ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 304-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար այդ ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթղթերն են՝
ա) կոնոսամենտը, բեռնագիրը, տրանսպորտային առաքման պայմանագրի կնքումը հաստատող փաստաթուղթը, հաշիվ-ապրանքագիրը (ինվոյս), մասնագիրը, բեռնման (փաթեթավորման) թերթիկը կամ այլ տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթեր, որոնցում կատարվել է ուղարկողի կամ հայտարարատուի կողմից հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության ապրանքներ» գրառումը՝ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք չհանդիսացող՝ Միության մաքսային տարածքի մի մասից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքները փոխադրելու դեպքում.
բ) ապրանքների մասին հայտարարագիրը, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել Միության անդամ պետությունում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին կամ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք Միության ապրանքների ներմուծումը հաստատող տարանցման հայտարարագիրը, Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 47-րդ ենթակետի իմաստով Միության ապրանքների կարգավիճակը հաստատելու համար Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան օգտագործվող այլ փաստաթղթեր՝ Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք հանդիսացող՝ Միության մաքսային տարածքի մի մասից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքները փոխադրելու դեպքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |