ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին
«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների տրամադրման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման իմաստով՝
1) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի համալիրի (այսուհետ՝ համալիր) գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն շինանյութի, սարքավորումների, այդ թվում՝ շարժասանդուղքների, ինչպես նաև թանգարանային գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի).
2) համալիրի կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ազատվում են ավելացված արժեքի հարկից:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրի կառուցման հետ կապված արտոնությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան անմիջապես հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Սույն հոդվածի համաձայն՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքները մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների համար հարկային հաշիվ դուրս չեն գրում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր), իսկ իրենց մատակարարների ներկայացրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին: Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը վճարվում է բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
Սույն հոդվածում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում իրականացված գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկային և վճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի դուրս գրած տեղեկանքը: Նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
Ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ավելացված արժեքի հարկի հաշվառումն իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 3. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամն իր գործունեության հետ կապված մշակութային արժեքները և արվեստի առարկաները կարող է առանց ժամկետային և այլ սահմանափակումների և վճարների (բացառությամբ մաքսավճարի) ժամանակավորապես ներմուծել Հայաստանի Հանրապետություն և վերաարտահանել Հայաստանի Հանրապետությունից:
Հոդված 4. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը համալիրի կառուցման և շահագործման ընթացքում պարտավոր է գործել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների համաձայն:
Համալիրը կառուցելու կամ գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքներն օտարելու (այդ թվում՝ իրացնելու) դեպքում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները ենթակա են կատարման ընդհանուր սահմանված կարգով, իսկ այդ պարտավորությունների ծագման պահ է համարվում օտարման փաստացի պահը:
Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|