Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-24.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի

N 381-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 23-ի

N 381-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԻ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (այսուհետ՝ Տնտեսավարող սուբյեկտ) սահմանած չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԵՎ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

3. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ ցածր գնի որոշման նպատակով Հանձնաժողովը միաժամանակ գնահատում է հետևյալ հանգամանքները․

1) ապրանքի արտադրության, իրացման, այդ թվում՝ նաև ներմուծման համար անհրաժեշտ ծախսերի (այսուհետ՝ Ծախսեր) և շահույթի գումարը.

2) մրցակցության պայմաններում ձևավորված համադրելի ապրանքային շուկայում առկա գինը։

 

Գլուխ 3

 

ծախսերի եվ շահույթի գումարի գնահատման մեթոդաբանությունը

 

4. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման գնի չհիմնավորված բարձր կամ ցածր լինելը պարզելիս Ծախսերի հաշվարկման նպատակով Հանձնաժողովը կիրառում է հետևյալ մեթոդները․

1) միջին սահմանային ծախսի հաշվարկման մեթոդ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

 

AMC = 

∆PC

 

∆V

 

որտեղ՝

AMC - միջին սահմանային ծախս,

∆PC - Ծախսերի տարբերությունը՝ ըստ սահմանված ժամանակահատվածների,

∆V - արտադրության, ներմուծման և իրացման ընդհանուր ծավալի տարբերությունը՝ ըստ սահմանված ժամանակահատվածների։

2) միջին ընդհանուր ծախսի հաշվարկման մեթոդ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․

 

ATC = 

DC + IC

 

V

 

որտեղ՝

ATC - միջին ընդհանուր ծախս,

DC - ուղղակի Ծախսեր,

IC - անուղղակի Ծախսեր,

V - արտադրության, ներմուծման և իրացման ծավալ։

5. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման գնի չհիմնավորված բարձր կամ ցածր լինելը պարզելիս Հանձնաժողովն առաջնահերթ կիրառում է միջին սահմանային ծախսի հաշվարկման մեթոդը։ Միջին սահմանային ծախսի հաշվարկման մեթոդի կիրառման անհնարինության դեպքում Հանձնաժողովը կիրառում է միջին ընդհանուր ծախսի հաշվարկման մեթոդը։

6. Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է ստուգել Ծախսերի արժանահավատությունը, որի նպատակն է բացահայտել տվյալ ապրանքի ինքնարժեքի տարրերի և ծախսերի փոխկապակցվածությունը տվյալ ապրանքի արտադրության և իրացման հետ, ինչպես նաև ծախսերի փոխկապակցվածության աղբյուրները։

7. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած գինը չհիմնավորված բարձր չի համարվում, եթե ապրանքի գինը փոքր է կամ հավասար միջին ընդհանուր ծախսի և առավելագույն շահույթ ունեցող մրցակից տնտեսավարող սուբյեկտի շահույթի հանրագումարից։

8. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած գինը չհիմնավորված ցածր չի համարվում, եթե ապրանքի գինը մեծ է կամ հավասար միջին ընդհանուր ծախսի և նվազագույն շահույթ ունեցող մրցակից տնտեսավարող սուբյեկտի շահույթի հանրագումարից։

9. Տնտեսավարող սուբյեկտի սահմանած գինը չհիմնավորված ցածր չի համարվում, եթե ապրանքի գինը ցածր է միջին ընդհանուր ծախսից, սակայն բարձր է միջին սահմանային ծախսից։

10. Ծախսերի գնահատման ժամանակ Հանձնաժողովը կարող է հաշվի առնել նաև տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները՝ ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից։

11. Եթե Տնտեսավարող սուբյեկտը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ունի մրցակիցներից ցածր ինքնարժեք, մասնավորապես տվյալ ապրանքի ինքնարժեքը նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում զգալիորեն ցածր է այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքի ինքնարժեքից, սակայն Տնտեսավարող սուբյեկտը սահմանել է շուկայական գնից էականորեն չշեղվող գին, ապա Հանձնաժողովը տվյալ գինը չհիմնավորված բարձր կարող է չհամարել։

12. Հանձնաժողովը առանց Կարգի 4-րդ կետով սահմանված մեթոդների կիրառության Տնտեսավարող սուբյեկտի սահմանած գինը կարող է չհամարել չհիմնավորված ցածր հետևյալ հանգամանքների դեպքում․

1) Տնտեսավարող սուբյեկտը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ունի մրցակիցներից ցածր ինքնարժեք և սահմանել է շուկայական գնից էականորեն ցածր գին, մասնավորապես տվյալ ապրանքի ինքնարժեքը նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում զգալիորեն ցածր է այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքի ինքնարժեքից, որի արդյունքում սահմանվել է շուկայական գնից էականորեն ցածր գին.

2) պահեստում շտապ տեղ ազատելու անհրաժեշտություն է առաջացել, մասնավորապես նոր սերնդի ապրանք է շուկա մուտք գործել, Տնտեսավարող սուբյեկտը որոշել է աշխատել «առանց պահեստի» սկզբունքով կամ կրճատել պահեստային տարածքները և այլն.

3) ավելի ցածր գնով արտադրված կամ ձեռքբերված խմբաքանակի գնով պայմանավորված՝ ապրանքային շուկայում տվյալ պահին գործող ապրանքի գինը զգալիորեն ցածր է նախորդ խմբաքանակի գնից և կորուստներից խուսափելու նպատակով նախորդ խմբաքանակի գինը համապատասխանեցվում է շուկայական գնին.

4) կախված ապրանքի առանձնահատկություններից՝ ապրանքն ունի պահպանման հատուկ պայմաններ, որոնց ապահովումը ծախսատար է, և ապրանքի ցածր գնով իրացումը չի կրում պարբերական բնույթ.

5) ապրանքի պահպանման կամ պիտանելիության ժամկետը մոտ է ավարտին և տվյալ ժամանակահատվածում Տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի առկա խմբաքանակի իրացումը ողջամիտ չէ.

6) ապրանքը կորցնում է կամ չունի արդիականություն սպառողների շրջանում.

7) արտակարգ և ռազմական դրության ընթացքում հանրային նշանակություն ունեցող ապրանքները մարդասիրական նպատակներով իրացվում են ցածր գնով.

8) ապրանքն ունի կոնկրետ նպատակ, նախատեսված է միայն կոնկրետ տոնի, օրերի, արարողության համար և իրացվում է տվյալ ժամանակահատվածից դուրս.

9) ապրանքն ունի արտահայտված սեզոնայնություն և իրացվում է սեզոնից դուրս.

10) այլ հիմնավոր հանգամանքներ։

 

Գլուխ 4

 

Համադրելի ապրանքային շուկաների որոշման մեթոդաբանությունը

 

13. Համադրելի ապրանքային շուկաներ են Հայաստանի Հանրապետության սահմաններում ընդգրկվող տարբեր աշխարհագրական սահմաններ ունեցող և միևնույն կամ նմանատիպ ապրանքատեսակային սահմաններով ապրանքային շուկաները, որոնք համապատասխանում են Կարգի 15-րդ կետում նշված գործոններին։

14. Կարգի 13-րդ կետով սահմանված համադրելի ապրանքային շուկայի հատկորոշման անհնարինության դեպքում Հանձնաժողովը կարող է որպես համադրելի ապրանքային շուկա դիտարկել Հայաստանի Հանրապետության սահմաններում չընդգրկվող տարբեր աշխարհագրական սահմաններ ունեցող և միևնույն կամ նմանատիպ ապրանքատեսակային սահմաններով ապրանքային շուկաները, որոնք համապատասխանում են Կարգի 15-րդ կետում նշված գործոններին։

15. Հանձնաժողովը համադրելի ապրանքային շուկայի որոշման նպատակով կիրառում է հետևյալ գործոնները․

1) ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմը,

2) ապրանքաշրջանառության պայմանները,

3) ապրանքային շուկայի հասանելիությունը,

4) պետական կարգավորումը, այդ թվում՝ հարկման և մաքսասակագնային կարգավորումները,

5) տվյալ ապրանքային շուկայի արտադրության, ներմուծման և արտահանման կառուցվածքը,

6) բարեկեցության մակարդակը՝ ըստ համապատասխան ցուցանիշների,

7) ենթակառուցվածքների առկայությունը,

8) բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմանները,

9) սոցիալական, մշակութային և կրոնական առանձնահատկությունները,

10) այլ հիմնավոր գործոններ։

16. Տնտեսավարող սուբյեկտը, հաշվի առնելով Կարգի 15-րդ կետում նշված գործոնները, կարող է առաջարկել համադրելի ապրանքային շուկա, որի համապատասխանությունը գնահատում է Հանձնաժողովը։

17. Հանձնաժողովը համեմատում է Տնտեսավարող սուբյեկտի սահմանած գինը մրցակցության պայմաններում ձևավորված համադրելի ապրանքային շուկայում առկա գնի հետ։ Գների էական շեղում հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է կիրառել Կարգի 18-րդ կետում նշված մեթոդները։

18. Համադրելի ապրանքային շուկաների գների համեմատության նպատակով Հանձնաժողովը տվյալների առկայության դեպքում կարող է կիրառել հետևյալ մեթոդները․

1) համադրելի ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության տոկոսների համեմատման մեթոդ,

2) համադրելի ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացված ապրանքի միջին սահմանային և միջին ընդհանուր ծախսի համեմատման մեթոդ։

19. Եթե համադրելի ապրանքային շուկա չի հայտնաբերվում, ապա Հանձնաժողովն այդ փաստն ամրագրում է որոշման մեջ, և Տնտեսավարող սուբյեկտի սահմանած ապրանքի իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գինը որոշելու նպատակով Հանձնաժողովն առաջնորդվում է միայն Ծախսերի գնահատման մեթոդներով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական: