Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1521
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.02/32(1587).1 Հոդ.376.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

31 մարտի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Նուր-Սուլթանում՝ արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ ստեղծելու, Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները զարգացնելու և իրենց տարածքների գրավչությունը առևտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար բարձրացնելու նպատակով:

 

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Արձանագրությամբ ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնցից, մասնավորապես, նշում ենք հետևյալները.

- որպես արդյունաբերական նմուշի՝ իրավական պահպանություն չտրամադրել հետևյալ որոշումներով, որոնք՝

ա) հակասում են հանրային շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին թեկուզ մեկ Պայմանավորվող պետությունում.

բ) պարունակում, վերարտադրում կամ նմանակում են պաշտոնական խորհրդանիշեր (այդ թվում՝ պետական խորհրդանիշեր և նշաններ), միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կրճատ կամ լրիվ անվանումներ՝ առանց այն պետությունների համապատասխան իրավասու մարմինների, կազմակերպությունների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները.

գ) պարունակում, վերարտադրում կամ նմանակում են մշակութային (այդ թվում՝ էթնիկ ու կրոնական) ժառանգության օբյեկտների պաշտոնական անվանումները կամ պատկերները, դրանց ճանաչելի մասերը՝ առանց այն Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները (Հոդված 3, կետ 2),

- արդյունաբերական նմուշի նկատմամբ առաջնության իրավունքը ճանաչել Փարիզյան կոնվենցիային համապատասխան (Հոդված 5),

- արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագրով տրամադրվող իրավական պահպանության ծավալը որոշել արտադրատեսակի պատկերների վրա արտացոլված՝ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությամբ (Հոդված 7),

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը ժառանգությամբ կամ այլ իրավահաջորդության կարգով փոխանցվի միայն ամբողջությամբ ( Հոդված 10, կետ 2),

- լիցենզային պայմանագրի, ինչպես նաև Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ մասի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրի գրանցումն իրականացնել ՀՀ ազգային արտոնագրային գերատեսչության (այսուհետ՝ ազգային գերատեսչություն) կողմից, որի տարածքի մասով կնքվել է համապատասխան պայմանագիրը (Հոդված 10, կետ 3, պարբերություն 2-րդ),

- տեղեկացնել Եվրասիական գերատեսչությանը արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշման մասին (Հոդված 11, կետ 3, պարբերություն 2),

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի եվրասիական հայտը ներկայացվի Եվրասիական գերատեսչություն, բացի Արձանագրության 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից ( Հոդված 13, կետ 1):

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությունով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

31 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1521

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան