ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ`
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ առանձին նշվող որպես Կողմ, և միասին, Կողմեր),
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ոգին,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ խթանել գիտության և բարձրագույն կրթության ոլորտում փոխանակումը և համագործակցությունը,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ երկու պետությունների ուսանողների համար դյուրացնել համապատասխան մյուս պետությունում ուսումը շարունակելու հնարավորությունը` տեղյակ լինելով բարձրագույն կրթության ոլորտում երկու պետությունների միջև առկա նմանություններին,
համաձայնել են հետևալի մասին:
ՀՈԴՎԱԾ 1
Նպատակը
Սույն Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից շնորհված ակադեմիական որակավորումների փոխադարձաբար ճանաչումը՝ երկու պետությունների հաստատություններում ուսում ստանալու և ուսումը շարունակելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 2
Գնահատումը
ա) Սույն Համաձայնագիրը կարգավորում է ուսման ժամանակահատվածների և ակադեմիական որակավորումների փոխադարձաբար ճանաչումը՝ երկու պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհ) հետագա ուսումը շարունակելու հնարավորություն ստանալու նպատակով:
բ) Երկու պետությունների գործող ազգային օրենսդրություններին և վավերացրած միջազգային կոնվենցիաներին համապատասխան՝ Համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության բուհերի կողմից շնորհված ակադեմիական որակավորումների նկատմամբ:
գ) Սույն Համաձայնագրի նպատակների համար բուհեր են`
i) Կիպրոսի Հանրապետության համար` Կիպրոսի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համաձայն հիմնադրված պետական համալսարաններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները և այն մասնավոր համալսարաններն ու մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք հիմնադրվել և հավատարմագրվել են Կիպրոսի Հանրապետության համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն և գրանցված են Կրթության և մշակույթի նախարարությունում՝ պետության համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն: Կիպրոսի Հանրապետության կողմից ճանաչվում են միայն հավատարմագրված ծրագրերով ստացված որակավորումները` այդ մասնավոր ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերի կրթական գնահատման/հավատարմագրման վերաբերյալ պետության օրենքների և կանոնակարգերի համաձայն:
ii) Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համաձայն հիմնադրված բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները և այն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք հիմնադրվել և հավատարմագրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կանոնակարգերի համաձայն:
դ) Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցում է Կիպրոսի և Հայաստանի` հավատարմագրված բարձրագույն ուսումնական այն հաստատությունների և կրթական ծրագրերի ցանկի մասին, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, ինչպես նաև հավատարմագրված բուհերի և ծրագրերի ցանկում կատարված յուրաքանչյուր փոփոխության մասին՝ ցուցակից հաստատությունների ու ծրագրերի հանման կամ նոր հաստատությունների ու ծրագրերի ավելացման դեպքում:
ՀՈԴՎԱԾ 3
Որակավորումների համարժեքության ճանաչումը
Երկու պետությունների բուհերում կրթական ծրագրերին գրանցման հասանելիության նպատակով որակավորումների մակարդակը ճանաչվում է ստորև ներկայացված աղյուսակին համապատասխան` պայմանով, որ առկա չեն էական տարբերություններ:
Կիպրոսի Հանրապետության համար այս պայմանն ստուգվում է բարձրագույն կրթական որակավորումների ճանաչման իրավասու մարմնի կողմից (Բարձրագույն որակավորումների ճանաչման խորհուրդ` KYSATS):
Հայաստանի Հանրապետության համար իրավասու մարմին է Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ):
ՀայաստանիՀանրապետություն |
Կիպրոսի Հանրապետություն |
Մակարդակ/աստիճան |
Մակարդակ/աստիճան |
Կարճատև ծրագիր |
Կարճատև ծրագիր |
Վկայական Վկայագիր Բարձրագույն կրթության վկայագիր | |
1-ին մակարդակ/աստիճան |
1-ին մակարդակ/աստիճան |
Բակալավրիատ |
Ptychio/Բակալավր Ճարտարագետի վկայագիր (Ptychio աստիճանը տալիս է դոկտորական ծրագրով (PhD) ուսման հնարավորություն՝ համալսարանների կողմից սահմանված պայմաններին համապատասխան) |
2-րդ մակարդակ/աստիճան |
2-րդ մակարդակ/աստիճան |
Մագիստրատուրա |
Մագիստրատուրա |
3-րդ մակարդակ/աստիճան |
3-րդ մակարդակ/աստիճան |
Գիտությունների թեկնածու |
Փիլիսոփայության դոկտոր (PhD) |
ՀՈԴՎԱԾ 4
Միջնակարգ կրթության ավարտական վկայականների ճանաչումը
բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու նպատակով
Յուրաքանչյուր երկրի հավատարմագրված բուհերի/ծրագրերի ընդունելության համար անհրաժեշտ նախապայման է միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը (առնվազն 12 տարի ուսումնառությունից հետո) կամ դրան համարժեք որակավորումը` պայմանով, որ բավարարվեն յուրաքանչյուր երկրի կանոնակարգերով ուսումնական յուրաքանչյուր ծրագրի համար սահմանված բոլոր պահանջներն ու կանոնները, ներառյալ լեզվական պահանջները:
ՀՈԴՎԱԾ 5
Ուսման ժամանակահատվածների և քննությունների ճանաչումը
Դիմում ներկայացնելուց հետո այն ուսանողները, ովքեր ծրագրում են ուսումը շարունակել մյուս երկրի հավատարմագրված բուհի որևէ կոնկրետ կրթական ծրագրով, պետք է ճանաչման ներկայացնեն իրենց երկրի հավատարմագրված բուհի կողմից տրվված ուսումնական փաստաթղթերը: Փաստաթղթերում նշվում են հաջողությամբ ավարտած կրթական աստիճանը, կրթական արդյունքները, ուսման ժամանակահատվածը և տևողությունը, ինչպես նաև ECTS կրեդիտների փոխանցումը, որոնք պետք է համապատասխանեն մուտքի ուսումնական ծրագրերի որակավորումների ուսումնական բեռնվածությանը: Եթե ճանաչման իրավասու մարմնի կողմից էական տարբերություններ չեն հայտնաբերվել, որակավորումը ճանաչվում է:
Ուսման ժամանակահատվածների և որակավորումների ճանաչումը դյուրացնելու նպատակով հավատարմագրված բուհերը պետք է տրամադրեն վկայագրի ներդիրը կամ այլ համարժեք փաստաթուղթ:
ՀՈԴՎԱԾ 6
Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչումը
ուսման հաջորդ մակարդակ/աստիճան մուտքի համար
Երկու Կողմերը սույնով համաձայնում են, որ երկու պետություններից որևէ մեկի ուսանողը, որն ունի ակադեմիական այնպիսի որակավորում, որն իր երկրում ճանաչվում է` հավատարմագրված ծրագրով/բուհում կրթական երկրորդ կամ երրորդ աստիճանում ուսումը շարունակելու համար, իրավունք ունի մրցելու մյուս պետությունում հավատարմագրված ծրագրեր/բուհեր ընդունվելու համար:
Երկու պետություններից մեկի ակադեմիական որակավորումների կրթական բեռնվածության գնահատումը, մյուս պետությունում հաջորդ մակարդակի կրթական ծրագիր ընդունվելու նպատակով, հյուրընկալող երկրի ուսումնական հաստատության իրավունքն է, որն ընտրված կրթական ծրագիրը որոշելու համար կարող է պահանջել անհրաժեշտ կրեդիտների համալրում և կուտակում:
Ընդունելությունը կատարվում է միայն հյուրընկալող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության օրենսդրությամբ և դասավանդման կանոններով կրթական կոնկրետ ծրագրի համար նախատեսված պայմանների և պահանջների բավարարման դեպքում:
ՀՈԴՎԱԾ 7
Դոկտորական մակարդակի ընդունելությունը
Կիպրոսի մագիստրոսի աստիճանը, որը տալիս է դոկտորական ծրագրերով ուսումը շարունակելու հնարավորություն, ճանաչվում է Հայաստանում դոկտորական ծրագրերով ուսանելու համար՝ համարժեք ազգային որակավորումներ ունեցող թեկնածուների համար Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ընդունելության պայմաններին համապատասխան:
Կիպրոսում դոկտորական ծրագրերում ուսանելու հնարավորություն կարելի է ստանալ նաև ուսման առաջին աստիճանը (Ptychio) ավարտելուց հետո` կախված համալսարանների կողմից սահմանված պայմաններից:
Հայկական մագիստրոսի աստիճանը կամ բարձրագույն կրթության վկայագիրը (5-ամյա ծրագիր), որը տալիս է դոկտորական ծրագրերում ուսանելու հնարավորություն, ճանաչվում է Կիպրոսում դոկտորական ծրագրերով ուսանելու համար՝ համարժեք ազգային որակավորումներ ունեցող թեկնածուների համար կիպրական օրենսդրությամբ սահմանված ընդունելության պայմաններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 8
Փորձագիտական մշտական հանձնաժողով
Կողմերը համաձայնել են ստեղծել փորձագիտական մշտական հանձնաժողով՝ յուրաքանչյուր կողմից չորսական անդամով: Անդամների մասին պետությունները տեղեկություն են տրամադրում դիվանագիտական ուղիներով:
Փորձագիտական մշտական հանձնաժողովն ունի հետևյալ գործառույթներն ու պարտականությունները.
- քննարկել Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագող բոլոր հարցերը: Կողմերը բացատրական տեղեկության փոխանակումը կատարում են դիվանագիտական ուղիներով.
- տեղեկացնել երկու պետությունների կամ նրանցից մեկի բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին, որոնք կարող են լինել յուրաքանչյուր պետության օրենքներում/կանոնակարգերում փոփոխությունների արդյունք կամ միջազգային կառույցների հետ կապված փոփոխություններ, քննարկել այդ փոփոխությունների հնարավոր ազդեցությունները Համաձայնագրի վրա և դիվանագիտական ուղիներով ներկայացնել Համաձայնագրում անհրաժեշտ համարվող փոփոխություններ կատարելու առաջարկներ:
Փորձագիտական մշտական հանձնաժողովը նիստ է գումարում Կողմերից մեկի խնդրանքով: Նիստի վայրը յուրաքանչյուր անգամ համաձայնեցվում է դիվանագիտական ուղիներով:
ՀՈԴՎԱԾ 9
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտի մասին Կողմերի միմյանց ծանուցելու օրվանից 60 օր հետո:
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել դիվանագիտական ուղիներով գրավոր ներկայացված` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի առաջին պարբերությունում սահմանված ընթացակարգով:
ՀՈԴՎԱԾ 10
Դադարեցնելը
Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից որևէ մեկը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Համաձայնագիրը` դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Դադարեցումն ուժի մեջ է մտնում մյուս Կողմի` դադարեցման մասին ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի դադարեցումը չի ազդում ակադեմիական որակավորումներ ունեցող այն անձանց իրավունքների վրա, որոնց որակավորումները ճանաչվել են նախքան Համաձայնագրի դադարեցումը: Ի հավելումն` ավարտին է հասցվում նախքան Համաձայնագրի դադարեցումը ներկայացված դիմումների գնահատման գործընթացը:
Ի վկայումն որի՝ ներքոստորագրյալները, լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Նիկոսիայում 2016թ–ի մարտի 15-ին` անգլերեն երկու կրկնօրինակով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. մայիսի 20-ին
