ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը կամավոր հիմունքներով միավորված Հայաստանի Հանրապետության ընտրական տարիք ունեցող քաղաքացիների միավորում է, ունի ծրագիր ու կանոնադրություն, ընտրությունների միջոցով մասնակցում է պետական իշխանության մարմինների կազմավորմանը, դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին:
ՀՈԴՎԱԾ 2.
հԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունը կազմավորվում է հասարակական-քաղաքական կազմակերպության համագումարում կամ հիմնադիր ժողովում հասարակական-քաղաքական կազմակերպության ծրագրի, կանոնադրության հաստատմամբ, ղեկավար մարմինների ընտրությամբ:
Արդարադատության և ներքին գործերի նախարարություններում, պետական անվտանգության կոմիտեում, դատախազությունում, պետական արբիտրաժում, դատական մարմիններում, մաքսային ծառայությունում աշխատող, ինչպես նաև բանակում ծառայող քաղաքացիները նշված մարմիններում աշխատելու կամ ծառայելու ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
ՀՈԴՎԱԾ 3.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում` ղեկավարվելով իր կանոնադրությամբ և ծրագրով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրավահավասար են:
Հասարակական-քաղաքական կազմակերպության ղեկավար մարմինը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը իրավունք չունի`
- ղեկավարվել Հայաստանի տարածքից դուրս գործող կազմակերպությունների, պետական մարմինների կողմից, մտնել այդ կազմակերպությունների կազմակերպական կառուցվածքի մեջ.
- ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանության պետական և քաղաքական կարգի բռնի փոփոխություն, քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ ուղղված բռնի գործողություններ, հանդես գալ նման կոչերով, համագործակցել բռնություն ձեռնարկող կազմակերպությունների հետ.
- հրահրել թշնամանք ազգային, ռասայական, կրոնական, սոցիալիստական խմբերի միջև.
- ֆինանսական և նյութական օգնություն ստանալ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աղբյուրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, պետական հաստատություններից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
- հիմնել կազմակերպական կառուցվածքներ պետական մարմիններում, ինչպես նաև հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում.
- ունենալ ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտներ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
- զբաղվել օրենսդրությանը հակասող այլ գործունեությամբ:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունների օրինական գործունեությանը խոչընդոտելը հետապնդվում է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 4.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը կատարվում է դիմումը, կանոնադրությունը, համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, եթե սույն օրենքի պահանջները խախտված չեն:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է, եթե արդեն գրանցված է նույն անվանմամբ այլ հասարակական-քաղաքական կազմակերպություն:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժելու դեպքում այդ մասին հիմնադիրները իրազեկ են պահվում գրավոր, ոչ ուշ, քան գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտից երեք օր հետո, նշելով մերժման պատճառները:
Կանոնադրության փոփոխությունները գրանցվում են սույն հոդվածում սահմանված կարգով:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից հասարակական-քաղաքական կազմակերպությունը, ինչպես նաև կանոնադրության մեջ թվարկված կազմակերպությունները ձեռք են բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը գրանցելու մերժումը կարող է գանգատարկվել Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանին:
ՀՈԴՎԱԾ 5.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որն իր անօրինական գործողություններով նյութական կամ բարոյական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, քաղաքացիներին կամ թույլ տվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումներ, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 6.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հասարակական-քաղաքական կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել շինություններ, դրամական, փոխադրական միջոցներ, գույք, որոնք անհրաժեշտ են իր ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը պետական ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների հետ վարկային հիմունքներով կամ վարձակալական պայմանագրով կարող է օգտվել նրանց շինություններից և գույքից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության միջոցները գոյանում են անդամավճարներից, հրատարակչական գործունեությունից, ոչ պետական աղբյուրներից ստացող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության եկամուտները ենթակա են հարկման` օրենքով սահմանված կարգով:
Հասարակական-քաղաքական կազմակերպության եկամուտների, դրանց աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև սեփականության օրինականությունը ենթակա է պետական ֆինանսական վերահսկողության:
Հասարակական-քաղաքական կազմակերպությունը ֆինանսական մարմիններին ներկայացնում է հայտարարություն տարեկան ֆինանսական գործունեության մասին, որը հրապարակվում է մամուլում:
ՀՈԴՎԱԾ 7.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ և ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կամ արդարադատության նախարարության ներկայացմամբ հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կասեցնում կամ արգելում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման դեպքում նրա ղեկավար մարմիններին գրավոր տեղեկություն է տրվում որոշման և հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից թույլ տրված օրենքի խախտումների մասին, նշանակվում է այդ խախտումների վերացման ժամկետ:
Օրենքի խախտումների վերացումից հետո հասարակական-քաղաքական կազմակերպությունը այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, որը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նշանակած ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հասարակական-քաղաքական կազմակերպությանը գործունեությունը շարունակելու թույլատվություն է տալիս:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանը կարող է վերանայել արդարադատության նախարարության ներկայացմամբ:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեության կասեցման ընթացքում նրան արգելվում է օգտվել սույն օրենքով նախատեսված իրավունքներից:
Հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կարող է կասեցվել մինչև վեց ամիս ժամկետով:
Եթե հասարակական-քաղաքական կազմակերպությունը իր գործունեության կասեցումից հետո չի վերացնում խախտումները կամ կասեցման օրից մեկ տարվա ընթացքում թույլ է տալիս օրենքի նոր խախտում, նրա գործունեությունը կասեցվում է մեկ տարով, սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով:
Գործունեության կրկնակի կասեցումից հետո մեկ տարվա ընթացքում օրենքների նոր խախտման դեպքում հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կարող է արգելվել սույն հոդվածի 1-ին մասում նշված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության օրինականությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության օրինականության վերաբերյալ արդարադատության նախարարություն դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հասարակական, հասարակական- քաղաքական կազմակերպությունները, պետական մարմինները, այլ իրավաբանական անձինք:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
26 փետրվարի 1991 թվականի, քաղ. Երևան Հ. Ն.-0266-1 |