ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
Հողի հԱՐԿԻ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 1994-1999 թվականների հողի հարկի վճարման ժամկետը համայնքի ավագանու որոշմամբ կարող է հետաձգվել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` համայնքի ավագանու սահմանած ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց) համաձայն:
2. Մինչև որոշումն ընդունելը վճարումներ կազմակերպողը` համայնքի ղեկավարը, հողի հարկ վճարողների` 1994-1999 թվականների հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններն ստանալու նպատակով գրավոր դիմում է տարածքային հարկային մարմին: Վերջինս դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, վճարումներ կազմակերպողին տրամադրում է պահանջվող տեղեկությունները:
3. Այդ տեղեկությունների հիման վրա համայնքի ավագանին ընդունում է որոշում` 2001-2005 թվականների բյուջետային տարիներն ընդգրկող ժամանակացույցը սահմանելու մասին: Ընդ որում, յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվելիք գումարը կարող է սահմանվել 1994-1999 թվականների համար հաշվարկված և չվճարված հողի հարկի հետևյալ չափերով.
ա) մինչև 2001 թվականի վերջը` 10 տոկոսը.
բ) մինչև 2002 թվականի վերջը` 30 տոկոսը.
գ) մինչև 2003 թվականի վերջը` 50 տոկոսը.
դ) մինչև 2004 թվականի վերջը` 75 տոկոսը.
ե) մինչև 2005 թվականի վերջը` 100 տոկոսը:
4. Համայնքի ավագանին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, հաստատում է, ինչպես նաև մարզպետին ու տարածքային հարկային մարմին է ներկայացնում ժամանակացույցը:
5. Այդ ժամանակացույցի համաձայն` հարկատուները, վճարած հարկի գումարներին համամասնորեն, ազատվում են դրանք` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1994-1999 թվականներին չվճարված հողի հարկի դիմաց օրենսդրությամբ հաշվարկված և վճարված տույժերի գումարը հաշվանցվում է հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող օբյեկտների հողի հարկի և գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
ՀՈԴՎԱԾ 2. | ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼԸ |
1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994-1999 թվականներին հաշվարկված և չվճարված հողի հարկից, ինչպես նաև հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ չօգտագործվող հողատարածքներինը` մարզպետը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն հոդվածով սահմանված հարկ վճարողների կողմից 1994-1999 թվականների համար վճարված հողի հարկի, ինչպես նաև այն սահմանված ժամկետից ուշ վճարելու համար տույժերի գումարները հաշվանցվում են հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտների հողի հարկի և գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
ՀՈԴՎԱԾ 3. | ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
ՀՈԴՎԱԾ 4. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|