ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 29-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|