ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 նոյեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 30-րդ`
1) հոդվածի 1-ին մասը «բյուջեի» բառից հետո լրացնել «, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող» բառերով.
2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:
Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած և հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված և նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:
Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած և կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները և չափերը: Հերթական անգամ վճարվող և նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:
Դրամական օգնության վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|