ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 519-Ն
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 6-ի N 715 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատելու մասին» N 1212-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել դիահերձման արձանագրության օրինակելի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականիապրիլի 8-ի N 519-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Ախտաբանաանատոմիական դիահերձումները (այսուհետ՝ դիահերձում) կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատությունում (այսուհետ` հաստատություն)՝ «ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա» մասնագիտությամբ համապատասխան մասնագետի (այսուհետ` ախտաբանաանատոմ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
2. ԴԻԱՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3. Հիվանդանոցային հաստատությունում դիահերձում չիրականացնելու դեպքում (եթե հաստատությունը չունի դիահերձարան, կամ մահացածի ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն դիահերձումը կատարվելու է այլ դիահերձարանում) հիվանդանոցային հաստատության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը կատարում է գրառում հիվանդության պատմագրի մեջ` նշելով այլ դիահերձարան ուղարկելու ժամը և հասցեն, մահացածի ծնողին կամ ամուսնուն կամ երեխաներին կամ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տրամադրելով պացիենտի հիվանդության պատմագրի էպիկրիզը:
4. Դիակը տեղափոխվում է դիահերձարան կենսաբանական մահվան գրանցումից 2 ժամ անց և մինչև դիահերձումը պահպանվում է սառնարանում: Դիահերձումը կատարվում է ցերեկային լուսավորության պայմաններում:
5. Հիվանդանոցային մահերի դեպքում` դիահերձումը կատարելու համար բժշկական հաստատության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը (այդ թվում՝ հերթապահ բժիշկը) դիակը հիվանդության (ծննդաբերության) պատմագրի հետ միասին ուղարկում է ախտաբանաանատոմիական բաժանմունք:
6. Հիվանդության (ծննդաբերության) պատմագիրը պետք է ձևակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի և բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ հերթապահ բժշկի կողմից:
7. Հիվանդության (ծննդաբերության) պատմագրի մեջ պետք է արտացոլված լինի հիվանդության պատմագրի էպիկրիզը:
8. Տնային մահերի դեպքում շտապ օգնության ծառայությունն ապահովում է դիակի տեղափոխումը դիահերձարան:
9. Տնային մահերի դեպքում դիակը դիահերձող ախտաբանաանատոմը մահացածի ծնողից կամ ամուսնուց կամ երեխաներից կամ օրինական ներկայացուցչից կամ կոնտակտային անձից պահանջում է մահացածի հիվանդության մասին բժշկական փաստաթղթերը (եթե այդպիսիք առկա են` հիվանդության պատմագրի էպիկրիզ, քաղվածք ամբուլատոր քարտից և այլն):
10. Տնային մահվան դեպքում մահացածի ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի՝ դիահերձումից հրաժարվելու պարագայում, երբ չկա պարտադիր դիահերձում կամ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն, մահվան բժշկական վկայականի էլեկտրոնային տարբերակը լրացվում է այն հաստատության դիահերձարանում, որտեղ տեղափոխվել է դիակը խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման ծառայություններ իրականացնելու համար:
11. Դիահերձման ժամանակ չեն թույլատրվում մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները):
12. Դիահերձմանը կարող են մասնակցել մահացած պացիենտի բուժող բժիշկները, համապատասխան բաժնի վարիչը:
13.Ախտաբանաանատոմն անհրաժեշտության դեպքում կարող է բուժող բժիշկների հետ քննարկել դիահերձման և հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության արդյունքները:
14. Դիահերձումից հետո նախնական ախտաբանաանատոմիական ախտորոշման հիման վրա էլեկտրոնային միասնական համակարգի միջոցով պատրաստվում է մահվան մասին բժշկական վկայական` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1156-Ն որոշմամբ սահմանված դեպքերի:
15. Դիահերձումից հետո ախտաբանաանատոմը կազմում է դիահերձման արձանագրություն, որի օրինակելի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարը:
16. Դիահերձման մասին արձանագրությունը ստորագրում է դիակը դիահերձող ախտաբանաանատոմը:
17. Ախտաբանաանատոմը դիահերձումից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ձևակերպում է վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին համապատասխան, որում պետք է նշված լինեն հիմնական հիվանդությունը, ինչպես նաև հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները:
18. Վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը գրանցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմագրի մեջ:
19. Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական ախտորոշմանը:
20. Վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշման ձևակերպման համար, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել այլ ձևաբանական հետազոտություններ:
21. Ախտաբանաանատոմն ընդհատում է դիահերձումը, եթե դիահերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, և կազմում արձանագրություն՝ հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը:
22. Ախտաբանաանատոմը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու և հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար:
23. Ախտաբանաանատոմն ընդհատված դիահերձման մասին 1 ժամվա ընթացքում հայտնում է բժշկական հաստատության գտնվելու վայրի վարչական շրջանի ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ մաս:
24. Դիահերձումից հետո դիակի օրգաններից վերցված թաց արխիվը պահպանվում է դիահերձարանին կից լաբորատորիայում, համապատասխան պայմաններում, մեկ տարի ժամկետով:
25. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո նյութերը ոչնչացվում են որպես բժշկական թափոն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 24-ի N 03-Ն հրամանի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
09.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: