ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1435-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման՝
1) N 3 հավելվածի՝
ա․4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) մուտքի և ելքի տեղամասերում լիազոր մարմնի հետ սույն կարգի համաձայն պայմանագիր կնքած հայտատուի և ձկնորսի միջև ձկնորսության իրականացման նպատակով կնքված պայմանագրի առկայության ստուգում՝ նախքան ձկնորսի լիճ մուտք գործելը։»,
բ․7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.2. Հայտերի ընդունումից հետո լիազոր մարմինը ձկան և խեցգետնի օգտագործման առավելագույն չափաքանակը բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հայտերով ներկայացրած ձկնորսների ընդհանուր քանակի վրա։ Չափաքանակի բաշխման հաշվարկի ժամանակ միևնույն ձկնորսի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում։ Տարբեր հայտատուների կողմից ձկնորսների տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում։»․
2) N 1 ձևը «Որսամիջոցները և դրանց նկարագիրը» բառերից հետո լրացնել «, ձկնորսների քանակը» բառերով.
3) ամբողջ տեքստում «ֆիզիկական անձի» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջով պայմանավորված, 2022 թվականի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտ ներկայացրած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը վերանայում են իրենց հայտերով ներկայացված ձկնորսների վերաբերյալ տվյալները և վերանայված հայտերը 3-օրյա ժամկետում ներկայացնում են լիազոր մարմին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|