ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«2» ապրիլի 1996 թ.
«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներից» հանել 7 հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 2. Հիմունքների 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 10. | Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը |
Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ:
Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին»:
ՀՈԴՎԱԾ 3. Հիմունքների 14 հոդվածում.
առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին».
հանել երկրորդ մասը:
ՀՈԴՎԱԾ 4. Հիմունքների 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 16. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը և նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունները (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում և այլն), որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
ՀՈԴՎԱԾ 5. Հիմունքներից հանել 17 հոդվածը:
ՀՈԴՎԱԾ 6. Հիմունքների 25 հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից»:
ՀՈԴՎԱԾ 7. Հիմունքներում «բնության պահպանության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «բնության պահպանության լիազորված պետական մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
25 ապրիլի 1996 թ. ՀՕ-48 |