ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2021 թվականի N 1226-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1148-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1148-Լ որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1148-Լ որոշման գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։
2. Ծրագիրը կիրականացվի 2021 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ մատակարար).
3) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ շահառու)։
4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 35000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը), իսկ ցանքատարածությունների հանրագումարը՝ 100 հա-ը։ Գրանցված սերմնարտադրողները բացառապես սերմնարտադրության նպատակով կարող են ևս մինչև 100 հա տարածքում ցանք կատարել՝ սույն ծրագրի 8-րդ կետի և N 1 աղյուսակում նշված սորտերի էլիտային սերմերով։
5. Մատակարարը, բացի սերմերի վաճառքից, կարող է սույն ծրագրի 4-րդ կետին համապատասխան ցանք կատարել` իր կողմից արտադրված և (կամ) ներմուծված սերմերով։ Շահառուն նույնպես կարող է ներմուծել սերմեր՝ սույն ծրագրի 4-րդ կետին համապատասխան ցանք կատարելու համար։
6. Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։
7. Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ եղանակային պայմաններով պայմանավորված ցածրադիր շրջաններում՝ մինչև նոյեմբերի 1-ին տասնօրյակը:
8. Սուբսիդավորման կամ փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1479-Ն որոշման համաձայն հավաստագրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2292-Ն որոշմամբ տնտեսական օգտակարության պետական սորտափորձարկում անցած և օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված՝ N 1 աղյուսակում նշված սորտերի, ինչպես նաև «Գռաֆ», «Կարավան», «Վելենա», «Բագրատ», «Ստեպ», «Դավիթ-1», «Նժդեհ» սորտերի էլիտա և (կամ) 1-ին վերարտադրության սերմերի վաճառքի գինը, ինչպես նաև մատակարարի (արտադրված և (կամ) ներմուծված) և շահառուի (ներմուծված) կողմից ցանք կատարելու համար ձեռք բերված՝ սույն կետում նշված սորտերի սերմերի գինը։
9. Սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրվի միայն հավաստագրված, պիտակավորված, ախտահանված և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի համար։
10. Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը: Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 30 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր և ցանք կատարել: Սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերի սահմանումը պայմանավորված է շուկայական միջին գներից ցածր գին ապահովելու հանգամանքով։
11. Աշնանացան ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմերի 1 կգ-ի նվազագույն շահավետ գները, սահմանված (վաճառքի) գները և սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերը ներկայացված են N 2 աղյուսակում։
12. Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը դիմում են նախարարություն՝ ներկայացնելով սույն ծրագրի 8-րդ կետից և N 1 աղյուսակից առաջարկվող նախնական սորտերը և քանակներն ու նախարարության հետ կնքում սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը), որի արդյունքում ձևավորվում է մատակարարների տվյալների բանկ։
13. Ծրագրին չեն կարող դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1148-Լ և 2021 թվականի փետրվարի 11-ի N 176-Լ որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և (կամ) շահառուները։
14. Նախարարությունը մինչև տվյալ տարվա օգոստոսի 14-ը նախարարության կայքում հրապարակում է մատակարարների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները) և այլն)։
15. Սերմնացուի նախնական պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը տրամադրում է մատակարարներին։
16. Շահառուները ծրագրի շրջանակում սերմ կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից (բացառությամբ, երբ շահառուն է ներմուծում՝ ցանք կատարելու համար)։
17. Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է իրականացնեն տվյալ տարվա օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 1-ը։ Շահառուները և մատակարարներն իրենց կողմից ցանք կատարելու համար սերմերի ներմուծումը պետք է կատարեն մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։
18. Ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (պայմանագրի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը և մինչև տվյալ տարվա օգոստոսի 17-ը հրապարակում նախարարության կայքում։ Պայմանագրում ամրագրվում է դրույթ՝ կատարվելիք ցանքատարածքի մակերեսի վերաբերյալ)։ Պայմանագիրը կնքվում է երկկողմ՝ շահառուի և մատակարարի միջև։ Պայմանագրի անբաժանելի մաս է հանդիսանում սերմերի հանձնմանընդունման փաստաթուղթը, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն սորտի անվանման, սերմերի դասի, քանակի, սահմանված (վաճառքի) գնի վերաբերյալ:
19. Մատակարարը վաճառված սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի համար շահառուին տրամադրում է հավաստագրերի պատճենները, ախտահանումը և Հայաստանի Հանրապետությունում իրականացված փորձաքննությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև յուրաքանչյուր խմբաքանակի պիտակի լուսանկարները։
20. Ծրագրի շրջանակում վաճառված սերմերի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը, իսկ շահառուի կողմից ներկրված սերմերի դեպքում՝ շահառուն։
21. Մինչև գնումը շահառուն կարող է իրականացնել մատակարարից ձեռք բերվող սերմերի որակի փորձաքննություն՝ սեփական միջոցներով։ Արդյունքների անհամապատասխանության դեպքում շահառուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մատակարարից պահանջել փորձաքննության համար կատարված ծախսերի փոխհատուցում։
22. Ծրագրի շրջանակում սերմ ձեռք բերելու համար շահառուն մատակարարին է ներկայացնում՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անշարժ գույքի (ցանքատարածություն համարվող հողամասի) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) (սեփականություն, վարձակալություն, օգտագործում) պատճենը (պատճենները), պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), այլ սեփականատիրոջ համատեղ և (կամ) բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերի մասով նաև նոտարական կարգով վավերացված՝ սեփականատիրոջ (համատեղ և (կամ) բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերի մասով՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը՝ հողատարածքում ցանք կատարելու վերաբերյալ, և (կամ) համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանք՝ հողատարածքը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ։
23. Շահառուն (բացառությամբ իր իսկ կողմից ներկրված սերմերով ցանք կատարելու դեպքի) սերմ ձեռք բերելու համար գումարը փոխանցում է մատակարարի հաշվեհամարին և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը տրամադրում մատակարարին։
24. Մատակարարը վաճառված սերմերի դիմաց սուբսիդիա կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա նոյեմբերի 8-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ կից ներկայացնելով վաճառված սերմերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն նախարարության կողմից սահմանված ձևաչափի, սույն ծրագրի 19-րդ, 22-րդ և 23-րդ կետերում նշված փաստաթղթերը, 18-րդ կետով կնքված պայմանագրերի պատճենները, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (ներմուծման դեպքում)։
25. Մատակարարը (իր կողմից արտադրված կամ ներմուծված) և շահառուն (իր կողմից ներմուծված) սերմերով ցանք կատարելու դեպքում սուբսիդավորում կամ փոխհատուցում ստանալու նպատակով մինչև տվյալ տարվա նոյեմբերի 8-ը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում են նախարարություն՝ կից ներկայացնելով ցանված սորտերի սերմերի, քանակի վերաբերյալ տեղեկատվություն, սույն ծրագրի 19-րդ և 22-րդ կետերում նշված փաստաթղթերը, սերմերի հավաստագրերի պատճենները, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև ներմուծումը հավաստող փաստաթղթերը (շահառուի և մատակարարի կողմից ներմուծման դեպքում)։
26. Դիմումն ստանալուց հետո նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ճշգրտում շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիման վրա կազմվում է արձանագրություն և տեղեկացվում մատակարարին և շահառուին (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) սուբսիդիայի կամ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին (մերժման հիմք է հանդիսանում մատակարարի՝ ծրագրով և պայմանագրով, և շահառուի՝ ծրագրով, իրենց վերապահված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը)։
27. Սուբսիդավորման կամ փոխհատուցման դեպքում 7 օրացուցային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցվում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին՝ 12-րդ կետում նշված պայմանագրի և փաստացի մատակարարած քանակների վերաբերյալ երկկողմ ստորագրված համաձայնագրի հիման վրա, իսկ շահառուի (իր կողմից ներմուծված սերմերով ցանք կատարելու դեպքում) հետ կնքվում է փոխհատուցման տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցվում է շահառուի համապատասխան հաշվեհամարին։
28. Ծրագրի մոնիթորինգը կիրականացվի նախարարության կողմից սահմանված կարգով։
29. Վաճառքի ամբողջ գործընթացի ժամանակահատվածում մատակարարների և շահառուների մոտ կարող է իրականացվել մոնիթորինգ։
30. Եթե իրականացված մոնիթորիգի արդյունքում պարզվում է, որ վաճառք իրականացնող մատակարարը, շահառուն և ցանք կատարած մատակարարը խախտել են ծրագրի և պայմանագրի դրույթները, ապա սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարը մատակարարի, շահառուի և ցանք կատարած մատակարարի կողմից 1 ամսվա ընթացքում ենթակա է վերադարձման նախարարությանը։
31. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝
1) սերմերի անբավարար առաջարկը.
2) մատակարարի կողմից անորակ սերմերի վաճառքը.
3) շուկայում առավել մատչելի գներով անորակ սերմերի առաջարկը.
4) որակյալ սերմերի օգտագործումը որպես պարենային ցորեն.
5) գնահատված պահանջարկից պակաս իրացվելիությունը.
6) սերմերի ներկրումների ուշացումները.
7) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.
8) փոխարժեքի զգալի տատանումները։
32. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված սերմերով և սահմանված ժամկետներում ցանքի կատարման պահանջը, սերմերի նկատմամբ պահանջարկի գնահատումն ու մատակարարներին տրամադրումը, բարձրորակ սերմերի վաճառքի գնի սուբսիդավորումը, ցորենի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը։
33. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն 2021 թվականի համար կկազմի շուրջ 329,0 մլն դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել մարզերից ստացված սերմնացուի պահանջարկի շուրջ 60%-ը: Արդյունքում, ծրագրի շրջանակում 2021 թվականին սերմնացուի պահանջարկը կկազմի շուրջ 4700 տոննա` 2700 տոննա էլիտա և 2000 տոննա 1-ին վերարտադրության։
34. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝
1) հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 30%.
2) ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 16,0 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող ցորենի սորտերի ցանկ
NN ը/կ |
Սորտի անվանումը |
NN ը/կ |
Սորտի անվանումը |
NN ը/կ |
Սորտի անվանումը |
1. |
Ախթամար |
21. |
Եսաուլ |
41. |
Պրիկումսկայա 140 |
2. |
Ալեկսեիչ |
22. |
Էլթան |
42. |
Ռիմա |
3. |
Ամալիա |
23. |
Էջմիածին-2700 |
43. |
Ռոստովչանկա-5 |
4. |
Անի 326 |
24. |
Լալվարի 10 |
44. |
Սաթենի 22 |
5. |
Արա |
25. |
Լեբեդ |
45. |
Սթիվենս |
6. |
Արագած |
26. |
Լենինականի 5 |
46. |
Սիլա |
7. |
Արայ |
27. |
Կոլլեգա |
47. |
Սյունիք |
8. |
Արեգակ |
28. |
Կոտայք |
48. |
Վ-301 |
9. |
Արմիկ |
29. |
Հայասա |
49. |
Վան |
10 |
Արմյանկա 60 |
30. |
Մակար |
50. |
Վասսա |
11. |
ԱՐՄՍԻՄ |
31. |
Մերձավանի 149 |
51. |
Վարս |
12. |
Բատկո |
32. |
Միրլեբեն |
52. |
Վեսթոն |
13. |
Բեզոստայա 1 |
33. |
Մոսկվիչ |
53. |
Վիկտորիա |
14. |
Բեզոստայա 100 |
34. |
Յուբիլեյնայա 100 |
54. |
Տաթև |
15. |
ԳԱԽ 5 |
35. |
Յուկա |
55. |
Տանաիս |
16. |
Գռացիա |
36. |
Նաիրի 68 |
56. |
Տանյա |
17. |
Գռոմ |
37. |
Նեմրութ |
57. |
Տարոն |
18. |
Դոնսկոյ սյուրպրիզ |
38. |
Նիրսա |
58. |
Քրիստինե |
19. |
Դվին |
39. |
Նոտա |
|
|
20. |
ԵԳԿ 90 |
40. |
Ոսկեհասկ |
|
|
Աղյուսակ N 2
Աշնանացան ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմերի 1 կգ-ի նվազագույն շահավետ գները, սահմանված (վաճառքի) գները և սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերը
NN ը/կ |
Աշնանացան ցորենի սերմը |
1 կգ սերմի նվազագույն շահավետ գինը (դրամ) |
1 կգ սերմի սահմանված (վաճառքի) գինը (դրամ) |
Սուբսիդիայի/ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի հաշվով (դրամ) |
1. |
Էլիտա |
250 |
180 |
70 |
2. |
1-ին վերարտադրություն |
230 |
160 |
70 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական: