ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
24 նոյեմբերի 1998 թ.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունը
Ֆինանսական համահարթեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով:
Հոդված 2. | Օրենքի խնդիրները |
Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման և հատկացման կարգը:
Հոդված 3. | Ֆինանսական համահարթեցման հասկացությունը |
Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է:
Հոդված 4. | Դոտացիաները |
1. Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:
2. Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով:
3. Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների, սույն օրենքով սահմանված կարգով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 5. | Դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող գործոնները |
Դոտացիաների գումարների չափն ըստ առանձին տեղական ինքնակառավարման մարմինների որոշվում է` հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետևյալ գործոնները`
ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակը (այսուհետ` «ա» գործոն).
բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ` «բ» գործոն).
գ) համայնքի` պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու անհրաժեշտությունը (այսուհետ` «գ» գործոն):
Հոդված 6. | Դոտացիաների հաշվարկման կարգը |
1. Սույն օրենքի 5 հոդվածում նշված յուրաքանչյուր գործոնի տեսակարար կշռի մեծությունը դոտացիաների ընդհանուր գումարում որոշվում է ամեն տարի և ամրագրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում, ընդ որում, «գ» գործոնով հատկացվող դոտացիայի մեծությունը չի կարող գերազանցել վերոհիշյալ օրենքում ամրագրված դոտացիայի ընդհանուր գումարի 15 տոկոսը:
2. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով տրամադրվող դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:
3. «ա» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով առանձին համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա=(Մ-Հ)XԲXԳ
որտեղ`
Ա-ն` «ա» գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.
Մ-ն` հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.
Հ-ն` տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է հանրապետության բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.
Բ-ն` տվյալ համայնքի բնակչության թվաքանակն է.
Գ-ն` միջին գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Գ=Դ/ ∑[(Մ-Հ) X Բ]
որտեղ` Դ-ն` «ա» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:
4. «բ» գործոնով դոտացիա է հատկացվում բոլոր համայնքներին` տվյալ համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «բ» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակին:
5. «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. «գ» գործոնով նախատեսված դոտացիայի գումարը բաշխվում է` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`
ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի մակարդակը (այսուհետ` գ1 գործոն).
բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ` գ2 գործոն):
7. «գ1» գործոնով նախատեսված դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում հաշվարկման պահի դրությամբ համայնքների ավագանիների կողմից հաստատված (վերահաստատված) նախորդ բյուջետային տարվա համայնքների բյուջեների համապատասխան ցուցանիշները:
8. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված ցանկում ընդգրկված համայնքներին «գ1» գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է այն համայնքներին, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից: Այդ սկզբունքով տվյալ համայնքին տրամադրվող դոտացիայի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ա1 = (Մ1-Հ1)XԲ1XԳ1
որտեղ`
Ա1-ը` «գ1» գործոնով տվյալ համայնքին հատկացվող դոտացիայի գումարն է.
Մ1-ը` «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով միջին եկամտի մակարդակն է.
Հ1-ը` «գ1» գործոնով դոտացիա ստացող տվյալ համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի և գույքահարկի գծով եկամտի մակարդակն է, որը ցածր է «գ» գործոնով դոտացիաներ ստացող համայնքների բնակչության մեկ շնչին ընկնող համապատասխան միջին մակարդակից.
Բ1-ը` «գ1» գործոնով դոտացիա ստացող համայնքի բնակչության թվաքանակն է.
Գ1-ը` միջին գործակիցն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Գ1=Դ1/∑[(Մ1-Հ1) X Բ1]
որտեղ Դ1 -ը` «գ1» գործոնով համայնքներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:
9. «գ2» գործոնով նախատեսված դոտացիան հատկացվում է «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող բոլոր համայնքներին: Ընդ որում, դոտացիայի գումարները բաշխվում են «գ» գործոնով դոտացիա ստացող բոլոր համայնքների միջև` համայնքի բնակչության թվաքանակը բազմապատկելով մեկ շնչին ընկնող դոտացիայի մեծությանը: Վերջինս հաշվարկվում է «գ2» գործոնով նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարը հարաբերելով «գ» գործոնով նախատեսված դոտացիա ստացող համայնքների բնակչության ընդհանուր թվաքանակին:
Հոդված 7. | Դոտացիաների հատկացման կարգը |
1. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը` ըստ համայնքների:
2. Տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով: Դոտացիաների հաշվարկված գումարների չափի մասին տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |