ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2021 թ. |
N 214-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 83-րդ հոդվածի 12-րդ մասով, 84-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 87-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 88-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությամբ, 100-րդ հոդվածով, 129-րդ հոդվածի 6-րդ մասով, 130-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությամբ, 132-րդ հոդվածի 5-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 135-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 137-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 141-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել քվեաթերթիկները տպագրելուց հետո քվեաթերթիկները հանելու և մարելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի տվյալները քվեաթերթիկից հանելու, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անունը, ազգանունը ընտրական ցուցակից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թ. օգոստոսի 26-ի N 214-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸՙ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների, մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ Ազգային ժողովի, 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները հանելու և մարելու, մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը և թեկնածուների տվյալները քվեաթերթիկներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Ազգային ժողովի, 70 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում քվեարկության նախորդ օրը իրավասու ընտրական հանձնաժողովն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չի տրամադրում տեղամասային ընտրական հանձնաժողովներին, իսկ քվաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված լինելու դեպքում քվեարկության օրն այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկները չեն հատկացվում ընտրողներին և մարվում են` երկու մասի կտրելու միջոցով:
3. Մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո`
1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը հանվում է քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող համապատասխան տողի վրա.
2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե թեկնածուի տվյալները նշված են քվեաթերթիկում, ապա այդ թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը հանվում են քվեաթերթիկից՝ մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի ազգանվան, անվան, հայրանվան վրա:
4. Համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո՝
1) թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի տվյալները հանվում են քվեաթերթիկից` մինչև այն ընտրողին հանձնելը, հորիզոնական գիծ քաշելով տվյալ թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը պարունակող համապատասխան տողի վրա:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում քվեաթերթիկներում կատարված համապատասխան նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:
6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից այդ կուսակցության թեկնածուների անունները հանվում են կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողերի վրա հորիզոնական գիծ քաշելու և կուսակցության դաշինքից դուրս գալու մասին իրավական հիմքը նշելու միջոցով:
7. Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ թեկնածուի տվյալները հանվում են ընտրական ցուցակից թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:
8. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացվելու դեպքում ընտրական ցուցակից այդ թեկնածուների տվյալները հանվում են` թեկնածուների անունները պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:
9. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու, ավագանու անդամի ինքնաբացարկի դեպքում այդ թեկնածուի, ավագանու անդամի անունը, ազգանունը հանվում են թեկնածուի, ավագանու անդամի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: