Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2021 թվականի N 345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական զննությունն իրականացվում է կարանտինային ստորաբաժանում տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:».

2) հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «խոշտանգումների» բառը փոխարինել «խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի» բառերով.

3) հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության (այսուհետ նաև՝ արձանագրություն) ձևաթղթի մեջ: Արձանագրության ձևաթղթի ձևը և դրա կազմման ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:».

4) հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետում «խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին» բառերը փոխարինել «խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 16-րդ կետը.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով՝

 

«ԳԼՈՒԽ 2.1. ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՄ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

16.1. Արձանագրության ձևաթուղթը կազմվում է, եթե`

1) առկա է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ.

2) բուժաշխատողը հայտնաբերում է, այդ թվում՝ անցկացրած բժշկական զննության ընթացքում, որ կալանավորված անձի կամ դատապարտյալի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք։

16.2. Ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման յուրաքանչյուր դեպքում բուժաշխատողը պարտավոր է՝

1) իրականացնել պատշաճ բժշկական զննություն և լրացնել արձանագրության ձևաթուղթը.

2) արձանագրության ձևաթուղթն ուղարկել իրավասու քննչական մարմին.

3) կալանավորված անձին կամ դատապարտյալին տեղեկացնել իր միջոցների հաշվին մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի մասին:

16.3. Արձանագրության ձևաթղթի պատշաճ կազմման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղակայված ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանման ղեկավարը կամ նրան փոխարինող անձը:

16.4. Արձանագրության ձևաթուղթը կազմվում է մեկ բնօրինակից, որը զննությունն ավարտվելուց և համապատասխան փաստաթղթերն ստորագրվելուց հետո անհապաղ ուղարկվում է իրավասու քննչական մարմին՝ այդ մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը: Արձանագրության ձևաթուղթն ուղարկվում է իրավասու քննչական մարմին սույն կարգի 16.1-ին կետով նախատեսված դեպքն առաջանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

16.5. Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքի կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատի հանգամանքները պարզ չեն, և առկա է լրացուցիչ հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն, ապա լրացուցիչ հետազոտության արդյունքներն ի լրումն ներկայացվում են իրավասու քննչական մարմին: Լրացուցիչ հետազոտության անցկացման անհրաժեշտությունը հիմք չէ արձանագրության ձևաթուղթը սահմանված ժամկետում իրավասու քննչական մարմին չներկայացնելու համար:

16.6. Բուժաշխատողը կազմում է արձանագրության ձևաթղթի բնօրինակի երեք պատճեն:

16.7. Արձանագրության ձևաթղթի բնօրինակի պատճեններից մեկը զննությունն ավարտվելուց և ստորագրվելուց հետո անմիջապես տրամադրվում է կալանավորված անձին կամ դատապարտյալին:

16.8. Արձանագրության ձևաթղթի բնօրինակի երկրորդ պատճենը կցվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտին:

16.9. Արձանագրության ձևաթղթի բնօրինակի երրորդ պատճենն ուղարկվում է ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ՊՈԱԿ-ի վարչակազմից նշանակված պատասխանատու անձին, որն իրականացնում է մշտադիտարկում քրեակատարողական հիմնարկների տարածքում տեղակայված ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում արձանագրության ձևաթղթերի կազմման և դրանց ներկայացման գործընթացի նկատմամբ՝ ամեն ամիս ՊՈԱԿ-ի տնօրենին ներկայացնելով հաշվետվություն: Հաշվետվության մեջ ներկայացվում են մշտադիտարկման ընթացքում իրականացված վերլուծությունների արդյունքում վեր հանված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:».

7) հավելվածի 134-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

Երևան

 

18.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան