Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-148
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2006-07.04.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.205
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 7-ին

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է:

 

Հոդված 3.

Հայաստանի Հանրապետության ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հասարակական ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է:

2. Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.

բ) ջերմամատակարարման համակարգերը.

գ) գազամատակարարման համակարգը:

 

Հոդված 4.

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`

անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.

բաշխիչ ցանց` բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից կառավարվող և շահագործվող, էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը արտադրողից և (կամ) հաղորդողից հասցվում է սպառողներին.

ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի ցանցերից, և որն ունի սահմանված կարգով կնքված` էներգիայի կամ բնական գազի մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.

էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ` էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունը կանոնակարգելուն և դրա թափանցիկությունն ապահովելուն ուղղված կենտրոնացված ծառայությունները.

էներգիա` էլեկտրական էներգիա (հզորություն) և ջերմային էներգիա.

ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից մատակարարվող սպառողներին.

լիցենզիա` հանձնաժողովի կողմից իրավաբանական անձին տրված փաստաթուղթը, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու վերջինիս իրավունքը և պարտականությունը` համաձայն սույն օրենքի դրույթների.

լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձը.

լիցենզավորվող գործունեություն` սույն օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունը.

հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով.

հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազն արտադրողից կամ ներկրողից հասցվում է բաշխողին և (կամ) սպառողին և (կամ) տարանցվում է երրորդ երկիր, և որի կառավարումն ու շահագործումն իրականացնում է հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձը.

մատակարարման և օգտագործման կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.

շուկայի կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված հիմնարար փաստաթուղթը, որով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները, համակարգի հուսալիության և անվտանգության հետ առնչվող հիմնական կանոններն ու ցուցանիշները, ինչպես նաև դրանց և շուկայի բնականոն աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մեխանիզմները.

որոշում` հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում սույն օրենքին համապատասխան ընդունված իրավական ակտը.

սակագին` էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության, ջերմային էներգիայի և բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար (բացառությամբ կառուցման կամ վերականգնման և արտահանման գործունեությունների) սույն օրենքին համապատասխան սահմանված գինը.

սպառող` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել լիցենզավորված անձի հետ.

վարվեցողության կանոններ` հանձնաժողովի անդամների և աշխատակազմի, հանձնաժողովի անդամների, աշխատակազմի և էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց, ինչպես նաև աշխատակազմի և սպառողների միջև վարվեցողության կանոնները` հաստատված հանձնաժողովի կողմից.

տնտեսական կարգավարում` արտադրական հզորությունների, էլեկտրաէներգիայի ներկրման և հաղորդման հնարավորությունների հայտարարագրման, պլանավորման և կարգավարման միջոցը, որը հանգեցնում է նվազագույն ծախսումներով էլեկտրաէներգիայի մատակարարման` հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ:

(4-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5.

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

ա) էներգետիկայի բնագավառում մրցակցության և արդյունավետ գործունեության խթանումն ու մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

բ) էներգետիկայի բնագավառի գործունեության կարգավորումը.

գ) տնտեսական գործունեության, պետական կառավարման և կարգավորման գործառույթների տարանջատումը.

դ) սպառողների և էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը և շահերի հավասարակշռումը.

ե) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը.

զ) էներգետիկայի բնագավառում ներդրումների խրախուսումը.

է) էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության ապահովումը.

ը) էներգետիկայի բնագավառի անվտանգության ապահովումը.

թ) հանրապետության էներգետիկական անկախության խթանումը, այդ թվում` ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը.

ժ) շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

ժա) գիտատեխնիկական առաջընթացի և նոր` էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.

ժբ) էներգետիկական շուկաների ձևավորման և զարգացման խթանումը.

ժգ) արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, արտահանման, ներկրման, համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայությունների գործառույթների տարանջատումը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում պետական կառավարման և կարգավորող մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում պետական քաղաքականություն իրականացնելիս ղեկավարվում են սույն հոդվածով սահմանված սկզբունքներով:

 

Հոդված 6.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

1. Միջուկային տեղակայանքները և միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը և նոր կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո: Ատոմային էլեկտրակայանները և ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:

Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և մասնավորեցման ենթակա չեն:

2. Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման կազմակերպական, իրավական և տեխնիկական համակարգերի ձևավորումն ու դրանց գործունեության վերահսկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները: Միջուկային էներգետիկայի, շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության և անվտանգության հարցերը կարգավորվում են միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Միջուկային էլեկտրակայանների կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի արտադրության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ. 31.05.06 ՀՕ-118-Ն)

 

Հոդված 7.

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Նոր արտադրական հզորությունների, հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերի և տեղակայանքների կառուցման կամ գործող տեղակայանքների վերակառուցման (ընդլայնման) համար պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները տրամադրվում են առաջնահերթության իրավունքով և օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հասարակական ծառայությունների մատուցման համար դրանց կառուցումը (վերականգնումը) նվազագույն ծախսումներով իրականացնելու հիմնավորումը: Օդային և մալուխային գծերի, բնական գազի և ջերմային ցանցերի կառուցման համար տրամադրված ուղիները և դրանց անվտանգության գոտիները պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված անձանց առկա էներգատեղակայանքների (արտադրող կայաններ, մալուխներ, օդային գծեր, ենթակայաններ, գազակարգավորիչ հանգույցներ, գազատարներ և ջերմատարներ և այլն) անվտանգության գոտիների և կառույցների համար օգտագործված պետական սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ սահմանվում է անվճար հարկադիր սերվիտուտ:

3. Էներգատեղակայանքի վերացման դեպքում նրա սեփականատերը պարտավոր է վերականգնել կամ բարեկարգել զբաղեցրած տարածքը` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 8.

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի շուկաների գործունեության կանոնների, կարգավորվող սակագների և լիցենզիայի պայմանների սահմանմամբ ու վերահսկմամբ հավասարակշռել սպառողների և գործունեության լիցենզիա ունեցող անձանց շահերը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը:

 

Հոդված 9.

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Կարգավորման հիմնական սկզբունքներն են`

ա) կարգավորման իրականացումն ինքնուրույն մարմնի կողմից` օրենքով լիազորված իրավասությունների շրջանակում.

բ) կարգավորման թափանցիկության ապահովումը հասարակության համար.

գ) սպառողների կամ որևէ լիցենզավորված անձի նկատմամբ խտրականության բացառումը.

դ) սպառողների և էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռումը.

ե) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը.

զ) մրցակցային շուկայի զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների սահմանափակումը:

 

Հոդված 10.

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Կարգավորման հիմնական միջոցներն են`

ա) գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների սահմանումը և դրանց վերահսկումը.

բ) կարգավորող մարմնին հաշվետվություն ներկայացնելու նպատակով լիցենզավորված անձանց համար հաշիվների, ենթահաշիվների ներդրումը` համաձայն ազգային հաշվային պլանի, հաշվապահական հաշվառմանն առնչվող օրենքների ու իրավական ակտերի.

գ) կարգավորվող սակագների սահմանումը.

դ) գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (ծառայությունների մատուցման), ինչպես նաև սպառողների հետ կնքվող էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.

ե) շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.

զ) կարգավորող մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.

է) սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.

ը) գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի ուսումնասիրումը` ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման նպատակով:

 

Հոդված 11.

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 12.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 13.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 14.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 15.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 16.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 17.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հանձնաժողովը`

ա) սահմանում է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման կարգավորվող սակագները, ինչպես նաև էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման առավելագույն սակագները.

բ) լիցենզավորում է էներգետիկայի բնագավառում իրականացվող գործունեությունները.

գ) վերահսկում է գործունեության լիցենզիայի պայմանների պահպանումը և կիրառում սույն օրենքով սահմանված տուժանքները.

դ) հաստատում, սահմանում կամ մերժում է լիցենզավորված անձանց բաժնետոմսերի գնման պայմանները (եթե պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումը կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված չէ), ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից մատուցվող ծառայության համար անհրաժեշտ գույքի վաճառքի կամ փոխանցման պայմանները` սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն.

ե) սահմանում է էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.

զ) հաստատում է շուկայի կանոնները` համագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ.

է) սահմանում է լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր կողմից սահմանված կարգով գրանցում է լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերը. 

ը) սահմանում է լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովում դրանց ներդրումը.

թ) կազմակերպում է քննարկումներ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, այդ թվում` սպառողներին ներկայացված վճարման հաշիվների վիճարկման վերաբերյալ, քննարկումների արդյունքով կայացնում է որոշումներ և (կամ) տալիս է պարզաբանումներ.

ժ) լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման և ներկայացված ֆինանսատնտեսական հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց տեղակայանքների և ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր.

ժա) իր կողմից սահմանված կարգով լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջում է բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.

ժբ) սահմանում է սպառողների սպասարկման որակի վերաբերյալ ընկերություններին ներկայացվող պահանջները.

ժգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.

ժդ) ուսումնասիրում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացված զարգացման ներդրումային ծրագրերը, ընդունում որոշումներ` ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ.

ժե) ապահովում է իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը և մեկնաբանումը:

 

Հոդված 18.

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

(18-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 19.

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

(19-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 20.

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Լիցենզավորված անձի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունները հրապարակային են, եթե դրանք լիցենզավորված անձի կողմից չեն համարվում գաղտնի և նշված չեն որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»:

2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տվյալների (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել ընկերության մրցակցային գործունեության շահերին, որը գերակա է հրապարակման հասարակական շահից: Հանձնաժողովն իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ լիցենզավորված անձի խնդրանքը:

3. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գաղտնի տվյալների հրապարակման և դրանք իրենց անձնական շահերին ծառայեցնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Հոդված 21.

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են`

ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) սպառման ծավալով, պատվիրված հզորությամբ, տարվա եղանակով, օրվա ժամերով, միացման պայմաններով, ծառայությունների տեսակներով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ` հիմնավորված ծախսերի ներառումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.

ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.

թ) հիմնավորված տեխնիկական և առևտրային կորուստների ներառումը.

ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

 

Հոդված 22.

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները: Նման դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխել լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տված խախտման վերացումը:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

7. Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական, ջերմային էներգիան և բնական գազը վաճառել կամ լիցենզավորված ծառայությունները մատուցել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և (կամ) այն նպատակաուղղված չէ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելուն, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:

8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:

(22-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 23.

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման, էլեկտրաէներգետիկական ու գազամատակարարման համակարգերի օպերատորների ծառայության իրականացման, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեությունները, ինչպես նաև էներգետիկական շուկային ծառայություններ մատուցելու գործունեությունները կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիաների առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք` լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների համաձայն:

2. Սույն հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը չի լիցենզավորվում:

Ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները չեն կարգավորվում (չեն լիցենզավորվում և սակագներ չեն սահմանվում), եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:

3. Լիցենզիայի գործողության ժամկետը և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

(23-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 24.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Գործունեության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը և ձևերը սահմանում է հանձնաժողովը:

2. Գործունեության լիցենզիա տրվում է, եթե նման հայտով հանձնաժողով դիմած իրավաբանական անձը սեփականության իրավունքով կամ պայմանագրով իր տնօրինության տակ ունի անհրաժեշտ գույք:

3. Գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը:

4. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով ներկայացնելու պահից` հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 60 օրը, քննարկում է լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և ընդունում համապատասխան որոշում:

5. Հանձնաժողովը լիցենզիա տալու կամ մերժելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկում է դիմողին` որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

Հոդված 25.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործունեության լիցենզիայի պայմանները սահմանում է հանձնաժողովը:

 

Հոդված 26.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Էլեկտրական էներգիայի ներկրման, արտահանման, արտադրող կայանների կառուցման կամ վերականգնման, բնական գազի ներկրման լիցենզիա տրամադրելու համար համապատասխան գործունեության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողներից հանձնաժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ: Երաշխիքների չափերի հաշվարկման սկզբունքներն ու ներկայացման կարգը սահմանում է հանձնաժողովը:

 

Հոդված 27.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

1. Լիցենզիա ունեցող որևէ անձ առանց հանձնաժողովի թույլտվության չի կարող դառնալ լիցենզիա ունեցող մեկ այլ անձի 25 տոկոս և ավելի մաս կազմող բաժնետեր, փայատեր կամ միավորվել լիցենզիա ունեցող մեկ այլ անձի հետ:

2. Գործունեության լիցենզիա ունեցող որևէ անձի կանոնադրական կապիտալում 25 տոկոս և ավելի մասնակցություն ունեցող բաժնետերը կամ փայատերը առանց հանձնաժողովի թույլտվության իրավունք չունի ձեռք բերել նույն կամ մեկ այլ գործունեության լիցենզիա ունեցող անձի 25 տոկոս և ավելի բաժնետոմս, բաժնեմաս կամ ունենալ փայամասնակցություն, ինչպես նաև վաճառել 25 տոկոս և ավելի բաժնետոմսեր:

3. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ և գծեր) վաճառելու կամ գույքի նկատմամբ իրավունքը որևէ այլ կերպ փոխանցելու համար լիցենզավորված անձը դիմում է հանձնաժողով` համաձայնություն ստանալու նպատակով:

 

Հոդված 28.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է`

ա) իր գործունեությունն իրականացնել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այլ իրավական ակտերին, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերին ու գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին համապատասխան.

բ) հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը.

գ) իրականացնել իր տնօրինության տակ գտնվող սարքավորումների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը` ապահովելով քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը.

դ) ապահովել լիցենզավորված գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին և գործունեության լիցենզիայում նախատեսված պայմաններին.

ե) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված շենքերի, շինությունների, ինժեներական կառույցների էներգատեղակայանքների և գծերի մատչելիությունը հանձնաժողովի և օրենքով սահմանված այլ մարմինների ներկայացուցիչների համար.

զ) բնակչությանը իրազեկ պահել անվտանգության տեխնիկայի կանոններին, այլ նորմերով սահմանված կողմերի իրավունքներին և պարտականություններին, որոնք առնչվում են գործունեության լիցենզիային և պայմանագրերին.

է) լիցենզիայի պայմաններին համապատասխան իրականացնել տեխնիկական (ներառյալ` տեխնոլոգիական կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի, սեփական կարիքների համար անհրաժեշտ էներգիայի կամ բնական գազի ծախսի և այլն) և (կամ) ֆինանսական աուդիտ` անկախ փորձագետների ներգրավմամբ.

ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել զարգացման ներդրումային ծրագրերը` սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով.

թ) հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի և սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.

ժ) իրականացնել սույն օրենքով ամրագրված մյուս պարտավորությունները:

2. Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը չպետք է վտանգի լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:

 

Հոդված 29.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը և անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողով` վերջինիս կողմից սահմանված ձևերով և կարգով:

 

Հոդված 30.

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Գործունեության լիցենզիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լիցենզիա ունեցող անձի դիմումի ընդունումը և քննարկումը կատարվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ գործունեության լիցենզիայի փոփոխությունները կատարվում են գործունեության լիցենզիա ունեցող անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

3. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած վնասները փոխհատուցվում են սակագնով:

 

Հոդված 31.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Լիցենզավորված անձանց էներգատեղակայանքների կառուցման, գործարկման և շահագործման ընթացքում տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

Հոդված 32.

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ և ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող անձն իրավունք ունի էլեկտրական էներգիա (հզորություն) ներկրել և վաճառել` շուկայի կանոններին ու լիցենզիայի պայմաններին և պայմանագրերին համապատասխան:

2. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին դա վաճառելու իրավունք` համաձայն հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:

 

Հոդված 33.

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից էլեկտրաէներգիա (հզորություն) գնելու և (կամ) իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոնների և լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա տրվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:

2. Արտահանվող էլեկտրաէներգիայի (հզորության) գները չեն կարգավորվում:

 

Հոդված 34.

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձին տրվում է իրավունք` լիցենզիայի պայմանների համաձայն կառուցել արտադրող էլեկտրական և (կամ) ջերմային (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայաններ:

2. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը և ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը:

 

Հոդված 35.

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք:

2. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիա արտադրելու և հանձնաժողովի կողմից սահմանված կարգով դա վաճառելու իրավունք:

3. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

 

Հոդված 36.

ՀԱՂՈՐԴՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:

2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

3. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) և (կամ) ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:

4. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով արտադրողից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը` պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին` միևնույն լիցենզիայով:

 

Հոդված 37.

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ

 

1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են`

- էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման,

- էլեկտրաէներգետիկական համակարգի (արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման) գործառույթների` ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորման ու կոորդինացման,

- էլեկտրաէներգետիկական համակարգում` համաձայն լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների, համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկման, դրանք լիցենզավորված անձանց առաջադրման և դրանց աշխատանքի հսկման,

- տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովման բացառիկ իրավունքներ:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, հիմք ընդունելով տեխնիկական կանոնակարգերի պահանջները և համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները, որոնք հաստատում են հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

3. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում ապահովում է էներգետիկական շուկայի կանոններում ամրագրված` համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:

4. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:

5. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:

 

Հոդված 38.

ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիա (հզորություն) բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև շուկայի կանոններին և լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց, համակարգի օպերատորի և շուկայի այլ մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

3. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է բնական գազի փոխադրման և (կամ) ներկրման լիցենզիա ունեցող անձանցից բնական գազ ընդունելու և Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սահմանված կարգով` բնական գազ գնելու և վաճառելու իրավունք: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

4. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է ջերմային էներգիայի արտադրության կամ փոխադրման լիցենզիա ունեցող անձանցից ջերմային էներգիա ստանալու և (կամ) գնելու և սպառողին բաշխելու և (կամ) վաճառելու իրավունք` հանձնաժողովի կողմից սահմանված կարգով: Բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը:

 

Հոդված 39.

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

 

1. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների կազմը և լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակները սահմանում է հանձնաժողովը և տալիս համապատասխան լիցենզիաներ:

2. Էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք ստանում են լիցենզիայում նշված ժամկետում տվյալ գործունեության իրականացման բացառիկ իրավունք:

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 40.

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման և ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 օրը:

 

Հոդված 41.

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայությունների մատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարել դրա համար:

2. Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններն օրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:

3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:

4. Մատակարարման պայմանագրով սահմանված կարգով մատակարարը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել էներգամատակարարումից (գազամատակարարումից), եթե սպառողը`

ա) իր պատասխանատվության տակ գտնվող էներգիան կամ բնական գազը սպառել է հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով, որոնք հանգեցրել են հաշվառվող էներգիայի կամ բնական գազի քանակության նվազեցման.

բ) էներգիան և (կամ) բնական գազը ծախսվել են առանց մատակարարման պայմանագրում գրանցված հաշվառքի սարքի կամ հաշվառքի սարքի շրջանցումով:

5. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը, եթե վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում չեն կատարվում: Նախքան սպառողի էներգամատակարարման և (կամ) գազամատակարարման դադարեցումը մատակարարը պարտավոր է կիրառել հանձնաժողովի սահմանած բոլոր նախազգուշական միջոցները:

6. Մատակարարը վերականգնում է խախտումներ թույլ տված սպառողի մատակարարումը` սպառողի կողմից վնասը փոխհատուցելուց կամ իր համար ընդունելի պայմաններով սպառողից վնասի փոխհատուցման երաշխիքներ ստանալուց հետո:

7. Եթե սպառողը էներգիան և (կամ) բնական գազն սպառում է առանց պայմանագրի (ապօրինի սպառում), ապա մատակարարն անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 42.

ՏՈՒԺԱՆՔՆԵՐԸ

 

Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի պահանջները խախտելու, հանձնաժողովի իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ և կիրառել տույժի հետևյալ տեսակները`

ա) նախազգուշացում.

բ) սակագների նվազեցում.

գ) գործունեության լիցենզիայի կասեցում.

դ) գործունեության լիցենզիայից զրկում:

Նշված տույժերի կիրառման կարգը սահմանում է հանձնաժողովը: Այդ կարգի համաձայն լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առաջարկություններ և առարկություններ` կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:

 

Հոդված 43.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման և փոփոխման ենթակա չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 44.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ

 

(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 45.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԸ

 

(45-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 46.

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԸ

 

(46-րդ հոդվածն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-21-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 47.

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էներգիա և բնական գազ մատակարարել բաշխման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է հանձնաժողովի կողմից հաստատված մատակարարման և օգտագործման կանոնների պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների համար հանձնաժողովի կողմից կարող են նախատեսվել էներգիայով և բնական գազով սնման կազմակերպման առանձին տարբերակներ: Այդպիսի օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մատակարարման հարաբերություններում սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սպառողների` սույն օրենքով չկարգավորված էներգամատակարարման հարաբերությունները կարգավորվում են էներգամատակարարման մասին այլ իրավական ակտերով և հանձնաժողովի որոշումներով:

 

Հոդված 48.

ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

Սպառողը պարտավոր է էներգամատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրով, տեխնիկական պայմաններին համապատասխան և հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով հաշվարկված ծառայության մատուցման վճարների չափով, իր էներգատեղակայանքներով հաղորդել մատակարարի էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար: Սպառողների, ենթասպառողների և մատակարարի փոխհարաբերությունները կանոնակարգվում են մատակարարման և օգտագործման կանոններով:

 

Հոդված 49.

ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

 

1. Լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից:

2. Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, հանձնաժողովի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ` բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին:

 

Հոդված 50.

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել էներգետիկայի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար:

 

Հոդված 51.

ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԿԱՄ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱՆՑԵՐԻՆ

 

1. Նոր կամ վերակառուցվող սպառողների կայանքների միացման տեխնիկական պայմանները բաշխման ցանցերին կամ այլ սպառողների տեղակայանքներին առաջադրում է բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի տեղակայանքներին միացվում է նոր կամ վերակառուցվող անձի կայանքները: Սպառողների բոլոր միացումները, ներառյալ` անհրաժեշտ նոր շինարարությունը կամ էներգատեղակայանքների վերազինումը, կատարվում են մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն:

2. Նոր սպառողի միացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են սպառողի հետ:

3. Նոր սպառողի հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է լիցենզավորված անձը, եթե մատակարարման և օգտագործման կանոններով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Տեխնիկական պայմանների (միացման պայմանագրի) տրման` սույն օրենքով չկանոնակարգված հարցերը կարգավորվում են մատակարարման և օգտագործման կանոններով:

 

Հոդված 52.

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1. Լիցենզիայից կամավոր հրաժարվելու կամ անձին լիցենզիայից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան: Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները:

2. Հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու համար: Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել հանձնաժողով` նոր լիցենզիա ստանալու համար:

3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում գործունեության նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործունեության լիցենզիայից զրկված անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը: Լիցենզիայից զրկված անձի` գործունեության նոր լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված կարգով` օրենքի հիման վրա, օտարվել պետության և հասարակության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով հանձնաժողովը նշանակում է գործունեության լիցենզիայից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:

 

Հոդված 53.

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ և (ԿԱՄ) ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Արտադրության և ներկրման լիցենզիա ունեցող անձանց մուտքը հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանց իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:

2. Հաղորդման (փոխադրման), բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են պայմանագրերի հիման վրա իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել), բաշխել այլ լիցենզավորված անձանց կամ սպառողի էլեկտրական էներգիան (բնական գազը)` հանձնաժողովի սահմանած սակագնով, եթե հաղորդումը (փոխադրումը) և (կամ) բաշխումը չի վատթարացնում համակարգի հուսալիության և անվտանգության հաստատված ցուցանիշները և համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

 

Հոդված 54.

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ և ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաշվառումը կատարվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և հանձնաժողովի հետ համաձայնեցված պայմանները բավարարող հաշվառքի սարքերով և (կամ) հանձնաժողովի հաստատած հաշվարկային մեթոդների կիրառմամբ:

 

Հոդված 55.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Լիցենզավորված անձանց միջև ծագած տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:

2. Սույն հոդվածը չի սահմանափակում վեճերը դատական կարգով լուծելու կողմերի իրավունքը:

 

Հոդված 56.

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտներն ապահովվում են անվտանգության գոտիներով:

2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալ օբյեկտների բնականոն աշխատանքին, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքին ու առողջությանը, գույքի պահպանությանը` ըստ տեխնիկական կանոնակարգերի:

4. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների էներգատեղակայանքների անվտանգության գոտիներում արգելվում է`

ա) կատարել հողային աշխատանքներ` առանց էներգատեղակայանքների սեփականատիրոջ կամ տնօրինող անձի թույլտվության.

բ) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է էներգատեղակայանքների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը:

5. Էներգետիկայի և այլ բնագավառների համակարգերի փոխհատվող սարքավորումների (ինժեներական կառույցներ, հաղորդագծեր) սեփականատերերը պարտավոր են համագործակցել` դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 57.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  11.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 58.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՄ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐԸ

 

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված, օրենքի ուժ չունեցող այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հոդված 59.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրաէներգետիկական համակարգում գործում են հետևյալ սահմանափակումները.

ա) երեք տարվա ընթացքում հանձնաժողովն իրավունք ունի սահմանել ներքին սպառման համար էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության և ներքին շուկայի համար գնման պարտադիր տարեկան քվոտաներ, որոնցով սահմանափակվում (արգելվում) է արտադրության առավել ցածր սակագին ունեցող արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի արտահանումը տարածաշրջանային շուկա.

բ) բաշխման լիցենզիա ունեցող անձին հինգ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի բացառիկ իրավունք (բացառություն կարող են կազմել միայն սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերը).

գ) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայից զրկված անձի կողմից սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նոր լիցենզիա ստանալու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության առաջին լիցենզիայի ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) 6-ամսյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշումներ, որոնք կանոնակարգում են հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրումը.

բ) մեկ տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան օրենքի նախագիծ:

3. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության և բնապահպանության նորմերի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումները լիցենզավորված անձինք իրականացնում են հանձնաժողովի հաստատած փուլային ծրագրով և ժամանակացույցով: Հաստատված ծրագրի իրականացման ընթացքում դրանցում ներառված տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներից շեղումները չեն համարվում այդ նորմերի խախտումներ:

4. Էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերը հանձնաժողովի կողմից մշակվում և ներդրվում են սույն օրենքի ընդունումից հետո` մեկ տարվա ընթացքում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև իրավունք ունի երեք տարվա ընթացքում իր կողմից սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկին օրենքի համաձայն տրված գործունեության լիցենզիաներում:

6. Սույն օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը վերանվանել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1997 թվականի հունիսի 9-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

(59-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-526-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-117-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 մարտի 2001 թ.
ՀՕ-148

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան