ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
3 փետրվարի 1997 թ.
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման և հսկողության իրականացման կարգը, ինչպես նաև մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետև` ՄԻԱՎ)` վիրուս, որն ախտահարում է մարդու իմունային համակարգը և հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանը:
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետև` ՁԻԱՀ)` հիվանդություն, որը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր պաշտպանողական համակարգի գործունեության խանգարմանը, որի հետևանքով օրգանիզմը դառնում է ընկալունակ զանազան հիվանդությունների նկատմամբ:
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսը: ՄԻԱՎ-ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, հանդիսանում է վարակի աղբյուր:
Հոդված 2. |
ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայությունը |
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման, հսկման նպատակով ստեղծվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (այսուհետև` ՁԻԱՀ ԿՀԿ): ՁԻԱՀ ԿՀԿ-ի կառավարման և ֆինանսավորման կարգը, կառուցվածքն ու լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին):
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման և հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:
(2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92)
Հոդված 3. |
Սույն օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետև` անձինք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) վրա:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների մասին.
բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.
գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման նպատակային ծրագրերը.
դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական և գործնական հետազոտությունների համար.
ե) իրականացնում է դեռահասների բարոյական և սեռական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.
զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման համար.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածության մասին.
ը) հաստատում է ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը:
(4-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32)
Հոդված 5. |
ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը |
ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով սահմանված կարգով: ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:
(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92)
Հոդված 6. |
ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները |
Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 7. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները |
Երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր (սերտիֆիկատ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հավաստագիր չներկայացնելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պարտավոր են մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում անցնել ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթները չեն տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների վրա:
Հոդված 8. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետևանքները |
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատվելուց հետո նրանք ենթակա են վարչական վտարման Հայաստանի Հանրապետությունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում ՄԻԱՎ-ով վարակված այն օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց վրա, ովքեր բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32)
Հոդված 9. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 10. |
Լաբորատոր հետազոտությունները |
ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից):
ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:
ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են և անանուն` բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:
Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ և հյուսվածքներ, կարող են պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման նպատակով:
Հոդված 11. |
Պարտադիր բժշկական հետազոտությունը |
Պարտադիր բժշկական հետազոտության ենթակա են`
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.
բ) աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները.
գ) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.
դ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձինք.
ե) հղի կանայք.
զ) ՄԻԱՎ-ով վարակված մայրերից ծնված երեխաները.
է) թմրամոլները.
ը) երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողական, գործնական և մասնավոր ուղևորություններից վերադարձող անձինք:
Պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարված անձինք չեն կարող լինել արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորներ:
Բուժհաստատություններում աշխատանքի ընդունվող անձինք նախազգուշացվում են իրենց` ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտության ենթարկելու մասին:
Աշխատանքի բերումով արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների հետ առնչվող բուժաշխատողները ՄԻԱՎ-ի հայտնաբերման պարտադիր բժշկական հետազոտությունից հրաժարվելու դեպքում փոխադրվում են այլ աշխատանքի կամ ազատվում են աշխատանքից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պարտադիր բժշկական հետազոտության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:
(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. |
ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգին ենթակա անձանց սոցիալական պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում |
Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաև այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ, սահմանվում է
ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
բ) կրճատված աշխատանքային օր.
գ) լրացուցիչ վարձատրություն.
դ) լրացուցիչ արձակուրդ:
Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական ձեռնարկությունների տնօրինությունները պարտավոր են ապահովել բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժեշտ միջոցներ և պայմաններ լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:
(12-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92)
Հոդված 13. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. |
ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները |
ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`
ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել գիտական փորձերի և հետազոտությունների օբյեկտ:
Հոդված 15. |
ՄԻԱՎ-ով վարակված երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) իրավունքները |
ՄԻԱՎ-ով վարակված մինչև 16 տարեկան երեխաներն օգտվում են մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն`
ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, և ստանալ երեխայի և իրենց համար սահմանված նպաստները.
բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:
ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:
Հոդված 16. |
ՄԻԱՎ-ով վարակված անձի պարտականությունները |
ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է պահպանել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից հաստատված նախազգուշական միջոցառումները:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.03.2018, ՀՕ-169-Ն | 07.04.2018, ՀՕ-103 | |
25.10.2017, ՀՕ-149-Ն | 25.11.2017, ՀՕ-103 | |
11.09.2012, ՀՕ-181-Ն | 20.10.2012, ՀՕ-103 | |
03.10.2011, ՀՕ-257-Ն | 05.11.2011, ՀՕ-103 | |
19.03.2009, ՀՕ-63-Ն | 14.07.2009, ՀՕ-103 | |
11.10.2000, ՀՕ-92 | 18.11.2000, ՀՕ-103 | |
09.02.2000, ՀՕ-32 | 14.03.2000, ՀՕ-103 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|