ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
18 մարտի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը գլուխ 20-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով`
«Գ լ ու խ 21
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 153. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում պետական բյուջեն հաստատվելուց հետո` երկամսյա ժամկետում:
Հոդված 154. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ:
Հոդված 155. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում կառավարությունը և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
Հոդված 156. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ:
Հոդված 157. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ:
Հոդված 158. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.
2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու»:
Այդ կապակցությամբ օրենքի 21 և 22 գլուխները համարել համապատասխանաբար 22 և 23 գլուխներ, իսկ 153-156 հոդվածները` 159-162 հոդվածներ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |