ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0424/05/18 2022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0424/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301-Ա որոշումն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301-Ա որոշումը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նույն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու, իսկ մնացած հողամասերն օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 22.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2020 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նաիրա Ավետիսյանը (ներկայացուցիչ Արմեն Օհանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը, նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 34-րդ, 44-րդ, 45-րդ կետերը, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշումը, ՀՀ կառավարության 29.06.2017 թվականի թիվ 757-Ն որոշումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 37-րդ և 144-րդ հոդվածները։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները Երևանի քաղաքապետին ուղղված դիմումով չեն ապացուցել դիմումի առարկա կառուցվածքների կառուցապատողը լինելու հանգամանքը, վարչական վարույթի շրջանակներում չի ապացուցվել գնման նախապատվության իրավունքը հայցվորների համար ծագելու նախադրյալների առկայությունը, ինչից հետևում է, որ վարչական մարմնի համար չի առաջացել գնման առաջարկ կատարելու պարտավորություն: Ավելին՝ նման պարտավորությունն ուղղակիորեն հաջորդում է ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու իրավական փաստին, ինչը տվյալ դեպքում չի ծագել և այն որպես իրողություն բացակայում է:
Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատական չեն տվել այն հանգամանքին, որ հայցվորները ներկայացրել են օտարման պահանջ, որպիսին չի կարող ներկայացվել, քանի դեռ տվյալ գույքն օրինականացված չէ: Քննարկվող պարագայում ոչ վարչական վարույթի շրջանակներում, ոչ էլ դատական քննության ընթացքում չի ապացուցվել խնդրո առարկա կառույցներն օրինական ճանաչման ենթակա լինելու հանգամանքը, իսկ վարչական դատավարության միջոցով արդարադատություն իրականացնող դատարաններն ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու լիազորություն չունեն:
Այսպիսով՝ ինքնակամ կառույցը վաճառքով ձեռք բերելու գնման նախապատվության իրավունքը չի հանդիսանում ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի 912-Ն որոշմամբ նախատեսված և անմիջականորեն գործող իրավունք, այլ այն ծագում է ինքնակամ կառույցին օրինական ճանաչելու փաստի ուժով, հետևաբար քանի դեռ ինքնակամ կառույցն օրինական ճանաչված չէ, այն իրականացնող անձի համար չի ծագում ինքնակամ կառույցի գնման նախապատվության իրավունք:
Ավելին՝ կառույցն անօրինական իրականացրած անձը չի կարող պահանջել կառույցի օրինականացում, քանի որ համայնքի ղեկավարն իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, այդ թվում՝ հաշվի առնելով համայնքի շահերը և կառավարման արդյունավետությունը, իր նախաձեռնությամբ է հարուցում վարույթ և որոշում ինքնակամ կառույցի ճակատագիրը: Ընդ որում՝ համայնքի ղեկավարի կողմից կայացվելիք որոշումն ուղղակի չի վերաբերում կառույցն իրականացրած անձին և ինքնին չի հանդիսանում նրա համար բարենպաստ վարչական ակտ, այլ լուծում է համայնքին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ կառույցի կարգավիճակը:
Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով արձանագրել է, որ պարտավորեցման հայցի առարկայի շրջանակով պայմանավորված որևէ էական նշանակություն չի կարող ունենալ, թե վարչական վարույթի ժամանակ ինչ փաստեր են առկա եղել վարչական մարմնի մոտ: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական մարմինը վարչական ակտը կայացնում է վարչական վարույթով ձեռք բերված և ստացված ապացույցների գնահատման շրջանակում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փորձագետի եզրակացությունն արժանահավատ չէ, քանի որ փորձագետը նշում է, որ հողամասերում առկա ճանապարհը հանդիսանում է բակային կառույց, սակայն դրա համար անհրաժեշտ հողամասի չափը որոշելիս ղեկավարվում է նոր նախագծվող քաղաքային ճանապարհների և փողոցների հաշվարկային չափերը կանոնակարգող քաղաքաշինական նորմերով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում փորձագետը դուրս է եկել նաև իրեն առաջադրված հարցերի շրջանակից, քանի որ նշել է հողամասերում առկա կառույցների մոտեցումներ ապահովող հողամասի մակերեսը: Նման հարցադրում կատարված չի եղել, ավելին՝ ինչից է փորձագետը վերցրել, որ 60.000քմ. հողամասում առկա կառույցները պետք է ունենան ընդհանուր մոտեցման հնարավորություն և ինչով է դա պատճառաբանվում, եթե ըստ փորձագետի՝ այդ կառուցվածքներից յուրաքանչյուրն ինքնուրույն վերցրած հանդիսանում է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման կարգավորման առարկա:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքաբերի փաստարկն առ այն, որ եզրակացության թերի լինելու հանգամանքով պայմանավորված, Դատարանն ի պաշտոնե պարտավոր էր միջոցներ ձեռնարկել լիարժեք եզրակացություն ստանալու համար, իսկ թերի եզրակացության պայմաններում պարտավոր էր նշանակել կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն, ինչը չի իրականացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը՝ դիմումատուների դիմումով ներկայացված այն պնդումը, որ իրենք են համարվում խնդրարկվող անշարժ գույքի կառուցապատողները համարվում է հավաստի այնքան ժամանակ, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Ինչ վերաբերում է կառույցները քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված լինելու հանգամանքին, ապա այդ փաստը հաստատվում է ինչպես արտադրական եղանակով իրականացված, այնպես էլ Դատարանի կողմից նշանակված փորձաքննություններով, իսկ եզրակացությանը կից տարածքի հատակագծի առկա չլինելու վերաբերյալ Դատարանն իրավաչափորեն նշել է, որ այդպիսի պահանջ ներկայացված չէ որևէ իրավական ակտով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 26.09.1994 թվականին Նաիրա Ավետիսյանի և Ջրաշենի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով 2,0հա մակերեսով հողամասը 16 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Նաիրա Ավետիսյանին: Նշված պայմանագրի հիման վրա կազմվել է հողի հանձնման ակտ (հատոր 4-րդ, գ.թ. 112):
2) 22.04.1996 թվականին Մարետա Ավետիսյանի (այժմ՝ Խուրշուդյան) և Ջրաշենի գյուղխորհրդի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով 4,0հա մակերեսով հողամասը 16 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել Մարետա Ավետիսյանին: Նշված պայմանագրի հիման վրա կազմվել է հողի հանձնման ակտ (հիմք վարչական գործի նյութեր, հատոր 4-րդ, գ.թ. 19):
3) Թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռով որոշվել է Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Նաիրա Ավետիսյանի, Մարիետա Խուրշուդյանի և Արամայիս Ավետիսյանի՝ ապօրինի զբաղեցրած պետության սեփականությունը հանդիսացող 10,0հա ընդհանուր մակերեսով հողամասերից վտարելու պահանջի մասին, մերժել: Հակընդդեմ հայցը՝ բավարարել: Ճանաչել Երևանի Նոր-Արեշի 45-րդ փողոցից դեպի «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 2,0հա, 4,0հա և 4,0հա մակերեսներով բլրի, հողամասերի նկատմամբ համապատասխանաբար Նաիրա Ավետիսյանի (2,0հա), Մարիետա Խուրշուդյանի (4,0հա) և Արամայիս Ավետիսյանի (4,0հա) օգտագործման իրավունքը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին վերակնքելու նշված հողամասերի նկատմամբ վարձակալության պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին (հատոր 2-րդ, գ.թ. 99-100):
4) «Արամայիս, Նաիրա Ավետիսյանների և Մարիետա Խուրշուդյանի հողօգտագործման իրավունքի մասին» Երևանի քաղաքապետի 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշմամբ վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով Նաիրա Ավետիսյանին է թողնվել 4,0հա, Մարիետա Խուրշուդյանին՝ 2,0հա հողամասերը: Ըստ այդմ, 24.12.2002 թվականին Երևանի քաղաքապետի և Մարետա Խուրշուդյանի միջև կնքվել է հողի վարձակալության թիվ 2008/ԳԱ պայմանագիրը, որով Մարետա Խուրշուդյանին է հատկացվել «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0հա մակերեսով հողամասը՝ շինությունների շահագործման և պահպանման նպատակով, իսկ Երևանի քաղաքապետի և Նաիրա Ավետիսյանի միջև կնքվել է հողի վարձակալության թիվ 2007/ԳԱ պայմանագիրը, որով Նաիրա Ավետիսյանին է հատկացվել «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 2,0հա մակերեսով հողամասը՝ շինության շահագործման և պահպանման նպատակով (հատոր 4-րդ, գ.թ. 30-34, 36-39):
5) Թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 20.09.2016 թվականի վճռով որոշվել է Մարետա Երեմի Խուրշուդյանի, Նաիրա Արամայիսի Ավետիսյանի հայցապահանջներն ընդդեմ Երևան համայնքի` պայմանագրերը նույն պայմաններով վերսկսված ճանաչելու և հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով վարձակալության պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ մերժել։ Հակընդդեմ հայցը բավարարել՝ լուծել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի և Մարետա Խուրշուդյանի միջև 24.12.2002 թվականին կնքված, Հայաստանի Հանրապետության` ի դեմս Երևանի քաղաքապետի և Նաիրա Ավետիսյանի միջև 24.12.2002 թվականին կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը, որպես հետևանք՝ դադարեցնել Մարետա Խուրշուդյանի անվամբ 22.01.2003 թվականին և Նաիրա Ավետիսյանի անվամբ 22.01.2003 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումները, պարտավորեցնել Մարետա Խուրշուդյանին և Նաիրա Ավետիսյանին Երևան համայնքին վերադարձնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0հա և 2,0հա մակերեսներով հողամասերը (հատոր 4-րդ, գ.թ. 84-108)։
6) Երևանի քաղաքապետին հասցեագրված 28.09.2017 թվականի դիմումով Մարետա Խուրշուդյանը և Նաիրա Ավետիսյանը խնդրել են ուղղակի վաճառքի միջոցով՝ կադաստրային արժեքով իրենց օտարել «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 4,0հա, 2,0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, իսկ մնացած հողամասերը տրամադրել օգտագործման իրավունքով (հատոր 1-ին, գ.թ 8-9):
7) Երևանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301-Ա որոշմամբ Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով 20.09.2016 թվականին կայացված վճռի հիմքով դադարեցվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 4,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի վարձակալության իրավունքը և նույն տարածքում գտնվող 2,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Նաիրա Ավետիսյանի վարձակալության իրավունքը, իսկ Մարետա Խուրշուդյանը և Նաիրա Ավետիսյանը չեն ներկայացրել Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող ընդհանուր 10 հեկտար մակերեսով, թվով երեք միավոր հողամասերում առկա ինքնակամ շինություններն իրենց կողմից կառուցված լինելու վերաբերյալ ապացույցներ, հետևաբար չեն ապացուցել ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերն կադաստրային արժեքով ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ որևէ շինությամբ չծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ենթակա է օտարման աճուրդային կարգով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 12.04.2004 թվականին կնքված թիվ 161/ԱԳ պայմանագրից ծագող 4,0 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի վարձակալության իրավունքի գրանցումը դեռևս դադարեցված չէ և վերջինս հանդիսանում է այդ հողամասի վարձակալ: Հետևաբար բացակայում է այդ նույն հողամասը կամ դրա մասը օգտագործման իրավունքով դիմումատուներին տրամադրելու իրավական հիմք (հատոր 1-ին, գ.թ 122-127)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի դրույթների կիրառման վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օտարման պահանջն ինքնին ներառում է նաև այդ կառույցի օրինականացման պահանջ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզման համար ձեռք բերված անհրաժեշտ ապացույցների զանգվածին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
Նախկինում կայացված որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավանորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության:
ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի և 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի կարգավորումները:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը և ոչ թե՝ հակառակը:
Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարևորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը ևս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե´ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, այլ կերպ ասած՝ պարտավորեցման հայց ներկայացնելու միջոցով անձը ցանկանում է, որ վարչական մարմինը ևս մեկ անգամ որոշում կայացնի իր դիմումի վերաբերյալ: Ընդ որում՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման իրավաչափությունը պետք է պարզվի ապացույցների և գործի հանգամանքների ճիշտ գնահատման և հայեցողության ճիշտ կիրառման հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը հստակ տարբերակել է վիճարկման հայցի և պարտավորեցման հայցի շրջանակներում գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը: Այսպես ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։ Հաշվի առնելով պարտավորեցման հայցի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման իրավաչափությունը պետք է գնահատվի ոչ թե ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, այլ դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
Վերոգրյալ համատեքստում անդրադառնալով ինքնակամ կառույցով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը օտարելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: (...) Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարությունը 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան որոշել է հաստատել ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելածի:
Նույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Հարկ է նշել, որ նույնաբովանդակ իրավակարգավորում է ամրագրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով:
Կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն Կարգով սահմանվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, այդ թվում` շենքերի ընդհանուր բաժնային uեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը:
Կարգի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին (…)։
Կարգի 34-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը` նույն կարգի 35-րդ կետով սահմանված գներով (վարձավճարով), իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը` կադաստրային արժեքով, իսկ սույն կարգի 33.1-ին կետով սահմանված հողամասի առավելագույն մակերեսի չափից ավելի հողամասի տրամադրման դեպքերում` կադաստրային արժեքի եռապատիկի չափով (վարձակալության իրավունքով) ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն է արվում կառույցն իրականացրած անձին: Առաջարկության մեջ պարտադիր նշվում են անշարժ գույքի տվյալ միավորի հասցեն, կառույցների և հողամասի մակերեսները, առաջարկության ընդունման համար նույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետը, հողամասի կադաստրային արժեքը (վարձավճարի չափը), ինչպես նաև կառույցի վաճառքի` նույն կարգի 35-րդ կետով սահմանված գները (վարձավճարները):
Կարգի 44-րդ կետի համաձայն՝ նույն Կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝
ա) դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Կարգի 45-րդ կետի համաձայն՝ արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման` այլ պատճառներով մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ։
Վկայակոչված իրավադրույթների վերլուծության հիման վրա նախկին որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառուցապատման նպատակով չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացված կառույցը համարվում է ինքնակամ կառույց, որի նկատմամբ կարող է ճանաչվել միայն այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է հողամասը։ Ընդ որում, Երևան քաղաքում ինքնակամ կառույցն օրինական կարող է ճանաչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ (տե´ս, օրինակ, Խաչատուր Ստեփանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1624/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.02.2010 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ինքնակամ կառույցի օրինականացման որոշման մեջ կառույցն իրականացրած անձի մասին տվյալների նշումն ինքնանպատակ չէ, այլ այն վարչական մարմնի համար սահմանում է պարտավորություն, հստակորեն պարզելու, թե ում կողմից է իրականացված ինքնակամ կառույցը, ինչն էլ իր հերթին ենթադրում է ինքնակամ կառույցն իրականացրած անձի իրավունքների լիարժեք պաշտպանություն (տե´ս, օրինակ, Արփինե Կիրակոսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4860/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը)։
Վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ Կարգով կանոնակարգված են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման և դրանց օտարման իրավահարաբերությունները։ Ըստ այդմ, Կարգով սահմանված բացառման սկզբունքի հիմքով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
-տվյալ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը,
-վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
-ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,
-ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ նշված պայմաններին բավարարող ինքնակամ կառույցի օրինականացման փուլին անմիջապես հաջորդում է դրա օտարման գործընթացը, որի իրականացման ուղեգծում առանցքային նշանակություն ունի տվյալ կառույցն իրականացրած անձի հատկորոշումը, քանի որ հենց այդ անձին է Կարգով վերապահված կառույցը գնելու նախապատվությունը։
Զարգացնելով նշված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստորեն, ինքնակամ կառույցի՝ քաղաքացիական շրջանառության օբյեկտ որակվելու գործընթացը երկփուլ գործառույթների համակցություն է, որը ներառում է ինքնակամ կառույցի օրինականացման և օրինականացված կառույցի օտարման միջոցառումների կազմակերպման փուլերը։ Ընդ որում, առաջին փուլում (ինքնակամ կառույցի օրինականացում) համայնքի ղեկավարը ստուգում է այն պայմանների միաժամանակյա առկայության փաստը, որոնք անհրաժեշտ են ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու համար, իսկ երկրորդ փուլում համայնքի ղեկավարը նախաձեռնում է արդեն օրինական ճանաչված կառույցի օտարման գործընթացը, որտեղ, հաշվի առնելով, որ կառույցն իրականացրած անձն ունի այդ կառույցը գնելու նախապատվության իրավունք, համայնքի ղեկավարը կրում է կառույցն իրականացրած անձին բացահայտելու, և ըստ այդմ՝ հենց այդ անձին կառույցը գնելու առաջարկ ներկայացնելու ուղիղ պարտականություն։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փուլերն իրար հաջորդող և միմյանց հետ փոխկապակցված գործընթացներ են, որտեղ օրինականացման վավերապայմանների ստուգումը, ապա՝ Կարգով ամրագրված պայմաններին ինքնակամ կառույցի համապատասխանելու պայմաններում, կառույց օրինական ճանաչվելու պարագայում գնման գործընթաց նախաձեռնելը համայնքի պարտականությունն է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ ամենևին պարտադիր չէ, որպեսզի շահագրգիռ անձը նախ՝ դիմի օրինականացման խնդրանքով, ապա՝ բավարարման պարագայում, գնման խնդրանքով:
Ամփոփելով վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձն այդ կառույցն օրինական ճանաչելու և հետագայում ձեռք բերելու հարցում ունի օրինական շահ, կառույցն իրականացրած անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օտարման պահանջն անխուսափելիորեն ինքնավար ներառում է նաև օրինականացման պահանջը, հետևապես շահագրգիռ անձը չի կրում պարտավորություն նախ դիմելու օրինականացման, ապա օրինական ճանաչված գույքը ձեռք բերելու պահանջով, քանի որ Կարգով ամրագրված իրավադրույթների համակարգված դիտարկումը հուշում է, որ օտարման գործընթացի նախաձեռնումը վարչական մարմնի պարտավորությունն է, որն անմիջապես հաջորդում է ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացին՝ դրանով փաստացի եզրափակելով ինքնակամ կառույցի՝ քաղաքացիական շրջանառության հնարավոր օբյեկտ ճանաչվելու գործընթացը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետին հասցեագրված 28.09.2017 թվականի դիմումով Մարետա Խուրշուդյանը և Նաիրա Ավետիսյանը խնդրել են ուղղակի վաճառքի միջոցով՝ կադաստրային արժեքով իրենց օտարել «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 4,0հա, 2.0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, իսկ մնացած հողամասերը տրամադրել օգտագործման իրավունքով:
Երևանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301-Ա որոշմամբ Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորները չեն ներկայացրել Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող ընդհանուր 10 հա մակերեսով, թվով երեք միավոր հողամասերում առկա ինքնակամ շինություններն իրենց կողմից կառուցված լինելու վերաբերյալ ապացույցներ:
Դիմելով դատարան` Մարետա Խուրշուդյանը և Նաիրա Ավետիսյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 30.11.2017 թվականի թիվ 4301-Ա որոշումը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունելու բարենպաստ վարչական ակտ՝ ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նույն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու, իսկ մնացած հողամասերն օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
Դատարանը 22.11.2019 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը երկփուլ գործընթաց է՝ բաղկացած օրինականացման և օրինականացված կառույցի օտարման փուլերից (բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնի չէ կառույցն իրականացրած անձը)։ Հետևաբար, կառույցն իրականացրած անձի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օտարման պահանջն անխուսափելիորեն և ինքնին ներառում է նաև օրինականացման պահանջը, քանզի առանց գործընթացի առաջին փուլի՝ օրինականացման փուլի, հնարավոր չէ տվյալ ինքնակամ կառույցի օտարումն այդ կառույցն իրականացնողին։
Դատարանը գտել է, որ խնդրո առարկա անշարժ գույքը ենթակա է օրինականացման, եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության Թիվ 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված՝ օրինականացումն արգելող հանգամանքները: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել հայցվորների կողմից խնդրո առարկա ինքնակամ շինությունների կառուցված լինելու հանգամանքը՝ հիմք ընդունելով վկաների ցուցմունքները և հայցվորների կողմից ներկայացված 1994 թվականին կնքված՝ խնդրո առարկա հողամասերի վարձակալության պայմանագրերը, որոնց համաձայն՝ այդ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված հողամասերը վարձակալությամբ են հանձնվել հայցվորներին։
Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի հետևությունները։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործի փաստերի համաձայն՝ վիճահարույց ինքնակամ կառույցները և դրանց շահագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ամբողջությամբ ընդգրկված են նախկինում Մարետա Խուրշուդյանին և Նաիրա Ավետիսյանին տրամադրված համապատասխանաբար 4,0հա և 2,0հա մակերեսներով հողամասերում։
Սույն գործով դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Սերգեյ Մելքոնյանն իր ցուցմունքով նշել է, որ 1995 թվականից աշխատել է ավտոշուկայում։ Թեև «Քրիստինե-1» ՍՊԸ-ում գրանցված է եղել՝ որպես հսկիչ, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցել 1995-1996 թվականներին ավտոշուկայում ծավալված շինարարական աշխատանքներին (պանելային պարսպի կառուցում, պանելային սալիկների տեղադրում, զոդում)։ Իր կատարած շինարարական աշխատանքների համար վարձատրություն ստացել է Մարետա Խուրշուդյանից և Նաիրա Ավետիսյանից, վերջիններից է ստացել կոնկրետ շինարարական աշխատանքներ կատարելու հանձնարարությունը, նրանց կողմից է ձեռք բերվել անհրաժեշտ շինանյութը։ Արամայիս Ավետիսյանին ճանաչել է, սակայն շփում չի ունեցել։
Որպես վկա հարցաքննված Նարինե Սահակյանն իր ցուցմունքով հայտնել է, որ ավտոշուկայում շինարարական աշխատանքները սկսվել են 1995 թվականից։ Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ավետիսյանների ընտանիքի հետ՝ Մարետա Խուրշուդյանին ու Նաիրա Ավետիսյանին հանդիպելու և նրանց օգնելու համար հաճախակի այցելել է շինհրապարակ։ Շինարարական աշխատանքները ղեկավարել են Նաիրա Ավետիսյանը և Մարետա Խուրշուդյանը, իսկ Արամայիս Ավետիսյանը հիվանդության պատճառով շինարարական աշխատանքներին չի մասնակցել։
Որպես վկա հարցաքննված Հայրապետ Խուրշուդյանը, ով Մարետա Խուրշուդյանի եղբոր տղան է, ցուցմունքով հայտնել է, որ 1995 թվականից մասնակցել է ավտոշուկայում ծավալվող շինարարական աշխատանքներին (պարսպապատում և այլն)։ Աշխատանքների կազմակերպմանը ներգրավված են եղել Նաիրա Ավետիսյանը և Մարետա Խուրշուդյանը։ Արամայիս Սահակյանը գրեթե այդ աշխատանքներին չի մասնակցել։ Շինանյութ ձեռք բերելու գումարները ստացել է Նաիրա Ավետիսյանից և Մարետա Խուրշուդյանից։
Նման պայմաններում՝ հաշվի առնելով որպես վկա հարցաքննված անձանց կողմից տրված ցուցմունքները հերքող որևէ պատշաճ ապացույցի բացակայությունը, ինչպես նաև այն իրողությունը, որ վիճահարույց հողամասերը նախկինում վարձակալության իրավունքով հայցվորին տրամադրվել են շինությունների շահագործման և պահպանման նպատակով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճահարույց հողամասերում ինքնակամ կառույցները հայցվորների կողմից իրականացված լինելու փաստն այլևս անհերքելի է։
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ինքնակամ կառույց իրականացրած անձը պահպանում է այդ կառույցի նկատմամբ ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով սեփականության իրավունք ձեռք բերելու իր ակնկալիքը՝ այդ կառույցի օրինականացումը բացառող հիմքերի բացակայության պայմաններում, որպիսի ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի։ Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե´ս, օրինակ Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 11.06.2009 Եվրոպական դատարանի 11.06.2009 թվականի վճիռը, կետ 44)։
Փաստենք նաև, որ թիվ ՍԴՈ-741 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք։
Մինչդեռ, Երևանի քաղաքապետը ոչ հիմնավոր պատճառաբանությամբ մերժել է ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նույն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու վերաբերյալ հայցվորների դիմումը, ինչը ոտնահարել է հայցվորների սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը, հետևաբար նաև սեփականության իրավունքը։
Միաժամանակ վիճահարույց հողամասերում կառուցված ինքնակամ շինությունների օրինական ճանաչման հնարավորությունը բացառող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշմամբ սահմանված, հիմքերի բացակայությունը (այդ հիմքերի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը), իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախաատեսված պարտավորեցման հայցի շրջանակներում այդ կառույցների օրինականացման և ձեռք բերման ուղեգծում հայցվորների օգտին գործում առկա փաստական տվյալները՝ դրանք ապահովող ապացույցների առկայության պայմաններում (ապացույցների թվում նաև Երևանի քաղաքապետի կողմից 2002 թվականին հաստատված գլխավոր հատակագիծը, որում առանձին շինություններ արդեն իսկ առկա են եղել 2002 թվականին։ Հետևապես գլխավոր հատակագծի հաստատումը՝ խնդրո առարկա շինությունների ամրագրմամբ, ողջամտորեն բավարար է արձանագրելու, որ բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված՝ այդ կառույցների օրինականացումն արգելող հանգամանքները), վկայում են ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի ձախակողմյան մասին հարող բլրի 2,0հա և 4,0հա մակերեսներով հողամասերում առկա անշարժ գույքերով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ինչպես նաև նույն հողամասերում առկա ինքնակամ շինությունները ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով հայցվորներին օտարելու վերաբերյալ հայցվորների պահանջի իրավաչափ լինելու մասին, որպիսի եզրահանգմանն էլ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, իրավացիորեն եկել են ստորադաս դատարանները։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հողամասերը վարձակալությամբ տրամադրելու պահանջին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:
2. Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները:
3. Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով։
4. Հողամասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց.
3) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց։
5. Հողամասն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը:
ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման (ուժի մեջ է մտել 08.05.2001 թվականին) 1-ին կետով հաստատվել է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը, որով ամրագրված կանոնակարգումներից հետևում է, որ որոշակի բացառություններով հանդերձ՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության են հանձնվում մրցույթով։ Ընդ որում, նշված որոշման բովանդակությունից ուղղակիորեն հետևում է նաև, որ ի թիվս որոշմամբ հաստատված կարգով հատկորոշված այլ դեպքերի, որպես բացառություն՝ առանց մրցույթի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից կարող են վարձակալությամբ տրամադրվել այն հողամասերը, որոնք վարձակալության են տրամադրված եղել մինչև ՀՀ կառավարության վկայակոչված 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը։ Մասնավորապես, որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ մինչև նույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։
Փաստորեն, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, որպես կանոն, վարձակալությամբ տրամադրվում են մրցույթով, բացառությամբ նախորդիվ մատնանշված կարգով նախատեսված դեպքերի (կարգի 44-րդ կետ), ինչպես նաև այն դեպքերում, երբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրվել են մինչև ՀՀ կառավարության թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը՝ 08.05.2001 թվականը։ Այլ կերպ ասած՝ 08.05.2001 թվականին նախորդած ժամանակային տիրույթում վարձակալության իրավունքով տրամադրված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որպես բացառություն, կարող են տրամադրվել նախկին վարձակալներին՝ առանց մրցույթի։ Սա նշանակում է, որ նման դեպքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը համայնքի ղեկավարը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով իրեն տրված հայեցողական լիազորության գործադրմամբ, կարող է մինչև ՀՀ կառավարության թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը վարձակալությամբ տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո տրամադրել նախկին վարձակալներին՝ առանց մրցույթի։
Այսպես՝ 22.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրացման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմնին, վերջինիս գործառնական կարգավիճակին համապատասխան, օրենքով կարող են վերապահվել ինչպես պարտադիր, այնպես էլ հայեցողական լիազորություններ` պայմանավորված 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված հիմնադրույթի իրացման անհրաժեշտությամբ, ըստ որի` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է «հայեցողություն» կատեգորիայի իրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն: Այսինքն` պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը (տե´ս, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և այլոց թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված վարչական մարմնի հայեցողական լիազորության հասկացությունից հետևում է, որ.
1) հայեցողական լիազորությունը պետք է վարչական մարմնին վերապահված լինի օրենքով,
2) հայեցողական լիազորությունը հանգում է մի քանի լուծումներից մեկն ընտրելու և այն իրացնելու` վարչական մարմնի հնարավորությանը,
3) վարչական մարմնի կողմից ընտրվող և իրացվող բոլոր լուծումները պետք է լինեն իրավաչափ. վարչական մարմինը չի կարող ընտրել որևէ լուծում, որը դուրս է հայեցողական լիազորությունների` օրենքով սահմանված շրջանակներից և ուղղված չէ օրենքով հետապնդվող նպատակներին:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավական պետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված բոլոր սուբյեկտներին վերապահված հայեցողական լիազորությունները կարող են գործադրվել միայն իրավունքի սահմաններում: Հետևաբար հայեցողական վարչարարությունը ևս կաշկանդված, սահմանափակված է իրավունքով: Այդ իսկ պատճառով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել`
- մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ,
- իրավահավասարության սկզբունքով,
- վարչարարության իրականացման համաչափության սկզբունքով,
- կամայականության արգելքի սկզբունքով:
Միաժամանակ վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ՝ ընդգծելով, որ նշված իրավադրույթից հետևում է, որ վարչական մարմինները հայեցողական լիազորություններ իրականացնելիս կաշկանդված են նաև հայեցողության այն նպատակով, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ամրագրված է հայեցողություն վերապահող օրենքում: Այսինքն` վարչական մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր է պարզել իրեն հայեցողություն վերապահող օրենքի նպատակը և իր հայեցողությունն իրականացնել օրենքի սահմաններում` այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ:
Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմինների կողմից օրենքով ամրագրված սահմանների խախտմամբ կամ օրենքով կանխորոշված նպատակին ոչ համահունչ կերպով հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է հայեցողական հետևյալ սխալների.
1) սխալ ենթադրություն հայեցողության բացակայության մասին (հայեցողության չօգտագործում),
2) տվյալ փաստակազմի համար օրենքով չնախատեսված իրավական հետևանքի կիրառում կամ հայեցողության չարաշահում (վերազանցում),
3) հայեցողության կիրառման ժամանակ փաստական հանգամանքների ոչ ամբողջական պարզում:
Ամփոփելով վկայակոչված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պետք է ստուգի հայեցողության կիրառման ժամանակ այնպիսի սխալների առաջացման հարցը, որոնք պայմանավորված են հայեցողության` օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ: Այլ կերպ ասած` հայեցողական լիազորությունների իրավաչափության գնահատման համար դատարանը, մասնավորապես, պետք է պարզի արդյոք վարչական հայեցողությունը հետևողականորեն է կիրառվել, թե` ոչ, և արդյոք վարչական մարմինը թույլ է տվել վերը նշված հայեցողական սխալներից որևէ մեկը, թե` ոչ (տե´ս, օրինակ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Զարգացնելով վկայակոչված դիրքորոշումները և ընդգծելով, որ 22.12.2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմններն իրենց հայեցողական լիազորությունների իրականացման ուղեգծում կաշկանդված են անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով պահպանվող իրավունքներով։ Ըստ այդմ, վարչական մարմնի կողմից նախկինում անձանց որևէ իրավունք տրամադրված լինելու պայմաններում, վարչական մարմինը չի կարող հայեցողական լիազորությունների մատնանշմամբ հրաժարվել այդ անձանց վերստին նույնաբովանդակ իրավունքների տրամադրումից, եթե չի վկայակոչում իրավունքի տրամադրման մերժում ենթադրող ծանրակշիռ փաստարկներ՝ ապահովված պատշաճ ապացույցներով, քանի որ վարչական մարմինը պարտավոր է հաշվի նստել նաև այդ անձանց տնտեսական գնահատելի շահի և դրանից բխեցված օրինական ակնկալիքի հետ, որն անձը ձեռք է բերել իրեն տրամադրված իրավունքն իրացնելով։ Մասնավորապես, իրացնելով իրեն տրամադրված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող որևէ գույքից որոշակի ժամանակահատվածում օգտվելու իր իրավունքը, այդ անձը պահպանում է նույն գույքից հետագայում ևս օգտվելով տնտեսական գնահատելի շահ ստանալու իր իրավունքը, որպիսի իրավունքը կաշկանդում է այդ նույն գույքն այլևս նույն անձին չտրամադրելու վարչական մարմնի հայեցողական լիազորությանը։ Այլ կերպ ասած՝ եթե անձը շարունակում է պահպանել որոշակի ժամկետով օգտագործման իրավունքով իրեն տրամադրված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքից օգտվելու տնտեսական գնահատելի շահը (օրինակ՝ վարձակալության իրավունքով որոշակի ժամկետով տրամադրված գույքի շահագործումից ստացել կամ ժամկետի տիրույթում ստանում է եկամուտներ՝ պահպանելով այդ նույն գույքի հետագա օգտագործումից եկամուտներ ստանալու օրինական ակնկալիքը՝ որպես տնտեսական գնահատելի շահ), ապա այդ գույքը վերստին նույն անձին տրամադրելու վարչական մարմնի հայեցողական լիազորությունը կարող է կիրառվել ոչ հօգուտ այդ անձի միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը կարողանում է պատշաճ ապացույցներով ապահովված ծանրակշիռ փաստարկներով ապացուցել, որ հայեցողական լիազորությունը ոչ հօգուտ անձի կիրառելն արդարացված է՝ պայմանավորված հասարակական շահով և պիտանի է ժողովրդական հասարակությունում՝ պայմանով, որ այդպիսի հասարակական շահն առավել կարևոր է տվյալ անձի տնտեսական գնահատելի շահից։
Քննարկվող դեպքում հողամասերը վարձակալությամբ հանձնելուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջի մասով ընդգծելով, որ. «(…) խնդրո առարկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հայցվորներին վարձակալության են տրամադրվել մինչև ՀՀ կառավարության թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը, և առկա չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված այլ կարգավորում, քան ՀՀ կառավարության թիվ 286 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվածն է (…)»՝ Դատարանը եզրահանգել է, որ «(...) տվյալ դեպքում առկա է մինչև 08.05.2001 թվականի վարձակալության տրամադրված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո առանց մրցույթի նախկին վարձակալներին՝ հայցվորներին, վարձակալության տրամադրելու՝ Երևանի քաղաքապետի հայցողական լիազորության իրացման անհրաժեշտ փաստական հիմքը»:
Միաժամանակ նույն պահանջի մասով գործով ձեռք բերված ապացույցների լույսի ներքո արձանագրելով, որ «(…) մինչև 2001 թվականը` դեռևս 26.09.1994 և 22.04.1996 թվականներին, խնդրո առարկա հողամասերը վարձակալության պայմանագրով վարձակալության են հանձնված եղել հայցվորներին»՝ Վերաքննիչ դատարանը ևս եզրակացրել է, որ վիճելի իրավահարաբերությունը համապատասխանում է ՀՀ կառավարության թիվ 286 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված՝ մինչև նույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դեպքին։
Վճռաբեկ դատարանը հիմնավոր է որակում գործի փաստերից բխեցված ստորադաս դատարանների դիրքորոշումները՝ ընդգծելով, որ ստորադաս դատարանների վկայակոչած փաստական և իրավական հիմքերը համապատասխանում են իրերի իրական դրությանը։
Մասնավորապես, մատնանշելով, որ թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով 20․09․2016 թվականին կայացված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով (օրինական ուժի մեջ է մտել 25․05․2017 թվականին) լուծվել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Մարետա Խուրշուդյանի միջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Նաիրա Ավետիսյանի միջև 24․12․2002 թվականին կնքված՝ սույն գործով վարձակալության իրավունքով պահանջվող (այսուհետ՝ Վիճահարույց), հողամասերի վարձակալության պայմանագրերը՝ Վճռաբեկ դատարանը հատկապես շեշտադրում է, որ Վիճահարույց հողամասերի նկատմամբ առանց մրցույթի վարձակալության իրավունք ձեռք բերելու հայցվոր կողմի՝ ՀՀ կառավարության 12.04. 2001 թվականի թիվ 286 որոշումից բխող իրավունքը ծագել է Վիճահարույց հողամասերի նկատմամբ 26.09.1994 և 22.04.1996 թվականներին՝ մինչև ՀՀ կառավարության թիվ 286 որոշումն ուժի մեջ մտնելու պահը (08.05.2001 թվականը), կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա հայցվոր կողմի վարձակալության իրավունք ստացած լինելու փաստի ուժով։ Այլ կերպ ասած՝ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծվել են Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և հայցվոր կողմի միջև 24.12.2002 թվականին կնքված վարձակալության պայմանագրերը, իսկ սույն գործով Վիճահարույց հողամասերն առանց մրցույթի վարձակալության իրավունքով ձեռք բերելու հայցվոր կողմի իրավունքի իրացման հնարավորությունը պայմանավորված է դրանք մինչև ՀՀ կառավարության թիվ 286 որոշման ուժի մեջ մտնել կնքված 26.09.1994 և 22.04.1996 թվականների պայմանագրերով հայցվոր կողմին վարձակալությամբ հանձնված լինելու իրողությամբ։ Այլ կերպ ասած, թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործի շրջանակներում կարգավորված հարցը տարբերվում է քննարկվող դեպքում կարգավորման ենթակա հարցից, քանի որ սույն դեպքը վերաբերում է մինչև ՀՀ կառավարության 12․04․2001 թվականի թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը Վիճահարույց հողամասերը հայցվոր կողմին վարձակալությամբ տրամադրված լինելու պայմաններում նույն հողամասերն առանց մրցույթի վարձակալության իրավունքով ձեռք բերելու հայցվոր կողմի իրավունքների առկայությանն ու դատարանի կողմից վճռի կայացման պահին դրանց պահպանված լինելուն, և ըստ այդմ՝ այդ իրավունքներն իրացվելու հարցի լուծմանը, մինչդեռ, թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործը վերաբերել է Երևանի քաղաքապետի 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և հայցվոր կողմի միջև 24․12․2002 թվականին կնքված վարձակալության պայմանագրերից ծագած հայցվոր կողմի վարձակալության իրավունքների հետագա շարունակելիությանը, որպիսի քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտով որոշվել է Երևանի քաղաքապետի 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և հայցվոր կողմի միջև 24․12․2002 թվականին կնքված վարձակալության պայմանագրերի լուծմամբ այլևս չշարունակել բացառապես այդ պայմանագրերի հիման վրա կողմերի միջև 24․12․2002 թվականին հաջորդող ժամանակային տիրույթում ձևավորված վարձակալական իրավահարաբերությունները։ Փաստորեն, բովանդակային առումով թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով դատավարության մասնակիցների միջև վեճի շրջանակը ներառել և եզրագծել է այն իրավահարաբերությունները, որոնք վերաբերում են Երևանի քաղաքապետի 04․12․2002 թվականի որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Մարետա Խուրշուդյանի, ինչպես նաև նույն որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Նաիրա Ավետիսյանի միջև ձևավորված վարձակալական իրավահարաբերությունների չեղարկմանը, իսկ սույն դեպքում բովանդակային առումով կողմերի միջև վեճը վերաբերում է մինչև ՀՀ կառավարության 12․04․2001 թվականի թիվ 286 որոշման ուժի մեջ մտնելը Վիճահարույց հողամասերը հայցվոր կողմին վարձակալությամբ տրամադրված լինելու պայմաններում նույն հողամասերն առանց մրցույթի վարձակալության իրավունքով ձեռք բերելու հայցվոր կողմի իրավունքների առկայության կամ բացակայության հարցի պարզմանը, ինչը նշանակում է, որ սույն գործով վեճի շրջանակը եզրագծվում է լիովին այլ հիմքերով հայցվորների կողմից Վիճահարույց հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունք ձեռք բերելու հարցի պարզմամբ։ Ըստ այդմ, պետք է փաստել, որ թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված վճիռը սույն գործով գնահատման ենթակա փաստական հանգամանքների, ուստի և գործի օբյեկտիվ հանգուցալուծման տեսանկյունից՝ դրա իրավական գնահատման նկատմամբ որևէ նշանակություն չունի։ Հետևապես Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վիճահարույց հողամասերն առանց մրցույթի հայցվոր կողմին տրամադրելու հարցի լուծման ուղեգծում թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը որևէ իրավաբանական նշանակություն չունի։
Շարունակելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով հավաքված փաստերի պայմաններում այլևս անհերքելի է, որ թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռով Վիճահարույց հողամասերի նկատմամբ, փաստորեն, ճանաչվել է սույն գործով հայցվոր կողմի օգտագործման իրավունքը։ Ընդ որում, վճռով ճանաչված իրավունքների ժամանակային սահմանափակում չի նախատեսվել։ Այսինքն, նշված գործով Վիճահարույց հողամասերի նկատմամբ ճանաչված հայցվոր կողմի օգտագործման իրավունքը չի եզրագծվել որևէ ժամանակային տիրույթով։
Մասնավորապես, վկայակոչված վճռով դատարանը որոշել է ճանաչել Երևանի Նոր-Արեշի 45-րդ փողոցից դեպի «Էրեբունի» և «Նուբարաշեն» թաղամասեր տանող ճանապարհի ձախակողմյան մասում գտնվող 2,0հա, 4,0հա և 4,0հա մակերեսներով բլրի, հողամասերի նկատմամբ համապատասխանաբար Նաիրա Ավետիսյանի (2,0հա), Մարիետա Խուրշուդյանի (4,0հա) և Արամայիս Ավետիսյանի (4,0հա) օգտագործման իրավունքը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին վերակնքելու նշված հողամասերի նկատմամբ վարձակալության պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին։
Փաստորեն, նշված վճռով նախ՝ ճանաչվել է Վիճահարույց հողամասերի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի օգտագործման իրավունքը, հետո՝ որոշվել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին վերակնքելու հողամասերի նկատմամբ վարձակալության պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին։ Ստացվում է, որ նշված վճիռը, իրավական բնույթի տեսանկյունից, ունի ճանաչողական և կատարողական բնույթ։ Մասնավորապես, Վիճահարույց հողամասերի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի օգտագործման իրավունքը ճանաչելու մասով նշված վճիռը ճանաչողական բնույթ ունի, ինչը նշանակում է, որ բացակայում է այդ մասով դրա կատարման իրավական անհրաժեշտությունը և ճանաչված իրավունքների գոյությունն անվիճելի է վճռի ուղղակի գոյությամբ։ Իսկ վճիռն այն մասով, որով Երևանի քաղաքապետարանը պարտավորեցվել է կատարելու որոշակի գործողություններ, կատարողական բնույթի է, ինչն էլ կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշման ընդունման միջոցով Վիճահարույց հողամասերի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի հետ վարձակալության պայմանագրերի կնքմամբ:
Փաստորեն, նշված վճռի կատարում պահանջող մասով, որով Երևանի քաղաքապետարանը պարտավորեցվել է վերակնքելու, փաստորեն, Վիճահարույց հողամասերի վարձակալության պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին, Երևանի քաղաքապետն ընդունել է 04.12.2002 թվականի թիվ 2478-Ա որոշումը՝ Վիճահարույց հողամասերը վարձակալության իրավունքով, տասը տարի ժամկետով հայցվոր կողմին տրամադրելու մասին, որպիսի որոշման հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերը լուծվել են թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտով։ Բայցևայնպես սա չի նշանակում, որ թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացված վճռով չեղարկվել է նաև Վիճահարույց հողամասերի նկատմամբ թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռով ճանաչված հայցվոր կողմի օգտագործման իրավունքը։ Այսինքն, թիվ ԵԿԴ/2102/05/15 քաղաքացիական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը, իրավական հետևանքների իմաստով, ազդեցություն ունի բացառապես թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի այն մասի նկատմամբ, որով Երևանի քաղաքապետարանը պարտավորեցվել է հայցվոր կողմի հետ վերակնքել Վիճահարույց հողամասերի վարձակալության պայմանագրերը, իսկ նույն վճռով Վիճահարույց հողամասերի նկատմամբ հայցվոր կողմի օգտագործման իրավունքը ճանաչված լինելու մասի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Վիճահարույց հողամասերի նկատմամբ հայցվոր կողմի օգտագործման իրավունքը ճանաչելու մասին դատարանի որոշումը չի եզրագծել որևէ ժամանակային սահմանափակում, որևէ իրավական նշանակություն կամ ազդեցություն չունի։ Այլ կերպ ասած՝ թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռի հիմքով օբյեկտիվ իրականության մեջ անընդհատությամբ իրավաբանորեն գոյություն ունի Վիճահարույց հողամասերի նկատմամբ հայցվոր կողմի օգտագործման իրավունքը։ Իսկ այդ իրավունքի գոյությունը, թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.06.2002 թվականի վճռի օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում, կաշկանդում է Երևան համայնքին Վիճահարույց հողամասերը հայցվոր կողմին վարձակալության իրավունքով վերստին չտրամադրելու հարցում։
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Մարետա Խուրշուդյանի, Նաիրա Ավետիսյանի և Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ քննված թիվ ՎԴ/11711/05/17 վարչական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերով ՀՀ վարչական դատարանը և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը հաստատված են համարել, որ թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտով լուծված՝ 12.04.2004 թվականին Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Մարետա Խուրշուդյանի միջև կնքված թիվ 161/ԱԳ վարձակալության պայմանագրից ծագած Մարետա Խուրշուդյանի անվամբ իրականացված վարձակալության իրավունքի պետական գրանցումը դադարեցված չէ՝ անվավեր ճանաչելով վիճահարույց հողամասից Մարետա Խուրշուդյանին և Նաիրա Ավետիսյանին վտարելու ուղղությամբ նշված գործով պատասխանող ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 18.10.2017 թվականի որոշումը (նշված մասով հիշատակված դատական ակտերը մտել են օրինական ուժի մեջ) [հիմք՝ court.am տեղեկատվական կայքի տվյալները]։ Սա նշանակում է, որ թիվ ԵԿԴ/2102/02/15 քաղաքացիական գործով կայացված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի հանգեցրել իրավական հետևանքների՝ հաշվի առնելով, որ վիճահարույց հողամասի նկատմամբ Մարետա Խուրշուդյանի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը՝ վարչական ակտը, պահպանում է իր իրավաբանական ուժը, հետևապես նշված գործն ըստ էության լուծող դատական ակտը նաև այս հիմքով որևէ առանցքային նշանակություն չունի սույն գործի նկատմամբ։
Ըստ այդմ, Վիճահարույց հողամասերն առանց մրցույթի վարձակալության իրավունքով ձեռք բերելու՝ ՀՀ կառավարության թիվ 286 որոշումից, ինչպես նաև թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռից բխող հայցվոր կողմի իրավունքների իրավաչափության առնչությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիճահարույց հողամասերն առանց մրցույթի հայցվոր կողմին տրամադրելու պահանջը հիմնավոր որակելու ուղեգծում ստորադաս դատարանները եկել են ճիշտ եզրահանգման՝ միաժամանակ հավելելով, որ նախկինում վարձակալած Վիճահարույց հողամասերում տարիներ շարունակ կատարվելով մեծածավալ ներդրումներ և շինարարական աշխատանքներ (գործում առկա Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերության կողմից 25.12.2017 թվականին թողարկված աշխատանքային նախագծի մաս կազմող նախահաշվի համաձայն՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն թաղամասեր տանող ճանապարհի խաչմերուկի և ձախակողմյան մասին հարող բլրի 4,0հա և 2,0հա մակերեսներով հողամասերում փաստացի կատարված շինարարական աշխատանքների նախահաշվային ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 720.000.000 ՀՀ դրամ), միաժամանակ ծավալելով ձեռնարկատիրական գործունեություն, ուրվագծելով նաև նոր ներդրումային ծրագրեր՝ հայցվորներն ունեն Վիճահարույց հողամասերն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տիրապետելու արդարացված տնտեսական գնահատելի շահ, հետևապես վարչական մարմինը կաշկանդված է Վիճահարույց հողամասերը հայցվոր կողմին վարձակալությամբ տրամադրելու հայեցողությամբ՝ հաշվի առնելով նաև, որ պատասխանող կողմը որևէ ծանրակշիռ հակափաստակ չի մատնանշել Վիճահարույց հողամասերը հայցվորին տրամադրելը մերժելու իր դիրքորոշումն արդարացնելու ուղեգծում։ Մասնավորապես, Երևան համայնքը հայցվորների ներդրումային ծրագրերին չի հակադրել Վիճահարույց հողամասերի վրա հասարակական շահով պայմանավորված ծավալվելիք որևէ գործունեություն, որևէ ծրագիր կամ նախաձեռնություն, որը կարդարացներ Վիճահարույց հողամասերը վարձակալությամբ հայցվորներին տրամադրելու մերժումը, որպիսի իրողությունն ուղղակիորեն վկայում է խնդրո առարկա հողամասերը հայցվորներին տրամադրելու հայեցողական լիազորությունն իրացնելիս պատասխանողի որդեգրած վարքագծի ոչ իրավաչափ նպատակ հետապնդելու մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով այնպիսի իրավաչափ նպատակի բացակայությունը, որի պաշտպանությունը պահանջում է մերժել հայցվորներին խնդրո առարկա հողամասերի վարձակալության տրամադրումը՝ պետք է փաստել, որ հայցվորներին Վիճահարույց հողամասերը վարձակալության չտրամադրելով՝ պատասխանող վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունն իրացրել է՝ խախտելով վարչարարության համաչափության սկզբունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով այլևս առանցքային որևէ նշանակություն չունի Վիճահարույց հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծվել են, թե ոչ, դրանցով ամրագրված ժամկետներն ավարտված են, թե ոչ՝ հաշվի առնելով, որ առկա փաստերի պայմաններում ՀՀ կառավարության թիվ 286 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի, ինչպես նաև թիվ 2-354 գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 04.06.2002 թվականի վճռի ուժով հայցվորներն այլևս ունեն խնդրո առարկա հողամասերը ձեռք բերելու իրական հնարավորություն, որպիսի հնարավորությունը, այլ շահերի բախման բացակայության պայմաններում, հայցվորները պահպանում են նաև այժմ։
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հիմնավորվում են սույն պատճառաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը, բավարարելով Մարետա Խուրշուդյանի և Նաիրա Ավետիսյանի հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Քաղաքապետարանը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 40.000 ՀՀ դրամ պետական տուրք, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05
.06.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ։2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: