«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության ապահովման ու դրանց հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների ընդլայնական չափերը սահմանվում են`
ա) բնակավայրերից դուրս տարածքներում` միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից` 70 մետր, հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի առանցքից` 50 մետր, եթե դրանք չեն ընդմիջվում բնական սահմանափակումներով.
բ) բնակավայրերում` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների կառուցապատման առաջին գծի (գոյություն ունեցող կառուցապատման գծի) օբյեկտների կառուցման համար տրամադրված (տրամադրվող) հողամասերի, բայց ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհներին հարող կարմիր գծից 50 մետրի չափով:
(2-րդ կետը խմբ. 10.03.22 N 282-Ն)
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների սահմանների ճշգրտումն ու կառուցապատումն անհրաժեշտ է իրականացնել տարածքային կազմակերպման և տեղաբաշխման նախագծերով առանձնացված տարածքներում` սահմանված կարգով հաստատված կառուցապատման սխեմաներին համապատասխան:
4. Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից`
ա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր,
բ) հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 15.0 մետր:
4.1. Բնակավայրերի ներսում նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառնական նշանակության փոփոխությունն իրականացնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում՝ գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան։
(4.1-ին կետը լրաց. 10.03.22 N 282-Ն)
4.2. Կառուցապատման առաջարկության համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացվում է փաստաթղթային փաթեթ, որում ներառվում են՝
1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,
2) իրավիճակային հատակագիծը 1:500 կամ 1:1000 մասշտաբով և Գուգլ մափ (Google map) հավելվածով՝ նշելով.
հողամասը, նախատեսվող օբյեկտի տեղադիրքը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի և շինությունների միջև հեռավորությունները նախատեսվող օբյեկտից, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,
3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող օրենքով սահմանված այլ սահմանափակումների մասին տեղեկանքը,
4) համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը,
5) օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը,
6) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում),
7) տեղեկատվություն գլխավոր հատակագծով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների մասին (առկայության դեպքում):
(4.2-րդ կետը լրաց. 10.03.22 N 282-Ն)
5. Երթևեկության մասնակիցների շարժման անվտանգությունը և տրանսպորտային միջոցների արագությունն ու հաշվարկային ինտենսիվությունն ապահովելու նպատակով սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման` սահմանված կարգով տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով նախատեսել նաև`
ա) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների մոտեցումների կազմակերպումը երկրորդական (օժանդակ) ճանապարհներից` հնարավորինս նվազեցնելով միջպետական կամ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների հետ փոխհատումների թիվը.
բ) օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպումն ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության գոտուց դուրս տարածքներում.
գ) մարդկանց կուտակումների տեղամասերում տարբեր մակարդակներով անցումների կազմակերպումը.
դ) կառուցապատման առաջին գծում անթափանց ցանկապատերի իրականացման անհրաժեշտության դեպքում դրանք նախատեսել ուղղաձիգ կանաչապատման առավելագույնս կիրառման կամ ցանկապատից դուրս կանաչ գոտու կազմակերպման պայմանով.
ե) աղմուկի թույլատրելի նորմատիվային ցուցանիշները գերազանցող տարածքներում` աղմկապաշտպանիչ գոտիների կազմակերպումը, այդ թվում` խիտ կանաչապատմամբ համապատասխան էկրանների տեղադրմամբ.
զ) ինժեներական գծային ենթակառուցվածքների (հաղորդակցումների) տեղադրումը ճանապարհի հողային պաստառից դուրս հատուկ առանձնացված տեխնիկական գոտիներում, ընդ որում, առանձին դեպքերում, ելնելով բնակավայրերում կառուցապատման առկա իրավիճակից` նաև մայթերի արտաքին եզրով.
է) սպասարկման նշանակություն ունեցող օբյեկտներում հասարակական զուգարանների կազմակերպման հնարավորությունը` կոյուղագծերի բացակայության դեպքերում օբյեկտների շահագործման ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրումն ապահովող միջոցառումների կազմակերպմամբ.
ը) լանդշաֆտի պահպանման ու տարածքի առավելագույն բարեկարգման ապահովումը.
թ) հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի մատչելիության պայմանների ապահովումը:
6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների կառուցապատման առաջին գծում բացօթյա առևտուր իրականացնելու թույլտվությունը սահմանված կարգով տրամադրվում է այդ նպատակի համար հատուկ առանձնացված տարածքներում` ավտոմեքենաների կայանման հետևանքով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների ապահովման պայմանով` բացառելով նշված տարածքներից դուրս ապրանքների ցուցադրումը, վաճառքը և պահեստավորումը:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական աշխատանքներն իրականացնելիս`
ա) շինարարական նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորումը, շինարարական աղբի կուտակումները կազմակերպել կառուցապատման համար տրամադրված հողամասի սահմաններում` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները.
բ) շինարարական հրապարակների ցանկապատումը կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով` ապահովելով օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելության պայմաններում լրացուցիչ ազդանշանային լուսավորումը:
8. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները և կառուցապատման գործառույթները համայնքի կողմից՝ համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքի վարչական տարածքում` Երևանի քաղաքապետարանի) միջոցով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ:
Օրենքով սահմանված դեպքերում՝ քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ համաձայնեցվում են պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ։
(8-րդ կետը լրաց. 20.05.11 N 679-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն, խմբ. 10.03.22 N 282-Ն)
9. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1195-Ա որոշմամբ սահմանված տարածքների քաղաքաշինական գործունեության կանոնակարգման միջոցառումները և կառուցապատման սխեմաները`
Մ1 (Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման` 11.9 կմ)` համաձայն N 1 հավելվածի.
Մ2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման` 5.0 կմ)` համաձայն N 2 հավելվածի.
Մ4 (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման` 9.8 կմ)` համաձայն N 3 հավելվածի.
Մ5 (Երևան-Էջմիածին-Արմավիր-Թուրքիայի սահման` 10.0 կմ)` համաձայն N 4 հավելվածի:
10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը` նշելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերն ու աղբյուրները.
բ) ստեղծել հանձնաժողով շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ` միջպետական նշանակության Երևան-Գյումրի (մինչև 42-րդ կմ), Երևան-Երասխ (մինչև 66-րդ կմ), Երևան-Սևան (մինչև 74-րդ կմ), Երևան-Արմավիր (մինչև 43-րդ կմ) ճանապարհահատվածների եզրերին և դրանց հարող տարածքներում գտնվող (բացառությամբ` սույն որոշման 9-րդ կետով հաստատված սխեմաներով ներառված տարածքների) օբյեկտներն ու գովազդներն ուսումնասիրելու նպատակով և մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն ինքնակամ, ճանապարհի տարրերի զբաղեցմամբ կամ քաղաքաշինական նորմերի այլ կոպիտ խախտումներով կառուցված շենքերը, շինություններն ու գովազդային վահանակները սահմանված կարգով ապամոնտաժելու վերաբերյալ:
(10-րդ կետը լրաց., փոփ. 06.07.06 N 969-Ն)
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |