ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2016 թվականի N 1099-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԴԻՄՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման նպատակով ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1099-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԴԻՄՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների (բացառությամբ իրավասու մարմինների կողմից քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության կամ վարչարարության կարգով կիրառված սահմանափակումների) պետական գրանցման կամ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման նպատակով ներկայացվող դիմումները (այսուհետ` դիմում) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորների կողմից (այսուհետ` օպերատոր) Կադաստրի կոմիտե ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 14.11.19 N 1586-Ն)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով օպերատորն օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ստացած դիմումը և դրան կից փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնում է Կադաստրի կոմիտե:
(2-րդ կետը փոփ. 14.11.19 N 1586-Ն)
3. Ստացված փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին հաստատվում է օպերատորի համապատասխան աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ:
4. Օպերատորը դիմումը և դիմումի հետ միասին ընդունված փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններն առցանց Կադաստրի կոմիտե է ներկայացնում անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար իրեն տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի օգտագործմամբ:
(4-րդ կետը փոփ. 14.11.19 N 1586-Ն)
5. Դիմումի հետ միասին ընդունված փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների տեսաներածված պատճեններն անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգում մուտքագրվելու (վերբեռնվելու) միջոցով, ընդ որում`
1) դիմումի հետ միասին մուտքագրվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն օպերատորի համապատասխան աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ.
2) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF ձևաչափի ֆայլերով.
3) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ.
4) պետական տուրքի կամ ծառայության համար վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով:
6. Դիմումը և դիմումի հետ միասին ընդունված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները մուտքագրվելուց հետո ավտոմատացված համակարգի միջոցով դիմողին տրամադրվում է դիմումի ընդունման ստացական, որտեղ պարտադիր պետք է նշվեն դիմողի տվյալները, ավտոմատացված համակարգում դիմումի մուտքագրման համարը, դիմումի էլեկտրոնային նույնականացման համարը, դիմումով պատվիրված գործառույթի տեսակը, անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն) և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
7. Սույն կարգով նախատեսված էլեկտրոնային եղանակով տրված դիմումները համարվում են անշարժ գույքի պետական գրանցման ներկայացված` մուտքագրվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին մուտքագրվելու դեպքում դիմումը ներկայացված է համարվում դիմումի մուտքագրմանը հաջորդող աշխատանքային օրվանից:
8. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կադաստրի կոմիտեն մեկօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան օպերատորին: Անհամապատասխանության վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո օպերատորը մեկօրյա ժամկետում վերացնում է անհամապատասխանությունը և փաստաթղթերի տեսաներածված պատճենները ներկայացնում Կադաստրի կոմիտե:
(8-րդ կետը փոփ. 14.11.19 N 1586-Ն)
9. Օպերատորի կողմից ավտոմատացված համակարգում մուտքագրված դիմումների հիման վրա Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կազմված վարույթի ավարտական փաստաթղթերը սահմանված ժամկետներում հանձնվում են դիմումը մուտքագրած օպերատորին՝ դիմումատուներին տրամադրելու համար:
(9-րդ կետը խմբ. 14.11.19 N 1586-Ն)
10. Օպերատորներին հանձնված դիմումները և դրանց կից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնվում են Կադաստրի կոմիտե:
(10-րդ կետը փոփ. 14.11.19 N 1586-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 14.11.19 N 1586-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |