ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
22 հոկտեմբերի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հոդված 1. Օրենքի 12 հոդվածը երրորդ մասից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հարցերը տրվում են գրավոր կամ բանավոր: Յուրաքանչյուր գրավոր հարց պետք է վերաբերի մեկ նախարարի իրավասությանը վերապահված բնագավառին:
Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային Ժողովի աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է կառավարություն: Հարցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ կառավարության համապատասխան անդամը պատասխանում է հարցին Ազգային Ժողովի նիստում` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Ազգային Ժողովի աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանը ստանում է գրավոր:
Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային Ժողովի նիստում տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության` պատասխանը պատրաստ լինելուն պես:
Պատգամավորը նիստում երեք րոպեի ընթացքում խոսափողից կրկնում է կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, իսկ վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երեք րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի երկու րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով:
Նախագահողը երկարաձգում է նիստը` կառավարությանն ուղղված գրավոր հարցերը սահմանված ժամկետում սպառելու նպատակով:
Յուրաքանչյուր պատգամավոր Ազգային Ժողովի նիստում մեկ ամսվա ընթացքում կարող է տալ մեկ բանավոր հարց:
Պատգամավորները բանավոր հարցերով կարող են դիմել կառավարությանը, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվել: Բանավոր հարցեր տալու համար նույն նիստում կատարվում է հերթագրում:
Բանավոր հարցերը և դրանց պատասխանները տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորը երկու րոպեի ընթացքում խոսափողից շարադրում է իր հարցը: Վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երկու րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի մեկ րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարցը տալու իրավունքից:
Սույն հոդվածով կանոնակարգված` Ազգային Ժողովի նիստի տեսագրությունն ամբողջությամբ նույն օրը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Բացառիկ դեպքերում, Ազգային Ժողովի նախագահի համաձայնությամբ, հեռարձակումը կարող է հետաձգվել մինչև երեք օր: Հեռարձակումը սկսվում է ժամը 21.00-ին:
Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ»:
Հոդված 2. Օրենքի 45 հոդվածի 3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ազգային Ժողով է ներկայացնում նստաշրջանի և եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Երկու ամիսը մեկ անդրադառնում է նստաշրջանի օրակարգին և կարող է առաջարկություններ անել նրա առանձին հարցեր եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ»:
Հոդված 3. Օրենքի 66 հոդվածում`
հանել երրորդ մասը և չորրորդ մասի առաջին նախադասությունը, այդ կապակցությամբ չորրորդ և հինգերորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ մասեր.
չորրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այդ կապակցությամբ մինչև օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելը Ազգային Ժողովի աշխատակազմը նախաձեռնության հեղինակին, նրա պահանջով, ներկայացնում է անհրաժեշտ փոփոխությունների ցանկը».
ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր`
«Նախագծերն Ազգային Ժողովի նախագահին են ներկայացվում Ազգային Ժողովի աշխատակազմի միջոցով: Վերջինս հնգօրյա ժամկետում օրենսդրական նախաձեռնությանը կից Ազգային Ժողովի նախագահին ներկայացնում է տեղեկանք` սույն հոդվածի պահանջները բավարարող անհրաժեշտ փաստաթղթերի առկայության մասին:
Ազգային Ժողովի նախագահն օրենսդրական նախաձեռնությունը տեղեկանքի հետ սահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:
Գլխադասային հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություն` սույն հոդվածի պահանջներին օրենսդրական նախաձեռնության համապատասխանության մասին»:
Հոդված 4. Օրենքի 67 հոդվածում`
առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կանոնակարգի 66 հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները ստանալուց հետո Ազգային Ժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը, իսկ օրենքների նախագծերը` նաև կառավարություն` վարչապետին»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ-ութերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ-յոթերորդ մասեր.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`
«Օրենսդրական նախաձեռնությունը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ոչ ուշ, քան նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց երկու ամիս հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ` Ազգային Ժողովի որոշմամբ»:
Հոդված 5. Օրենքի 69 հոդվածում`
առաջին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկվում է Ազգային Ժողովի որոշման նախագիծ, և այդ նախաձեռնությունը ստորագրել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ապա այն, առանց քվեարկության և կանոնակարգի 67 հոդվածով նախատեսված ընթացակարգի պահպանման, ընդգրկվում է հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի օրակարգում և քննարկվում է արտահերթ».
չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ազգային Ժողովի նախագահը, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված օրենսդրական նախաձեռնությունը ստանալուն պես, այն ուղարկում է հանձնաժողովներ»:
Հոդված 6. Օրենքի 74 հոդվածը «քվեարկության դնելով» բառերից հետո լրացնել «նստաշրջանի» բառով:
Հոդված 7. Օրենքի 91 հոդվածի երրորդ մասը հանել:
Հոդված 8. Օրենքի 100 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմնական զեկուցողը կարող է անել հետևյալ առաջարկություններից մեկը`
1) նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ընդունել առաջին ընթերցմամբ.
2) նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ընդունել երկրորդ ընթերցմամբ կամ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ.
3) նախագիծն ընդունել երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ.
4) նախագիծը հանել քննարկումից»:
Հոդված 9. Օրենքի 101 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 101. Եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը կառավարությունն է, և հիմնական զեկուցողն արել է կանոնակարգի 100 հոդվածի երկրորդ մասի 1, 2, 3 կետերով նախատեսված առաջարկություններից որևէ մեկը, և այն չի ընդունվել, ապա վարչապետը կամ նրա կողմից լիազորված կառավարության անդամը քվեարկությունից անմիջապես հետո կարող է պահանջել մեկ ժամ տևողությամբ ընդմիջում` օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ կառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար: Եթե ընդմիջումից անմիջապես հետո վարչապետն օրենքի նախագիծը չընդունելու առնչությամբ դնում է կառավարության վստահության հարցը, ապա սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման չընդունվելու դեպքում, օրենքի նախագիծը համարվում է ամբողջությամբ ընդունված:
Հիմնական զեկուցողն իրավունք ունի նախագիծը քննարկումից հանելու մասին առաջարկությունն անել ցանկացած քվեարկությունից առաջ: Առաջարկությունն ընդունվում է առանց քվեարկության` չհանելով հարցը նստաշրջանի օրակարգից»:
Հոդված 10. Օրենքի 119 հոդվածում` առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրենքների նախագծերը քննարկվում և ընդունվում են առնվազն երկու ընթերցմամբ:
Ազգային Ժողովի որոշումները կարող են ընդունվել երկու ընթերցմամբ».
երրորդ մասը հանել և այդ կապակցությամբ չորրորդ և հինգերորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ մասեր:
Հոդված 11. Օրենքի 120 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Որպես հիմք ընդունված նախագիծը համարվում է առաջին ընթերցմամբ ընդունված, եթե Ազգային Ժողովն այդ մասին ընդունում է որոշում»:
Հոդված 12. Օրենքի 123 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Եթե առաջին ընթերցումից հետո նախագծում ավելացվել են նոր հոդվածներ, ապա դրանք երկրորդ ընթերցման ժամանակ ընդունվում են երկու ընթերցմամբ»:
Հոդված 13. Օրենքը 21 գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22 գլխով`
«Գ Լ ՈՒ Խ 22.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 156. Ազգային Ժողովի կանոնակարգում փոփոխություններն ընդունվում են հոդված առ հոդված քվեարկությամբ»:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|