ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2021 թվականի |
թիվ 35 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի մայիսի 19-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման արդյունքների մասին հաշվետվությունը (կից ներկայացվում է որպես տեղեկատվական նյութ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ 35 |
քաղ. |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում կատարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան մշակված սույն փաստաթուղթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների համար առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները և ներառում է դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ։ Փաստաթուղթն ուղղված է դեպի Միության՝ Պայմանագրով սահմանված հիմնական նպատակներին հասնելուն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների (այսուհետ՝ Ռազմավարական ուղղություններ) իրագործմանը և այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակներին հասնելուն ուղղված կարևորագույն փաստաթուղթ է։
I. Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները
СOVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակը (այսուհետ՝ համավարակ) և դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխարհի առաջատար երկրների կողմից ձեռնարկված միջոցներն արագացրեցին տեխնոլոգիական և աշխարհատնտեսական կացութաձևերի փոփոխությամբ պայմանավորված գլոբալ կառուցածքային փոփոխությունները։ Արագացել է սոցիալ-տնտեսական ոլորտի թվայնացումը, տեղի է ունեցել տեղաշարժ՝ սոցիալական ակտիվության ավելի համակարգված և խորը պետական կարգավորման ուղղությամբ։
Սոցիալական մեկուսացման միջոցների կիրառման հետևանքով տնտեսական ակտիվության ընդհանուր կրճատման պայմաններում գրանցվել է նոր տեխնոլոգիական կացութաձևի միջուկի արտադրությունների՝ դեղագործական ու բժշկական արդյունաբերության, հեռահաղորդակցական ծառայությունների, տեսա- և համակարգչային տեխնիկայի, տվյալների բազաների կառավարման համակարգերի և արհեստական բանականության համակարգերի, բիոինժեներական տեխնոլոգիաների աճ։ Հզոր խթան է տրվել տեխնոլոգիական հեղափոխության հետագա ծավալմանը, որի առանցքային գործոնն է թվային, նանո-, բիոինժեներական, բջջային, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների համալիրի արագ տարածումը։ Աճում է ՀՆԱ-ում առողջապահության մասնաբաժինը։
Կորոնավիրուսային վարակից բնակչության առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը կտրուկ արագացրել է պետության՝ որպես տնտեսության սոցիալապես նշանակալի հատվածների կարգավորման հիմնական սուբյեկտի, դերի ուժեղացման հետ կապված երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ անցումը դեպի ռազմավարական պլանավորում և պետական-մասնավոր գործընկերություն, նորարարական և ներդրումային ակտիվության խթանումը, տեխնոլոգիաների փոխանցումը, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, նորարարական նախագծերի սուբսիդավորման ավելացումը։
Ծառայությունների ոլորտի վրա բացասաբար անդրադարձած միջազգային շփումների կրճատումը և միջպետական ու ներպետական տեղաշարժերի սահմանափակումները հզոր շարժառիթ էին՝ էլեկտրոնային առևտրի, հեռավար սպասարկման, առաքման ծառայությունների զարգացման համար։
Դա, մասնավորապես, նպաստել է գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության արտադրության ծավալների պահպանմանը և նույնիսկ ավելացմանը: Կազմակերպությունների՝ աշխատանքի հեռավար ձևաչափի անցնելը խթանել է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և դրանց օգտագործման հետ կապված՝ աշխատանքի կազմակերպման նոր ձևերի տարածումը, որոնք էապես կազդեն անդրսահմանային ծառայությունների ոլորտի և միջազգային կոոպերացիայի, ավելացված արժեքի համաշխարհային արտադրական շղթաների ձևավորման վրա։
Համաշխարհային առևտրի ծավալը՝ ըստ ՄԱԱԶՀ-ի տվյալների, նվազել է 9 տոկոսով։ Կտրուկ աճել է համաշխարհային ֆինանսական համակարգի անկայունությունը։ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պայմաններում համաշխարհային ֆոնդային շուկան անկում է ապրել 30 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Դրան հաջորդած՝ խոշորագույն տնտեսությամբ երկրների կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի ներդնումը, բյուջեի պակասուրդների ավելացումը և պետական փոխառությունների հաշվին դրանց ծածկումն ապահովել են ֆինանսական շուկայի նոր ընդլայնում։ ԱՄՆ-ում ու մի շարք այլ զարգացած երկրներում բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 10-15 տոկոսը, 2020 թվականի II կիսամյակում ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի և այլ կենտրոնական բանկերի կողմից քանակական մեղմացումը գերազանցել է բյուջեով ստացված հարկային մուտքերի ծավալը։ Աշխարհի խոշորագույն 6 տնտեսությունների մոնետար և բյուջետային խթանման ընդհանուր ծավալը 2020 թվականին գերազանցել է 10 տրիլիոն ԱՄՆ դոլարը, ընդ որում՝ խթանող դրամավարկային քաղաքականությունն ուղեկցվել է փողի բազայի ավելացմամբ՝ 15-ից մինչև 25 տրիլիոն ԱՄՆ դոլար։
Կորոնավիրուսային վարակի տարածումը բացասաբար է ազդել ուղղակի օտարերկրյա ներդրումների դինամիկայի վրա։ Գործարար ակտիվության նվազման պայմաններում հետաձգվել են բազմաթիվ ներդրումային նախագծեր և միաձուլման ու կլանման գործարքներ։ ՄԱԱԶՀ-ի տվյալների համաձայն՝ 2020 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների գլոբալ հոսքերը 2019 թվականի համեմատ նվազել են 42 տոկոսով։ Միևնույն ժամանակ, զարգացած և զարգացող երկրներում ուղղակի օտարերկրյա ներդրումների նվազումը եղել է անհամաչափ։ Ըստ նախնական կանխատեսումների՝ 2021 թվականին նշված ներդրումների ծավալի նվազումը կշարունակվի։
Ընկերությունների զգալի մասը ստիպված է եղել կրճատել անձնակազմի թվաքանակը և վարձու աշխատողների վարձատրվող աշխատաժամանակի տևողությունը, ինչը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատմամբ, համարժեք է 255 մլն հաստիքային աշխատատեղերի կրճատմանը։ Զբաղվածությունից ստացվող գլոբալ եկամուտի նվազումը՝ 8,3 տոկոսով և անորոշության աճը հանգեցրել են առաջին հերթին ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառման նվազմանը։ Աշխատաշուկայում անբարենպաստ պայմանների պահպանումը սոցիալական ոլորտում կունենա բացասական և դժվար հաղթահարելի հետևանքներ՝ կապված գործազրկության և աղքատության մակարդակի բարձրացման, սոցիալական անհավասարության աճի հետ։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ՝ արդեն իսկ 2021 թվականին Երկրի բնակչության գրեթե 10 տոկոսը կարող է հայտնվել աղքատության շեմից ցածր: Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (այսուհետ՝ ՖԱՕ) նշում է զանգվածային սովի վտանգի աճի մասին, որը կապված է ինչպես եկամուտների նվազման ու համաշխարհային առևտրի կրճատման, այնպես էլ պարենային ապրանքների գների աճի հետ։
Տնտեսական ակտիվության կրճատումը 2020 թվականին անհամաչափ է եղել աշխարհի երկրներում։ Եթե ԱՄՆ-ում և Եվրոպական միությունում ՀՆԱ-ի անկումը կազմել է համապատասխանաբար 3,5 տոկոս և 6,4 տոկոս, ապա Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 2020 թվականի ավարտին ՀՆԱ-ի աճը կազմել է 2,3 տոկոս։ Պետության կողմից նորարարությունների ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման մեջ մասշտաբային ներդրումների ռազմավարական պլանավորման համակարգի՝ մասնավոր ձեռնարկատիրության ու շուկայական մրցակցության զարգացման հետ համակցությունը Չինաստանի տնտեսությանը տալիս է հետագա առաջանցիկ աճի հնարավորություն։ Համաշխարհային տնտեսության առավել դինամիկ զարգացող տարածաշրջանը ներկայացնող Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում 2021 թվականին կանխատեսվող ՀՆԱ-ի աճը կազմում է շուրջ 8 տոկոս, ինչը զգալիորեն բարձր է համաշխարային տնտեսության աճի կանխատեսումից։
Նոր տեխնոլոգիական կացութաձևին անցնելն ուղեկցվում է էներգաարդյունավետության բարձրացմամբ, ինչը կզսպի էներգակիրների պահանջարկի (և, որպես հետևանք՝ գների) աճը։ Առկա տնտեսական կառուցվածքի պահպանման դեպքում դա կառաջացնի վերարտադրության արտաքին պայմանների վատթարացում և համաշխարհային տնտեսության մեջ Միության կշռի հետագա նվազում։
Համավարակով և կիրառվող սահմանափակման միջոցներով պայմանավորված բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով՝ անդամ պետությունները պետք է ձեռնարկեն միջոցներ՝ ուղղված տնտեսությունների կայուն զարգացման և ամրապնդման ապահովմանը, գործարար ակտիվության վերականգնմանը, հավասարակշռված առևտրի զարգացման համար պայմանների ստեղծմանը՝ դրանով իսկ ամրապնդելով համաշխարհային տնտեսության մեջ իրենց դիրքերը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել առաջանցիկ տնտեսական զարգացման ռազմավարություն, որով նախատեսվում է կառավարման ազգային համակարգերի կողմնորոշումը դեպի ներդրումների աճ, նորարարական ակտիվության ամեն տեսակի խթանում, ինտեգրացիոն մեխանիզմների գործարկում։
II. Անդամ պետությունների տնտեսությունների զարգացումը
2020 թվականին և կանխատեսումը 2021-2022 թվականների համար
2020 թվականին արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի մեծ մասում արտադրության կրճատման հետևանքով բոլոր անդամ պետություններում տեղի է ունեցել ՀՆԱ-ի նվազում, որը Միությունում ընդհանուր առմամբ կազմել է 3 տոկոս։ Հիմնական կապիտալում ներդրումների ծավալի նվազումը Միությունում կազմել է մոտ 2 տոկոս։ Բոլոր անդամ պետություններում նկատվել է դեղագործական արտադրանքի արտադրության աճ, ինչպես նաև առողջապահության և տեղեկատվության ու կապի բնագավառում ծառայությունների աճ։
Մակրոտնտեսական ցուցանիշների բացասական դինամիկան էականորեն պայմանավորված է ածխաջրածինների համաշխարհային գների անկմամբ և հումքի գլոբալ պահանջարկի կրճատմամբ։ 2020 թվականին երրորդ երկրների հետ ապրանքների արտաքին առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 15,4 տոկոսով, այդ թվում՝ էներգետիկ ապրանքների արտաքին առևտրի ծավալը՝ 36,1 տոկոսով, փոխադարձ առևտուրը նվազել է 11 տոկոսով, այդ թվում՝ հանքային արտադրանքի առևտուրը՝ 24,9 տոկոսով։ Ծառայությունների ոլորտում գործարար ակտիվության կտրուկ կրճատման հետ մեկտեղ դա զգալիորեն նվազեցրել է հարկային մուտքերը։ Միևնույն ժամանակ անդամ պետությունների կառավարությունները ստիպված են եղել համավարակի ու դրա հետևանքների դեմ պայքարին ուղղված միջոցներ ձեռնարկել առողջապահության, բնակչության խոցելի կատեգորիաներին և տնտեսության առավել տուժած ճյուղերին աջակցություն ցուցաբերելու համար՝ բյուջետային ծախսերի ավելացման հաշվին։
Բոլոր անդամ պետություններում 2020 թվականի ավարտին գրանցվել է պետական բյուջեի բացասական սալդո՝ գերազանցելով (բացառությամբ Բելառուսի Հանրապետության) պետական կառավարման հատվածի համախմբված բյուջեի պակասուրդի՝ Պայմանագրով սահմանված քանակական արժեքը։ Անդամ պետություններն առաջացած պակասուրդները ծածկելու նպատակով ստիպված են եղել ավելացնել փոխառությունները, ինչը բոլոր անդամ պետություններում հանգեցրել է պետական պարտքի մակարդակի բարձրացմանը և ազդել է Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության կողմից պետական կառավարման հատվածի պարտքի՝ Պայմանագրով սահմանված սահմանային քանակական արժեքի գերազանցման վրա։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կանխատեսումների՝ միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների բյուջեները կմնան պակասուրդային։ Դա կհանգեցնի պետական փոխառությունների հետագա ավելացմանը։ Միևնույն ժամանակ՝ անդամ պետությունների տնտեսությունները մասնավոր հատվածի ներդրումների ֆինանսավորման համար միջոցների ներհոսքի խիստ կարիք կունենան։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Միություն մուտք եղած ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2020 թվականի արդյունքներով նվազել է ավելի քան երկու անգամ և կազմել 16,5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2021 թվականին դրանց ծավալը կարող է աճել մինչև 17,3 մլրդ ԱՄՆ դոլար։ 2020 թվականին փոխադարձ ուղղակի ներդրումները կազմել են 1,2 մլրդ ԱՄՆ դոլար, և 2021 թվականին դրանց կանխատեսվող աննշան ավելացումը՝ մինչև 1,3 մլրդ ԱՄՆ դոլար, չի կարող փոխհատուցել ֆինանսավորման արտաքին աղբյուրների կրճատումը։ Անորոշության պայմաններում ռիսկային ակտիվներում միջազգային կորպորացիաների և ներդրողների ներդրումների կրճատումն ու ֆինանսական միջոցների՝ դեպի օտարերկրյա ներդրումային գործիքներ և օֆշորներ շարունակվող դուրսբերումը հանգեցրել են անդամ պետություններից կապիտալի արտահոսքի զգալի արագացմանը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ 2020 թվականի արդյունքներով մասնավոր հատվածի կողմից կապիտալի դուրսբերումը 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ և գերազանցել է 48 մլրդ ԱՄՆ դոլարը։
Ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են մնում ձեռնարկությունների սեփական միջոցները, որոնց բաժին է ընկնում հիմնական կապիտալում բոլոր ներդրումների կեսից ավելին։ Ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների նվազումից բացի՝ դրանց ներդրումային ակտիվությունը զսպող գործոններ են դարձել տնտեսավարող սուբյեկտների կողմից կապիտալի հարկադրված վերաբաշխումը՝ հօգուտ գործառնական ծախսերի։ Կապիտալի շուկայի զարգացումը թույլ կտար կարճաժամկետ ազատ միջոցները պատշաճորեն վերածել երկարաժամկետ ներդրումների։
Պարենային ապրանքների միջազգային գների աճի հետ մեկտեղ տեղի ունեցած ազգային արժույթների թուլացումը հանգեցրել է ներմուծվող ապրանքների գների աճին և գնաճային սպասումների բարձրացմանը։ Չնայած գումարային պահանջարկի նվազմանը՝ բոլոր անդամ պետություններում տեղի է ունեցել գնաճի բարձրացում։ Ղրղզստանի Հանրապետությունում գերազանցվել է Պայմանագրով սահմանված գնաճի (սպառողական գների ինդեքսի) մակարդակը՝ տարեկան արտահայտությամբ։
Հանձնաժողովի կանխատեսման համաձայն՝ 2021 թվականին պահպանվում է տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների՝ Պայմանագրով սահմանված քանակական արժեքներն անդամ պետությունների կողմից գերազանցվելու բարձր հավանականությունը։ Տնտեսության կարգավորման ստեղծված համակարգի պահպանման դեպքում 2021-2023 թվականներին ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն 2,5-3,5 տոկոս, որը 1,5-2 անգամ ցածր է աճի միջին համաշխարհային տեմպերի կոնսենսուսային կանխատեսումից և 2-2,5 անգամ ցածր է առաջատար երկրների աճի տեմպից։ Միևնույն ժամանակ, ըստ Հանձնաժողովի կանխատեսման, կան նախադրյալներ անդամ պետությունների տնտեսական աճի արագացման համար՝ արտադրական հզորությունների առկա ռեզերվների, աշխատանքային ռեսուրսների, գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման հիման վրա ներդրումային ու նորարարական ակտիվության արագացված ավելացման հաշվին։
Ադամ պետությունների տնտեսությունների առաջանցիկ զարգացման համար պայմանների ստեղծում նախատեսող Ռազմավարական ուղղությունների հետևողական իրականացումը՝ ներառյալ համատեղ ծրագրերի և նախագծերի մշակումն ու իրականացումը, թույլ կտա ոչ միայն գերազանցել աճի միջին համաշխարհային տեմպերը՝ հնարավորություն տալով դուրս գալ տարեկան 4,5-5,5 տոկոս տեմպերով աճի հետագիծ, այլ նաև ստեղծել տնտեսական զարգացման նոր որակ՝ ապահովելով անդամ պետությունների աստիճանական մոտարկումն ըստ տնտեսական զարգացման մակարդակի։
2020 թվականը ցույց տվեց, որ Միության մարմինների ակտերով նախատեսված՝ տնտեսական ակտիվության աջակցությանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործումը թույլ է տալիս ոչ միայն հարթել համավարակի և արտաքին (համաշխարհային) պահանջարկի կրճատման հետևանքները, այլ նաև ապահովել անդամ պետությունների տնտեսություններում դրական կառուցվածքային փոփոխությունների հիմքերը։
III. Անդամ պետությունների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներն ու դրանց հասնելու համար առաջարկվող միջոցները
Անդամ պետություններում խթանող հարկաբյուջետային միջոցների ձեռնարկումը հնարավորություն է տվել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բիզնեսին և բնակչության խոցելի կատեգորիաներին։ Սակայն միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների մեծ մասում պետական կառավարման հատվածի ֆինանսական ռեսուրսներն անբավարար կլինեն տնտեսության երկարատև լայնամասշտաբ աջակցության համար, ընդ որում՝ անհրաժեշտ է պետական կառավարման հատվածի ֆինանսական քաղաքականության նորմալացում։
Միջնաժամկետ հեռանկարում տնտեսական զարգացման հետագիծ վերադառնալու անհրաժեշտ պայման պետք է լինի գնաճամետ և ապագնաճային այնպիսի ռիսկերը հաշվի առնող հավասարակշռված դրամավարկային քաղաքականության իրականացումը, որոնք, այդ թվում, կապված են ցածր տնտեսական ակտիվության ու անբարենպաստ արտաքին տնտեսական կոնյուկտուրայի հետ։
Զարգացած և դինամիկ զարգացող երկրների հաջող փորձը վկայում է այն մասին, որ տնտեսական աճի արագացումը հնարավոր է միայն ներդրումների առաջանցիկ ներհոսքի պայմաններում։ Հարկավոր է ջանքերն ուղղել երկարաժամկետ ներդրումների հնարավոր բոլոր աղբյուրների ակտիվացմանն ու տնտեսություն դրանց մուտքի ուղիների ընդլայնմանը։ Ներդրումների կարևոր ուղղություններ պետք է լինեն հիմնական ֆոնդերի համալրումն ու արդիականացումը, մարդկային կապիտալի զարգացումը, նորարարական ակտիվության ուժեղացումն ու նոր տեխնոլոգիաների ներդնումը։ Կապիտալի շուկաների զարգացումը՝ անդամ պետությունների ֆինանսական շուկայի արդյունավետ ենթակառուցվածքի ստեղծման և օրենսդրության կատարելագործման հետ մեկտեղ, պահանջում է շարունակել կապիտալի երկարաժամկետ աղբյուրների ձևավորման աշխատանքները։
Ռազմավարական ուղղություններին համապատասխան մշակվող համատեղ ծրագրերի ու նախագծերի վարկավորման համար կարող են օգտագործվել վարկային կազմակերպությունների և զարգացման ինստիտուտների ֆինանսավորման տարբեր գործիքներ, ինչն անհրաժեշտ է անդամ պետությունների և ընդհանուր առմամբ Միության տնտեսական զարգացման ռազմավարություններով սահմանված նպատակներին հասնելու համար։ Անդամ պետությունների ֆինանսական շուկաներ փոխադարձ մուտքի պարզեցումը և Միության ընդհանուր ֆինանսական շուկայի հետագա զարգացումը կնպաստեն փոխադարձ ներդրումների աճին։
Համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված արտակարգ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունն անդամ պետություններում պայմաններ է ստեղծել տնտեսության զարգացման հեռանկարային ուղղություններում նոր առաջնահերթությունների գիտակցման ու ձևավորման և առկա ռեսուրսների վերաբաշխման համար։ Ճյուղային կտրվածքով գերակշռող նշանակություն պետք է ունենան տնտեսական գործունեության բարձրարտադրողական տեսակների զարգացման մեջ կատարվող ներդրումները, որոնք հիմք են ձևավորում նոր տեխնոլոգիական կացութաձևի համար։ Անհրաժեշտ է ընդլայնել Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի համատեղ օգտագործման հնարավորությունները՝ նոր տեխնոլոգիաների զարգացմանն ու ներդրմանը, ներմուծման փոխարինմանը, կոոպերացիոն համագործակցությանը, համատեղ միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործմանը, աշխատանքային ռեսուրսների շարժունության բարձրացմանն ուղղված ջանքերի միավորման հիման վրա։ Անդամ պետությունների տնտեսությունների փոխլրացնելիության առավելությունների օգտագործումը կնպաստի առկա կառուցվածքային սահմանափակումների արագ հաղթահարմանը և թույլ կտա Միությունում ապահովել առավել արագ և որակյալ տնտեսական առաջընթաց՝ մուլտիպլիկատիվ և սիներգետիկ էֆեկտների հաշվին։
Բիզնեսի և տնային տնտեսությունների եկամուտների նվազման ու մատակարարման միջազգային շղթաներում խափանումների պայմաններում հետհամավարակային շրջանում ինտեգրացիոն համագործակցության կարևոր ուղղություն պետք է դառնա պարենային անտանգության ապահովումը՝ ՖԱՕ-ի մեթոդաբանության սկզբունքների և մոտեցումների հիման վրա՝ անդամ պետությունների բնակչությանը պարենի անարգել և հասանելի մատակարարման համար։
Արտաքին ցնցումների պայմաններում անհրաժեշտ է ապահովել Միության զարգացման կայունությունը՝ փոխադարձ առևտրի, համատեղ ներդրումների առաջանցիկ աճի, արտադրական կոոպերացիայի զարգացման հիման վրա։ Տնտեսական ինքնաբավության ապահովումը չպետք է խանգարի փոխշահավետ միջազգային համագործակցության համար Միության բաց լինելուն։ Կարևոր է ակտիվացնել լիաձևաչափ ընդհանուր շուկաների ձևավորման և գործողության մեջ դնելու գործընթացը՝ Միության մարմինների ակտերին համապատասխան, ապահովել խոչընդոտների վերացումը և բացառումների ու սահմանափակումների առավելագույնս կրճատումը՝ ավելացնելով առևտրային հոսքերի ծավալներն ու կայունությունն ինչպես Միության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
2021 թվականին նախատեսվում է սկսել Ռազմավարական ուղղություններով նախատեսված՝ Միության տարածական զարգացման կանխատեսման և դրա իրագործման համար անհրաժեշտ համատեղ ծրագրերի ու ներդրումային նախագծերի մշակումը։
Երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական գործընկերությունը պետք է կառուցվի փոխշահավետ համագործակցության հիման վրա։ Միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ նոր աշխարհատնտեսական կացութաձևի միջուկ մուտք գործելու, Մեծ եվրասիական գործընկերության հիմքերը ձևավորելիս անդամ պետությունների մրցակցային առավելություններն առավելագույնս օգտագործելու համար։
Բոլոր անդամ պետությունների կողմից ընթացիկ տնտեսական ճգնաժամի հետևանքներն արագորեն հաղթահարելու և Միության՝ առաջանցիկ զարգացման հետագիծ դուրս գալու նպատակով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական զարգացման նպատակային աջակցության ճկուն մեխանիզմների մշակմանը, համատեղ կոոպերացիոն նախագծերի կառավարման և դրանց ֆինանսավորման արդյունավետ համակարգի ձևավորմանը, տնտեսության բարձրարտադրողական, այդ թվում՝ արտահանմանն ուղղված ոլորտների ստեղծմանն ու զարգացմանը և համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարումը խթանելու համար ջանքերի միավորմանը։
Անհրաժեշտ է անհապաղ սկսել Ռազմավարական ուղղությունների իրականացումը։ Դրանցով նախատեսված միջոցների ու մեխանիզմների ժամանակին գործարկումն անդամ պետություններին թույլ կտա դուրս գալ տնտեսական զարգացման նոր մակարդակի վրա, ընդլայնել արդյունաբերական կոոպերացիայի մասշտաբը, ավելացնել համատեղ ներդրումային և նորարարական նախագծերի քանակը։
Առաջադրված խնդիրները լուծելու համար անդամ պետություններին առաջարկվում է տնտեսական քաղաքականություն վարելիս իրագործել հետևյալ միջոցառումները։
Մակրոտնտեսական կայունության ապահովում և ձեռնարկատիրական ակտիվության վերականգնման ու ներդրումների ծավալների ավելացման համար բարենպաստ պայմանների ձևավորում, այդ թվում՝
գների կայունության պահպանում՝ արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնելու միջոցով.
անդամ պետություններում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակում, ինչպես նաև զարգացման ինստիտուտների կողմից ինտեգրացիոն ներուժ ունեցող, այդ թվում՝ կոոպերացիոն, առկա արտադրության արդիականացմանը և (կամ) ընդլայնմանն ուղղված նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում.
ֆինանսական շուկայի մեխանիզմների զարգացում՝ Միության շրջանակներում կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով երկարաժամկետ ներդրումային ռեսուրսների ներգրավման հնարավորություններն ընդլայնելու համար.
անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության ապահովում.
առողջապահության ոլորտում համագործակցության զարգացում՝ առողջապահության ոլորտում ժամանակակից ձեռքբերումների հասանելիության ապահովման, հեռաբժշկության տեխնոլոգիաների օգտագործման, բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության ցուցաբերման մասով.
ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված աջակցություն՝ բնակչությանը պարենային ապրանքներով կայուն ապահովման նպատակով.
Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների շարժունության ու որակավորան հետագա բարձրացում.
Միության ընդհանուր վճարային տարածքի զարգացում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին համապատասխան, այդ թվում՝ ազգային արժույթներով հաշվարկներին անցում կատարելը խթանելու նպատակով։
Անդամ պետությունների մշակող արդյունաբերությունում արտադրական կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, այդ թվում՝
կոոպերացիայի վարկավորման և համատեղ պատրաստվող արտադրանքի արտադրության մեխանիզմների վերաբերյալ առաջարկների նախապատրաստում և ընդունում.
արտադրական կոոպերացիայի ակտիվացման համար ինստիտուցիոնալ և իրավական պայմանների բարելավում՝ ներառյալ
Միության համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման մասին հիմնադրույթի նախապատրաստումն ու համաձայնեցումը. տեխնոլոգիական զարգացումն արագացնելուն ուղղված եվրասիական միջպետական ծրագրերի մշակումն ու իրականացումը՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների առաջարկների հիման վրա.
բարձր տեխնոլոգիական լայնամասշտաբ համատեղ այն նախագծերի ցանկի ձևավորման մոտեցումների մշակումը, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշները.
Միության շրջանակներում միջազգային արբիտրաժի ստեղծման նախաձեռնության մշակումը՝ տնտեսավարող սուբյեկտների հայտերի հիման վրա վեճերի քննության համար:
Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացում, այդ թվում՝
հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ոլորտում պլանների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման կարգի մշակում.
Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի մշակում.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման չափորոշիչների սահմանում.
էներգախնայողության, էներգաարդյունավետության, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում անդամ պետությունների փոխգործակցությանն ուղղված մոտեցումների մշակում։
Միության ներքին շուկայի հնարավորությունների և երրորդ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնում, այդ թվում՝
զարգացման գործող ինստիտուտների կողմից կիրառվող ֆինանսավորման գործիքների ընդլայնման վերաբերյալ առաջարկների մշակում, անդամ պետությունների տարածաշրջանների «հետ ընկած» տնտեսությունների զարգացման համար հիմնավորված նպատակային ֆինանսավորման մեխանիզմների և ծրագրերի մշակում.
Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի, այդ թվում՝ ածանցյալ ֆինանսական գործիքների այն շուկաների ձևավորման վերաբերյալ առաջարկների մշակում, որոնց համար բազիսային ակտիվ է համարվում ապրանքը, ինչպես նաև այնպիսի ապրանքների բորսայական սակարկությունների զարգացման ծրագրերի մշակում, որոնց մասով անդամ պետությունները ձեռք են բերել բորսայական սակարկությունների ժամանակ դրանք իրացնելու պայմանավորվածություն՝ դրանում միջոցառումների ներառմամբ, այդ թվում՝ ուղղված գների բորսայական և արտաբորսայական ցուցիչների ձևավորմանն ու օգտագործմանը.
արգելքների վերացում, բացառումների ու սահմանափակումների կրճատում, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր խոչընդոտների առաջացման բացառում.
էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների շարունակում.
տարանցման ներուժի արդյունավետ օգտագործմանը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգմանը, բեռնարկղային ու խառը փոխադրումների զարգացմանը, եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում.
համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար գիտատեխնոլոգիական կոնսորցիումների ստեղծման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ առաջարկությունների մշակում.
պարենի մեծածախ բաշխիչ կենտրոնների ձևավորման հարցի մշակում՝ անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտուրը խթանելու համար.
ապրանքների էլեկտրոնային առևտրի զարգացում.
անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացմանն ուղղված համալիր միջոցների մշակում.
Եվրասիական զարգացման բակի մասնակցությամբ իրականացվող՝ արտահանմանն ուղղված աջակցության համատեղ միջոցների, այդ թվում՝ վարկային, ապահովագրական և ոչ ֆինանսական միջոցների կիրառման հնարավորության մշակում.
Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման կենտրոններից մեկի դիրքավորում՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ զուգորդման միջոցով, ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: