Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6634/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6634/02/20

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ

 Ա. Խառատյան

 

 Դ. Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

 

2022 թվականի ապրիլի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանի ընդդեմ Լևոն Հովհաննիսյանի` անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պահանջները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լևոն Հովհաննիսյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանը պահանջել է պարտավորեցնել Լևոն Հովհաննիսյանին կատարել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պահանջները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լևոն Հովհաննիսյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և հատուցել պատճառված վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2021 թվականի որոշմամբ Իդա Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորն իր կամքից անկախ պատճառներով, բարեխիղճ մոլորության տակ Դատարանում չի ներկայացել նիստին, հայցը առանց քննության թողելը, բացի հայցվորին վնաս պատճառելուց, որևէ այլ իրավական հետևանք չի առաջացնում:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Քաղաքացիական գործով՝ ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանի ընդդեմ Լևոն Հովհաննիսյանի` անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պահանջները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լևոն Հովհաննիսյանի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հերթական՝ 09.04.2021 թվականին ժամը 15.10-ին նշանակված նախնական դատական նիստի վերաբերյալ հայցվորին և իր ներկայացուցչին 04.03.2021 թվականին ուղարկվել են համապատասխան դատական ծանուցագրեր, որոնք վերջիններս ստացել են համապատասխանաբար 25.03.2021 թվականին և 26.03.2021 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 69-72).

2. 09.04.2021 թվականի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 25.05.2021 թվականին (հիմք՝ 09.04.2021 թվականի դատական նիստի արձանագրման համառոտագրում, հատոր 3-րդ, գ.թ. 95-96).

3. 25.05.2021 թվականին ժամը 14.30-ին նշանակված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորին և վերջինիս ներկայացուցչին ուղարկվել են համապատասխան դատական ծանուցագրեր, որոնք վերջիններս ստացել են համապատասխանաբար 13.04.2021 թվականին և 27.04.2021 թվականին (հատոր 3րդ, գ.թ. 98-101)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրը պետք է բովանդակի`

1) դատարանի անվանումը.

2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).

3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.

4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.

5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.

7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը:ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝

- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,

- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,

- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորումը հարկ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կարգավորումների լույսի ներքո:

Օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Նազիկ Մաշուրյանն ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.02.2022 թվականի որոշումը):

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին` նշելով, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը, պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից (տե՛ս, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանը, արձանագրելով, որ պատշաճ ծանուցված հայցվորը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակել, ուստի առկա են հիմքեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի ուժով հայցն առանց քննության թողնելու համար, 25.05.2021 թվականի որոշմամբ հայցը թողել է առանց քննության

Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ 09.04.2021 թվականին և 25.05.2021 թվականին նշանակված երկու հաջորդական դատական նիստերին հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել, ինչպես նաև չեն ներկայացրել գրավոր միջնորդություն նիստը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ քննելու մասին, իսկ պատասխանողը չի խնդրել շարունակել գործի քննությունը, որպիսի պայմաններում Դատարանի հետևությունը հիմնավոր է, իսկ ինչ վերաբերվում է հայցվորի այն պատճառաբանությանը, որ գրավոր միջնորդել է Դատարանին գործի քննությունն իրականացնել իր բացակայությամբ, ապա Վերաքննիչ դատարանը գործի նյութերում նման միջնորդություն չի հայտնաբերել, 24.09.2021 թվականի որոշմամբ Իդա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է և սույն գործով Դատարանի 25.05.2021 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի լույսի ներքո արձանագրում է հետևյալը.

Գործով 09.04.2021 թվականին հրավիրված հերթական նախնական դատական նիստի մասին հայցվոր անհատ ձեռնարկատեր Իդա Հակոբյանին և վերջինիս ներկայացուցիչ Համբարձում Հարությունյանին ուղարկվել է դատական ծանուցագիր, որոնք վերջիններս պատշաճ կարգով ստացել են համապատասխանաբար 25.03.2021 թվականին և 26.03.2021 թվականին, որպիսի փաստը հիմնավորվում է գործում առկա համապատասխան հետադարձ ծանուցման հավաստագրերով:

Դատարանի 09.04.2021 թվականի արձանագրային որոշմամբ տվյալ օրը հրավիրված դատական նիստը, որն իրականացվել է հայցվոր կողմի բացակայությամբ և պատասխանողի ներկայացուցչի մասնակցությամբ, հետաձգվել է և նշանակվել է 25.05.2021 թվականին, ինչի վերաբերյալ հայցվորին և վերջինիս ներկայացուցչին ուղարկվել են համապատասխան դատական ծանուցագրեր, որոնք վերջիններս պատշաճ կարգով ստացել են համապատասխանաբար 13.04.2021 թվականին և 27.04.2021 թվականին:

Վերը նշված ծանուցագրերից յուրաքանչյուրը բովանդակում է դատարանի անվանումը, դատարան հրավիրվող համապատասխան անձի անունը (անվանումը), նշում քննվող գործի և դատավարության փուլի մասին, նշում ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, գործը քննող դատարանի հասցեն և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի (1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար) վերաբերյալ հիշատակում։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելով այն հիմքով, որ պատշաճ ծանուցված հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու միջնորդություն, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ուժով Դատարանը պարտավոր էր դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին ուղարկված համապատասխան ծանուցագրերով իրազեկել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, ինչը սույն գործով Դատարանը չի արել: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ, Դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին ուղարկված համապատասխան ծանուցագրերը պարունակել են նշում այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ինչը դատավարության մասնակցի մոտ կարող է համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ գործի քննությունը կատարվելու առումով։ Այսինքն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված բացասական հետևանքների մասին դատավարության մասնակիցը մնում է չիրազեկված:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, պատշաճ կերպով չի իրականացրել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, ինչի արդյունքում հայցն առանց քննության թողնելով՝ խախտվել է հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Այսինքն, տվյալ դեպքում Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Վերաքննիչ դատարանի՝ Դատարանի 25.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ կայացված դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և հաշվի առնելով, որ բողոքաբերը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, իսկ վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

 2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան