ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի փետրվարի 4-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռներին և որոշումներին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:»:
Հոդված 2. Օրենքի`
1) 2-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.».
2) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի` քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ հոդվածով.
«Հոդված 31. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը
1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-3-րդ մասերի «անձն է,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.
«21. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-4-րդ մասերով.
«3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:
4. Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:»:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի կամ միջազգային միջնորդ այլ դատարանի վճռի և որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ:»:
Հոդված 9. Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 74. | Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը հարկադիր կատարելիս նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 75-րդ հոդվածը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|