ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
12 փետրվարի 1992 թ.
Հ.Ն.-0510-1
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1.
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սույն օրենքը սահմանում է ձեռնարկատիրական գործունեության հիմունքները, ձեռներեցների իրավունքները և պարտականությունները, ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակները, դրանց ստեղծման, գործելու և գործունեության դադարեցման հիմքերը:
ՀՈԴՎԱԾ 2. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկության և ձեռներեցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, օրենսդրական այլ ակտերով, ձեռնարկության կանոնադրությամբ և այլ հիմնադիր փաստաթղթերով, ինչպես նաև պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ կանոններ, քան պարունակվում են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:
ՀՈԴՎԱԾ 3. | ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ |
Սույն օրենքով կարգավորվում է ձեռներեցների և տարբեր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկությունների գործունեությունը:
Օրենքի գործողության ոլորտին չեն վերաբերում`
ա) բանկային հիմնարկների և ֆինանսական հաստատությունների գործունեությունը.
բ) քաղաքացիների կողմից քաղաքացիական-իրավական պայմանագրերով կատարվող միանվագ վճարովի աշխատանքները.
գ) գիտության, տեխնիկայի, մշակույթի ոլորտում քաղաքացիների ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը.
դ) պետական կառավարման մարմինների գործունեությունը:
ՀՈԴՎԱԾ 4. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկություն է հանդիսանում այն կազմակերպական միավորը, որը իրեն պատկանող կամ սեփականատիրոջ (հիմնադրի) կողմից հատկացված գույքով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իր անունից կամ լիազորագրի հիման վրա ձեռք է բերում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ և պատասխանատվություն է կրում ստանձնած պարտավորությունների կատարման համար:
ՀՈԴՎԱԾ 5. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ (ՀԻՄՆԱԴԻՐԸ) |
Հայաստանի Հանրապետությունում հավասար իրավունքներով ձեռնարկության սեփականատեր կամ հիմնադիր կարող են լինել Հայաստանի Հանրապետությունը և այլ պետություններ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ, քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, եթե սույն օրենքով և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
ՀՈԴՎԱԾ 6. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները տարբերակվում են ըստ իրենց սեփականատիրոջից (սեփականատերերից) առանձնացված իրավունքի սուբյեկտ լինելու և գույքային պատասխանատվության աստիճանի:
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունը հանդիսանում է իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: Այդպիսի ձեռնարկության գույքը, իրավունքներն ու պարտականություններն առանձնացված են դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) այլ գույքից, իրավունքներից և պարտականություններից: Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկության պարտավորությունների համար պատասխանատու է այդ իրավաբանական անձը: Սեփականատերը (սեփականատերերը) պատասխանատու չէ իր այլ գույքով:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը չի համարվում իր սեփականատիրոջից (սեփականատերերից) առանձին իրավունքի սուբյեկտ: Այդպիսի ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) ձեռնարկության պարտավորությունների համար պատասխանատու է իր ունեցած այն գույքով, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարելի է բռնագանձում տարածել:
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները տնտեսական գործունեության բնագավառում ունեն նույն իրավասությունը:
ՀՈԴՎԱԾ 7. | ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ (ձեռներեց) են հանդիսանում անհատ ձեռներեցը, ձեռնարկության սեփականատերը (հիմնադիրը) կամ նրա կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինը (Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները):
Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ձեռներեցների կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած տնտեսական գործունեությունը:
ՀՈԴՎԱԾ 8. | ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԸ |
Անհատ ձեռներեց է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում է աշխատանքներ:
Անհատ ձեռներեցը պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վկայական և իր ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է այդ վկայականի հիման վրա, որը հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել անհատ ձեռներեցներ օտարերկրյա ներդրումների կարգավորմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Անհատ ձեռներեցը կարող է զբաղվել վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա: Նա չի կարող ունենալ վարձու աշխատողներ:
Անհատ ձեռներեցը իրավունք ունի մասնակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհատ ձեռներեցների համար չարգելված գործունեություն իրականացնելու համար իր միջոցները միավորել ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության միջոցների հետ:
ՀՈԴՎԱԾ 9. | ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկատիրական գործունեության հիմնական սկզբունքը ձեռներեցության ազատությունն է, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում պայմանադիր կողմեր ընտրելու, պայմանագրեր և պայմանադիր կողմերի հետ համաձայնագրեր կնքելու, արտադրանքի, մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների գներ սահմանելու, գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման, աշխատողներ վարձելու և աշխատանքից ազատելու, նրանց վարձավճարը որոշելու ազատությունը: Ձեռներեցը չի կարող խախտել իր ձեռնարկատիրական գործունեության պայմանադիր կողմերի, այլ գործընկերների, աշխատողների, իր արտադրանքը սպառողների, պետական և իշխանության տեղական մարմինների, ինչպես նաև այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները:
Ձեռներեցը որպես անհատ ձեռներեց կամ իրեն պատկանող կամ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով իր տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնած ձեռնարկության միջոցով կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
Ձեռնարկատիրական գործունեության առանձին ձևեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել որպես պետական մենաշնորհ կամ արգելվել ձեռնարկությունների տարբեր կազմակերպական-իրավական տեսակների համար:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 10. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունը հիմնադրվում է`
ա) սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված մարմնի որոշմամբ.
բ) սեփականատիրոջ, հիմնադրի, երաշխավորողի որոշմամբ, եթե դրանք տարբեր անձինք են և եթե հիմնադրի և (կամ) երաշխավորողի մասնակցությունը նախատեսված է սույն օրենքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության հիմնադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) սեփականատիրոջ համաձայնության դեպքում` աշխատավորական կոլեկտիվի որոշմամբ:
Ձեռնարկությունը կարող է հիմնադրվել`
որպես նոր ստեղծվող, եթե այն չի հանդիսանում որևէ այլ ձեռնարկության իրավահաջորդը.
այլ ձեռնարկության (ձեռնարկությունների) հիման վրա, հանդիսանալով դրա (դրանց) իրավահաջորդը:
Այլ ձեռնարկության (ձեռնարկությունների) հիման վրա ձեռնարկության հիմնադրում կարող է տեղի ունենալ`
գործող ձեռնարկությունից մեկ կամ մի քանի ստորաբաժանումների անջատմամբ.
մի քանի ձեռնարկությունների միացմամբ կամ միաձուլմամբ.
ձեռնարկությունը վարձակալության կամ լիազորագրային կառավարման հանձնելու ձևով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:
Այլ ձեռնարկության (ձեռնարկությունների) հիման վրա ձեռնարկություն (ձեռնարկություններ) կարող է ստեղծվել հարկադրաբար` Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային, սեփականաշնորհմանը վերաբերող, ինչպես նաև այլ օրենսդրության պահանջներից ելնելով:
Այլ ձեռնարկության (ձեռնարկությունների) հիման վրա ստեղծված ձեռնարկության (ձեռնարկությունների) սեփականության ձևը պայմանավորված է բազային ձեռնարկության (ձեռնարկությունների) սեփականության ձևով, բացառությամբ սեփականաշնորհման, ազգայնացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 11. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ |
Ելնելով ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակից, նրա հիմնադիր փաստաթղթեր կարող են հանդիսանալ` հիմնադրման, վարձակալության, լիազորագրային կառավարման մասին պայմանագրերը, կանոնադրությունը, գործունեության կանոնակարգը կամ արձանագրությունը (ակտը) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր: Հիմնադիր փաստաթղթերում նշվում են ձեռնարկության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակները, խնդիրներն ու բնագավառները, գույքի կազմավորման և եկամուտների գոյացման ու բաշխման կարգը, գործունեության, հսկողության և կառավարման կազմակերպումը, վերակառուցման և գործունեության դադարեցման պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ` ելնելով ձեռնարկության տվյալ կազմակերպական-իրավական տեսակի առանձնահատկություններից:
ՀՈԴՎԱԾ 12. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները, ինչպես նաև բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի կողմից: Չգրանցված ձեռնարկությունների գործունեությունն արգելվում է և դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու կամ ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը փոխելու դեպքում սեփականատերը կամ հիմնադիրը պարտավոր է տասնօրյա ժամկետում ձեռնարկությունը գրանցած պետական մարմնին հայտնել նոր տվյալները կամ վերջինիս հաստատմանը ներկայացնել համապատասխան հիմնադիր փաստաթղթերը:
Ձեռնարկությունը գրանցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
գրանցման մասին դիմումը` ստորագրված հիմնադրի (հիմնադիրների) կողմից.
հիմնադիր փաստաթղթերը.
անհրաժեշտության դեպքում` տվյալ գործունեությամբ զբաղվելու լիցենզիան.
ձեռնարկության տվյալ կազմակերպական-իրավական տեսակը գրանցելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից:
Ձեռնարկությունը պետք է գրանցվի պետական լիազորված մարմնի կողմից` գրանցման համար այդ մարմնին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու և գրանցամատյանում գրառում կատարելու պահից 30 օրվա ընթացքում: Ձեռնարկության պետական գրանցման, հիմնադիր փաստաթղթերի մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու համար գանձվում է վարձ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկության գրանցումը պետական լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի պահանջների խախտման, ինչպես նաև օրենսդրության պահանջներին հիմնադիր փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում: Պետական գրանցման մերժումն այլ պատճառներով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:
Եթե ձեռնարկության հիմնադիրը (հիմնադիրները) բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում նշում կատարելու պահից 45 օրվա ընթացքում գրանցման պաշտոնական մերժում չեն ստանում, ապա ձեռնարկությունը համարվում է գրանցված, իսկ գրանցումը իրականացնող պետական լիազորված մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում տալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գրանցման փաստաթուղթը:
Սահմանված ժամկետում ձեռնարկությունը չգրանցելը, ինչպես նաև գրանցման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
ՀՈԴՎԱԾ 13. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ՀԱՍՑԵՆ) |
Ձեռնարկության գտնվելու վայր (հասցե) է համարվում նրա ղեկավար մարմնի գտնվելու վայրը, որը պետք է նշված լինի ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կամ որի մասին հաղորդվել է պետական գրանցման լիազորված մարմնին:
Ձեռնարկության գտնվելու վայրը որոշելիս նշանակություն չունի, թե որտեղ և քանի տեղ է իրականացվում ձեռնարկության արտադրական և այլ գործունեությունը, բացառությամբ ձեռնարկության ընդհանուր ղեկավարման հետ կապված գործունեության:
Ձեռնարկությունը հիմնադիր փաստաթղթերում նախատեսված կարգով կարող է փոխել իր գտնվելու վայրը: Ձեռնարկության գտնվելու վայրի փոփոխման մասին պետք է 10 օրվա ընթացքում հայտնվի պետական գրանցման այն մարմնին, որը վարում է ձեռնարկության վերաբերյալ գործը:
ՀՈԴՎԱԾ 14. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ |
Ձեռնարկությունը չի կարող սկսել իր արտադրական գործունեությունը կամ փոփոխել նրա իրականացման պայմանները, եթե ձեռնարկության կողմից կատարված չեն աշխատանքի անվտանգության և պաշտպանության, հակահրդեհային անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:
ԳԼՈՒԽ II
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 15. | ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Անհատական է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է անհատին անձնական սեփականության իրավունքով:
Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ անձանց` նրանց համատեղ սեփականության իրավունքով:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները, որպես կանոն, գործում են սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնական աշխատանքի հիման վրա: Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը կարող է գործել վարձու աշխատողների ընդգրկմամբ:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրանց համար չարգելված տնտեսական գործունեության ցանկացած ձևերով:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկություն կարող են հիմնադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Անհատական (ընտանեկան) ձեռնարկության անվանման մեջ պետք է նշվի սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը:
Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք անհատական (ընտանեկան) ձեռնարկություն հիմնադրելիս օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներից:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում անհատական (ընտանեկան) ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար և, ընդհակառակը, անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) անձնական պարտավորությունների նկատմամբ ունեցած պատասխանատվությունը տարածվում է նաև այդ ձեռնարկության գույքի վրա:
Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ստեղծման ու գրանցման համար անհրաժեշտ է սեփականատիրոջ (սեփականատերերի) դիմումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիան:
Գյուղացիական տնտեսությունը գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային արտադրություն իրականացնող ընտանեկան կամ անհատական ձեռնարկություն է: Գյուղացիական տնտեսության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՈԴՎԱԾ 16. | ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:
Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար: Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն:
Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն: Կոմանդիտային ընկերակցության մեջ պետք է առկա լինեն առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ:
Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և (կամ) գույքային ավանդները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ:
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար:
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում: Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ:
Այլ պետությունների ձեռնարկությունները, կազմակերպությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ընկերակցության անդամ լինել այն դեպքում, եթե գրանցված են որևէ օտարերկրյա տնտեսական ռեգիստրում: Օտարերկրյա մասնակիցները ընկերակցության պետական գրանցման համար ներկայացնում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք պահանջվում են համատեղ ձեռնարկության օտարերկրյա մասնակցի համար:
ՀՈԴՎԱԾ 17. | ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐ |
Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ գործող ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ (եկամուտ) կամ այլ օգտակար արդյունք ստանալու նպատակով:
Արտադրական կոոպերատիվի անդամներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: Անդամը կարող է ներդնել նաև գույքային ավանդ, որը գրանցվում է, սակայն չի որոշում արտադրական կոոպերատիվի կառավարման և շահույթի (եկամուտների) բաշխման բնագավառում կոոպերատիվի անդամի իրավունքները:
Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի աշխատանքային պայմանագրերի հիման վրա ներգրավելու վարձու աշխատողներ առանց նրանց թվաքանակի սահմանափակման:
Արտադրական կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է:
Արտադրական կոոպերատիվի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով: Արտադրական կոոպերատիվը իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Գույքը չբավականացնելու դեպքում արտադրական կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում արտադրական կոոպերատիվում իրենց ստացած փաստացի եկամտի չափով` մեկ տարում ստացած եկամտից ոչ պակաս, այդ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտադրական կոոպերատիվի շահույթը (եկամուտը) բաշխվում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով` անդամների ընդհանուր ժողովի կողմից, հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը:
Արտադրական կոոպերատիվի լուծարումից և նրա բոլոր պարտավորությունների մարումից հետո մնացած գույքը բաշխվում է արտադրական կոոպերատիվի անդամների միջև` նրա կանոնադրությամբ սահմանված կարգով, հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը:
ՀՈԴՎԱԾ 18. | ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎ |
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվները կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իրենց անդամների անձնական աշխատանքային և (կամ) գույքային մասնակցությամբ գործող ձեռնարկություններ են, որոնց անդամներին կանոնադրությամբ արգելվում է շահույթից մաս ստանալ:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի անդամներ կարող են լինել քաղաքացիները և (կամ) գյուղացիական տնտեսությունները: Սպառողական (սպասարկման) կոոպերատիվները ստեղծվում են իրենց անդամների գործունեությանն օժանդակելու և նրանց ծառայություններ մատուցելու համար: Սպառողական (սպասարկման) կոոպերատիվը կարող է իրականացնել միայն իր կանոնադրության մեջ սահմանված և նրա ստեղծման նպատակից բխող գործունեության ձևերը: Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են արգելվել գործունեության առանձին տեսակներ:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվներն իրենց գործունեության իրականացման համար կարող են աշխատանքային պայմանագրերով ներգրավել վարձու աշխատողներ: Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի գործունեության մեջ նրա անդամի անձնական աշխատանքային մասնակցության ձևերը և վճարման հարցերը կարգավորվում են այդ կոոպերատիվի կանոնադրությամբ:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի անդամների գույքային ավանդները ներդրվում են նրա գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման և (կամ) գործունեության հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար` կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի պարտավորությունների նկատմամբ նրա անդամների գույքային պատասխանատվությունը սահմանափակվում է կոոպերատիվի գործունեության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման և (կամ) գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար նրա անդամների գույքային ներդրումների չափերով:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվի լուծարումից և նրա բոլոր պարտավորությունները կատարվելուց հետո մնացած գույքը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև` կանոնադրությամբ սահմանված կարգով:
Սպառողական (սպասարկման) կոոպերատիվները չեն կարող հիմնադրել որևէ ձեռնարկություն, ինչպես նաև բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
ՀՈԴՎԱԾ 19. | ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը իրավաբանական անձ հանդիսացող, կոլեկտիվ և խառը սեփականության վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրություն ապահովող ձեռնարկություն է: Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության հարցերը կարգավորվում են սույն օրենքով և «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՈԴՎԱԾ 20. | ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Բաժնետիրական ընկերություն է համարվում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձ հանդիսացող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկությունը: Բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը բաժանված է նախօրոք սահմանված քանակով և անվանական արժեքով բաժնետոմսեր կոչվող մասերի:
Կանոնադրական հիմնադրամ է կոչվում նախօրոք որոշված այն դրամագլուխը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է բաժնետերերի կողմից մուծվի որպես ընկերության մասնակից դառնալու համար ներդրում` իրենց հասանելիք բաժնետոմսերի համար: Կանոնադրական հիմնադրամի մեծությունը որոշվում է ընկերության հիմնադիրների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բաժնետիրական ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու հիմնադիր: Եթե բաժնետիրական ընկերության գործելու ընթացքում մնում է միայն մեկ բաժնետեր, ապա ընկերությունը կարող է իր գործունեությունը շարունակել որպես այդպիսին:
Օտարերկրյա քաղաքացիները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են հիմնադրել բաժնետիրական ընկերություններ և անդամակցել բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ հավասար իրավունքներով:
Բաժնետիրական ընկերության պարտավորությունների համար նրա մասնակցի պատասխանատվությունը սահմանափակվում է մասնակցի ունեցած բաժնետոմսերի անվանական արժեքով:
Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության գրանցումը մասնակիցները պետք է կատարեն դրամական ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին:
Բաժնետիրական ընկերությունները կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կամ տնտեսական ընկերակցությունների մասնակիցներ, ինչպես նաև դուստր ձեռնարկությունների հիմնադիրներ:
Բաժնետիրական ընկերությունը կոչվում է բաց, եթե բաժնետոմսերի տարածումը իրականացվում է ազատ բաժանորդագրության ձևով և փակ` եթե բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների միջև, առանց ազատ բաժանորդագրության: Բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հետագա շրջանառությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց ազատ առուծախի միջոցով: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ազատ առուծախի ենթակա չեն:
Փակ բաժնետիրական ընկերության տարատեսակ է աշխատակիցների սեփականություն հանդիսացող (ժողովրդական) ձեռնարկությունը, որի բաժնետերեր կարող են լինել միայն տվյալ ձեռնարկության աշխատակիցները: Բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է:
ՀՈԴՎԱԾ 21. | ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է հանդիսանում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, սեփականատերերի պարտադիր գույքային մասնակցությամբ ձեռնարկությունը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու հիմնադիր: Եթե ընկերության գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է իր գործունեությունը շարունակել որպես այդպիսին:
Օտարերկրյա քաղաքացիները, ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիություն չունեցող անձինք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կարող են հիմնադրել և դրանց անդամակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ հավասար իրավունքներով:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական հիմնադրամ է կոչվում նախօրոք որոշված այն դրամագլուխը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ընկերության անդամների կողմից մուծվի որպես ընկերության մասնակից դառնալու համար ներդրում: Կանոնադրական հիմնադրամի մեծությունը որոշվում է ընկերության հիմնադիրների կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով: Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակով և անվանական արժեքի բաժնեմասերի:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անդամի պատասխանատվությունը ընկերության պարտավորությունների համար սահմանափակվում է իրեն պատկանող բաժնեմասի անվանական արժեքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ արժեքից ավելի հայտարարված երաշխավորության չափով:
Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը հիմնադիրները պետք է կատարեն դրամական ձևով ներդրումներ և մուծեն բանկային հիմնարկի հատուկ հաշվին:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում հանդես գալ որպես այլ ընկերությունների և ընկերակցությունների հիմնադիր կամ մասնակից, ինչպես նաև հիմնադրել դուստր ձեռնարկություններ:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անդամները կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց բաժնեմասերը օտարել միայն ընկերությանը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարատեսակ է հանդիսանում աշխատակիցների սեփականություն հանդիսացող (ժողովրդական) ձեռնարկությունը, որի բաժնեմասերը կարող են պատկանել միայն տվյալ ձեռնարկության աշխատակիցներին:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր փաստաթղթեր են հանդիսանում կանոնադրությունը և հիմնադիր պայմանագիրը:
ՀՈԴՎԱԾ 22. | ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Հասարակական ծառայությունների ձեռնարկությունը բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն հանդիսացող ձեռնարկություն է, որի գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման պետական կառավարման կամ իշխանության տեղական լիազորված մարմինների կողմից: Հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են գործունեության թույլատրված տեսակներ:
Պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուկ կարգավորում է հասարակական ծառայությունների ձեռնարկությունների`
արտադրանքի, մատուցված ծառայությունների կամ կատարած աշխատանքների ծավալը, գները և սպառողների ընտրությունը.
նյութական ծախսերի կառուցվածքը և գները.
մեկ մասնակցին հասնող բաժնետոմսերի առավելագույն քանակը և գումարը.
բաժնետոմսերի վաճառքի կարգը քաղաքացիներին, այդ թվում ձեռնարկությունում զբաղվածներին.
իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների բաժնետեր դառնալու կարգը.
բաժնետոմսերով վճարվող շահութամասերի նվազագույն և (կամ) առավելագույն տոկոսաչափերը.
այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց անդամակցելու կարգը.
պետությանը (իշխանության տեղական մարմնին) պատկանող բաժնեմասը և այն տնօրինելու կարգը.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ բնութագրեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին համապատասխան պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինը կարող է կարգավորել ինչպես բոլոր վերը նշված բնութագրերը, այնպես էլ դրանց որևէ համակցությունը:
Ձեռնարկությունները ձեռք են բերում հասարակական ծառայությունների ձեռնարկության կարգավիճակ կամ ազատվում են այդ կարգավիճակից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՀՈԴՎԱԾ 23. | ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ վերջինիս կողմից լիազորված պետական կառավարման (իշխանության տեղական) մարմինը:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը ստեղծվում է պետական (իշխանության տեղական մարմինների) միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունների համար կարող են արգելվել գործունեության առանձին ոլորտներ:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը կարող է հիմնադրվել որպես.
նոր ստեղծվող ձեռնարկություն` համապատասխան բյուջեի միջոցների հաշվին.
այլ պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության վերակազմավորման միջոցով.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ոչ պետական ձեռնարկությունը ազգայնացնելով:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որը հաստատում է հիմնադիրը:
ՀՈԴՎԱԾ 24. | ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Պետական ձեռնարկությունը ստանում է հատուկ նշանակության կարգավիճակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը ենթակա է ուղղակի կառավարման Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ լիազորած պետական մարմնի կողմից:
Հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակը կապված է թողարկվող արտադրանքին, աշխատանքների կազմակերպմանը, տեխնոլոգիական գործընթացներին, գործունեության անվտանգությանը ներկայացվող հատուկ պահանջների հետ, որոնք և պայմանավորում են ձեռնարկության գործունեության կենտրոնացված կառավարման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր որոշմամբ կարող է վերացնել հատուկ նշանակության կարգավիճակը` համապատասխան պահանջներն ու պայմանները վերանալու դեպքում:
Հատուկ նշանակության պետական ձեռնարկության գործունեությունը և լիազորված մարմնի հետ նրա հարաբերությունները կարգավորվում են ձեռնարկության կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՈԴՎԱԾ 25. | ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Դուստր ձեռնարկությունը իրավաբանական անձ հանդիսացող այն ձեռնարկությունն է, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև հասարակական կամ կրոնական կազմակերպության:
Դուստր ձեռնարկություն հիմնադրելու իրավունք ունեն կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետության ու այլ պետությունների պետական ձեռնարկությունները:
Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են պետական (իշխանության տեղական մարմինների) սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություն հիմնադրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի թույլտվությամբ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հիմնադիր ձեռնարկությունների կամ կազմակերպությունների գործունեության արգելված տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկությունների համար:
Դուստր ձեռնարկության անվանման մեջ պետք է նշվի հիմնադրի անվանումը:
Դուստր ձեռնարկության հիմնադիր փաստաթուղթը հիմնադրի կողմից հաստատված կանոնադրությունն է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիան, իսկ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքում` նաև համապատասխան թույլտվությունը: Այլ պետությունների իրավաբանական անձանց դուստր ձեռնարկությունների պետական գրանցման համար հիմնադիրը պետք է ներկայացնի այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը:
Հոդված 26. | ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Համատեղ է համարվում կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձ հանդիսացող, օտարերկրյա քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների պարտադիր գույքային և (կամ) արտարժութային ներդրմամբ ձեռնարկությունը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել համատեղ ձեռնարկության կարգավիճակ ստանալու և պահպանելու համար անհրաժեշտ կանոնադրական հիմնադրամի և օտարերկրյա մասնակցի ներդրման նվազագույն մեծությունները: Համատեղ ձեռնարկության կարգավիճակը պահպանելու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից: Համատեղ ձեռնարկությունները ստեղծվում և գործում են ընկերությունների ձևով:
Համատեղ ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են հարկային, մաքսային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ:
Համատեղ ձեռնարկությունները ստեղծվում և գործում են համաձայն սույն օրենքի և համատեղ ձեռնարկություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Համատեղ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը և հիմնադիր պայմանագիրը:
Հոդված 27. | ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական գրանցմանը և կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պետական գրանցում ստանալ և ձեռնարկատիրական գործունեություն ծավալել այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող, սույն օրենքով թույլատրված կազմակերպական-իրավական բոլոր տեսակների ձեռնարկություններ:
Այդ ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են հարկային, մաքսային և այլ արտոնություններ: Ընդ որում, եթե դրանք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, ապա օգտվում են համատեղ ձեռնարկությունների համար սահմանված արտոնություններից:
Հոդված 28. | ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության կամ նրա ստորաբաժանման գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել վարձակալության`
առաջնության իրավունքով` դրա աշխատավորական կոլեկտիվին.
այլ անձանց` մրցույթի կամ աճուրդի կարգով:
Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության կամ նրա որևէ ստորաբաժանման աշխատավորական կոլեկտիվի կողմից դրանց գույքը վարձակալելու ձևով: Այդպիսի ձեռնարկություն ստեղծելու համար անհրաժեշտ է պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի համաձայնությունը, որը և հանդես է գալիս որպես վարձատու: Վարձակալական ձեռնարկությունը կարող է ստեղծվել արտադրական կոոպերատիվի կամ ընկերության (ժողովրդական ձեռնարկության) կազմակերպական-իրավական տեսքով:
Վարձակալական ձեռնարկության և վարձատուի հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող վարձակալական պայմանագրով, որում նախատեսվում են վարձակալության ժամկետը, վարձակալական ձեռնարկության պատասխանատվությունը մինչև նրա ստեղծումը երրորդ անձանց նկատմամբ ծագած պարտավորությունների համար, վարձակալությամբ տրվող գույքի կազմն ու արժեքը, վարձակալական վճարի չափը, վարձակալված գույքի օգտագործման, վերականգնման և նորոգման հարցերում կողմերի իրավունքները և պարտականությունները, կողմերի գույքային պատասխանատվությունը, ինչպես նաև պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը, որի գույքը տրված է վարձակալության, կարող է համապատասխան պետական կառավարման (իշխանության տեղական) մարմնի համաձայնությամբ հանդես գալ որպես վարձակալական ձեռնարկության երաշխավորող:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության գույքը վարձակալությամբ տալը չի հանգեցնում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, բացառությամբ պետական գույքի սեփականաշնորհմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Վարձակալական ձեռնարկությունը իրավաբանական անձ է` հիմնված կոլեկտիվ սեփականության և իր անդամների պարտադիր աշխատանքային մասնակցության վրա: Վարձակալական ձեռնարկությունն իրավունք ունի վարձատուի համաձայնությամբ իր վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Վարձակալական ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը և վարձակալության մասին պայմանագիրը:
Հոդված 29. | ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ |
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից` որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց (այդ թվում և իրավաբանական) կողմից` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են գործունեության թույլատրված ոլորտներ: Կանոնադրության մեջ նշված գործունեության ոլորտները պետք է ապահովեն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ձեռնարկության հիմնական գործունեության իրականացումը:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել դուստր ձեռնարկություն` իր կանոնադրական գործունեությունն ապահովելու համար: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության անվանումից պետք է պարզ լինի նրա շահույթ ստանալու նպատակ չհետապնդելը և գործունեության ոլորտը: Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` նաև հիմնադիր պայմանագիրը:
Հոդված 30. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կարող են կամավոր հիմնել և անդամագրվել ձեռնարկությունների Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների և միջպետական տնտեսական միավորումներին (ասոցիացիաներ, կոնցեռններ և այլ միավորումներ)` իրենց շահերը ներկայացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու և այլ նպատակների համար:
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների տնտեսական միավորումներին կարող են անդամակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված բոլոր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկությունները:
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների տնտեսական միավորումը հանդիսանում է իրավաբանական անձ: Իր հիմնադիրների ցանկությամբ, որը պետք է նշված լինի միավորման կանոնադրության մեջ, միավորման վրա կարող է դրվել այդ ձեռնարկությունների հետ կապված առանձին ֆունկցիաների կենտրոնացված կատարումը:
Ձեռնարկությունների տնտեսական միավորումը կարող է իր հիմնադիրների կողմից լիազորվել վարելու ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում` իր անունից հիմնադրելու դուստր ձեռնարկություններ, անդամակցելու կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկությունների:
Հայաստանի Հանրապետության պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները անդամակցում են ձեռնարկությունների տնտեսական միավորումներին պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի թույլտվությամբ, պահպանելով ձեռնարկությունների տնտեսական միավորումներում անդամակցության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների տնտեսական միավորում ստեղծելու համար անհրաժեշտ է առնվազն երկու հիմնադրի առկայությունը:
Ձեռնարկությունների ցանկացած տնտեսական միավորմանը անդամագրված ձեռնարկությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը, կազմակերպական-իրավական տեսակը, և նրանց վրա լիովին տարածվում է սույն օրենքի գործողությունը:
Ձեռնարկությունները առանց սահմանափակման կարող են դուրս գալ ձեռնարկությունների տնտեսական միավորման կազմից, եթե կատարել են միավորման և միավորման անդամ ձեռնարկությունների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները:
Ձեռնարկությունների տնտեսական միավորումը կարող է ստեղծվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության, փակ բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով:
Ձեռնարկությունների տնտեսական միավորման անվանման մեջ պետք է նշվի այն կազմակերպական-իրավական տեսակը, որին նա պատկանում է:
Ձեռնարկությունների տնտեսական միավորման հիմնադիր փաստաթղթերն են հիմնադիր պայմանագիրը և կանոնադրությունը, որոնցում պետք է սահմանվեն միավորման ստեղծման նպատակները, նրա հիմնական խնդիրները և դրանց իրականացման եղանակները, գործունեության ոլորտները, գույքի կազմավորման աղբյուրները, անդամների հետ փոխհարաբերությունները, նրա կազմի մեջ մտնելու և կազմից դուրս գալու, լուծարման, անդամների միջև գույքի բաժանման կարգը և տեղեկություններ հիմնադիրների և անդամների մասին:
Հոդված 31. | ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունը չի հանդիսանում ձեռնարկության ինքնուրույն կազմակերպական-իրավական տեսակ: Ձեռնարկությունը ձեռք է բերում երաշխավորությամբ գործողի կարգավիճակ, եթե այն գործում է իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության երաշխավորությամբ: Որպես երաշխավորող սահմանված կարգով կարող են հանդես գալ նաև բանկային հիմնարկները և ֆինանսական հաստատությունները: Հասարակական կազմակերպությունները կարող են որպես երաշխավորող հանդես գալ միայն իրենց դուստր ձեռնարկությունների համար:
Որպես պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների երաշխավորող կարող են հանդես գալ բանկային հիմնարկները, ֆինանսական հաստատությունները և պետական ձեռնարկությունները պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են սեփականության այլ ձևերի ձեռնարկությունների համար որպես երաշխավորող հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության անվանման մեջ պետք է զետեղվի երաշխավորողի անվանումը:
Երաշխավորողը կարող է երաշխավորությամբ գործող ձեռնարկությունում ունենալ գույքային ավանդ, բայց չի կարող որպես երաշխավորող սահմանափակել վերջինիս ինքնուրույնությունը:
Երաշխավորությամբ գործող ձեռնարկության պարտավորությունների համար երաշխավորողը պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ սպառվել են այդ ձեռնարկության կամ նրա սեփականատերերի (եթե երաշխավորությամբ գործող ձեռնարկությունը չունի իրավաբանական անձի կարգավիճակ) բոլոր հնարավորությունները:
Երաշխավորողի պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել նախօրոք հայտարարված գումարով, կամ լինել լիակատար` նրան պատկանող ամբողջ գույքի չափով:
Երաշխավորությունը կարող է տրվել որոշակի ժամկետով կամ առանց նախօրոք որոշված ժամկետի:
Երաշխավորողի և երաշխավորությամբ գործող ձեռնարկության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և երաշխավորության պայմանագրով, որտեղ նշվում է երաշխավորության ժամկետը, երաշխավորողի պատասխանատվության չափը, երաշխավորությունից և երաշխավորվելուց հրաժարվելու կարգը, ինչպես նաև սույն հոդվածին չհակասող այլ դրույթներ:
Երաշխավորելը և դրա պայմանները, երաշխավորելուց կամ երաշխավորվելուց հրաժարվելը, երաշխավորության ժամկետի լրանալը, ինչպես նաև երաշխավորության պայմանագրի այլ ձևով դադարելը պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվեն ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից:
Հոդված 32. |
ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Լիազորագրային կառավարում է կոչվում որևէ անձի կողմից այլ անձին պատկանող գույքի ինքնուրույն կառավարումը երրորդ անձի օգտին: Այն անձը (այդ թվում և իրավաբանական անձը), որն իրականացնում է լիազորագրային կառավարումը, հանդիսանում է լիազորագրային սեփականատեր:
Լիազորագրային կառավարման հիմնադիր է հանդիսանում այն անձը (այդ թվում իրավաբանական անձը, պետական իշխանության կամ կառավարման տեղական լիազորված մարմինը), որը համապատասխան գույքը տրամադրում է իր կողմից ընտրված լիազորագրային սեփականատիրոջը, սահմանում է այդ գույքի կառավարման կարգն ու պայմանները, ընտրում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին (այդ թվում և ինքն իրեն), որն օգտվում է լիազորագրային կառավարման արդյունքներից և սահմանում է այն կարգը, որից ելնելով վերջինս պետք է օգտվի լիազորագրային կառավարման արդյունքներից:
Որպես լիազորագրային կառավարման հիմնադիր կարող է հանդես գալ միայն գույքի սեփականատերը, իսկ պետական (իշխանության տեղական մարմնի) սեփականության դեպքում` պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինը:
Լիազորագրային սեփականատերն իրեն վստահված գույքի կառավարման համար ստանում է լիազորագրային կառավարման պայմանագրով սահմանված և կարգավորվող ծախսերի փոխհատուցում և վարձատրություն: Լիազորագրային սեփականատերն իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար կրում է լիակատար գույքային և ոչ գույքային պատասխանատվություն, եթե այլ բան նախատեսված չէ լիազորագրային կառավարման պայմանագրում:
Լիազորագրային կառավարման հիմնադրի և լիազորագրային սեփականատիրոջ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված լիազորագրային կառավարման պայմանագրով, որում պետք է արտացոլվեն` լիազորագրային կառավարման հանձնվող գույքի կազմը, դրա կառավարման պայմանները և սահմանափակումները, լիազորագրային սեփականատիրոջ պարտականությունները, պարտավորությունները և պատասխանատվությունը, ծախսերի փոխհատուցման և պարգևատրման կարգը, լիազորագրային կառավարման արդյունքներից օգտվողի իրավունքները, լիազորագրային կառավարման պայմանագրի գործունեության ժամկետները և դադարման կարգը, լիազորագրային կառավարման պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:
Լիազորագրային կառավարման հիմնադրի ընտրությամբ որպես լիազորագրային սեփականատեր կարող է հանդես գալ ֆիզիկական անձը, ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունը, բանկային հիմնարկը, ֆինանսական հաստատությունը կամ այլ կազմակերպություն:
Լիազորագրային կառավարման ձեռնարկությունը չի հանդիսանում ձեռնարկության ինքնուրույն կազմակերպական-իրավական տեսակ: Ձեռնարկությունը ստանում է լիազորագրային կառավարման կարգավիճակ, եթե ստանձնում է լիազորագրային կառավարման ֆունկցիան: Նրա հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը, որը հաստատվում է լիազորագրային կառավարման հիմնադրի կողմից, և լիազորագրային կառավարման պայմանագիրը:
Լիազորագրային կառավարման հիմնադիրը լիազորագրային կառավարման ֆունկցիաներն իրականացնելու համար կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել հատուկ ձեռնարկություն (հոլդինգ), որը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ:
Հոդված 33. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ |
Ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումներ են կոչվում նրա տարածքային կամ ֆունկցիոնալ առանձնացված բաժանմունքները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, որոնք ինքնուրույն ձեռնարկություն չեն, չունեն իրավաբանական անձի կարգավիճակ և առանձին հաշվարկային հաշիվ, բայց լիազորված են իրականացնելու ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն:
Հայաստանի Հանրապետությունում բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ կարող են ստեղծել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները:
Բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը կարգավորվում է նրանց հիմնադրի կողմից հաստատված կանոնակարգով:
Բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների տեղաբաշխման հարցերը համաձայնեցվում են պետական կառավարման (իշխանության տեղական) մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռնարկությունների համար նախատեսված կարգով:
Հոդված 34. | ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ |
Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի` արդյունաբերության և շինարարության ոլորտում` ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում` 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում` 50, այլ ոլորտներում` 25 աշխատատեղ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոքր ձեռնարկությունների համար կարող են սահմանվել գործունեության արտոնյալ տնտեսական պայմաններ: Փոքր ձեռնարկությունը չի համարվում ձեռնարկության առանձին կազմակերպական-իրավական տեսակ, և դրա ստեղծումը իրականացվում է համապատասխան կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության համար նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել փոքր ձեռնարկության նաև այլ հատկանիշներ` կապված նրա հիմնական միջոցների արժեքի կամ արտադրության ծավալի հետ:
ԳԼՈՒԽ III
ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 35. | ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
Ձեռներեցները, եթե սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված, իրավունք ունեն.
1) ստեղծել, ձեռք բերել, վերակազմավորել և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով հիմնադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկություններ և դրանց միջոցով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն.
2) ընդունել, հաստատել, փոփոխել և չեղյալ համարել ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը, սահմանել ձեռնարկության գործունեության ներքին կանոնակարգը, ձեռնարկության ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց լիազորությունները, իրավունքները և պարտականությունները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացած եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը, պայմանագրային սկզբունքով օգտագործել այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների գույքի օբյեկտներն ու իրավունքները.
4) ինքնուրույն կազմավորել իրենց ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով, օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց անունից թողարկել և տարածել արժեթղթեր.
5) օտարել, վարձակալության տալ, փոխանակել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով փոխանցել գույքային իրավունքները, լինել գրավառու և գրավատու.
6) դրամական փոխառություններ տրամադրել, իրենց միջոցները ներդնել այլ ձեռնարկություններում և կազմակերպություններում, տրամադրած փոխառությունների ապահովման համար ստանալ և պահել գույք.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանել և ներմուծել գույքի օբյեկտներ, արտադրված, գնված և այլ օրինական ձևով ստացված արտադրանք, ծառայություններ մատուցել և աշխատանքներ կատարել օտարերկրյա ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար, օգտվել նրանց կատարած աշխատանքներից և մատուցած ծառայություններից, այլ պետություններում նրանց օրենսդրությանը համապատասխան իրականացնել ներդրումներ, ստեղծել ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների.
9) ինքնուրույն ընտրել իրենց արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի, կամ արտաքին տնտեսական բնագավառում մասնագիտացած միջնորդ կամ այլ կազմակերպության միջոցով` նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ.
10) ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել, հարկերը վճարելուց հետո ինքնուրույն տնօրինել, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին.
11) ինքնուրույն պլանավորել իրենց գործունեությունը, որոշել թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին.
12) որոշել ձեռնարկության ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների, արտադրական այլ օղակների ցանկը, կառավարման համակարգը.
13) ներգրավել վարձու աշխատողներ (բացի անհատ ձեռներեցից), նրանց հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր, որոշել նրանց աշխատավարձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
14) սահմանել և ձեռնարկության աշխատողներին վճարել կենսաթոշակ, նպաստներ, պարգևներ, աշխատողներին ընձեռել ձեռնարկության շահույթին մասնակցելու հնարավորություններ, արտոնություններ.
15) դատական կամ արբիտրաժային կարգով վիճարկել իրենց շահերին վնաս հասցրած քաղաքացիների, ձեռնարկությունների, բանկային հիմնարկների, ֆինանսական հաստատությունների, այլ կազմակերպությունների, պետական մարմինների գործողությունները, լինել հայցվոր և պատասխանող դատարանում, արբիտրաժում, միջնորդ դատարանում.
16) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Հոդված 36. | ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ձեռներեցները պարտավոր են`
1) աշխատանքային պայմանագրեր կնքել ձեռնարկությունում վարձով աշխատող քաղաքացիների կամ վերջինների կողմից լիազորված, նրանց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կազմակերպությունների հետ.
2) լրիվ վճարել բոլոր աշխատողների վարձը` նրանց աշխատանքային պայմանագրերի համաձայն.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն կրել և փոխհատուցել իրենց կողմից հասցրած վնասը` կնքած պայմանագրերը, այդ թվում` աշխատանքային, չկատարելու կամ հարկ եղածին պես չկատարելու, այլ անձանց սեփականության իրավունքը խախտելու համար.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տույժեր կրել հակամենաշնորհային օրենսդրության պահանջները և ձեռնարկատիրական գործունեության կանոնները խախտելու, շրջակա միջավայրը աղտոտելու, աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելու, առողջության համար վտանգ ներկայացնող արտադրանք թողարկելու, աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու դեպքում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.
5) կատարել վարձով աշխատող քաղաքացիների սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրությունը, ապահովել վարձու աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները` աշխատանքային պայմանագրերին համապատասխան.
6) կատարել հաշմանդամների և սահմանափակ աշխատունակությամբ անձանց սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.
7) ժամանակին հայտարարագրեր (դեկլարացիաներ) ներկայացնել իրենց և ձեռնարկության եկամուտների մասին, հարկեր վճարել և բյուջեներին վճարումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել ձեռնարկության սնանկանալու մասին այն դեպքում, երբ հնարավոր չի բավարարել նրա պարտապանների օրինական գույքային պահանջները:
Ձեռնարկության պարտավորությունների համար գույքային պատասխանատվություն են կրում`
իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության սեփականատերերը` ձեռնարկության գույքի մեջ իրենց ունեցած բաժնի չափով, կամ այն գումարի չափով ու կարգով, որոնք սահմանված են ձեռնարկության կանոնադրությամբ կամ այլ հիմնադիր փաստաթղթերով.
իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերը` իրենց ամբողջ գույքով, որի վրա կարող է բռնագանձում տարածվել.
ձեռնարկության երաշխավորողը` երաշխավորության պայմանագրում նշված կարգով.
վարձակալը կամ լիազորագրային սեփականատերը` սեփականատիրոջ նման և նրա փոխարեն.
ձեռնարկության ղեկավարները` նրանց հետ կնքված պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով:
Հոդված 37. | ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻՆ (ԵԿԱՄՏԻՆ) |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը (եկամուտը) գտնվում է ձեռներեցի լրիվ տիրապետման, օգտագործման և տնօրինման ներքո, եթե այլ բան նախատեսված չէ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով:
Կոնտրակտով աշխատող ձեռներեցը կարող է վարձատրվել աշխատավարձի ձևով, ինչպես նաև մասնակցել ձեռնարկության շահույթին (եկամտին) կնքված կոնտրակտի համաձայն:
Եթե ձեռներեցը ֆիզիկական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, ապա նրա շահույթը (եկամուտը) հարկվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 38. | ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է`
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ձեռնարկություններ ստեղծելու և դրանց համար գույք ձեռք բերելու իրավունքը.
ձեռնարկության և անհատ ձեռներեցի գրանցման իրավունքը.
ձեռներեցների և ձեռնարկությունների գույքի, իրավունքների ու շահերի պաշտպանությունը.
ձեռներեցության ազատություն և իրավահավասարություն` ձեռնարկատիրական գործունեության բոլոր սուբյեկտների համար.
անհատ ձեռներեցի և ձեռնարկության գույքի պաշտպանությունը անօրինական բռնագանձումից.
պետական կառավարման (իշխանության տեղական) մարմինների չմիջամտելը ձեռներեցի և ձեռնարկության գործունեությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
այլ մարմինների կողմից ձեռներեցի և ձեռնարկության գործունեությանը, ինչպես նաև ձեռնարկությունների կողմից` իրենց ստեղծած ձեռնարկությունների գործունեությանը չմիջամտելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված և համապատասխան ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերում նշված դեպքերի.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումներից հետո մնացած շահույթի (եկամտի) տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:
Ձեռներեցին կամ ձեռնարկությանը հասցված վնասը, այդ թվում և բաց թողնված օգուտները, որ հետևանք է պետական կամ այլ մարմինների, կամ նրանց պաշտոնատար անձանց` ձեռներեցի կամ ձեռնարկության իրավունքները խախտող կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործունեության, ինչպես նաև այդ մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից ձեռներեցի կամ ձեռնարկության նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
Հոդված 39. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ |
Ձեռնարկության գույքը կարող է ձեռնարկությանը պատկանել` սեփականության կամ տիրապետման կամ տիրապետման ու օգտագործման, պետական ձեռնարկությունների համար` լրիվ տնտեսավարման, վարձակալական ձեռնարկությունների համար` ժամկետային փոխհատուցմամբ տիրապետման և օգտագործման, լիազորագրային սեփականատիրոջ համար` կառավարման իրավունքով:
Ձեռնարկության գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:
Գույքի նյութական օբյեկտների թվում են դասվում ձեռնարկության հիմնական և շրջանառու ֆոնդերը, դրամական միջոցները և արժեթղթերը, նպատակային օգտագործման ֆոնդերը, ձեռնարկության դադարման ժամանակ և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում` նաև ստացված փոխառությունները, վարկերը, երրորդ անձանց հանդեպ ձեռնարկության մյուս պարտավորություններն ու պատասխանատվությունը:
Գույքի ոչ նյութական օբյեկտների թվին են դասվում արտոնագրերը, լիցենզիաները, ապրանքային նշանները, ձեռնարկության ֆիրմային անվանումը, հաճախորդների առկայությունը, ձեռնարկության հեղինակությունը և կնքված պայմանագրերը, գույքային իրավունքների առկայությունը և բնույթը:
Հոդված 40. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ |
Ձեռնարկության գույքի ստացման աղբյուրներ կարող են լինել`
ձեռնարկության հիմնադիրների, սեփականատերերի դրամական ու նյութական ներդրումները, նրանց կողմից գույքին տիրապետելու, այն օգտագործելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.
արտադրանքի իրացումից, աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտները.
բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը.
պետական բյուջեից հատկացված կապիտալ ներդրումները, նպաստները, լրավճարները և այլ ներդրումները.
բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:
Հոդված 41. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների գույքը, անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:
Ձեռնարկության գույքի բռնագանձումը հնարավոր է միայն բռնագանձման մասին դատարանի որոշման կամ դատավճռի հիման վրա:
Հոդված 42. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Ֆիրմային անվանումը ձեռնարկության անվանումն է, որի ներքո վերջինս իրականացնում է իր գործունեությունը:
Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի` ձեռնարկության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք սեփականատերը (սեփականատերերը) կամ հիմնադիրը (հիմնադիրները) համարում է անհրաժեշտ:
Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի ձեռնարկության անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը:
Ձեռնարկության լրիվ և կրճատ ֆիրմային անվանումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցվեն պետական լիազորված մարմնի կողմից: Ձեռնարկությունը կարող է օգտագործել ֆիրմային անվանումը միայն այն ձևով, որով այն գրանցված է պետական լիազորված մարմնի կողմից: Ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումները օգտագործում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, սակայն ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս կարող են օգտագործել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված այլ ֆիրմային անվանում:
Ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատված անվան օգտագործման համար անհրաժեշտ է ստանալ նրա կամ նրա ժառանգների համաձայնությունը, իսկ այդպիսիք Հայաստանի Հանրապետության տարածքում չլինելու դեպքում` պետական գրանցման լիազորված մարմնի թույլտվությունը: Եթե վերը նշված անձը, կամ նրա անվան օգտագործման թույլտվությունը տվող ժառանգորդը, կամ պետական գրանցման լիազորված մարմինը գտնում են, որ ձեռնարկության գործունեությունը ստվերում է այդ անձի հեղինակությունը (համբավը), ապա նրանք կարող են դիմել դատարան այդ անունը իր ֆիրմային անվանման մեջ օգտագործելու իրավունքից ձեռնարկությանը զրկելու և (կամ) ձեռնարկությանը տուգանելու հայցով:
Ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ այլ ձեռնարկության, կազմակերպության, պետական մարմնի անվանումների, ինչպես նաև այնպիսի անունների ընդգրկման համար, որոնք նշում են վերոհիշյալներին` ձեռնարկության պատկանելությունը, անհրաժեշտ է ստանալ նրանց կամ նրանց կողմից լիազորված անձանց թույլտվությունը:
Միևնույն ֆիրմային անվանման ներքո, համապատասխան տարածքում գործող պետական լիազորված մարմնի կողմից կարող է գրանցվել միատեսակ ոլորտներում գործունեություն իրականացնող միայն մեկ ձեռնարկություն: Առավելությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցման համար առաջինը փաստաթղթեր ներկայացրած ձեռնարկությանը:
Ձեռնարկությունն իրավունք ունի դատական կամ արբիտրաժային կարգով պաշտպանել իր ֆիրմային անվանումը և այլ նույնանուն ձեռնարկությունից պահանջել այդ անվանման անօրինական օգտագործման դադարեցում և իրեն պատճառած վնասի փոխհատուցում: Այդպիսի իրավունքից օգտվում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ պետություններում գրանցված ձեռնարկությունները: Որպես պատասխանող կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունները:
Ձեռնարկության ֆիրմային անվանման օգտագործման իրավունքը ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից լիազորված մարմնի, որոշմամբ կարող է տրվել այլ անձի:
Հոդված 43. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ |
Ձեռնարկության ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված գծանկարային կամ այլ նիշեր են, որոնք ծառայում են ձեռնարկության թողարկած արտադրանքը այլ ձեռնարկությունների արտադրանքից տարբերակելու համար:
Որպես ձեռնարկության ապրանքային նշաններ չեն կարող լինել պետությունների զինանշանները, միջազգային կազմակերպությունների խորհրդանիշները, այն նշանները, որոնք կարող են սպառողին թյուրիմացության մեջ գցել, ինչպես նաև բարոյական նորմերին հակասող նշաններ:
Ձեռնարկության ապրանքային նշանից օգտվելու և այն այլ պետություններում գրանցելու իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն գրանցած ձեռնարկությանը: Այդ իրավունքը պաշտպանվում է պետության կողմից և վավերացվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի տված վկայականում:
Ձեռնարկությունը կարող է ունենալ մեկից ավելի գրանցված ապրանքային նշաններ: Ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումները կարող են ունենալ իրենց ապրանքային նշանները` ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ նրա կողմից լիազորված մարմնի թույլտվությամբ:
Այն ձեռնարկությունները, որոնց հիմնական գործունեությունը ծառայությունների մատուցումն է, իրավունք ունեն օգտվելու ապրանքային նշանների հետ հավասար ուժ ունեցող սպասարկման նշաններից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ապրանքային նշան ունեցող ձեռնարկությունները պարտավոր են իրենց կողմից թողարկվող արտադրանքի վրա տեղադրել այդ նշանը:
Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքային նշանների գրանցումը արգելվում է դրանց օգտագործումը:
Հայաստանի Հանրապետությունում կարող են գրանցվել նաև այլ պետությունների ձեռնարկությունների ապրանքային նշանները` այդ ձեռնարկությունների դիմումի համաձայն:
Ձեռնարկությունների կողմից այլ ձեռնարկությունների ապրանքային նշանների օգտագործումը կամ այլ պետություններում դրանց գրանցումը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ նշանի սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից տրված թույլտվության, արգելվում է:
Պետական լիազորված մարմնի կողմից տրված ձեռնարկության ապրանքային նշանի գրանցման վկայականի գործողության ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ապրանքային նշանի սեփականատերը (սեփականատերերը) կարող է դատական կարգով պաշտպանել իր ապրանքային նշանը և պահանջել դրա անօրինական օգտագործման դադարեցում և իրեն պատճառած վնասի փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ապրանքային նշանի սեփականատերը (սեփականատերերը) կարող է ձեռնարկության ապրանքային նշանի օգտագործման կամ այլ երկրներում դրա գրանցման իր իրավունքը զիջել այլ անձանց` նրանց հետ կնքելով ձեռնարկության ապրանքային նշանից օգտվելու կամ համապատասխան իրավունքը զիջելու մասին պայմանագրեր: Այդ պայմանագրերը պետք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի կողմից:
Հոդված 44. |
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ և ՏՆՕՐԻՆՈՒՄԸ |
Ձեռնարկությունը հողի և բնական այլ ռեսուրսների տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում հողի, ջրի, անտառների, այլ բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, վերականգնման և պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի պահպանման համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի համար:
Ձեռնարկությունը պարտավոր է ժամանակին և արդյունավետ կերպով իրականացնել շրջակա միջավայրի վրա իր գործունեության բացասական ազդեցության նվազեցման և դրա փոխհատուցմանը նպատակամղված բնապահպանական միջոցառումներ:
Այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ձեռնարկությունը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ V
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 45.
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ և ՄԻՋՈՑՆԵՐԸ
Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը եկամուտն է:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը վճարելուց և մյուս վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը (եկամուտը) մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում սեփականատիրոջ (սեփականատերերի) հայեցողությամբ, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով այլ բան չի նախատեսված:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության շահույթի (եկամտի) օգտագործման կարգը սահմանվում է պետական կառավարման լիազորված մարմինների կողմից և չպետք է հակասի սույն օրենքի դրույթներին:
Պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների, ինչպես նաև հասարակական ծառայությունների ձեռնարկությունների համար պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները կարող են սահմանել տնտեսական խրախուսման ֆոնդերի և դրանց ձևավորման նորմատիվների վերաբերյալ պարտադիր պահանջներ:
Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների աղբյուրներ են հանդիսանում սեփականատերերի դրամական ներդրումները, արտադրանքի (աշխատանքների ծառայությունների) իրացումից ստացված հասույթը, ամորտիզացիոն հատկացումները, ձեռնարկության միջոցները բանկային հիմնարկի հաշվին պահելու համար տոկոսները, արժեթղթերից ստացված միջոցները, աշխատավորական կոլեկտիվի անդամների, այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների ներդրումները, պետական գույքի օգտագործումից վճարվող տոկոսները` եթե դրանք պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ թողնվում են ձեռնարկության տնօրինությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ դրամական մուտքերը:
Բոլոր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկություններում պարտադիր պահանջվում է կազմավորել պահեստային ֆոնդ: Պահեստային ֆոնդի կազմավորման նվազագույն նորմատիվները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր ձեռնարկությունների համար:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և դրա հիման վրա ընդունվող պետական կառավարման լիազորված մարմինների որոշումներով սահմանվում է հաշվապահական գործառնությունների վարման, ամորտիզացիոն հատկացումների, ինքնարժեքի և նրա տարրերի, աշխատանքի վարձատրմանը ուղղվող միջոցների, ձեռնարկության կողմից պետական գույքի օգտագործման համար տոկոսների հաշվարկման և այլ հաշվառումների կարգը, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր ձեռնարկությունների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական տեսակից:
Հոդված 46. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկային հիմնարկում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամարկղային բոլոր տեսակների գործառնություններ իրականացնելու համար:
Ձեռնարկության բոլոր ֆինանսական գործառնությունները, այդ թվում և աշխատավարձի վճարումները, կատարվում են բանկային հիմնարկների միջոցով` վճարումների ժամկետներին համապատասխան:
Ձեռնարկությունը իրեն մատակարարվող արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների համար վճարումը կարող է իրականացնել նաև օգտվելով առևտրային վարկից կամ մատակարարող ձեռնարկության կողմից տրամադրված փոխառությունից, ինչպես նաև ապառիկ` համապատասխան տոկոսադրույքների վճարմամբ: Այդպիսի գործառնություններ իրականացնելու համար ձեռնարկությունն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թողարկել մուրհակներ կամ այլ արժեթղթեր:
Ձեռնարկությունը կարող է սպառողական վարկ տրամադրել կամ տարաժամկետ վճարումներ թույլատրել իր հաճախորդներին, ինչպես նաև առևտրային վարկ տալ ցանկացած կազմակերպությանը: Ձեռնարկությունների փոխադարձ վարկավորման հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում վճարումային կարգապահությունը պահպանելու համար: Իր հաշվարկային պարտավորությունները պարբերաբար չկատարելու դեպքում ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բանկային հիմնարկի կողմից անվճարունակ հայտարարվել:
Հոդված 47. | ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
Ձեռնարկության և աշխատողի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրով:
Աշխատանքի վարձելու, վարձու աշխատողների թվաքանակը, աշխատանքի և հանգստի պայմանները որոշելու, նրանց աշխատանքի համար վճարի չափը, ձևերը և կանոնները, ինչպես նաև վարձու աշխատողների` տվյալ ձեռնարկությունից ստացվող մյուս եկամուտները ձևավորելու հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված անհատական կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով:
Վարձու աշխատողների աշխատանքային եկամուտները բոլոր կազմակերպական-իրավական տեսակների ձեռնարկություններում չեն սահմանափակվում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են աշխատավարձի նվազագույն չափը, աշխատանքային օրվա առավելագույն տևողությունը, աշխատողների առանձին խմբերի համար (կանայք, այդ թվում` հղի, անչափահասներ, հաշմանդամներ և այլն) արտոնություններ և երաշխիքներ, արձակուրդի նվազագույն տևողությունը, սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր ապահովագրական վճարումների նվազագույն չափերը, որոնք պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած բոլոր ձեռնարկությունների կողմից:
Հոդված 48. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկությունը պարտավոր է իր աշխատողների համար ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ և նրանց առողջությանն ու աշխատունակությանը պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 200 և ավելի աշխատատեղեր ունեցող ձեռնարկություններին կարող է պարտադրել ընդհանուր աշխատատեղերի մինչև 5 տոկոսը հատկացնել հաշմանդամներին և սահմանափակ աշխատունակությամբ անձանց: Այդպիսի ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվում են հարկային և վարկային արտոնություններ:
Ձեռնարկությունը իր աշխատողների կամ նրանց առանձին խմբերի համար կարող է ինքնուրույնաբար սահմանել լրացուցիչ արձակուրդներ, կրճատված աշխատանքային օր, այլ արտոնություններ, եթե դրանք չեն խախտում վարձու աշխատողների` աշխատանքային պայմանագրերում նշված իրավունքները:
Հոդված 49. | ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
Ձեռնարկությունը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր է իրականացնել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռնարկությունների առանձին կազմակերպական-իրավական տեսակների համար կարող են սահմանվել հաշվապահական հաշվառման և վիճակագրական հաշվետվության պարզեցված ձևեր:
Ձեռնարկությունները ըստ տնտեսական տարվա արդյունքների պատրաստում և պետական վիճակագրական մարմիններին ներկայացնում են հաշվեկշիռ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ, այդ թվում` շրջակա միջավայրի աղտոտմանը և պահպանությանը վերաբերող տվյալներ, հարկային պետական տեսչության մարմիններին` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթեր:
Բաց բաժնետիրական ընկերությունները, հասարակական ծառայությունների ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, դրանց, ինչպես նաև հասարակական և կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկությունները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունը, որտեղ պետք է բերվեն նրանց հաշվեկշիռը, ձեռնարկության շահույթի (եկամտի) բաշխման ուղղությունները, վճարվող շահութամասերը և այլ տվյալներ:
Մյուս ձեռնարկությունները պարտավոր չեն հրապարակելու իրենց գործունեությանը վերաբերող տվյալներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հատուկ դեպքերի:
Ձեռնարկության գործունեությանը վերաբերող, չհրապարակվող կամ պետական վիճակագրական հաշվետվությամբ չնախատեսված տվյալները կարող են տրամադրվել ձեռնարկության հայեցողությամբ, կամ ձեռնարկության գործունեությունը (գործունեության առանձին կողմերը) վերահսկելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունք ունեցող մարմինների պահանջով և միայն նրանց իրավասության սահմաններում:
Ձեռնարկությունը պարտավոր է թույլատրել հարկային պետական տեսչության և պետական այլ մարմիններին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում` նաև անկախ հսկիչներին, իրենց իրավասության սահմաններում ստուգելու իր գործունեությունը: Ձեռնարկությունը պարտավոր չէ կատարելու այդ մարմինների կամ անձանց այն պահանջները, կամ տրամադրելու այն տվյալները, որոնք չեն վերաբերում նրանց իրավասությանը կամ ստուգման առարկային:
Ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ պաշտոնատար անձանց կողմից սահմանված հաշվետվության կեղծումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հոդված 50. |
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌևՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ |
Ձեռնարկության առևտրային գաղտնիք են հանդիսանում նրա կանոնադրությամբ, գործունեության կանոնակարգով կամ այլ փաստաթղթերով նախատեսված նախագծերը, նմուշները, արտոնագրերը, մյուս այն օբյեկտները, տվյալները, որոնց հրապարակումը, փոխանցումը կամ այլ ձևով կողմնակի անձանց հայտնի դառնալը կարող են վնաս հասցնել ձեռնարկության շահերին կամ գործարար հեղինակությանը: Առևտրային գաղտնիքի առարկա չեն կարող լինել ձեռնարկության մասին այն տվյալները, որոնք ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է հաղորդել պետական վիճակագրական մարմիններին կամ հրապարակել:
Ձեռնարկությունն ինքնուրույն է սահմանում իր առևտրային գաղտնիք հանդիսացող օբյեկտների կամ տվյալների պահպանման և փոխանցման կարգը, որը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ձեռնարկության առևտրային գաղտնիքը հրապարակելը կամ այլ կերպ հայտնի դարձնելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ VI
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 51. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետությունում վերադաս պետական մարմին կարող են ունենալ միայն պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին համապատասխան, պետական ձեռնարկությունը կարող է գտնվել պետական վերադաս մարմնի, հատուկ ստեղծված լիազորագրային կառավարման ձեռնարկության (հոլդինգի) ենթակայության տակ, կամ գործել ինքնուրույն` ուղղակիորեն չենթարկվելով որևէ պետական մարմնի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են այն ոլորտները, որոնցում պետական իշխանության տեղական մարմինները կարող են իրենց ենթակայության տակ ունենալ ձեռնարկություններ:
Հոդված 52. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ (ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ |
Ձեռնարկության սեփականատիրոջը (սեփականատերերին) է պատկանում ձեռնարկության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
Միանձնյա սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում որոշում ընդունելու իրավունքը պատկանում է նրա հիմնադիր անձին կամ սեփականատիրոջը:
Կոլեկտիվ սեփականության վրա հիմնադրված ձեռնարկություններում, կախված նրանց կազմակերպական-իրավական տեսակից, կառավարման բարձրագույն մարմին է հանդիսանում սեփականատերերի, հիմնադիրների, մասնակիցների, անդամների, բաժնետերերի, վարձակալների ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը): Ընկերության յուրաքանչյուր անդամի ձայների քանակը որոշվում է նրան պատկանող բաժնեմասի չափով:
Ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինն ինքն է սահմանում իր իրավասությունը, գործունեության և որոշումներ ընդունելու շրջանակները և կանոնակարգը` ելնելով սույն օրենքից, ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերից:
Միանձնյա սեփականատերը, ինչպես նաև սեփականատերերի ընդհանուր ժողովը (լիազորների ժողովը կամ կոնֆերանսը) իրավունք ունեն ձեռնարկության կառավարման իրենց իրավասությունը իրենց կողմից որոշված ոլորտներում փոխանցել ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կառավարման այլ մարմինների:
Հոդված 53. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
Ելնելով ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակից, նրա ղեկավար մարմիններն են վարչությունը (խորհուրդը) և (կամ) ղեկավարը (տնօրենը):
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նախատեսված որոշակի ղեկավար ֆունկցիաներ կարող է իրականացնել ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը:
Ձեռնարկության գործունեությունը վերահսկվում է վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի կողմից:
Ձեռնարկության ղեկավար մարմնի կազմը և իրավասությունը որոշվում են ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով, որոնք չպետք է հակասեն սույն օրենքին և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Հոդված 54. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ (ԽՈՐՀՈՒՐԴԸ) |
Ձեռնարկության վարչությունը (խորհուրդը) պարտադիր կարգով ստեղծվում է ընկերությունների կազմակերպական-իրավական տեսքով գործող և պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկություններում, ձեռնարկությունների տնտեսական միավորումներում, ինչպես նաև շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններում:
Այլ ձեռնարկություններում վարչությունը (խորհուրդը) կարող է ստեղծվել սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ, որի մասին պետք է նշվի ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում:
Ձեռնարկության վարչությունը (խորհուրդը) իրավասու է լուծելու այն բոլոր հարցերը, որոնք հանձնարարված են սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) կողմից և նշված են ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում:
Հոդված 55. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ և ՀՍԿԻՉԸ |
Վերահսկիչ հանձնաժողովը ձեռնարկության այն մարմինն է, որը հետևում է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների) և վարչության (խորհրդի) որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում նշված այլ գործունեության իրականացմանը:
Վերահսկիչ հանձնաժողով պարտադիր կերպով ստեղծվում է իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ձեռնարկություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերով նախատեսված կարգով, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում կարող են ստեղծվել սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
Վերահսկիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել ձեռնարկության ղեկավարից և այլ աշխատողներից: Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով իր հաշվետվությունը ներկայացնել ձեռնարկության ղեկավար մարմնին` ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին: Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կարող է նախատեսվել, որ ձեռնարկության փաստաթղթերի ստուգումը և վերահսկման մյուս ֆունկցիաները իրականացնի վարձատրվող հսկիչը (հսկիչները), որը պետք է հաշվետու լինի միայն ձեռնարկության ղեկավար մարմնին: Հսկիչի դերում կարող է հանդես գալ նաև համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունը: Որպես հսկիչ չեն կարող հանդես գալ ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը), հիմնադիրը (հիմնադիրները), ղեկավարը (տնօրենը) և ղեկավար մարմնի անդամները:
Հսկիչը պետք է իրավունք ունենա հսկողություն սահմանելու ձեռնարկության նյութական և ֆինանսական արժեքների ու բանկային հաշիվների վրա, տեղեկություններ ստանալու նրանց շարժի և փոփոխման մասին: Հսկիչը պարտավոր է ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում նշված կարգով նրա ղեկավար մարմնին ներկայացնել հաշվետվություն ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների օրինականության և իրականությանը համապատասխանելու մասին: Հսկիչը կարող է միաժամանակ սպասարկել մեկից ավելի ձեռնարկությունների և պարտավոր է այդ մասին հայտնել այն բոլոր ձեռնարկություններին, որտեղ նա իրականացնում է իր գործունեությունը:
Վերահսկիչ հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հսկիչների ազատումը կամ վերընտրությունը կարող է իրականացվել միայն ձեռնարկության ղեկավար մարմնի կողմից:
Ձեռնարկության վերահսկիչ հանձնաժողովի և ձեռնարկությանը սպասարկող վճարովի հսկիչների մասին տվյալները և դրանց փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հայտնվեն ձեռնարկության գործերը վարող պետական գրանցման մարմնին:
Հոդված 56. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ |
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան ձեռնարկության ղեկավարներ (տնօրեններ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամներ և հսկիչներ կարող են ընտրվել կամ նշանակվել ձեռնարկության վարձու աշխատողներ կամ ձեռնարկության հետ աշխատանքային պայմանագիր չունեցող անձինք, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ:
Չեն կարող ընտրվել կամ նշանակվել`
այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկության հիմնական գործունեությամբ.
սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) կամ ղեկավար մարմնի անդամներ հանդիսացած անձինք.
այն պաշտոնատար անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնելը:
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան նրա ղեկավարը (տնօրենը), ղեկավար մարմնի անդամները, ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի անդամները և հսկիչները կարող են ընտրվել կամ նշանակվել որոշակի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հինգ տարով:
Հոդված 57. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ (ՏՆՕՐԵՆԸ) |
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով սահմանված կարգի համաձայն ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) նշանակվում, վարձվում կամ ընտրվում է ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս լիազորած մարմնի կողմից: Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) աշխատանքի է նշանակվում և ազատվում աշխատանքից պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկության ղեկավար (տնօրեն) նշանակելու, վարձելու կամ ընտրելու ժամանակ նրա և ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի միջև կնքվում է կոնտրակտ, որը սահմանում է ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների), ղեկավար մարմնի և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու պայմանները, կոնտրակտի դադարեցման և լուծարման հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Կոնտրակտի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը:
Կոնտրակտի առկայությունը պարտադիր է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների համար: Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում կոնտրակտը պարտադիր է, եթե ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) ֆունկցիաները կատարում է վարձված անձը: Այլ դեպքերում ձեռնարկության ղեկավարի (տնօրենի) ֆունկցիաները կատարում է սեփականատերերից մեկը` կոնտրակտով կամ առանց կոնտրակտի, նրանց համատեղ որոշմամբ:
Կոնտրակտի գործողության ժամկետը լրանալու դեպքում կողմերի համաձայնությամբ այն կարող է երկարաձգվել կամ կնքվել նոր ժամկետով:
Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը), ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված իրավասության սահմաններում, կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իր հետ կնքված կոնտրակտին և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերին համապատասխան:
Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում է դրա շահերը, տնօրինում է ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, այդ թվում և աշխատանքային, ձեռնարկության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ, ձեռնարկության աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված կամ սեփականատիրոջ (սեփականատերերի) կողմից տրված այլ լիազորություններ:
Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) մինչև կոնտրակտի ժամկետը լրանալը կարող է ազատվել աշխատանքից կոնտրակտում նշված հիմքերով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) հայեցողությամբ:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) չի կարող միաժամանակ հանդիսանալ այլ ձեռնարկության ղեկավար (տնօրեն):
Ձեռնարկության ղեկավարը (տնօրենը) կարող է լինել ցանկացած ձեռնարկության սեփականատեր կամ մասնակից, այդ թվում և իր կողմից ղեկավարված ձեռնարկությունում, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով այլ բան չի նախատեսված:
Հոդված 58. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ |
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են ձեռնարկության բոլոր այն աշխատողները, որոնք մասնակցում են ձեռնարկության գործունեությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի հիման վրա:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը իրավասու է լուծելու ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
նախապատրաստել կոլեկտիվ պայմանագրի նախագիծը.
իր ներկայացուցիչների կամ համապատասխան արհմիությունների միջոցով բանակցություններ վարել ձեռնարկության ղեկավար մարմինների հետ` կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ.
վերջիններիս հետ համաձայնության հասնելու դեպքում հաստատել կոլեկտիվ պայմանագիրը.
համաձայնության չհասնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իր օրինական պահանջները բավարարելու համար գործադուլ հայտարարել և դադարեցնել գործադուլը:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը քննարկում և լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով իրեն վերապահված բոլոր հարցերը:
Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության վարչության կազմում աշխատավորական կոլեկտիվի` ձեռնարկության ղեկավար մարմնի անդամներ չհանդիսացող ներկայացուցիչները պետք է զբաղեցնեն տեղերի մեկ երրորդը:
Այլ ձեռնարկություններում ղեկավար մարմինների աշխատանքին աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչների մասնակցության կարգը և ձևը կարգավորվում են նրանց հիմնադիր փաստաթղթերով:
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է (կոնֆերանսը):
ԳԼՈՒԽ VII
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59. |
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական իշխանության և կառավարման մարմինների, կարգավորում է ձեռնարկատիրական գործունեությունը, սահմանելով և կարգավորելով հարկերի մուծման կարգը և տոկոսադրույքները, եկամուտները` որոշ տեսակի արժեթղթերի համար, արտարժույթի կուրսը, ամորտիզացիոն և այլ հատկացումների նորմերը, պարտադիր ապահովագրության նորմերը, ինչպես նաև` ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում սահմանելով արտոնություններ կամ արգելքներ և պատժամիջոցներ:
Հայաստանի Հանրապետությունում գները ձևավորվում են ազատ` ելնելով համապատասխան արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության նկատմամբ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող խիստ սահմանափակ անվանացանկով առաջին անհրաժեշտության կամ կարևորագույն նշանակություն ունեցող արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կարող են սահմանվել կայուն գներ կամ դրվել գների փոփոխման վերին սահմաններ, ինչպես նաև սահմանվել գների փոփոխման կարգը:
Ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կողմից` մաքսային վերահսկման ընթացակարգի և մաքսային վճարների սահմանման, առանձին արտաքին տնտեսական գործառնությունների լիցենզավորման, արժութային կուրսերի սահմանման և արժութային սահմանափակումների կիրառման, հակադեմպինգային միջոցառումների իրականացման, արտաքին տնտեսական գործառնությունների պարտադիր ապահովագրման պահանջի, ինչպես նաև այլ միջոցառումների իրականացման միջոցով:
Հոդված 60. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ |
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները ձեռնարկություններին` անկախ նրանց սեփականության ձևերից և կազմակերպական-իրավական տեսակից, կարող են միջոցներ տրամադրել հանրապետական (տեղական) զարգացման ծրագրերից, հանրապետական (տեղական) բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից կամ այլ աղբյուրներից ուղղակի ներդրումների, վարկերի, պարգևի կամ այլ ձևերով, անվերադարձ կամ որպես փոխատվություն:
Պետական միջոցները վաղօրոք հայտարարված պայմաններով, այդ թվում և մրցույթով, տրամադրվում են այն ձեռնարկություններին, որոնց գործունեությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նախապատվություն ունեցող ոլորտներում:
Ձեռնարկություններին պետական միջոցների տրամադրումը ձևակերպվում է պայմանագրով: Պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է պարբերաբար վերահսկել այդ միջոցների ծախսումը և դրանց անարդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկությանը և (կամ) նրա պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:
Հոդված 61. | ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ |
Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների ձեռնարկությունների համար պայմաններ են ստեղծում մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հանրապետական և տեղական նշանակության ծրագրերի իրագործմանը, այդ թվում` պետական պատվերների միջոցով:
Պետական պատվերը սահմանվում է պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի և ձեռնարկության միջև կնքված պայմանագրով և վճարվում է հանրապետական կամ տեղական բյուջեի միջոցների հաշվին:
Այն կարող է նախատեսել ձեռնարկությանը կամ ձեռնարկության կողմից այլ սպառողներին արտադրանքի մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը նախապես պայմանավորված ժամկետներում, ծավալներով և գներով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական (իշխանության տեղական մարմինների), հասարակական ծառայությունների ձեռնարկություններում պետական պատվերը կարող է տեղադրվել պարտադիր կարգով, բայց առանց ձեռնարկության համաձայնության չի կարող տարածվել ձեռնարկության ամբողջ արտադրանքի աշխատանքների և ծառայությունների վրա, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների խիստ սահմանափակ ցուցակի: Այդ ցուցակի մեջ մտնող արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վրա պետական պատվերը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` այդ արտադրանքը թողարկելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայությունները մատուցելու մեջ մասնագիտացած այլ ձեռնարկությունների համար:
Պետական պատվերի պայմանները պետք է ձեռնարկության համար ապահովեն ընդլայնված վերարտադրության և շահութաբերության առնվազն միջին ճյուղային մակարդակը: Ըստ գործունեության ոլորտների պետական պատվերի առավելագույն չափերը` արտահայտված ձեռնարկության արտադրական կարողությունների առավելագույն բեռնվածության տոկոսաչափով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պետական պատվերի պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու կամ հարկ եղածին պես չկատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 62. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների միջև մրցակցության ծավալման և ներքին ու արտաքին շուկաներում անբարեխիղճ մրցակցությունը և մենաշնորհը կանխելու համար:
Այն դեպքում, եթե ներքին կամ արտաքին շուկաներում այլ ձեռնարկությունների անբարեխիղճ մրցակցության պատճառով վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ձեռնարկությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է նման անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել կամ դիմել այլ պետության լիազորված մարմնին համապատասխան խնդրանքով, անկախ վնաս կրած ձեռնարկության բողոքի առկայությունից: Վնաս կրած ձեռնարկությունը կարող է վնասը փոխհատուցելու համար դիմել դատական մարմնին:
Ձեռնարկության անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու համար նրա նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրությամբ որոշված կարգով և պայմաններով սահմանված տուգանքներ, դրամական տույժեր, ձեռնարկության հարկադիր մասնատում, նրա պայմանագրերի մեջ կարող են մտցվել պարտադիր պայմաններ և այլ պատժամիջոցներ:
Հոդված 63. | ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ |
Ձեռնարկությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների համաձայն ապահովագրել իր գույքը Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրման մարմիններում կամ այլ ապահովագրական հաստատությունում: Պետական (իշխանության տեղական մարմնի) կամ հասարակական ծառայությունների ձեռնարկությունը, կամ այն ձեռնարկությունները, որոնց գույքի 10 տոկոսը և ավելին պետական (իշխանության տեղական մարմնի) սեփականություն է հանդիսանում, պարտավոր են այդ գույքը ապահովագրել պետական կամ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վստահելի ճանաչված ապահովագրական հաստատությունում:
Հոդված 64. | ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Ձեռնարկությունն իրավունք ունի օգտագործելու իր տնօրինությանը հանձնված պետական (իշխանության տեղական մարմինների) գույքը միայն պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի կողմից տվյալ ձեռնարկության համար սահմանված կարգով, որը չպետք է հակասի սույն օրենքին և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ձեռնարկությունը պարտավոր է ապահովել իր տնօրինությանը հատկացված պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի պահպանությունը և արդյունավետ օգտագործումը: Պետական (իշխանության տեղական մարմինների) գույքը ձեռնարկության կողմից կարող է նվազեցվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ձեռնարկությունը պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի օգտագործման համար վճար է մուծում համապատասխան բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և դրույքներով: Եթե տնտեսական ընկերակցության կամ ընկերության կազմակերպական-իրավական տեսքով գործող ձեռնարկություններում պետական գույքը հանդիսանում է պետության բաժնեմասը, ապա պետական (իշխանության տեղական մարմինների) գույքի օգտագործման համար վճար չի գանձվում: Դրույքները կարող են տարբերակվել ելնելով ձեռնարկության գործունեության ոլորտից կամ գտնվելու վայրից:
Պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի թույլտվությամբ պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները կարող են գույքի օգտագործման համար տոկոսադրույքները կամ դրանց մի մասը (կեսից ոչ պակաս) օգտագործել ձեռնարկությունում` պետական (իշխանության տեղական մարմինների) գույքն ավելացնելու նպատակով:
Հոդված 65. | ՊԵՏԱԿԱՆ (ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ |
Իր տնօրինության տակ գտնվող պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար ձեռնարկությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնից ստանալ թույլտվություն:
Ձեռնարկության տնօրինության տակ գտնվող պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները, որոնք նա ներդնում է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով տրամադրում է ուրիշ ձեռնարկության կամ կազմակերպության, չեն կարող գերազանցել ձեռնարկության տրամադրության տակ գտնվող այդ ռեսուրսների ընդհանուր քանակի կեսը:
Այդ սահմանափակումը ձեռնարկության կողմից խախտվելու դեպքում պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմինը կարող է պահանջել պետությանը (իշխանության տեղական մարմիններին) վերադարձնել այլ ձեռնարկություններում ներդրված պետական (իշխանության տեղական մարմինների) ֆինանսական ռեսուրսները:
Հոդված 66. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ |
Ձեռնարկության հարաբերությունները պետական իշխանության տեղական մարմինների հետ իրականացվում են սույն օրենքի, պետական իշխանության տեղական մարմինների մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի հիման վրա:
Իշխանության տեղական մարմինները կարող են իրենց տնօրինության տակ գտնվող պետական գույքով ձեռնարկություններ հիմնադրել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ղեկավարել ու կարգավորել դրանց գործունեությունը, ինչպես նաև մասնակցել այլ ձեռնարկությունների:
Պետական իշխանության տեղական մարմինները կարող են իրենց իրավասության շրջանակներում արտոնություններ սահմանել իրենց ենթակա տարածքում գործող ձեռնարկությունների համար:
Հոդված 67. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Ձեռնարկության գործունեության օրինականության հսկողությունը, որը ներառում է նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության հսկումը, իրականացնում է պետական լիազորված մարմինը:
Հսկողությունը իրականացնելիս պետական լիազորված մարմինը իրավասու է լրիվ կամ մասնակի կասեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող` ձեռնարկության ցանկացած հիմնադիր փաստաթղթի, կնքած պայմանագրի, այդ թվում` աշխատանքային, ինչպես նաև ձեռնարկության որևէ ղեկավար մարմնի կամ վերահսկիչ հանձնաժողովի կամ հսկիչի կողմից բողոքարկված, կամ այլ կերպ նրան հայտնի դարձած որոշման կատարումը:
Պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հիմնադիր փաստաթուղթը, պայմանագիրը կամ որոշումը պետք է ուսումնասիրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործողությունը դադարեցնելու կամ շարունակելու մասին որոշում կայացնի այն կասեցնելու պահից սկսած 30 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում` այդ ժամկետը լրանալուց հետո, այն մտնում է ուժի մեջ:
ԳԼՈՒԽ VIII
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 68. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ |
Ձեռնարկության վերակազմավորումը միաձուլումն է կամ միացումը այլ ձեռնարկության հետ, ձեռնարկության բաժանումը ինքնուրույն ձեռնարկությունների, առանց լուծարման ընթացակարգը անցնելու` վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:
Ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ վերջինիս կողմից լիազորված մարմնի, ինչպես նաև դատական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային, ձեռնարկություններին սնանկանալուն վերաբերող և այլ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման հետևանքով առաջացած ձեռնարկությանն են անցնում վերակազմավորված ձեռնարկության (ձեռնարկությունների) գույքային և ոչ գույքային իրավունքները, պարտականությունները և պարտավորությունները:
Ձեռնարկության վերակազմավորման հետևանքով ազատվող աշխատողներին երաշխավորվում է նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 69. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ |
Ձեռնարկության վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության պետք է տեղի ունենա հետևյալ պայմանների համաձայն.
1) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը առանց լուծարման ընթացակարգն անցնելու չի կարող վերափոխվել իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության և, ընդհակառակը, իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունը` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության.
2) ձեռնարկության բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների վերափոխումը ինքնուրույն ձեռնարկությունների, ինչպես նաև դուստր ձեռնարկությունների վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների (բացի հասարակական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններից, ձեռնարկությունների տնտեսական միավորմանը պատկանող դուստր ձեռնարկություններից) իրականացվում է նրանց սեփականատերերի (հիմնադիրների) որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) արտադրական, սպառողական (սպասարկման) կոոպերատիվները, պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները առանց լուծարման ընթացակարգն անցնելու չեն կարող վերափոխվել այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների.
4) ձեռնարկության վերափոխումը այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության իրականացվում է վերջինիս ընտրած կազմակերպական-իրավական տեսակով պետական գրանցմամբ` սույն օրենքի և ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի հիման վրա.
5) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու տեղի է ունենում հետևյալ կարգով`
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունը` լիակատար կամ կոմանդիտային ընկերակցության, ընդ որում անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը (սեփականատերերը) պետք է լինի լիակատար անդամ (անդամներ).
լիակատար ընկերակցությունը` կոմանդիտային ընկերակցության` նոր կոմանդիտային անդամ ընդունելու դեպքում, իսկ կոմանդիտայինը` լիակատարի` կոմանդիտային անդամի ընկերակցությունից դուրս գալու կամ իրեն լիակատար անդամ հայտարարելու դեպքում:
Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների այլ վերափոխումներ չեն կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու.
6) իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու տեղի է ունենում հետևյալ կարգով`
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` փակ բաժնետիրական ընկերության կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
փակ բաժնետիրական ընկերությունները` բաց բաժնետիրական ընկերությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների այլ վերափոխումները չեն կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու:
Հոդված 70. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է, եթե`
1) դրա մասին կա ձեռնարկության սեփականատիրոջ (սեփականատերերի) կամ նրա կողմից լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունած որոշումը.
2) այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին ոչ համապատասխան.
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչված ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը կամ նրա պետական գրանցումը.
4) լրացել է նրա գործունեության ժամկետը կամ ուժի մեջ են մտել նրա հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության դադարման այլ պայմաններ.
5) նրա վերափոխումը չի կարող իրականացվել առանց լուծարման ընթացակարգն անցնելու.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ է ճանաչվել.
7) իր գործունեությամբ խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կամ իր հիմնադիր փաստաթղթերի դրույթները.
8) արգելված է նրա գործունեությունը և նշված ժամկետում չեն կատարվել նախանշված պայմանները կամ չի դադարեցվել արգելված գործունեությունը.
9) դադարել են գոյություն ունենալ ձեռնարկության գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ բնական կամ այլ պայմանները, և նա սահմանված ժամկետում չի փոխել իր գործունեության ձևերը:
Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:
Ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է համապատասխան դատական մարմնի որոշմամբ, բացի սույն հոդվածի «1», «4» և «5» կետերից, երբ ձեռնարկության գործունեությունը դադարեցնելու որոշումը ընդունում է սեփականատերը (սեփականատերերը) կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմինը:
Հոդված 71. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
Ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակի վերափոխումը առանց լուծարման ընթացակարգն անցնելու` նրա վերակազմավորման պատճառով, կատարվում է ձեռնարկության` նոր կազմակերպական-իրավական տեսակով գրանցվելու պահից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սնանկ ճանաչված ձեռնարկության գործունեության դադարեցումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սնանկության մասին օրենսդրությամբ:
Ձեռնարկության գործունեության դադարեցման այլ դեպքերում կատարվում է վերջնահաշվարկ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 72. | ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը չի ուղեկցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ օրինական ուժի մեջ մտած դատական մարմնի որոշմամբ նախատեսված բոլոր գործողությունների կատարմամբ, կամ կատարվել է խախտումներով, ապա նրա գործունեության դադարեցումը չի կարող համարվել իրականացված և ունենալ իրավական հետևանքներ:
Եթե ձեռնարկության գործունեության դադարեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի ձևակերպված պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնի կողմից, ապա այն չի կարող ունենալ իրավական հետևանքներ:
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության գործունեության դադարեցման, ձեռնարկության գույքի այլ ձեռնարկությանը փոխանցման դեպքում (բացի վաճառքից կամ արդարացի փոխհատուցում ստանալու այլ դեպքերից), վերջինս հանդիսանում է գույքը փոխանցող ձեռնարկության իրավահաջորդը` փոխանցված գույքի ծավալով:
Հոդված 73. | ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
Ձեռնարկության լուծարումն իրականացնում է նրա սեփականատիրոջ (սեփականատերերի), հիմնադրի (հիմնադիրների) կամ նրանց կողմից լիազորված մարմնի, իսկ ձեռնարկությունը սնանկ ճանաչելու դեպքում` դատական մարմնի կողմից կազմված լուծարքային հանձնաժողովը:
Լուծարքային հանձնաժողով կազմած անձը (անձինք) կամ մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարում է ձեռնարկության լուծարման մասին, սահմանում է ձեռնարկության լուծարման կարգը և ժամկետները, ինչպես նաև պարտատերերի կողմից պահանջները ներկայացնելու ժամկետը, որի տևողությունը չի կարող լինել երկու ամսից պակաս` ձեռնարկության լուծարման մասին հայտարարության պահից հաշված:
Լուծարքային հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակայնորեն և պաշտոնապես հայտարարել ձեռնարկության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին, ինչպես նաև բացահայտել ձեռնարկության վարկատուներին ու դեբիտորներին և նրանց, ինչպես նաև հարկային պետական տեսչության մարմիններին հայտնել ձեռնարկության լուծարման մասին, աշխատանք տանել ձեռնարկության դեբիտորական պարտքերը ստանալու և պարտատերերի պահանջները բավարարելու համար:
Հարկային պետական տեսչության մարմինների պահանջով լուծարքային հանձնաժողովի աշխատանքներին կարող է մասնակցել նաև հարկային պետական տեսչության մարմինների ներկայացուցիչը:
Լուծարքային հանձնաժողովը գնահատում է ձեռնարկության առկա գույքը, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նաև նրա սեփականատիրոջը (սեփականատերերին) պատկանող գույքը, վճարում է ձեռնարկության պարտքերը, կազմում է լուծարման հաշվեկշիռը և այն ներկայացնում է լուծարքային հանձնաժողով կազմած անձին (անձանց) կամ մարմնին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 մարտի 1992 թ. |