Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Վերաքննիչ դատարանի որոշում

ՎԲ-96/07

Գործ թիվ ՎԲ-96/07

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

 

        ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

                    

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար`

դիմող`

Ք. Մարտիրոսյան

Վ. Սարգսյան

     

2007 թվականի մայիսի 04-ին

ք. Երևանում

           

դռնբաց դատական նիստում, քննելով Վերոնիկա Սարգսյանի վճռաբեկ բողոքը` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանի 2007 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ,

     

ՊԱՐԶԵՑ

    

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Վերոնիկա Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` ինքնակամ կառույց կառուցած և դրանով իր իրավունքները խախտած Պետրոս Գաբրիելյանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով։ Այնուհետև Վերոնիկա Սարգսյանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան այն մասին, որ 2006 թվականի հոկտեմբերի 17-ի իր բողոքին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյաները ընթացք չեն տալիս։ Բողոքաբերը խնդրել է որոշում կայացնել և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել օրենքով սահմանված կարգով ընթացք տալ իր բողոքին։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, 2007 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Վերոնիկա Սարգսյանի բողոքը մերժել է` նկատի ունենալով, որ վերջինիս մատնանշած հանգամանքները ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են և բողոքաբերին գրությամբ հայտնվել է, որ հանցագործության հատկանիշները բացակայում են, իսկ քաղաքապետի որոշումը նա կարող է վիճարկել դատական կարգով։

Վ.Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով «անօրինական ճանաչել» առաջին ատյանի դատարանի որոշումը և ՀՀ գլխավոր դատախազին պարտավորեցնել ընթացք տալ իր բողոքին։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանը 2007 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Վ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։

     

2. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2007 թվականի հունվարի 9-ի որոշմամբ մերժել է Վ.Սարգսյանի ներկայացրած բողոքը։ Վ.Սարգսյանը վերոհիշյալ որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանն իր որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումներն ու գործողությունները «բողոքարկվում են առաջին ատյանի դատարան և դրանց վերաքննությունը օրենքով սահմանված չէ»։

      

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Համարելով, որ իր բողոքն առանց քննության թողնելու մասին վերաքննիչ դատարանի դատավորի միանձնյա կայացրած որոշումն անօրինական է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, իսկ իր վերաքննիչ բողոքը բերվել է օրենքի պահանջների պահպանմամբ և ենթակա է քննության, վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Համբարձումյանի 2007 թվականի հունվարի 29-ի որոշումը և գործը «ետ ուղարկել նոր կազմով քննության»։

              

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

1) Դիմող Վերոնիկա Սարգսյանը, բողոք ներկայացնելով առաջին ատյանի դատարան, հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։ Այնուհանդերձ, քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների և որոշումների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով, 384-րդ հոդվածով և այլն։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթը սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։ Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելն ըստ էության։ Ներկայացված նյութերից երևում է, որ Վ.Սարգսյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել դատախազության գործողությունների դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին էլ. այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։ Վ.Սարգսյանի բողոքը համապատասխանում էր վերաքննիչ բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջներին ևս։ Մասնավորապես, այն ներկայացվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդված), բողոքի բովանդակությունը համապատասխանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Հետևաբար Վ.Սարգսյանն իրավունք ուներ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։ 2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 387-րդ հոդվածի հիման վրա` վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով։ Այս ընդհանուր իրավանորմից զատ գոյություն չունի ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի գործունեությունը կանոնակարգող որևէ հատուկ իրավադրույթ, որը սահմաներ քրեական գործ քննող վերաքննիչ դատարանի այլ կազմ, քան երեք դատավորից բաղկացած դատական կազմն է։ Հետևաբար, վերաքննիչ դատարանն իրավասու չէր Վ.Սարգսյանի բողոքը քննել մեկ դատավորի կազմով։ Այսպիսով, խախտվել է օրինականության սկզբունքը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։ Գործը մեկ դատավորի կազմով քննելով և լուծելով` վերաքննիչ դատարանը խախտել է քրեական դատավարության ևս մեկ սկզբունք` արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի` «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով»։ Օրենքով վերաքննիչ դատարանի մեկ դատավորին վերապահված չէ քրեական գործ քննելու լիազորություն։ Ուստի Վ.Սարգսյանը զրկվել է իր գործը այն դատարանում և այն դատավորների կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով, այսինքն` իր գործը վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով քննվելու իրավունքից։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերաքննիչ դատարանի մեկ դատավորը Վ.Սարգսյանի գործով չի կարող դիտվել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։ Ուստի վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Վ.Սարգսյանի գործի քննությունը մեկ դատավորի կազմով խախտում է դիմողի` արդարացի դատաքննության իրավունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։ Վերաքննիչ դատարանի թույլ տված քրեադատավարական օրենքի խախտումներն էական են, քանի որ դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների խախտումներ են, որոնք թույլ են տրվել դատական քննության ժամանակ, և Վ.Սարգսյանին արդարացի դատաքննության իրավունքից զրկելու ճանապարհով այդ խախտումները անվերապահորեն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ 3) Բողոքն առանց քննության թողնելը. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի` «Բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի` «Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության»։ Ուստի, բացի նշված երկու դեպքից, վերաքննիչ դատարանը լիազորված չէ բողոքը թողնել առանց քննության։ Վ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց չէր, ստորագրված էր, պարունակում էր նշում բողոքարկվող որոշման մասին։ Հետևաբար, վերաքննիչ դատարանը լիազորված չէր որոշում կայացնել Վ.Սարգսյանի բողոքն առանց քննության թողնելու մասին։ Տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 27-ի` Ա.Քրմոյանի վերաբերյալ, Վ.Սարգսյանի վերաբերյալ, Հ.Դանիելյանի վերաբերյալ համանման գործերով ձևավորված մոտեցմամբ, որտեղ Վճռաբեկ դատարանն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը բողոքում բարձրացված իրավական խնդիրների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 29-ի որոշումը ենթակա է բեկանման։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

   

Ո Ր Ո Շ Ե Ց

   

Վերոնիկա Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` քննության առնելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

                         

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան