ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994 թ. Հ.Ն.-1072-1
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենքի 2 հոդվածում`
առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է».
երկրորդ մասից հանել «այլ նյութական արժեքների» բառերը.
հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել չորրորդ մաս.
չորրորդ մասի «բ» և «գ» կետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով շահութահարկի հաշվարկումը և վճարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
Այդ կապակցությամբ հոդվածի «դ» կետը համարել «գ» կետ.
հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, եթե դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների)»:
2. Օրենքի 4 հոդվածի «է» կետից հանել «բանկերի» բառը:
3. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջինիս հանձնարարությամբ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առանձին ծախսերի համար սահմանված են նորմաներ, ապա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախսերի մեջ ներառնվող գումարները նախատեսվում են այդ նորմաների շրջանակներում»:
4. Օրենքի 6 հոդվածում «սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
5. Օրենքի 7 հոդվածում «կատարված ծախսերի հիման վրա» բառերը փոխարինել «կատարված ծախսերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
6. Օրենքի 8 հոդվածում`
հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը նվազեցվում է».
հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
7. Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 45 տոկոս դրույքաչափով:
Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:
Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ:
Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ (այդ թվում շահութահարկի հաստատագրված վճարման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով, շահութահարկ են վճարում գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափով: Այդ նպատակով վճարողի կողմից, ըստ գործունեության առանձին տեսակների, պետք է տարվի շահույթի հաշվառում:
Եթե ըստ գործունեության առանձին տեսակների շահույթի հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով»:
(խմբ. 09.11.95թ. օրենքով)
8. Օրենքի 22 հոդվածում`
հոդվածի առաջին մասում «շահույթ ստանալուն հաջորդող առաջին երկու տարում» բառերը փոխարինել «պետական գրանցման օրվան հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում» բառերով.
հոդվածի երրորդ մասում «լուծարված ձեռնարկությունների մասնաճյուղերի և ստորաբաժանումների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին» բառերը փոխարինել «լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկություններին» բառերով:
9. Օրենքի 23 հոդվածում`
հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Սույն օրենքի 8 հոդվածի համաձայն հաշվարկված շահույթը նվազեցվում է».
հոդվածի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակով ձեռնարկության, կազմակերպության տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին կատարված կապիտալ ներդրումների 30 տոկոսի չափով».
հոդվածի «ժա» կետում «զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն» բառերը փոխարինել «պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն» բառերով:
10. Օրենքի 25 հոդվածը հանել:
11. Օրենքի 27 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, շահութահարկի հաշվարկների և հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով»:
(խմբ. 09.11.95թ. օրենքով)
12. Օրենքի 28 հոդվածում`
հոդվածի առաջին մասում «(բացառությամբ սույն օրենքի 30 և 31 հոդվածներում թվարկվածների)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածում թվարկվածների)» բառերով.
հոդվածի չորրորդ մասը հանել:
Այդ կապակցությամբ հոդվածի հինգերորդ մասը համարել չորրորդ մաս:
13. Օրենքի 30 հոդվածում «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք» բառերով:
14. Օրենքի 31 հոդվածում`
հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Բոլոր հարկատուները (բացառությամբ սույն օրենքի 30 հոդվածում թվարկվածների) իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ: Ընդ որում`
ա) եռամսյակային հաշվապահական հաշվետվություններն ու շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսի 15-ը.
բ) տարեկան հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն օրենքի 27 հոդվածի 2-րդ մասին համապատասխան սահմանված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը».
հոդվածի երրորդ մասում «տարեկան հաշվապահական հաշվետվություններ ու հաշվեկշիռներ» բառերը փոխարինել «տարեկան հաշվապահական հաշվետվություններ, հաշվեկշիռներ և շահութահարկի հաշվարկներ» բառերով:
15. Օրենքի 33 հոդվածի առաջին մասում «ռուբլով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության պետբանկի առևտրային արժութային կուրսից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով կամ արտարժույթով` վճարողի ցանկությամբ, ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային արժութային կուրսից» բառերով:
16. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. Շահութահարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից շահութահարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:
Շահութահարկի ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետի ընթացքը»:
17. Օրենքի 35 հոդվածը հանել:
18. Օրենքի 41 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ»:
II. Սույն օրենքը կիրարկել 1994 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 թ. |