ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 1 հուլիսի 1998 թ. |
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում (օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 1999 թվականի հունվարի 12-ը) վճռաբեկ դատարանի կազմավորման և գործունեության կարգն ու դրա հետ կապված գործող քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված վճռաբեկ ու հսկողական վարույթների իրականացման առանձնահատկությունները:
Հոդված 2. Վճռաբեկ դատարանը կազմված է`
1) վճռաբեկ դատարանի նախագահից.
2) քաղաքացիական և տնտեսական գործերով պալատից.
3) քրեական և զինվորական գործերով պալատից:
Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է վճռաբեկ դատարանի պալատի նախագահից և պալատի 5 դատավորից:
Հոդված 3. Մինչև 1998 թվականի հուլիսի 8-ը արդարադատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95 հոդվածի 3-րդ կետին համապատասխան և «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների թեկնածությունները:
Հոդված 4. Մինչև 1998 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետին համապատասխան, նշանակում է վճռաբեկ դատարանի անդամներին` վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներին ու դատավորներին:
Հոդված 5. 1998 թվականի հուլիսի 10-ից վճռաբեկ դատարանը համարվում է կազմավորված և իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116 հոդվածի 10-րդ կետին համապատասխան 1998 թվականի հուլիսի 10-ից դադարում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամների լիազորությունները:
Հոդված 6. Անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի լիագումար նիստը.
3) նշանակում է գործը լուծող վճռաբեկ դատարանի կազմը և նիստը նախագահողին.
4) դատավորին բացարկ հայտնելու կամ դատավորի ինքնաբացարկի դեպքում նշանակում է փոխարինող դատավոր.
5) իրականացնում է գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահին վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 7. Անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի պալատի նախագահը`
1) հրավիրում և վարում է պալատի նիստերը.
2) վճռաբեկ դատարանի նախագահի բացակայության դեպքում` վերջինիս հանձնարարությամբ, ժամանակավորապես իրականացնում է նրա լիազորությունները:
Հոդված 8. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը` երեք դատավորի կազմով:
Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի և զինվորական գործերով դատական կոլեգիայի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` երեք դատավորի կազմով:
Հոդված 9. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահության` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը` երեք դատավորի կազմով:
Տվյալ գործով չեն կարող մասնակցել վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի այն անդամները, որոնք նախկինում մասնակցել են այդ գործի քննությանը:
Հոդված 10. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի նախագահության` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` երեք դատավորի կազմով:
Տվյալ գործով չեն կարող մասնակցել վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի այն անդամները, որոնք նախկինում մասնակցել են այդ գործի քննությանը:
Հոդված 11. Վճռաբեկ դատարանի կազմավորման օրվանից Հայաստանի Հանրապետության նախկին գերագույն դատարանի պլենումի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված լիազորություններն իրականացնում է վճռաբեկ դատարանի լիագումար նիստը:
Վճռաբեկ դատարանի լիագումար նիստին մասնակցում են վճռաբեկ դատարանի նախագահը, պալատների նախագահները և վճռաբեկ դատարանի դատավորները:
Վճռաբեկ դատարանի լիագումար նիստի միջոցով հսկողության կարգով իրականացնում է գործերի քննությունը` վճռաբեկ դատարանի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի կազմով:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական, քրեական և զինվորական գործերով կոլեգիաների` մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առաջին ատյանի կարգով իրենց վարույթ ընդունած գործերը, որոնցով մինչև հուլիսի 9-ը ներառյալ չի կայացվել դատավճիռ, վճիռ կամ այլ վերջնական որոշում, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի կողմից ուղարկվում են առաջին ատյանի դատարան, և գործի քննությունը վերահսկվում է:
Հոդված 13. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28 և 29 հոդվածները.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114 հոդվածը.
3) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 9 հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը:
Հոդված 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Քաղաքացիական գործերի վարույթի կարգը Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի և վերոհիշյալ օրենքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջինիս նորմերը»:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերի վարույթի կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի և վերոհիշյալ օրենքի միջև հակասությունների դեպքում գործում են վերջինիս նորմերը»:
Հոդված 16. Վճռաբեկ դատարանի կազմավորումից հետո մեկշաբաթյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահն ստեղծում է լուծարային հանձնաժողով, որը վեցամսյա ժամկետում իրականացնում է գերագույն դատարանի լուծարման հետ կապված աշխատանքները:
Վճռաբեկ դատարանի կազմում չնշանակված` գերագույն դատարանի անդամների աշխատավարձը և օրենսդրությամբ սահմանված հավելավճարները պահպանվում են մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:
Հոդված 17. Վճռաբեկ դատարանն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքում, նախկին գերագույն դատարանի նստավայրում (Խորհրդարանի 6):
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և գործում է մինչև 1999 թվականի հունվարի 12-ը:
|
Ռ. Քոչարյան |
|