուցվող գումար` չհատուցվող գումարի տեսակ, որի չափով ապահովագրողն ազատվում է հատուցում իրականացնելուց:

(3-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 4. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ» ԲԱՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. «Ապահովագրական» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանություններն իրենց անվանման մեջ և գովազդներում կարող են օգտագործել միայն ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքն ապահովագրական գործունեությանը չի վերաբերում:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողներն իրավունք չունեն իրենց անվան մեջ կամ գովազդներում ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ ապահովագրական գործունեություն իրականացնողի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

3. Արգելվում է նաև ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա չունեցող անձանց կողմից «ապահովագրական» բառի, դրա ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումը գովազդներում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե այդ բառի, դրա ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է ապահովագրական գործունեությանը:

Հոդված 5. ԱՊԱՀՈՎԱԳՐության տեսակների առանձնահատկությունները

1. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով, բացառությամբ կուտակային բնույթի, նախատեսված ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից վճարման ենթակա պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող նվազեցվել այն ապահովագրավճարների չափով, որոնք ապահովադիրը պարտավոր կլիներ վճարել, եթե պայմանագիրը շարունակեր գործել մինչև դրանով նախատեսված ժամկետի լրանալը:

2. Կյանքի ապահովագրության կուտակային բնույթ ունեցող պայմանագրի ժամկետի լրանալու դեպքում, եթե այդ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական գումարը չի կարող պակաս լինել ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի համաձայն վճարված ապահովագրավճարների հանրագումարից:

3. Անձնական ապահովագրության պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանվում է ապահովագրական գումար, որը տվյալ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պայմանագրով պարտավորվում է վճարել ապահովադրին կամ ապահովագրված անձին կամ շահառուին: Անձնական ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը որոշվում է ապահովագրողի և ապահովադրի համաձայնությամբ:

4. Ապահովագրողները կյանքի ապահովագրության գծով ապահովագրական սակագները հաշվարկում են ակտուարային մեթոդի հիման վրա` օգտագործելով սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշները և ապահովագրական պահուստների ներդրման եկամտաբերությունը:

5. Ոչ կյանքի ապահովագրության տեսակները, ի տարբերություն կյանքի ապահովագրության տեսակների, չեն կարող ունենալ կուտակային ապահովագրության բնույթ:

6. Գույքային ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցման գումարը չի կարող գերազանցել պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը:

Հոդված 6. ԱՊԱՀՈՎԱԳՐական միուԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրողներն իրենց գործունեությունը համակարգելու, իրենց անդամների շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և ապահովագրողների այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող ապահովագրողների միություններ և անդամակցել դրանց:

2. Ապահովագրողների միությունները չեն կարող ապահովագրական գործունեություն իրականացնել և լինել նրանց մասնակից: Ապահովագրողների միությունները և ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցումից հետո այդ մասին ծանուցում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ կենտրոնական բանկ):

(6-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 7. ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ

1. Ապահովադիրը կարող է ապահովագրության պայմանագիր կնքել ապահովագրված անձի օգտին կամ նախատեսել շահառուին, ինչպես նաև ապահովագրական գործունեություն իրականացնողների գործողությունները բողոքարկել` դիմելով կենտրոնական բանկ կամ դատարան:

2. Ապահովադիրն ունի օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող այլ իրավունքներ:

(7-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ

1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ապահովագրական ընկերությունները:

2. Ապահովագրողն իրավունք ունի`

ա) իրականացնել ֆինանսական գործունեության հետ կապված ցանկացած գործառնություններ և կնքել քաղաքացիական-իրավական ցանկացած գործարքներ, եթե դրանք անհրաժեշտ են և նպաստում են ապահովագրական գործունեության իրականացմանը և չեն վտանգում ապահովադիրների և ապահովագրված անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, բացառությամբ բանկային, արտադրական և առևտրային գործունեությունների.

բ) հանդիսանալ արտադրական և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից` իր համալրված կանոնադրական կապիտալի գումարի 20 տոկոսը չգերազանցող չափով, եթե օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով ավելի ցածր սահման նախատեսված չէ.

գ) ապահովագրական ռիսկի գնահատման նպատակով ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը, գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս զննել ապահովադրի գույքը, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական արժեքը պարզելու նպատակով, իսկ անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս կատարել ապահովագրված անձի բժշկական քննություն` նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար.

դ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը` սահմանելով հիմնավոր ժամկետներ.

ե) ոչ կյանքի ապահովագրության դեպքում զննել և ուսումնասիրել պատահարի հետևանքով վնասված գույքը, նշանակել փորձաքննություն` վնասի առաջացման պատճառների և հետևանքների բացահայտման ուղղությամբ.

զ) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

3. Ապահովագրողն ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները վերաապահովագրելու դեպքում ամբողջ ծավալով մնում է պատասխանատու ապահովադրի նկատմամբ:

4. Համատեղ ապահովագրության դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները և պարտականությունները որոշող պայմանները պետք է ընդգրկվեն ապահովագրության պայմանագրի մեջ:

5. Ապահովագրողն առանց ապահովադրի համաձայնության չի կարող հրապարակել նրան առնչվող առևտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

6. (մասն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-161-Ն)

7. Ապահովագրողը պարտավոր է կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով կենտրոնական բանկ ներկայացնել գործունեության երեք տարվա գործարար ծրագիր, որը պետք է բովանդակի հայտատուի կողմից իրականացվելիք ապահովագրության տեսակները և, ըստ յուրաքանչյուր տեսակի, ներառի`

ա) կանոնները.

բ) կնքվելիք պայմանագրերի թիվը.

գ) ապահովագրական գումարի չափը.

դ) ապահովագրական սակագները.

ե) ապահովագրավճարի չափը.

զ) միջնորդավճարների չափը.

է) չհատուցվող գումարի տեսակները և դրանց չափը.

ը) կառավարման (գործավարման) ծախսերի մեծությունը.

թ) ապահովագրական պահուստները, նրանց տեղաբաշխման ուղղությունները.

ժ) եթե նախատեսվում է վերաապահովագրություն` դրանց ծավալները և համապատասխան կնքված պայմանագրերը.

ժա) վճարվելիք հատուցումների ծավալը.

ժբ) շահույթը (վնասը):

Գործարար ծրագրում նախատեսված ցուցանիշները պետք է լինեն հիմնավորված համապատասխան հաշվարկներով, որոնք պետք է իրականացված լինեն օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով պահանջներին համապատասխան:

8. Ապահովագրողը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:

9. Ապահովագրողն ունի օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին չհակասող այլ իրավունքներ:

(8-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-22-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն, 07.07.06 ՀՕ-161-Ն)

Հոդված 9. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

1. Ապահովագրական բրոքերն ապահովադիրների ապահովագրական ռիսկերը պարտավոր է տեղաբաշխել Հայաստանի Հանրապետությունում, օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով լիցենզավորված ապահովագրական ընկերություններում:

2. Ապահովագրական բրոքերն ապահովագրողների ապահովագրական ռիսկերն իրավունք ունի վերաապահովագրել նաև օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում:

3. Ապահովագրական բրոքերը պարտավոր է պահպանել իր գործունեության իրականացման ժամանակ ապահովագրության ոլորտը կարգավորող` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված ապահովագրական գործունեության իրականացման պարտադիր պահանջները կամ պայմանները:

4. Օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների անունից և նրանց հանձնարարությամբ ապահովագրության պայմանագրերի կնքումը կամ ապահովագրական վկայագրերի վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

5. Ապահովագրողների հանձնարարությամբ և նրանց անունից ապահովադիրների հետ ապահովագրության պայմանագրերի կնքման կամ ապահովագրական վկայագրերի վաճառքի հետ կապված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից միջնորդային գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

(9-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

1. Ապահովագրողը պարտավոր է գործակալի առկայության դեպքում հաստատել նրա գործունեության կանոնակարգը, որի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները հաստատում է կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգը պետք է ներառի գործակալի համապատասխանության չափանիշները և որակավորման կարգը, նրա լիազորությունները, նրան վերապահված գործառնությունները և առանձնահատկությունները, գործունեության շրջանակները, գործակալին ապահովագրական վկայագրերի հանձնման, չվաճառված վկայագրերի վերադարձման և նրա կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգը և ժամկետները:

3. Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը գործակալների գործունեության կանոնակարգը հաստատելիս պարտավոր է այդ կանոնակարգով սահմանել կենտրոնական բանկի խորհուրդի հաստատած գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում նախատեսված դրույթները, ինչպես նաև կարող է սահմանել գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում չնախատեսված դրույթներ, որոնք չպետք է հակասեն օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին և գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգին:

4. Գործակալների գործունեության կանոնակարգը պետք է ներկայացվի կենտրոնական բանկ այն հաստատվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց իրավասությունների շրջանակները սահմանվում են օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան և ընկերության կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են`

ա) ապահովագրողի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնողների կազմակերպական կառուցվածքում` նաև ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի հաստիքները, բացառությամբ կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի առկայության դեպքի (այսուհետ` ակտուար).

բ) ապահովագրական բրոքերի մոտ` վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողները` նշանակումից կամ փոփոխությունից հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր են  կենտրոնական բանկ ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճենը, օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճենն ու ստորագրության նմուշը և գլխավոր հաշվապահի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողները` նաև ակտուարի ստորագրության նմուշն ու նրա նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանի պատճենը կամ ակտուարական գործունեությամբ զբաղվող կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը:

4. Ապահովագրական գործունեություն իրականացնողների իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են`

ա) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով և ընկերության կանոնադրությամբ.

բ) գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) համար` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով:

5. Ակտուարը պատասխանատու է ապահովագրողի կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորման համար:

Ապահովագրական սակագների հիմնավորումով փաստաթղթերը կենտրոնական բանկ ներկայացվում են ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և, առկայության դեպքում, նաև ակտուարի ստորագրությամբ:

6. Կենտրոնական բանկն իրեն ներկայացվող փաստաթղթերը կարող է չընդունել կամ վերադարձնել ապահովագրողին, եթե դրանց վրա բացակայում են սույն հոդվածի 2-րդ մասով պահանջվող պաշտոնատար անձանց ստորագրությունները, կամ եթե այդ փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները տարբերվում են ապահովագրողի կողմից ներկայացված համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշից: Այս դեպքում այդ փաստաթղթերը համարվում են չներկայացված:

7. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերն ստորագրելու անհնարինության դեպքում նշանակել փոխարինող պաշտոնակատար անձ և պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին կենտրոնական բանկ` սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն:

8. Ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալը համալրելու կամ բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու նպատակով վճարումը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց գտնվելու վայրի փոփոխության, ինչպես նաև կանոնադրության փոփոխություններն իրավական ուժ ստանալու դեպքերում 10-օրյա ժամկետում դրանք ներկայացնել կենտրոնական բանկ:

10. Ապահովագրական գործունեություն իրականացնողները կարող են Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղ, որն ապահովագրական գործունեություն իրականացնողի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, գործում է նրա տված լիազորությունների սահմաններում և ապահովագրական գործունեություն է իրականացնում նրա անունից: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերը ենթակա են հաշվառման կենտրոնական բանկի կողմից: Ապահովագրական գործունեություն իրականացնողները մասնաճյուղ կարող են ստեղծել այն ստեղծելու վերաբերյալ տնտեսական ծրագիր (հիմնավորում) կենտրոնական բանկ ներկայացնելուց և նրա կողմից հավանության արժանանալուց հետո: Ապահովագրական գործունեություն իրականացնողների մասնաճյուղերի գրանցման կարգը, ինչպես նաև տնտեսական ծրագրի (հիմնավորման) հիմնական սկզբունքներն ու ներկայացման կարգը կարող է սահմանել կենտրոնական բանկի խորհուրդը:

Ապահովագրական գործունեություն իրականացնողները չեն կարող ստեղծել այլ առանձնացված ստորաբաժանումներ, բացի մասնաճյուղերից:

(11-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-161-Ն)

Հոդված 12. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ և ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարներն են ընկերության խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները և գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը (հսկիչը) և անդամները, ինչպես նաև ապահովագրական գործունեություն իրականացնողի մասնաճյուղերի կառավարիչները և գլխավոր հաշվապահները:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված ֆիզիկական անձինք.

դ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

ե) անձինք, որոնք, սույն հոդվածի համաձայն, զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում.

զ) օրենքով սահմանված դեպքերում այլ անձինք:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձինք, լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձինք.

գ) ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացմանը, լիցենզիայի գործողության դադարեցմանը կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

դ) անձը կամ փոխկապակցված անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես ապահովագրական գործունեություն իրականացնողի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

ե) անձինք, որոնք, սույն հոդվածի համաձայն, զրկվել են այդ իրավունքից ապահովագրական գործունեություն իրականացնելու ընթացքում.

զ) օրենքով սահմանված դեպքերում այլ անձինք:

4. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում կարող են բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերել միայն կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

Նախնական համաձայնություն ստանալու համար կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը և ձևը սահմանում է կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից 30-օրյա ժամկետում դիմումը չմերժելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

Առանց կենտրոնական բանկի նախնական համաձայնության ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:

Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող ապահովագրողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում և չի գերազանցում ապահովագրողի կանոնադրական կապիտալի 20 տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

5. Ապահովագրական գործունեություն իրականացնողների` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ղեկավարները, ինչպես նաև ակտուարը և գործակալը պետք է ունենան ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորում: Մասնագիտական որակավորման պահանջները և որակավորման ստուգման կարգը սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

6. Հայտատուների որակավորման ընթացակարգի կազմակերպումը և ստուգումն իրականացնում է կենտրոնական բանկի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):

7. Որակավորում ստանալու համար կարող է դիմել տասնութ տարին լրացած և գործունակ ցանկացած ֆիզիկական անձ, որը`

ա) ունի միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն.

բ) համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին.

գ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմքերով չի զրկվել որակավորումից.

դ) դիմումի հետ ներկայացրել է նաև օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված այլ փաստաթուղթ:

8. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում Հանձնաժողովի կողմից տվյալ անձին տրվում է ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորման վկայական: Որակավորման վկայականները տրվում են երեք տարի ժամկետով:

9. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կենտրոնական բանկի որոշմամբ որակավորված անձը կարող է զրկվել որակավորումից, եթե նա`

ա) որակավորման համար նախկինում ներկայացված դիմումում որևէ էական փաստ է խեղաթյուրել կամ բաց թողել.

բ) որակավորումն ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության կամ անզգուշությամբ կատարած տնտեսական հանցագործության համար.

գ) իր գործունեության արդյունքով պատճառ է հանդիսացել ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան նույն հիմքով երկու կամ տարբեր հիմքերով երեք անգամ, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման:

Որակավորումից զրկված անձը պարտավոր է զրկման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել որակավորման վկայականը:

10. Առանց սույն օրենքին համապատասխան որակավորում ստանալու` արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների անունից կամ նրանց կազմում մասնագիտական գործունեություն իրականացնելը:

11. Սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` որակավորումից զրկվելու դեպքում տվյալ անձինք զրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեություն իրականացնող ընկերություններում համապատասխան պաշտոն զբաղեցնելու կամ վերջիններիս ծառայություններ մատուցելու իրավունքից և պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոնից համապատասխան որոշումը ստանալու հաջորդ օրվանից: Ապահովագրական գործունեություն իրականացնողը սույն մասով սահմանված դեպքում պետք է նշանակի փոխարինող պաշտոնակատար անձ` սույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:

(12-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն) 

Հոդված 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ և ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ապահովագրողի լուծարումը կարող է օրենքով սահմանված կարգով գրանցվել միայն տվյալ ընկերության կողմից ապահովադիրների, ապահովագրված անձանց, շահառուների և պետության (պետական տուրքերի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին կենտրոնական բանկի տեղեկանքը ներկայացնելուց հետո:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողների սնանկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Հոդված 14. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Ապահովագրության իրականացման գործարքը հաստատելու համար ապահովադրին տրամադրվում է ապահովագրության վկայագիր, որը պետք է բովանդակի`

ա) փաստաթղթի անվանումը.

բ) ապահովագրողի լրիվ անվանումը, պետական գրանցման և լիցենզավորման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն) ու կապի միջոցները, բանկային և այլ վավերապայմաններ.

գ) ապահովադրի մասին`

- եթե իրավաբանական անձ է` լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն) ու կապի միջոցները, բանկային և այլ վավերապայմաններ,

- եթե ֆիզիկական անձ է` ազգանունը, անունը, անձնագրային տվյալները և մշտական բնակության վայրը (փոստային հասցեն), ինչպես նաև կապի միջոցները (առկայության դեպքում).

դ) ապահովագրության օբյեկտի լրիվ անվանումը և գտնվելու վայրը (փոստային հասցեն), եթե այդպիսիք կան.

ե) ապահովագրական գումարի չափը.

զ) հավանական ապահովագրական ռիսկի անվանումը.

է) ապահովագրավճարի չափը, վճարման ժամկետները և կարգը.

ը) ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի առաջացման մասին տեղեկություններն ապահովագրողին հայտնելու պայմանները.

թ) գործողության ժամկետը, իսկ անժամկետ ապահովագրության վկայագրի կնքման դեպքում` դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը.

ժ) չհատուցվող գումարի տեսակը և չափը, եթե այդպիսին կա.

ժա) ապահովագրական հատուցումների պայմանները և կարգը, ինչպես նաև հնարավոր մերժման դեպքերը.

ժբ) իրականացվող ապահովագրության կանոնները կամ նրանց պատճենը.

ժգ) կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ.

ժդ) վեճերի լուծման, ինչպես նաև վկայագրի փոփոխման, լրացման և լուծման կարգը.

ժե) պայմանագրի բացակայության դեպքում` ապահովագրողի և ապահովադրի ստորագրությունները.

ժզ) օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ:

2. Ապահովագրողը պարտավոր է ապահովադրի հետ կնքած յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի համար ապահովադրին տրամադրել ապահովագրական վկայագիր (այսուհետ` ապահովագրական պայմանագիր):

(14-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 15. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ և ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովադրի մահվան դեպքում նրա իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են երրորդ անձին, եթե նրա օգտին է կնքվել ապահովագրության պայմանագիրը:

2. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը կամ ապահովագրված անձը, եթե դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ապա նրա իրավունքները և պարտականություններն իրականացնում է վերջինիս խնամակալը կամ հոգաբարձուն: Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ ճանաչելու դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3. Ապահովագրողի վերակազմակերպման, լիցենզիայի կասեցման և դադարեցման, ինչպես նաև այլ դեպքերում կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերը փոխանցել մեկ այլ ապահովագրողի` նախապես համաձայնեցնելով կենտրոնական բանկի հետ:

(15-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 16. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ

1. Ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) իրականացվում է ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրին և օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան` հիմք ընդունելով ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) հայտարարությունը, վթարային հավաստագիրը, գույքային ապահովագրության դեպքում` նաև վնասների պատճառները և չափը հավաստող` համապատասխան լիազորված մարմինների կողմից հաստատված փաստաթղթերը: Վնասի չափը կարող են հավաստել նաև համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները: Եթե դա նախատեսված է օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով, գույքային ապահովագրության դեպքում, որպես ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող` վնասների պատճառները և չափը հավաստող փաստաթուղթ կարող է դիտարկվել համապատասխան անկախ փորձագետի եզրակացությունը:

2. Վթարային հավաստագիրը կազմում է ապահովագրողը կամ նրա լիազորած անձը, որն իրավունք ունի ապահովագրական պատահարի հետ կապված լրացուցիչ տվյալներ հավաքագրել իրավապահ մարմիններից, բանկերից, առողջապահական հիմնարկներից, պետական կառավարման մարմիններից և այն անձանցից, որոնք տնօրինում են ապահովագրական պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև իրավունք ունի պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները և հանգամանքները:

3. Ապահովագրողն ապահովագրական հատուցում (ապահովագրական գումար) վճարելու (մերժելու) որոշումն ընդունելու համար օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ապահովադրին (ապահովագրված անձին, շահառուին) տալիս է գրավոր եզրակացություն` ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարը) վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ:

4. Ապահովագրական հատուցումը կամ ապահովագրական գումարը վճարվում է միանվագ` դրա վերաբերյալ ապահովագրողի տված եզրակացության օրվանից 30-օրյա ժամկետում, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց դիմելուց հետո` 30 օրվա ընթացքում, ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի հետ կապված, այդ թվում` առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները` օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Ապահովագրողը պատասխանատվություն է կրում ստացված` առևտրային և բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Միայն ապահովագրության օբյեկտի ամբողջական կորստի դեպքում ապահովագրական հատուցման գումարը համապատասխանում է ապահովագրական գումարին:

7. Ապահովագրական հատուցման վճարումից հետո գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը պակասեցվում է վճարված հատուցման չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ապահովագրողներն իրավունք ունեն, ապահովադրի համաձայնությամբ և նրա կողմից լրացուցիչ ապահովագրավճար մուծելու դեպքում, վերականգնել ապահովագրական գումարի նախնական չափը:

8. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու հիմք է հանդիսանում`

ա) ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կողմից ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված դիտավորյալ գործունեությունը.

բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը, բացառությամբ այն դեպքերի, որոնք էական նշանակություն չեն ունեցել ապահովագրական ռիսկի գնահատման համար.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

9. Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու նաև այլ դեպքեր, եթե դրանք չեն հակասում օրենքներին:

10. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

11. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) նկատմամբ հարուցվել է քրեական գործ` կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ, ինչպես նաև ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

(16-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 17. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է`

ա) ապահովադրի, եթե այն իրավաբանական անձ է` լուծարման, իսկ եթե ֆիզիկական անձ է` մահվան դեպքում, բացի սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխություններից.

բ) ապահովագրության պայմանագրից ապահովադրի (շահառուի) հրաժարվելու դեպքում.

գ) օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում` այդ մասին համապատասխան որոշման ընդունումից հետո` երեսուներորդ օրը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովագրողի պահանջով` ապահովադրի կողմից օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ և ապահովագրողի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` այդ մասին համապատասխան որոշման ընդունման օրվանից:

3. Ապահովադրի (շահառուի) կողմից ապահովագրության պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում նրան վերադարձվում են պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները` մասհանելով կատարված ծախսերը, եթե դրանք նախատեսված են ապահովագրության պայմանագրով: Եթե ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի պայմանների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում վճարված ապահովագրավճարներն ամբողջությամբ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ լուծման մտադրության մասին կողմերը պարտավոր են միմյանց տեղեկացնել վաղաժամկետ լուծման նախատեսվող ժամկետից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5. Ապահովագրողի` օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքում այդ մասին համապատասխան որոշման ընդունման պահից երեսուն օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է ապահովադիրներին (ապահովագրված անձանց, շահառուներին) պատշաճ կերպով տեղեկացնել իր լուծարման մասին, ինչպես նաև ապահովագրության պայմանագրերի վաղաժամկետ լուծման օրվա մասին: Սույն մասով սահմանված` ապահովագրողի լուծարման դեպքում վերջինս պարտավոր է վերադարձնել ապահովադիրների` պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 18. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչվելու ուժով (վիճահարույց պայմանագիր) կամ անկախ այդ ճանաչումից (առ ոչինչ պայմանագիր):

2. Ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է, եթե`

ա) այն կնքվել է ապահովագրական պատահարից հետո.

բ) ապահովագրության օբյեկտ է համարվում ապահովագրության պայմանագրի կնքման պահին դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա գույքը.

գ) ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել այնպիսի իրադարձություն, որը չունի կայացման հավանականություն և պատահականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կուտակային ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել պայմանագրային ժամկետի ավարտը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 19. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

1. Ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերի գծով ձևավորել ապահովագրական պահուստներ, որոնք պետք է լինեն հուսալի և ապահով բոլոր ապագա վճարումների համար:

2. Ապահովագրական պահուստների տեսակները, ինչպես նաև դրանց ձևավորման և տեղաբաշխման կարգը սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Ապահովագրողները կարող են, կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով, ձևավորել ստանձնած ապահովագրական ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով կանխարգելիչ միջոցառումների պահուստներ:

4. Ապահովագրողները պարտավոր են`

ա) ապահովագրական պահուստները տեղաբաշխել կենտրոնական բանկի խորհրդի նախատեսած ներդրումներում` առաջնորդվելով ապահովադիրների (ապահովագրված անձանց և շահառուների) շահերի պաշտպանության, ռիսկի դիվերսիֆիկացիայի և նվազեցման, ինչպես նաև կազմակերպության ֆինանսական կայունության, վճարունակության և իրացվելիության ապահովման սկզբունքներով.

բ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նկարագրված դեպքերում վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով:

5. Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել ապահովագրական պահուստների հիմնական տեսակները, դրանց հաշվարկման մեթոդները, ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրության տեսակների խմբերի դասակարգումը, ապահովագրական պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները, ապահովագրողների կողմից գործավարման ծախսերին ուղղվող ապահովագրավճարների սահմանաչափերը, ապահովագրական պահուստների հաշվարկման ձևերը և դրանց լրացման կարգը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման ուղղություններն ու սահմանաչափերը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման համար թույլատրելի և անթույլատրելի ակտիվները, դրույթներ` լրացուցիչ ապահովագրական պահուստների հաշվարկման մեթոդների սահմանման մասին: Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել նաև այլ դրույթներ:

6. Ապահովագրական պահուստների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պահուստի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել այն մարմնի որոշման հետևանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Ապահովագրական պահուստների հաշվարկման պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

(19-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 20. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Ապահովագրողների համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի հիսուն միլիոն դրամից: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մեծացնել այդ չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ, կամ մի քանի տարիների ծրագրով:

2. Իրենց ֆինանսական կայունությունը, վճարունակությունն ու իրացվելիությունն ապահովելու համար ապահովագրողները պարտավոր են պահպանել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները:

Այդ նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Ապահովագրողն իր վճարունակության ու իրացվելիության անհրաժեշտ մակարդակի խաթարման կամ ֆինանսական կայունության վտանգման դեպքում կարող է կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան առողջացման ծրագիր, որի իրականացման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են կենտրոնական բանկի հետ և դիտվում որպես կենտրոնական բանկի տված հանձնարարական:

Առողջացման ծրագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները`

ա) որոշակի ժամանակաշրջանում զարգացման ծրագրի իրագործում.

բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.

գ) շահաբաժինների վճարման կասեցում.

դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.

ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և նրանց տրվող պարգևավճարների դադարեցում.

զ) ակտիվային կամ պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.

է) գովազդի իրականացման սահմանափակում.

ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են ապահովագրողի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար:

(20-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 21. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը ներառում են`

ա) համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը.

բ) իրացվելիության նորմատիվները.

գ) վճարունակության նորմատիվները.

դ) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը.

ե) առանձին վերցված ակտիվների համարժեքության նորմատիվները.

զ) ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով առավելագույն չափերը.

է) վերաապահովագրության փոխանցվող ապահովագրական պարտավորությունների առավելագույն չափերը:

Սույն մասի «ա» կետով սահմանված նորմատիվի դեպքում միաժամանակ կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար գործում է սահմանված նորմատիվի առավելագույն չափը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը և հաշվարկման կարգը կյանքի ապահովագրություն, ոչ կյանքի ապահովագրություն և վերաապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար կարող են սահմանվել առանձին-առանձին, բայց միևնույն խմբի ապահովագրողների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները պետք է նույնը լինեն:

Այն ապահովագրական ընկերությունների նկատմամբ, որոնք չեն պահպանել հիմնական տնտեսական նորմատիվները, կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կիրառել սահմանված նորմատիվները խստացնող պահանջներ` մեծացնելով կամ փոքրացնելով համապատասխանաբար նորմատիվի նվազագույն կամ առավելագույն չափը:

3. Պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման դեպքում օրենքով սահմանվում է պարտադիր ապահովագրության գծով հավաքագրվող ապահովագրավճարներից ապահովագրողի կողմից իրականացվելիք կառավարման (գործավարման) ծախսերի առավելագույն սահմանի նորմատիվ, իսկ կենտրոնական բանկի խորհուրդը տվյալ պարտադիր ապահովագրության տեսակն իրականացնող ապահովագրողների համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ չափեր:

4. Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով ապահովագրական ընկերությունները պարտավոր են`

ա) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները միավորել և դիտարկել որպես մեկ միասնական ապահովագրական պարտավորություն, եթե ապահովագրության օբյեկտները գտնվում են որոշակի սահմանափակ տարածքում, միևնույն պայմաններում, կարող են ենթարկվել միևնույն ռիսկային գործոնների ազդեցությանը, ապահովագրության պայմանագրով դրանց համար ամրագրվել են միևնույն ապահովագրական պայմանները և ապահովադիր է հանդես գալիս միևնույն անձը.

բ) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները տրոհել և դիտարկել որպես առանձին ապահովագրական պարտավորություններ.

գ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել` սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նկարագրված դեպքերում վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով:

5. Հիմնական տնտեսական նորմատիվների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ նորմատիվի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել այն մարմնի որոշման հետևանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

6. Ապահովագրողները պարտավոր են սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ կենտրոնական բանկին ներկայացնել հաշվետվություններ, որոնց ձևերը, առանձնահատկությունները, լրացման, ներկայացման կարգերը և ժամկետները սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

(21-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 22. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են կենտրոնական բանկին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան և միջանկյալ ֆինանսական և տեսչական, ինչպես նաև օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված այլ հաշվետվություններ:

Ապահովագրական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության վերաբերյալ սույն օրենքով նախատեսված տարեկան ֆինանսական և տեսչական հաշվետվությունները կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը, իսկ միջանկյալ ֆինանսական և տեսչական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, և սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` շաբաթական տեսչական հաշվետվությունները, եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն չի սահմանվել ավելի ուշ ժամկետ:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսական կայունության վերահսկողության նպատակով ներկայացվող տեսչական հաշվետվությունների ձևերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև դրանց հաստատման վերաբերյալ աուդիտորական ծառայությունների նկատմամբ պահանջները սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Ապահովագրողների կողմից կյանքի, ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գործառնությունները հաշվառվում են առանձին-առանձին:

(22-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 23. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողներն իրենց տարեկան հաշվապահական հաշվեկշիռները և ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության ձևերը, ինչպես նաև դրանց հաստատման վերաբերյալ անկախ և լիցենզավորված աուդիտորական ծառայությունների տված եզրակացությունները պարտավոր են հրապարակել ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը:

2. Ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են հրապարակել նաև օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկություններ

(23-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 24.

ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ կենտրոնական բանկ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

 

1. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրության դեպքում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, կենտրոնական բանկ հայտնել տեղեկատվություն այն վերաապահովագրողների մասին, որոնց հետ տվյալ եռամսյակի ընթացքում իրենք կնքել են վերաապահովագրության պայմանագրեր: Նշված տեղեկատվությունը ներառում է վերաապահովագրողի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը և կապի այլ միջոցներ, պետական գրանցման տվյալները, գործունեության տեսակը և այլ տվյալներ:

Եթե ապահովագրողը ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունները վերաապահովագրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ապահովագրական բրոքերների միջոցով, ապա նա պարտավոր է նաև տվյալ ապահովագրական բրոքերների վերաբերյալ կենտրոնական բանկ տրամադրել սույն մասով սահմանված կարգով և ժամկետներում պահանջվող տեղեկատվությունը:

2. Կենտրոնական բանկն օտարերկրյա վերաապահովագրողների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող է ստանալ տվյալ երկրների կենտրոնական բանկերից, ինչպես նաև ապահովագրության ոլորտի հետ կապված միջազգային կազմակերպություններից:

3. Կենտրոնական բանկը կարող է արգելել օգտվել վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից, եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով ստացված կամ այլ կերպ հավաքագրված տեղեկատվությունից պարզվում է, որ տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերն անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվում է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց` լիցենզիայի գործողության կասեցում, լիցենզիայի գործողության դադարեցում, բանկային հաշիվների նկատմամբ կալանքի կիրառում և վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ միջոցներ:

Սույն օրենքի իմաստով վերաապահովագրողները համարվում են հուսալի, եթե միջազգային հեղինակավոր ռեյթինգային (վարկանշող) ծառայությունների կողմից նրանց տրված ռեյթինգային (վարկանշող) դասակարգման աստիճանը (գնահատականը) ցածր չէ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված դասակարգման նվազագույն աստիճանից (գնահատականից):

(24-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Ապահովագրական շուկայում չհիմնավորված ցածր ապահովագրական սակագների կիրառումը բացառելու և ապահովագրողների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ապահովագրողները պարտավոր են կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացնել հաշվետվություն` իրենց կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների մասին` համապատասխան հիմնավորումներով: Այդ հաշվետվության ձևը, դրա ներկայացման և սակագների հիմնավորման կարգն ու ժամկետները սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Հիմնավորված է համարվում այն ապահովագրական սակագինը, որը հաշվարկված է ակտուարային մեթոդներին համապատասխան` վիճակագրական տվյալների հիման վրա, որոնցից են`

ա) պաշտոնական վիճակագրական տվյալները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտացված միջազգային և այլ կազմակերպությունների իրականացրած վիճակագրական հետազոտությունների արդյունքում արձանագրված տվյալները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ապահովագրության տեսակի գծով ոչ պակաս, քան երեք տարի ապահովագրական գործունեություն իրականացրած ապահովագրողների գործունեության արդյունքում արձանագրված վիճակագրական տվյալները.

դ) հրատարակված և կենտրոնական բանկի կողմից հավանության արժանացած այլ տվյալները:

Ապահովագրական սակագինը հիմնավորված է համարվում նաև, եթե այն հաշվարկված է վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա, եթե տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրող կամ ապահովագրական բրոքեր, կամ եթե չի արգելվել ապահովագրողին օգտվել տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից` համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի:

3. Ապահովագրության առանձին տեսակների գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորման կարգը կարող է սահմանել կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Ապահովագրողն իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորումները կենտրոնական բանկ է ներկայացնում` ըստ առանձին ռիսկի, եթե նրա կողմից ապահովագրությունն իրականացվում է կոնկրետ այդ ռիսկից:

5. Ապահովագրողի կողմից, ապահովագրական սակագների հիմնավորման կարգի պահանջներին համապատասխան, ապահովագրական սակագների հիմնավորումը չիրականացնելու դեպքում տվյալ սակագինը համարվում է չհիմնավորված:

(25-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 26. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

1. Ապահովագրական վկայագրերը հատուկ հաշվառման ձևաթղթեր են:

2. Պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրական վկայագրերի տիպային օրինակը և դրանց նկատմամբ առանձնահատուկ պահանջները հաստատում է կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Ապահովագրական վկայագրերը պետք է ունենան հերթական համար և սերիա, ինչպես նաև ենթակա են հաշվառման և պահպանման ապահովագրողի կողմից: Ապահովագրական վկայագրերի հաշվառումը պետք է տարվի ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի:

4. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և կենտրոնական բանկ եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգը սահմանում է կենտրոնական բանկի խորհուրդը, որի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական ստորաբաժանման ղեկավարը):

(26-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների վերաբերյալ օրենքների, Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման, ինչպես նաև արդյունավետ, արդարացի, մրցունակ ու կայուն ապահովագրական շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզավորումը, կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաև ապահովագրության բնագավառում պետական քաղաքականության մշակումն իրականացնում է կենտրոնական բանկը:

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է կենտրոնական բանկին, որն այդ վերահսկողությունն իրականացնում է օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև կենտրոնական բանկին է պատկանում ապահովագրական գործունեություն իրականացնողներից հաշվետվություններ պահանջելու և ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Կենտրոնական բանկը`

ա) իրականացնում է վերահսկողություն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ և ստուգումներ այդ կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով, ապահովագրական գործունեություն իրականացնողները պարտավոր են ընդունել և աջակցել կենտրոնական բանկի ծառայողներին, վերահսկողություն և ստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը.

բ) իրականացնում է օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովագրական գործունեություն իրականացնողների կարգավորումը, լիցենզավորումը, ինչպես նաև լիցենզիաների միասնական գրանցամատյանի վարումը.

գ) ընդունում է անհատական և ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում` վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ, ինչպես նաև պարզաբանում է ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը.

դ) սույն օրենքով սահմանված` ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաև այլ մասնագետների մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է որակավորման քննություններ և տրամադրում որակավորման վկայականներ.

ե) իրականացնում է լիցենզավորում, կարգավորում և վերահսկողություն` պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների նկատմամբ.

զ) իրականացնում է օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

3. Կենտրոնական բանկն իրավասու է`

ա) ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջել և ստանալ սահմանված ձևերի հաշվետվություններ և օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր կամ տեղեկատվություն.

բ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների կատարման և պահպանման, ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ապահովման և լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների կատարման ապահովման նպատակով օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնել ստուգումներ և հեռակա վերահսկողություն (այսուհետ` ստուգումներ), ինչպես նաև ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների հավաստիության և ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին) պատճառված վնասի չափին ապահովագրական հատուցման գումարի համարժեքության ստուգման նպատակով ապահովադիրների (ապահովագրված անձանց կամ շահառուների) մոտ իրականացնել ուսումնասիրություններ և կատարել հարցումներ.

գ) ապահովագրության մասին օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում ապահովագրական գործունեություն իրականացնողների, ինչպես նաև նրանց համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.

դ) ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրության օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի խախտումների դեպքում, ինչպես նաև պետության շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան հայց ներկայացնել դատարան.

ե) օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով չլիցենզավորված ապահովագրական գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման միջնորդագիր ներկայացնել իրավապահ և այլ լիազորված պետական կառավարման մարմիններ.

զ) ցանկացած պահի կատարել հարցումներ` ապահովագրական գործունեություն իրականացնողներից պահանջելով տեղեկությունների տրամադրում, եթե բավարար (ողջամիտ) հիմքեր կան ենթադրելու, որ ապահովադիրների կամ ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կարող են վտանգվել.

է) ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հիմք հանդիսացող խախտումների բացահայտման դեպքում վերջիններից պահանջել այդ խախտումները վերացնելու վերաբերյալ համապատասխան ծրագիր` համաձայն սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի, և այդ ծրագրին հավանություն տալու դեպքում հնարավորություն տալ որոշակի ժամանակահատվածում վերացնելու խախտումները` այդ ընթացքում չդիմելով պատասխանատվության միջոցների կիրառման, կամ նվազեցնել նշանակված տույժի չափը, կամ հետաձգել տույժի գանձումը, կամ սահմանել տույժի գանձման ժամանակացույց, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել ծանր ֆինանսական կացության.

ը) թույլատրել ապահովագրական գործունեություն իրականացնողներին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են ապահովագրական գործունեության կամ գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում ապահովադիրների շահերը.

թ) օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի շրջանակներում ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ ձեռնարկել համապատասխան կարգավորող միջոցառումներ, եթե ընկերության որոշակի գործունեությունն ուղղակիորեն վնաս է հասցնում կամ կարող է հասցնել ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին), ապահովագրական շուկային կամ պետությանը.

ժ) իրականացնել օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով նախատեսված այլ գործողություններ և գործառույթներ:

4. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում, կենտրոնական բանկը կազմում և հրապարակում է տարեկան հաշվետվություն, որը ներառում է կենտրոնական բանկին հայտնի և օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի համաձայն առևտրային գաղտնիք չհամարվող վիճակագրական տվյալները, որոնք կնպաստեն ապահովագրական ոլորտի թափանցիկությանը և զարգացմանը:

(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-153-Ն, 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 28. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
(հոդվածն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 29. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից ապահովագրական գործառնությունների և այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:

2. Ապահովագրողները պարտավոր են կատարել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, այդ թվում՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկություններ տրամադրել կենտրոնական բանկ:

(29-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-22-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 30. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Կամավոր և պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների գծով ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով և իրավական այլ ակտերով:

2. Լիցենզիան հայտատուին տրվում է դրա մասին կենտրոնական բանկի դրական եզրակացությունը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ապահովագրական գործունեության լիցենզիայի համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո: Այդ ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում լիցենզիայի հայտը համարվում է մերժված:

3. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրած հայտատուների նկատմամբ կիրառվում են ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների պահանջները:

4. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում ընկերությունը պարտավոր է համապատասխան որոշումը (վճիռը) ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել կենտրոնական բանկ:

(30-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 31. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Ապահովագրության իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճենը և գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի), իսկ ակտուարի առկայության դեպքում` նաև նրա նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշումների (հրամանների) պատճենները և ստորագրությունների նմուշը.

բ) հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը բովանդակող փաստաթղթերը.

գ) հայտատուի հիմնադիր հանդիսացող և նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունը (կից համապատասխան հավաստող փաստաթղթերով) այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների հիմնադիրների համար սահմանված պահանջներին.

դ) հայտատուի` սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարությունը (կից համապատասխան հավաստող փաստաթղթերով) այն մասին, որ նրանց կողմից համապատասխան պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների ղեկավարների համար սահմանված պահանջներին.

ե) հայտատուի գործունեության երեք տարվա գործարար ծրագիրը` համաձայն սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների.

զ) հայտատուի գործունեության գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական վկայագրի տիպային օրինակները` հաստատված հայտատուի կողմից.

է) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական սակագների հիմնավորումը` հաստատված հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), իսկ ակտուարի առկայության դեպքում` նաև նրա կողմից.

ը) հայտատուի` վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաստատած ֆինանսական հաշվետվությունները և վերջին ֆինանսական տարվա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը.

թ) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է նաև հայտատուի հիմնադիր հանդիսացող և նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և վերջին ֆինանսական տարվա հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.

ժ) հայտատուի կանոնադրական կապիտալի համալրման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը.

ժա) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճենը, գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճենը և ստորագրությունների նմուշը.

բ) հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը.

գ) հայտատուի հիմնադիր հանդիսացող և նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունն այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի հիմնադիրների համար սահմանված պահանջներին.

դ) հայտատուի` սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարություններն այն մասին, որ նրանց կողմից համապատասխան պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի ղեկավարների համար սահմանված պահանջներին.

ե) լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու դրությամբ հայտատուի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և վերջին ֆինանսական տարվա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը.

զ) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն լիցենզիա ստանալու համար ներկայացնում է նաև հայտատուի հիմնադիր հանդիսացող և նրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը և վերջին ֆինանսական տարվա հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները.

է) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

(31-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 32. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը չի ներկայացվել կենտրոնական բանկ` համաձայն սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի.

բ) հայտատուի կողմից լիցենզիա ստանալու համար կենտրոնական բանկ ներկայացված հայտին չեն կցվել սույն օրենքով և ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը.

գ) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն.

դ) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված սակագները հիմնավորված չեն.

ե) հայտատուի կողմից պահպանված չեն ապահովագրողների համար օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը.

զ) հայտատուի հիմնադիրների կամ ղեկավարների մասով չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները.

է) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված ապահովագրության վկայագրերում չի պարունակվում օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով պահանջվող տեղեկատվությունը կամ դրանցում պարունակվում են օրենքին և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերին հակասող դրույթներ.

ը) պարզվել է, որ հայտատուի կամ հայտատուի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող հիմնադիր-իրավաբանական անձի զուտ ակտիվների մեծությունն իր կանոնադրական կապիտալից փոքր է.

թ) հայտատուի գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները հիմնավորված չեն օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան իրականացված հաշվարկներով, կամ նախատեսված ցուցանիշները հետագա գործունեության ընթացքում կարող են հիմք հանդիսանալ կենտրոնական բանկի կողմից ընկերության նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.

ժ) օրենքով կամ ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:

2. Լիցենզիա ստանալու հայտը վերապահումով բավարարելու մասին կենտրոնական բանկի համապատասխան որոշումն ստանալու պահից 15 օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է վերացնել առկա թերությունները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կենտրոնական բանկ: Այդ ժամկետում թերությունները չվերացնելու կամ ամբողջությամբ չվերացնելու, կամ համապատասխան փաստաթղթերը կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում լիցենզիա ստանալու հայտը համարվում է մերժված:

(32-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 33. ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտման համար կենտրոնական բանկն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումը վերացնելու կամ հետագայում բացառելու մասին հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

2. (մասն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-244-Ն)

(33-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)


 

Հոդված 34. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

1. Օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի խախտումների համար կենտրոնական բանկի կողմից ապահովագրական գործունեություն իրականացնողին նախազգուշացում տրվում է գրավոր` կենտրոնական բանկի որոշմամբ:

2. Կենտրոնական բանկն ստուգումների կամ հեռակա վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը` համապատասխան նորմատիվ իրավական ակտերի դրույթների վկայակոչմամբ: Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում վերացնելու և խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կամ հետագայում բացառելու հանձնարարական:

3. Խախտումը վերացնելու հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած ապահովագրական գործունեություն իրականացնողի համար` կենտրոնական բանկի համապատասխան նախազգուշացման մասին որոշումը պատշաճ կերպով նրան հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե կենտրոնական բանկի որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

4. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը`

ա) սույն օրենքով նախատեսված փաստաթուղթը կամ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ու կարգով չի ներկայացրել կենտրոնական բանկ.

բ) սույն օրենքով սահմանված հաշվետվություններում ներկայացված տվյալներում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման բացթողումներ).

գ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը.

ե) խախտել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը.

զ) խախտել է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.

է) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը.

ը) խախտել է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները.

թ) ապահովագրական հատուցում է տվել` առանց սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության (անհիմն հատուցում).

ժ) խախտել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված պահանջները.

ժա) խախտել է 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված կարգի պահանջները:

5. Նախազգուշացումն ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ կարող է տրվել ապահովագրության մասին օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկացած խախտումների հայտնաբերման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խախտման համար պետք է կիրառվեն սույն օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցներ:

(34-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 35. ՏՈՒԳԱՆՔԸ

1. Տուգանքը նշանակվում և գանձվում է կենտրոնական բանկի որոշմամբ: Եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը համաձայն չէ տուգանքի նշանակման որոշման հետ, ապա կենտրոնական բանկը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է հետևյալ չափերով և դեպքերում`

ա) խախտվել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտվել են սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները` երկու հարյուր հազար դրամի չափով.

դ) սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերի կամ 5-րդ մասի համաձայն նախազգուշացում կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկնվել է նույն խախտումը` հարյուր հազար դրամի չափով.

ե) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում կամ 5-րդ մասում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով ապահովագրական գումարի արգելված փաստացի նվազեցրած (կամ պակասեցրած) չափով.

է) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով ապահովագրական գումարի արգելված փաստացի գերազանցած չափով.

ը) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

թ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

ժ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ժա) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` հարյուր հազար դրամի չափով.

ժբ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` վճարված ապահովագրական հատուցման չափով.

ժգ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` վճարված ապահովագրական հատուցման չափով.

ժդ) չի կատարվել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» կետում նշված խախտումը վերացնելու հանձնարարականը` երկու հարյուր հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքն ավելացվում է հինգ հարյուր հազար դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) պարբերաբար ուշ ներկայացնելու, կամ դրանցում անարժանահավատ, կամ օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի խախտումներով տվյալներ արտացոլելու, կամ օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի այլ խախտումների համար կենտրոնական բանկը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների նկատմամբ տուգանք կիրառելու հայցով դիմել դատարան` երկու հարյուր հազար դրամի չափով:

5. Ապահովագրական գործունեություն իրականացնողի նկատմամբ, եթե տուգանք նշանակելու համար առկա են մեկից ավելի հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի, տուգանքը կիրառվում է յուրաքանչյուր հիմքով:

6. Եթե սահմանված ժամկետում կենտրոնական բանկ չի ներկայացվում տուգանքի վճարման անդորրագիրը, ապա չվճարված տուգանքը ենթակա է բռնագանձման դատական կարգով:

(35-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)


 

Հոդված 36.

Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը`

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետերով, 11-րդ հոդվածի 10-րդ մասով, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգի պահանջները.

գ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը խախտել է 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների չափի, ձևավորման և հաշվարկման կարգի պահանջները.

դ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողն իրականացրել է ապահովագրություն 25-րդ հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերի համաձայն չհիմնավորված սակագներով.

ե) լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

զ) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին կենտրոնական բանկին ժամանակին չհայտնելու դեպքում.

է) լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարվելու դեպքում.

ը) լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքում.

թ) լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտվելու դեպքում.

ժ) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում` միայն այդ անձի մասով.

ժա) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժբ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է կենտրոնական բանկի որոշմամբ:

6. Սույն հոդվածի 1-ին մասի «ժա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

7. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենքների և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնելու միայն լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Լիցենզավորման հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

(36-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-244-Ն)


 

Հոդված 37. Ապահովագրական գործունեություն իրականացնողների լիցենզիայի գործողության դադարեցումը

 1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչև լիցենզիա ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

բ) եթե ապահովագրական գործունեություն իրականացնողը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է լիցենզիայի գործողության կասեցման, բացառությամբ եթե դադարեցման հարցի քննարկման ժամանակ կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացվել են.

գ) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

դ) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

ե) լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարվելու դեպքում.

զ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է կենտրոնական բանկի՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում տվյալ իրավաբանական անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ կենտրոնական բանկի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցվելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:

(37-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հանդես գալ որպես ապահովադիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար, եթե օրենքով և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերով այլ բան նախատեսված չէ:

(38-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)


Հոդված 39. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրության հետ կապված վեճերը, կողմերից մեկի ցանկության դեպքում, կարող է լուծել կենտրոնական բանկը` լսումների կարգով դրանք քննարկելու միջոցով, իսկ դրա արդյունքում կողմերի փոխադարձ համաձայնության չգալու դեպքում` դատարանը:

2. Ապահովագրության հետ կապված վեճերի լուծման նպատակով կենտրոնական բանկն ստեղծում է լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովն իրավասու է քննել ապահովագրական գործունեություն իրականացնողների և ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) միջև առաջացած ցանկացած տարաձայնությունների և վեճերի հետ կապված հարցեր, եթե դրանք վերաբերում են ապահովագրության (վերաապահովագրության կամ ապահովագրական միջնորդային) պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը:

3. Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովի կայացրած որոշումների կատարումը պարտադիր չէ կողմերի համար, որոնք քննարկումների արդյունքում համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել դատարան:

(39-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հոդված 40. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դրույթների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենքի և (կամ) նորմատիվ իրավական այլ ակտերի համաձայն տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաներ: Այդ լիցենզիաների բնօրինակները վեց ամսվա ընթացքում ենթակա են փոխարինման ոչ կյանքի ապահովագրական գործունեության համար տրվող լիցենզիայի նոր ձևով: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չփոխարինված լիցենզիաները համարվում են անվավեր:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 25-րդ հոդվածի, 26-րդ հոդվածի 4-րդ մասի, 31-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե», «զ», «է» և «թ» կետերի, 34-րդ հոդվածի 4-րդ մասի և 35-րդ հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

4. Սույն օրենքը` ակտուարներին վերաբերող պահանջների մասով, ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի նոյեմբերի 19-ի «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

(40-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-244-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-99-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան