ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-199) 23-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն կետի պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:
Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հողամասերի վրա չի տարածվում օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:».
բ) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «գործարքներից ծագող» բառերը փոխարինել «դեպքերում» բառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-12-րդ կետեր.
«6. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վարձակալության կամ օգտագործման տրամադրման մրցույթներ՝ մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ պայմանագրեր կնքելու և դրանցից բխող իրավունքները գրանցելու նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի՝ առանց մրցույթի վարձակալության կամ օգտագործման տրամադրման վերաբերյալ սահմանված կարգով համայնքի ղեկավարի, մարզպետի, Երևանում՝ Երևանի քաղաքապետի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե պայմանագիրը կնքվում է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:
Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը հրապարակված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների օտարման տրված հրապարակային սակարկությունների հրապարակային ծանուցումների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչ 2006 թվականի ապրիլի 1-ը:
Հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը, օրենքի համաձայն, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի կամ շինությունների ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2006 թվականի ապրիլի 1-ը:
Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի նորմերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչ 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունված՝ պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:
Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած պետական գույքի մրցույթով վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն՝ մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները:
8. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները տարածվում են նաև սահմանված կարգով չգրանցված, սակայն հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում օգտագործվող հողամասի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց հետո:
9. Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի, որոնց կառուցապատողները մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք, բնակարանները կամ ստորաբաժանված շինության մասն օտարել են առանց համապատասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ձեռք բերված բնակարանների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:
10. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար հողամասի վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը գնել վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա՝
ա) մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ գնած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար օտարված հողի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը, սակայն դրանով չի վերանում հողամասի համար պայմանագրով նախատեսված վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը.
բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանների մասով բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի նկատմամբ կառուցապատողը սեփականության իրավունք է ձեռք բերում միայն համապատասխան հողամասը դրա հատկացման որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված կարգով գնելուց հետո:
11. Սույն հոդվածի 1-ին կետի նորմը չի տարածվում մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի վրա: Նշված հողամասերի վրա տարածվում են սույն հոդվածի 10-րդ կետի նորմերը:
Սույն հոդվածի 1-ին կետի նորմը չի տարածվում նաև ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամասերի վրա:
12. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված ինքնակամ կառույցների կամ ինքնակամ զբաղեցված հողամասերի օգտագործողների հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջները, եթե այդ պայմանագիրը կնքվել է մինչև 2006 թվականի մարտի 1-ը:
Եթե «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում օրինականացված այն ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերը, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ենթակա են փոխանցման սեփականության իրավունքով, ապա այդ փոխանցումն իրականացվում է առանց «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրի կնքման ու այդ պայմանագրի նոտարական վավերացման:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 22 |