Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
«10» սեպտեմբերի 1996 թ.
Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման եվ ուժի մեջ մտնելու կարգի մասին
Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքների, մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումների, ինչպես նաև օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության մասին սահմանադրական դատարանի որոշումների կոդավորման, հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:
Հոդված 2. Նորմատիվ իրավական է այն ակտը, որը սահմանում, վերացնում կամ փոփոխում է ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:
Հոդված 3. Օրենքների և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերի հրատարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» պարտադիր է և համարվում է պաշտոնական հրապարակում:
Հոդված 4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» կառավարության կողմից հրատարակվող պաշտոնական պարբերական է:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամիսը առնվազն 2 անգամ:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ բաժինների հրապարակվում են`
1) Հայաստանի Հանրապետության օրենքները.
2) մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.
3) Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները.
4) Ազգային ժողովի նորմատիվ որոշումները.
5) կառավարության և վարչապետի նորմատիվ որոշումները.
6) օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների` Սահմանադրությանը համապատասխանության մասին սահմանադրական դատարանի որոշումները:
Հոդված 5. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, եթե տվյալ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:
Պատերազմ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ է մտնում Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի նախագահի կողմից զանգվածային լրատվության միջոցներով դրա հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանի սույն օրենքի 1 հոդվածում նշված որոշումներն ուժի մեջ են մտնում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված կարգով:
Հոդված 6. Օրենքները հրապարակում է Հանրապետության Նախագահը: Այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակում են դրանք ընդունող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:
Հոդված 7. Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակելիս նշվում է դրանց կոդը, անվանումը, ընդունման, վավերացման կամ ստորագրման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, գրանցման համարը:
Իրավական ակտի կոդը պարունակում է`
1) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.
2) իրավական ակտի գրանցման համարը.
3) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.
4) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.
5) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:
Իրավական ակտերի կոդավորման համակարգը հաստատում է կառավարությունը:
Օրենքները և սույն օրենքի 1 հոդվածում նշված այլ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» ըստ հրապարակման ուղարկվելու հերթականության:
Հոդված 8. Նախարարությունների և այլ գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերինը` կենտրոնական բանկը:
Հոդված 9. Օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակում իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել`
1. «Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակելու և ուժի մեջ մտցնելու կարգի մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1975 թվականի մարտի 26-ի հրամանագիրը.
2. «Հայկական ԽՍՀ օրենքների, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումների և մյուս ակտերի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերի ու որոշումների հրապարակման աշխատանքը կազմակերպելու մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 հոկտեմբերի 1996 թ. ՀՕ-79 |