ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2021 թվականի N 442-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 142-Լ որոշման N 3 հավելվածով հաստատված տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակներում աջակցության ծրագրերի և գործիքների փաթեթի 13-րդ կետով նախատեսված միջոցառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) սույն որոշման պահանջները տարածվում են պետական բյուջեի միջոցների հաշվին «Գնումների մասին» օրենքով նախատեսված մրցույթի, գնանշման հարցման և էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպվող այն ընթացակարգերի վրա, որոնց շրջանակում կնքված պայմանագրի գինը՝ ըստ չափաբաժինների, պակաս չէ գնումների բազային միավորից և այդ պայմանագիրը պետք է ֆինանսավորվի 2021 թվականի ընթացքում.
2) գնման ընթացակարգի հրավերով (պայմանագրի նախագծով) նախատեսվում է նաև, որ՝
ա. եթե մասնակիցը տվյալ ընթացակարգի շրջանակում կնքվելիք պայմանագրով պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ, գնային առաջարկով ներկայացվող արժեքի ավելի քան 50 տոկոսը՝ հանրագումարային ձևով, ուղղել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների օգտագործման միջոցով պայմանագրի կատարմանը, ապա կնքվելիք պայմանագրով սահմանված պայմաններով վերջինիս փոխհատուցվում է պայմանագրի գնի 1 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված պայմանն ընդունելու դեպքում մասնակիցը հայտով ներկայացնում է պարտավորությունն ստանձնելու վերաբերյալ իր կողմից հաստատված հայտարարություն՝
- աշխատանքների և ծառայությունների գնման դեպքում կցելով նաև օգտագործվելիք նյութերի ցանկը՝ անվանումների, գումարների և քանակների նշումով.
- նշելով նաև աշխատողների քանակը, որոնց միջոցով պետք է ապահովվի պայմանագրի կատարումը: Եթե հայտով ներկայացված հայտարարության գնահատման արդյունքում սույն ենթակետի պահանջների նկատմամբ արձանագրվում են անհամապատասխանություններ և մասնակիցը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի շտկում այն, ապա մասնակցի հայտը չի մերժվում և վերջինիս ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրով չեն նախատեսվում գումարի փոխհատուցման հնարավորության պայմանները.
բ. պայմանագրի կատարման շրջանակում յուրաքանչյուր փուլի հանձնմանընդունման արձանագրության հետ մեկտեղ մասնակիցը պատվիրատուին է ներկայացնում տվյալ փուլի կատարումն ապահովելու նպատակով օգտագործված հայաստանյան ծագում ունեցող արտադրական ռեսուրսների ծագման երկրի սերտիֆիկատների և ռեսուրսների ձեռքբերման հաշիվ-ապրանքագրերի, ինչպես նաև իր կողմից հաստատված տեղեկանքի պատճենները՝ համապատասխան թվով աշխատողներին վճարված գումարների մասին, նշելով ըստ աշխատողների վճարված գումարների չափերը և վերջիններիս հանրային ծառայության համարանիշները.
գ. փոխհատուցումն իրականացվում է, եթե ներկայացված տեղեկատվությունը գնահատվում է սահմանված պահանջներին համապատասխանող.
3) փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի պահուստային ֆոնդից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրության հիման վրա՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվության համաձայն: Կատարված գործառնությունները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1224. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման» ծրագրի 12010․ «Աջակցություն հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների սպառմանը» միջոցառմամբ և սահմանված կարգով արտացոլվում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում: Այն դեպքում, երբ բյուջետային տարին ավարտվելու հանգամանքով պայմանավորված փոխհատուցումը հնարավոր չէ իրականացնել 2021 թվականի ընթացքում, ապա այն իրականացվում է 2022 թվականի ընթացքում, այդ նպատակով համապատասխան ֆինանսական միջոցները նախատեսելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Կնքված պայմանագրի կատարման արդյունքն ամբողջությամբ ընդունելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկատվության մեջ նշված գումարների չափը պակաս չէ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված արժեքի 50 տոկոսից, պատվիրատուի ղեկավարը գրավոր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հավաստում՝ պայմանագիրը հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և (կամ) արտադրական ռեսուրսների միջոցով իրականացված լինելու մասին, կցելով սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկանքի (տեղեկանքների) պատճենը: Ընդ որում, տեղեկանքում նշված աշխատողներին վճարված գումարների մասով հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները կատարած լինելու փաստը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ստուգում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցով:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրումն իրականացվում է դրանց ստանալուն հաջորդող քսան աշխատանքային օրվա ընթացքում: Բերված տեղեկատվության հիման վրա՝
1) փաստը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն՝ գումարի փոխհատուցումն իրականացնելու համար, նշելով գումարի չափը, ստացող անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, այն պայմանագրի ամսաթիվը և ծածկագիրը, որի շրջանակում իրականացվում է փոխհատուցումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գումարի փոխհատուցումն իրականացնում է սույն կետով նախատեսված գրությունն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված գրության պատճենը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ տրամադրում է նաև պայմանագիրը կնքած անձին և պատվիրատուին.
2) փաստը չհաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է պայմանագիրը կնքած անձին և պատվիրատուին՝ նշելով մերժման հիմքերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է մինչև որոշումն ուժի մեջ մտնելը՝
1) սկսված և չավարտված գնման գործընթացների վրա.
2) կնքված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չավարտված պայմանագրերի վրա՝ պայմանով, որ մասնակիցը փաստաթղթերը պատվիրատուին ներկայացնում է հանձնման-ընդունման արձանագրությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
01.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2021 թվական: