ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`
1) պետական մարմիններից պահանջելու նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) պետական մարմինների պաշտոնատար անձանցից ստանալու բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ.
3) անհրաժեշտության դեպքում պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգելու պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.
4) պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնելու բացատրություններ.
5) պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ և նշանակելու փորձաքննություններ:»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Դատախազը տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում պետական շահերի խախտումների մասին գրավոր հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու, ստուգման արդյունքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելու նպատակով իրավունք ունի`
1) տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց ենթակա կազմակերպություններից պահանջելու նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնելու բացատրություններ.
3) տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ և նշանակելու փորձաքննություններ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|