ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2021 թվականի N 1315-Ն
ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1315-Ն որոշման |
ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:
2. Կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացնում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեի միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի:
3. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական դեպքերն են՝
1) օրենքով սահմանված կարգով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների (այսուհետ՝ միջոցառում) կազմակերպումը և իրականացումը.
2) կարանտին սահմանելու դեպքում կազմակերպվող կամ իրականացվող միջոցառումների ընթացքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը կամ մատակարարումը:
4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացվում են համապատասխան միջոցների նպատակային օգտագործման և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման ապահովման պայմանով:
5. Կարանտին սահմանելու դեպքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների ապահովումը կարող է իրականացվել՝
1) տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեների համապատասխան հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին.
2) տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների ազատ միջոցների (տնտեսումների) հոդվածային կամ միջեռամսակային վերաբաշխման հաշվին, եթե առկա են նման միջոցներ, հետագայում վերականգնելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական: