ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0049/04/16 | ||||||
Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0049/04/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
2020 թվականի դեկտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սպարտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Վարդան Պետրոսյանի՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է Սպարտակ Խաչատրյանին ճանաչել սնանկ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2018 թվականի որոշմամբ Սպարտակ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.09.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Խաչատրյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Դատարան է ներկայացրել առարկություն այն մասին, որ անվճարունակ չէ, ունի բավարար միջոցներ Վարդան Պետրոսյանի հանդեպ իր դրամական պարտավորությունները կատարելու համար: Մասնավորապես, թիվ ԱՎԴ1/0278/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման նպատակով կատարողական գործողությունների արդյունքում աճուրդի է ներկայացվել բողոք բերած անձին սեփականության իրավունքով պատկանող՝ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 հասցեի շինությունը: Նշված կատարողական գործողությունների արդյունքում հնարավոր է ամբողջությամբ մարել Վարդան Պետրոսյանի հանդեպ ունեցած իր դրամական պարտավորությունները, քանի որ գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտավորության չափը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռի համաձայն՝ Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 46-52):
2) 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման համաձայն՝ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում (հատոր 2-րդ, գ.թ. 53):
4) 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-3):
5) 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դիմումի դեմ (հատոր 1-ին, գ.թ. 6-7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը նրա անվճարունակությունն է, որը հարկադրված սնանկության դեպքում դրսևորվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի առկայության և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու հանգամանքով: Ընդ որում, անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը (տե´ս, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են քաղաքացիական գործերով դատական ակտերը (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն (ներկայումս`«Յունիբանկ» ԲԲԸ) ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռով Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշմամբ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում: 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դեմ:
Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սպարտակ Խաչատրյանի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների առկայության փաստը հաստատվում է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի վճռով:
Անդրադառնալով Սպարտակ Խաչատրյանի այն պնդմանը, որ իր գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է առկա պարտավորության չափը, առկա չէ սնանկ ճանաչելու հիմքը և Վարդան Պետրոսյանը կարող է իր պահանջների բավարարումը ստանալ կատարողական վարույթի շրջանակներում, Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե հաշվեկշռային անվճարունակությանը, այլ փաստացի անվճարունակությանը: Բացի այդ, Դատարանը նշել է նաև, որ 25.01.2011 թվականի կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթն ավարտվել է :
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ Սպարտակ Խաչատրյանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:
Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (...) կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կատարողական վարույթը կասեցնելու, ավարտելու և կարճելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-39-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներով՝ սահմանելով կատարողական վարույթը կասեցնելու, ավարտելու և կարճելու հիմքերը և դրանց իրավական հետևանքները: Վկայակոչված հոդվածներում ամրագրված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական վարույթը կասեցնելը, ավարտելը և կատարողական վարույթը կարճելը՝ որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական վարույթը կասեցնելուց հետո կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է վերսկսվել, իսկ կատարողական վարույթը կարճելու դեպքում կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման՝ վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի: Կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող վերսկսվել: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը նախատեսված է իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ, որի բովանդակությունը հանգում է հետևյալին. ավարտված կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, եթե այն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Փաստորեն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել է, որ կատարողական վարույթը կարող է վերսկսվել միայն հետևյալ երեք դեպքերում.
1. եթե կատարողական վարույթը կասեցվել է, և կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են,
2. եթե կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,
3. եթե վերադասության կամ դատական կարգով վերացվել է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականին հարկադիր կատարողը դատական ակտի հետագա կատարումն ապահովելու նպատակով կայացրել է որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին և պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ հարկադիր կատարողն ավարտել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում:
Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 օրինական ուժի մեջ մտած վճիռը փաստացի չի կատարվել, պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունն արգելադրված է և գտնվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի փուլում, կատարողական վարույթն էլ ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Այսինքն՝ պարտապանին հայտնաբերելու դեպքում ավարտված կատարողական վարույթը կարող է վերսկսվել և արգելադրված գույքն էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելով՝ կապահովվի դատական ակտի կատարումը:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարային պարտավորության հաշվանցի (նվազեցման կամ զրոյացման) հնարավորությունը տվյալ դեպքում պահպանված է, քանի որ կատարողական վարույթի շարունակման դեպքում վճարային պարտավորությունը կարող է նվազել կամ իսպառ դադարել (ակնհայտ է, որ պարտապանն իր պարտքը փակելու համար անհրաժեշտ չափի գույք ունի, գույքն էլեկտրոնային աճուրդով իրացման գործընթացում է և դրա իրացմամբ պարտավորությունը կարող է դադարել)։ Դա նշանակում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում անձին սնանկ ճանաչելու համար առկա չի եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում եղած «, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը» պայմանը՝ հաշվանցի հնարավորությունը չի բացակայել, իսկ միայն վճարային պարտավորությունն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված լինելու հանգամանքը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, բավարարելով Վարդան Պետրոսյանի դիմումը` Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով այդ վճռի դեմ Սպարտակ Խաչատրյանի բերած վերաքննիչ բողոքը, հանգել են սխալ եզրակացության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք էր համարել լուծված, քանի որ Վարդան Պետրոսյանը նախապես վճարել է պետական տուրքը: Բացի այդ, Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել՝ դիմումը մերժել։
2. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
Վարդան Պետրոսյանից հօգուտ Սպարտակ Խաչատրյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ԱՎԴ1/0049/04/16 սնանկության գործով 18.12.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
18.12.2020 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով Սպարտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Վարդան Պետրոսյանի՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և այն փոփոխել՝ դիմումը մերժել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Ս. Միքայելյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վարդան Պետրոսյանը պահանջել է Սպարտակ Խաչատրյանին ճանաչել սնանկ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2018 թվականի որոշմամբ Սպարտակ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.09.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Խաչատրյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Դատարան է ներկայացրել առարկություն այն մասին, որ անվճարունակ չէ, ունի բավարար միջոցներ Վարդան Պետրոսյանի հանդեպ իր դրամական պարտավորությունները կատարելու համար: Մասնավորապես, թիվ ԱՎԴ1/0278/02/10 քաղաքացիական գործով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման նպատակով կատարողական գործողությունների արդյունքում աճուրդի է ներկայացվել բողոք բերած անձին սեփականության իրավունքով պատկանող՝ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 հասցեի շինությունը: Նշված կատարողական գործողությունների արդյունքում հնարավոր է ամբողջությամբ մարել Վարդան Պետրոսյանի հանդեպ ունեցած իր դրամական պարտավորությունները, քանի որ գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտավորության չափը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռի համաձայն՝ Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ.թ. 46-52):
2) 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման համաձայն՝ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման համաձայն՝ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում (հատոր 2-րդ, գ.թ. 53):
4) 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 2-3):
5) 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դիմումի դեմ (հատոր 1-ին, գ.թ. 6-7)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը նրա անվճարունակությունն է, որը հարկադրված սնանկության դեպքում դրսևորվում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի առկայության և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվելու հանգամանքով: Ընդ որում, անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը (տե´ս, ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են քաղաքացիական գործերով դատական ակտերը (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարրը:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը (տե´ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն (ներկայումս` «Յունիբանկ» ԲԲԸ) ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճռով Սպարտակ Խաչատրյանից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձվել է 4.760.000 ՀՀ դրամ, որից 4.600.000 ՀՀ դրամը՝ որպես փոխառության գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ սկսած կետանցի օրվանից՝ 15.04.2008 թվականից, մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ գումարի բռնագանձումը տարածելով Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 73/5 շինության վրա, 150.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, 10.000 ՀՀ դրամը՝ որպես պետական տուրքի գումար, Սպարտակ Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 95.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշմամբ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ ավարտվել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում: 15.08.2016 թվականին Վարդան Պետրոսյանը դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: 09.11.2016 թվականին Սպարտակ Խաչատրյանն առարկություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ ունի բավարար գույք պարտատիրոջ հանդեպ պարտավորությունները կատարելու համար, ուստի առարկել է սնանկության դեմ:
Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սպարտակ Խաչատրյանի նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների առկայության փաստը հաստատվում է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի վճռով:
Անդրադառնալով Սպարտակ Խաչատրյանի այն պնդմանը, որ իր գույքի արժեքը մի քանի անգամ գերազանցում է առկա պարտավորության չափը, առկա չէ սնանկ ճանաչելու հիմքը և Վարդան Պետրոսյանը կարող է իր պահանջների բավարարումը ստանալ կատարողական վարույթի շրջանակներում, Դատարանը նշել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե հաշվեկշռային անվճարունակությանը, այլ փաստացի անվճարունակությանը: Բացի այդ, Դատարանը նշել է նաև, որ 25.01.2011 թվականի կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթն ավարտվել է :
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ Սպարտակ Խաչատրյանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:
Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (...) կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կատարողական վարույթը կասեցնելու, ավարտելու և կարճելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-39-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներով՝ սահմանելով կատարողական վարույթը կասեցնելու, ավարտելու և կարճելու հիմքերը և դրանց իրավական հետևանքները: Վկայակոչված հոդվածներում ամրագրված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական վարույթը կասեցնելը, ավարտելը և կատարողական վարույթը կարճելը՝ որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական վարույթը կասեցնելուց հետո կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է վերսկսվել, իսկ կատարողական վարույթը կարճելու դեպքում կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման՝ վերադասության կամ դատական կարգով վերացման դեպքերի: Կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող վերսկսվել: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը նախատեսված է իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ, որի բովանդակությունը հանգում է հետևյալին. ավարտված կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, եթե այն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:
Փաստորեն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել է, որ կատարողական վարույթը կարող է վերսկսվել միայն հետևյալ երեք դեպքերում.
1. եթե կատարողական վարույթը կասեցվել է, և կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են,
2. եթե կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն,
3. եթե վերադասության կամ դատական կարգով վերացվել է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 վճիռը մտել է օրինական ուժի մեջ և 25.01.2011 թվականին տրվել է կատարողական թերթ: 05.08.2014 թվականին հարկադիր կատարողը դատական ակտի հետագա կատարումն ապահովելու նպատակով կայացրել է որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին և պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: 21.12.2015 թվականի կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ հարկադիր կատարողն ավարտել է 02.02.2011 թվականին հարուցված թիվ 00032106 կատարողական վարույթը, քանի որ պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը չի հայտնաբերվել և վերջինիս նկատմամբ 18.03.2015 թվականին հայտարարվել է հետախուզում:
Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 օրինական ուժի մեջ մտած վճիռը փաստացի չի կատարվել, պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունն արգելադրված է և գտնվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի փուլում, կատարողական վարույթն էլ ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Այսինքն՝ պարտապանին հայտնաբերելու դեպքում ավարտված կատարողական վարույթը կարող է վերսկսվել և արգելադրված գույքն էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելով՝ կապահովվի դատական ակտի կատարումը:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարային պարտավորության հաշվանցի (նվազեցման կամ զրոյացման) հնարավորությունը տվյալ դեպքում պահպանված է, քանի որ կատարողական վարույթի շարունակման դեպքում վճարային պարտավորությունը կարող է նվազել կամ իսպառ դադարել (ակնհայտ է, որ պարտապանն իր պարտքը փակելու համար անհրաժեշտ չափի գույք ունի, գույքն էլեկտրոնային աճուրդով իրացման գործընթացում է և դրա իրացմամբ պարտավորությունը կարող է դադարել)։ Դա նշանակում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում անձին սնանկ ճանաչելու համար առկա չի եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում եղած «, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը» պայմանը՝ հաշվանցի հնարավորությունը չի բացակայել, իսկ միայն վճարային պարտավորությունն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված լինելու հանգամանքը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, բավարարելով Վարդան Պետրոսյանի դիմումը` Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով այդ վճռի դեմ Սպարտակ Խաչատրյանի բերած վերաքննիչ բողոքը, հանգել են սխալ եզրակացության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, Ռ. Հակոբյանս, Ս. Միքայելյանս և Մ. Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ինչպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հանգամանքով, այնպես էլ՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալով, և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և այն փոփոխել՝ դիմումը մերժել է՝ հիմք ընդունելով բացառապես որոշման մեջ նշված պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում վերագրելու համար, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, իսկ դրա արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է և փոփոխել` դիմումը մերժել է, ըստ էության, հետևյալ շարժառիթներով՝
- ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2010 թվականի թիվ ԱՎԴ1/0278/02/10 օրինական ուժի մեջ մտած վճիռը փաստացի չի կատարվել, պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 73/5 հասցեի 14,6քմ մակերեսով շինությունն արգելադրված է և գտնվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի փուլում, կատարողական վարույթն էլ ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Այսինքն՝ պարտապանին հայտնաբերելու դեպքում ավարտված կատարողական վարույթը կարող է վերսկսվել և արգելադրված գույքն էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելով՝ կապահովվի դատական ակտի կատարումը,
- վճարային պարտավորության հաշվանցի (նվազեցման կամ զրոյացման) հնարավորությունը տվյալ դեպքում պահպանված է, քանի որ կատարողական վարույթի շարունակման դեպքում վճարային պարտավորությունը կարող է նվազել կամ իսպառ դադարել (ակնհայտ է, որ պարտապանն իր պարտքը փակելու համար անհրաժեշտ չափի գույք ունի, գույքն էլեկտրոնային աճուրդով իրացման գործընթացում է և դրա իրացմամբ պարտավորությունը կարող է դադարել),
- ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում անձին սնանկ ճանաչելու համար առկա չի եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետում եղած «, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը» պայմանը՝ հաշվանցի հնարավորությունը չի բացակայել, իսկ միայն վճարային պարտավորությունն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված լինելու հանգամանքը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար։
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու մասին դիմումի մերժման հիմքում, ըստ էության, դրել է այն պատճառաբանությունը, որ վերը նշված վճիռը փաստացի չի կատարվել՝ պարտապան Սպարտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող վերը նշված անշարժ գույքն արգելադրված է և դեռևս գտնվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի փուլում, ու պարտապան Սպարտակ Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում հնարավոր է վերսկսել վերը նշված հիմքով ավարտված կատարողական վարույթը, և արգելադրված գույքն էլ իրացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդով՝ ապահովելով դատական ակտի կատարումը, որի պայմաններում հաշվանցի հնարավորությունը չի բացակայի։
Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ դիմումը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կատարողական վարույթն ավարտելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու առանձնահատկություններին այն դեպքում, երբ պարտատիրոջ օգտին կայացված դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով այն պարագայում, երբ հարկադիր կատարողը և (կամ) պահանջատերը ձեռնարկել են օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները, իրավահարաբերության ծագման պահին՝ մինչև 09.01.2015 թվականի փոփոխությունները գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի, որոշումը կայացնելու ժամանակ գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 42-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի վերլուծությունների արդյունքում այդ դրույթների հաշվառմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ՝
- պարտատիրոջ օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտատերն ինքն է որոշում ընտրել դատական ակտի կատարման ճանապարհը՝ հարկադիր կատարման, թե սնանկության վարույթի միջոցով։ Պարտատիրոջ կողմից ընտրված եղանակն ինքնանպատակ չպետք է լինի, այսինքն՝ եթե պարտատերն ընտրել է սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը, ապա չի կարող դիմել նաև դատական ակտի հարկադիր կատարման, որպիսի արգելքը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածից (այն է՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ): Նույն տրամաբանությամբ եթե պարտատերն ընտրել է դատական ակտի հարկադիր կատարման ճանապարհը, ապա քանի դեռ կատարողական վարույթն իր համար բացասական ելքով չի ավարտվել, պարտատերը չի կարող դիմել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով (վերոգրյալ պատճառաբանությունը կիրառելի չէ այն դեպքի նկատմամբ, երբ կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմումի հիմքով, քանի որ այս դեպքում կատարողական վարույթի ավարտը պայմանավորված է պարտատիրոջ կամահայտնությամբ, ինչն էլ օբյեկտիվորեն բացառում է կատարողական վարույթը պարտապանի համար բացասական ելքով ավարտված որակելու հնարավորությունը),
- կատարողական վարույթը վերջնականապես, առանց վերսկսման հնարավորության ամփոփվում է կատարողական վարույթի կարճման դեպքում: Կատարողական վարույթի ավարտի դեպքում պահպանվում է վերսկսման հնարավորությունը, կատարողական վարույթի առկայության պայմաններում պարտատիրոջ կողմից սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է գնահատել կատարողական վարույթի ավարտի հիմքերի գնահատմամբ, և եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որն այդ պահին պարտատիրոջ համար բացասական է թեկուզև այն իմաստով, որ պարտատերն իր պահանջի անմիջապես բավարարում չի ստանում (օրինակ, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն), ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունից։ Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սնանկության վարույթը, ի տարբերության կատարողական վարույթի, ավելի ճկուն է պարտատիրոջ պահանջների բավարարում ստանալու տեսանկյունից (մասնավորապես՝ սնանկության կառավարիչն ունի պարտապանի դեբիտորական պարտքերը հավաքագրելու լիազորություն, անհատույց կատարված փոխանցումները հետ ստանալու լիազորություն և այլն):
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որը տվյալ պահին պարտատիրոջ համար կարող է գնահատվել որպես բացասական ելքով կատարողական վարույթի ավարտ, ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից՝ նկատի ունենալով, որ հակառակ մեկնաբանության դեպքում կխախտվի պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռությունը, պարտատերը կզրկվի իր օգտին կայացված դատական ակտը կատարելու հնարավորությունից, որի արդյունքում կսահմանափակվեն վերջինիս դատական պաշտպանության և սեփականության իրավունքները (տե´ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Մագանե» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով պարտատեր Վարդան Պետրոսյանի օգտին առկա է թիվ ԱՎԴ1/0278/02/10 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի համաձայն՝ սույն գործով պարտապան Սպարտակ Խաչատրյանից պետք է բռնագանձվի որոշակի գումար և բռնագանձումը տարածվի գրավի առարկա անշարժ գույքի վրա։ Նշված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում հարկադիր կատարողը որոշում է կայացրել վերը նշված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։ Հետագայում հարկադիր կատարողը որոշում է կայացրել կատարողական վարույթն ավարտելու մասին այն պատճառաբանությամբ, որ անհնարին է եղել պարզել պարտապան Սպարտակ Խաչատրյանի գտնվելու վայրը, իսկ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։ Այսինքն՝ կատարողական վարույթը Վարդան Պետրոսյանի համար ավարտվել է բացասական ելքով, քանի որ վերջինս վերը նշված պատճառով իր պահանջի անմիջապես բավարարում չի ստացել։ Այժմ պարտատեր Վարդան Պետրոսյանը, վերը նշված դիրքորոշման համատեքստում զրկված չլինելով նման պայմաններում սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունից (տվյալ դեպքում ևս առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման մեջ բերված օրինակը՝ անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն), արդեն ընտրելով դատական ակտի կատարման մյուս՝ սնանկության վարույթի միջոցով ճանապարհը, դիմում է ներկայացրել դատարան՝ Սպարտակ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Դիմումը ներկայացնելու պահին բացակայել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածում նշված արգելքը, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, կատարողական վարույթն ավարտված է եղել։
Նման պայմաններում կարծում եմ, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից որոշման մեջ նշված շարժառիթները չեն բխում ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից և այդ նույն դիրքորոշումների համաձայն՝ սույն գործով պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռության խախտման վտանգ են առաջացնում՝ պարտատեր Վարդան Պետրոսյանին զրկելով իր օգտին կայացված դատական ակտը կատարելու հնարավորությունից, որի արդյունքում սահմանափակվում է վերջինիս դատական պաշտպանության և սեփականության իրավունքները։
Նման պայմաններում, կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտում թույլ տալը, առավել ևս՝ արդարադատության բուն էությունը խաթարող, քանի որ Վերաքննիչ դատարանի գործողությունները՝ կապված Դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հետ, բխում են ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումից և ընդհակառակը՝ տվյալ դեպքում նպատակ ունեն ապահովելու պարտատիրոջ շահերի հավասարակշռությունը և իր օգտին կայացված դատական ակտի կատարումը սնանկության վարույթի միջոցով իրականացնելու արդյունքում պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը։
Դրանից ելնելով կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` դիմումը մերժելու համար:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը չունի պատճառաբանական մաս։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար պարտականություն է նախատեսել որպես կանոն դատական ակտը վերանայելու վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Նշված կանոնից նախատեսվել է բացառություն, և վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահվել դատական ակտը վերանայելիս դուրս գալու վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, երբ, օրինակ, վերաքննիչ դատարանը բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ դատարանի դատական ակտը չունի պատճառաբանական մաս։ Այս դեպքում օրենսդիրը վերաքննիչ դատարանին անգամ ազատել է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունից ու վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահել դատական ակտն անվերապահ բեկանելու բացառապես պատճառաբանական մաս չունենալու հիմքով՝ առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին՝ այն համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ, և այդպիսի խախտումը չի համարել ձևական։
Տվյալ դեպքում սույն գործի փաստերի համաձայն՝ Սպարտակ Խաչատրյանը Դատարանի 06.09.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի կողմից նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 132-րդ հոդվածը խախտված լինելու հիմքով՝ այն հիմնավորմամբ, որ «այդ վճռում բացակայում են պատճառաբանական և եզրափակիչ մասերը»։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով վերը նշված նորմերի պահանջները, վերաքննիչ բողոքի այդ հիմքին և հիմնավորմանն ընդհանրապես չի անդրադարձել, ու վերաքննիչ բողոքը մերժել է դրանում նշված մյուս հիմքերն ու հիմնավորումներն անհիմն ու մերժման ենթակա համարելու պատճառաբանությամբ՝ անտեսելով, որ եթե վերաքննիչ բողոքում առկա է հիմք այն մասին, որ բողոքարկվող դատական ակտը չունի պատճառաբանական մաս, ապա նախ անհրաժեշտ է պարզել այդ հիմքի առկայությունը կամ բացակայությունը, որից հետո նոր միայն անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված մյուս հիմքերին և հիմնավորումներին, քանի որ եթե հաստատված համարվի այդ հիմքի հիմնավոր լինելը, ապա վերաքննիչ դատարանը պարտավոր է անվերապահ բեկանել դատարանի դատական ակտը՝ առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքում նշված մյուս հիմքերին և հիմնավորումներին։
Այժմ, Սպարտակ Խաչատրյանը Վերաքննիչ դատարանի 23.05.2018 թվականի որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքի հիմնավորում վկայակոչել է Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերից ամենակարևորին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի սխալ կիրառման վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումներին»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը Վճռաբեկ դատարանի համար ևս պարտականություն է նախատեսել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Միևնույն ժամանակ օրենսդիրը Վճռաբեկ դատարանի դեպքում ևս ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ Վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում Վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը։ Կարծում եմ, որ նշված կանոնը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է նաև այն հիմքով, որ, օրինակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ դատարանի դատական ակտը չունի պատճառաբանական մաս։ Այս դեպքում ևս կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը նախ պարտավոր է պարզել այդ հիմքի առկայությունը կամ բացակայությունը, որից հետո նոր միայն անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքերին և հիմնավորումներին, քանի որ եթե հաստատված համարվի, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը չի ունեցել պատճառաբանական մաս, որն անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից, ապա Վճռաբեկ դատարանը պարտավոր է անվերապահ բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ առանց անդրադառնալու վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքերին և հիմնավորումներին, քանի որ վերը նշված դիրքորոշումներից բխում է, որ վերաքննիչ դատարանն այս դեպքում անտեսել է, որ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք։
Մինչդեռ սույն գործով Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքին և հիմնավորմանն ու վճռաբեկ բողոքը քննել է դրանում նշված նյութական նորմի խախտման հիմքի ու հիմնավորումների սահմաններում՝ անտեսելով, որ նման պայմաններում նախ պարտավոր էր պարզել այդ հիմքի առկայությունը կամ բացակայությունը, որից հետո նոր միայն անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված մյուս՝ նյութական իրավունքի նորմի խախտման վերաբերյալ հիմքին և հիմնավորմանը, քանի որ եթե հաստատված համարեր Վերաքննիչ դատարանի կողմից նման դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալը, ապա պարտավոր էր անվերապահ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ առանց անդրադառնալու վճռաբեկ բողոքում նշված նյութական իրավունքի նորմի խախտման վերաբերյալ հիմքին և հիմնավորմանը։
Դատավորներ` |
|
||
Գ. Հակոբյան |
Ռ. Հակոբյան |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ |
Մ. Դրմեյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2021 թվական: