Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0072/04/17

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0072/04/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան  

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան

 

 Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

 Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

    

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ս. Միքայելյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Է. Սեդրակյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հոկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ Գարիկ Իսրայելյանի դիմումի՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գարիկ Իսրայելյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 07.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Գարիկ Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձինք Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 20-րդ, 46-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 205-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առկա չէ գործին մասնակից չդարձված անձանց կողմից սնանկության գործով կայացվող գործն ըստ էության չլուծող դատական ակտերը բողոքարկելու իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ որևէ դրույթ, հետևաբար սնանկության վարույթը կանոնակարգող օրենքում համապատասխան կարգավորման բացակայության դեպքում կիրառման են ենթակա նույն հարցի վերաբերյալ Նախկին օրենսգրքում առկա կարգավորումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գրավով ապահովված պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի քննությանը որպես երրորդ անձ պետք է մասնակից դարձվեն գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք, քանի որ սնանկության գործերով գրավով ապահովված պահանջ գրանցելու դեպքերում նման դատական ակտերը շոշափում են գրավի առարկայի սեփականատիրոջ իրավունքները: Հակառակ դեպքում խախտվում են գույքի սեփականատիրոջ սեփականության և դատական պաշտպանության իրավունքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ թեև Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը գործին մասնակից չդարձված անձանց իրավունք է վերապահում վերաքննության կարգով բողոքարկել գործն ըստ էության լուծող դատական ակտերը և որևէ դրույթ չի պարունակում անձանց նույն շրջանակի կողմից գործն ըստ էության չլուծող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ, սակայն տվյալ նորմն անհրաժեշտ է մեկնաբանել ավելի լայն կերպով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության գործով կայացվող դատական ակտերը չի տարանջատում գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտերի:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձանց կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձինք, ովքեր ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովող գույքի (այդ թվում՝ գրավի առարկա հանդիսացող) սեփականատեր են (այդ թվում՝ գրավատու), կարող են բողոքարկել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համեմատ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ կանոններ սահմանված լինելու դեպքում սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն: Նույն օրենքով սահմանված չէ այդ որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Վերը նշված իրավական կարգավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով այլ բան սահմանված չլինելու հիմնավորմամբ սնանկության գործի վարումը՝ տվյալ դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը պարզելու հարցը, ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին գործող Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի  1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ գործին մասնակից չդարձված անձինք գործին մասնակցող անձանց իրավունքներից, տվյալ դեպքում` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքից օգտվում են այն դեպքում, երբ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ ՍԴՈ-932 որոշմամբ կարևորելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «սնանկության գործ» հասկացության սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, թե որ իրավական ակտով կամ ակտերով սահմանված կանոններն են ենթակա կիրառման սնանկության գործերով դատավարական կարգի նկատմամբ, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով: ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ հաշվի առնելով սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող առանձին վարույթների բնույթը, առանձնահատկությունները, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանը` օրենսդիրը նշված վարույթներից առանձնացրել է երկուսը, և միայն այդ վարույթներով կայացված դատական ակտերն է դիտարկել որպես վեճն ըստ էության լուծող դատական ակտեր: Խոսքը վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթին, որի ընթացքում դատարանը կայացնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կամ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ, և սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վարույթին: Օրենսդիրը սնանկության գործի բաղադրատարր հանդիսացող մի շարք առանձին վարույթների շարքում իրավաչափորեն առանցքային նշանակություն է վերապահել պարտապանին սնանկ ճանաչելու և սնանկության գործն ավարտելուն ուղղված վարույթներին: Մնացած բոլոր վարույթները, այդ թվում` ժողովի որոշումների և սնանկության գործով կառավարչի գործողությունների բողոքարկման վարույթները, հանդիսանում են պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացումը:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, նշել է, որ օրենսդիրը, ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Այդ ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ կարող են կասեցնել կամ խոչընդոտել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, սնանկության գործի քննության հնարավորությունը, այն է՝ դիմումի ընդունումը մերժելու, դիմումը վերադարձնելու, պարտապանի մոտ ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու, պահանջի, պահանջի փոփոխության դեմ առարկությունները քննարկելու արդյունքում պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու, սնանկ ճանաչված անձի գույքն օտարելու թույլտվություն տալու, պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու մասին որոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդրի կողմից իրավաչափ մոտեցում է ցուցաբերվել` կապված սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միայն որոշակի խումբ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելի համարելու հետ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հիմք ընդունելով նշված իրավական կարգավորումը` Վճռաբեկ դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի որոշումը նախկին իրավական կարգավորման շրջանակներում դիտում է ոչ թե որպես գործն ըստ էության լուծող, այլ միջանկյալ դատական ակտ, որը Նախկին օրենսգրքի համաձայն՝ կարող էր բողոքարկվել միայն գործին մասնակցող անձանց կողմից:

Անդրադառնալով պահանջների հաստատման գործընթացին գրավատուի մասնակցության հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

  Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ): Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է սնանկության գործով ներկայացվող պահանջների հաստատման որոշակի ընթացակարգ: Օրենսդիրը նաև նախատեսել է որոշակի երաշխիքներ երրորդ անձի համար, ում պատկանող գույքով ապահովված է պարտատիրոջ պահանջը: Մասնավորապես նախատեսվել է իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու հնարավորություն՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ վճարում կատարելով: Կարևոր երաշխիք է նաև այն, որ երրորդ անձին պատկանող գույքի հաշվին պարտատիրոջ պահանջը բավարարվելու դեպքում երրորդ անձն ընդգրկվում է պարտատերերի կազմում:

Անդրադառնալով պահանջների հաստատման փուլում երրորդ անձի՝ տվյալ դեպքում գրավատուի մասնակցությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ենթակա են կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից արտահայտված հետևյալ դիրքորոշումները:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ  հանրության և այն պայմաններով, որոնք նախատեuված են oրենքով ու միջազգային  իրավունքի ընդհանուր uկզբունքներով: (...)

Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1)   միջամտությունը նախատեսված է օրենքով,

2)   միջամտությունը բխում է հանրային շահից,

3)   միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:

Այսպես, ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության էությունից (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունն իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):

Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն՝ այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս, James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):

Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս, Sporrong and Lönnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ): Մասնավորապես, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյություն ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Scollo v. Italy գործով Եվրոպական դատարանի 28.09.1995 թվականի վճիռը, 32-րդ կետ): Եվրոպական դատարանի գնահատմամբ նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի միջամտության պատճառով սեփականատերն ստիպված է կրել անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն (տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 89-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ ապահովված պահանջների դեպքում ծանուցելու նաև երրորդ անձանց, ում գույքով է ապահովված համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի և պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն՝ նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը համապատասխանում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Նշված որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի (Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը) սահմանադրականությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանը մասնավորապես կարևորել է, որ օրենսդրի կողմից գրավառուի՝ գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի դատական պաշտպանության իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն տրամաբանությունն է գործում նաև մասնավորապես գրավով ապահովված պահանջը հաստատելու գործընթացում: Գրավատուն պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկանալու սնանկության վարույթում իր գույքով ապահովված պահանջ ներկայացված լինելու վերաբերյալ:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև մամուլի միջոցով երրորդ անձի ծանուցման՝ իրապես ծանուցված լինելու հնարավորությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ արտահայտված դիրքորոշմամբ: Նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ.

«բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան: Հակառակ պարագայում ոչ միայն ոտնահարվում է [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով ամրագրված նրանց իրավունքները, այլև խախտվում են համամասնականության և համաչափության սահմանադրական սկզբունքները` [«Սնանկության մասին» ՀՀ]  օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված բացառությունների առումով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non / պայման, առանց որի հնարավոր չէ/ կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սնանկության գործընթացում գտնվող սուբյեկտի (պարտապանի) բոլոր պարտատերերի հայտնաբերմանը և վերջիններիս՝ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման և պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Խնդիրն այն է, որ պարտատերը պատշաճ ծանուցում պետք է ստանա սնանկության վարույթի բացման և պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Իսկ պարտապանը պետք է օրենքով սահմանված կարգով հստակ ու ամբողջական տեղեկատվություն ներկայացնի իր պարտավորությունների վերաբերյալ»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դիրքորոշումը կիրառելի է նաև պահանջների հաստատման գործընթացում գրավատուների տեղեկացվածության վերաբերյալ: Եթե օբյեկտիվորեն գրավատուն հնարավորություն չի ունեցել տեղեկացված լինելու սնանկության վարույթում ներկայացված պահանջի վերաբերյալ, ապա վերջինիս պետք է տրվի հնարավորություն ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ: Հակառակ իրավական դիրքորոշման պարագայում սահմանափակվում է ոչ միայն անձի սեփականության, այլ նաև դատական պաշտպանության իրավունքը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` պարտապան Գարիկ Իսրայելյանի կամավոր սնանկության դիմումը բավարարվել է և Դատարանի 16.03.2017 թվականի վճռով վերջինս ճանաչվել է սնանկ (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 11-17):

Դատարանի 07.07.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Գարիկ Իսրայելյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում որպես պարտատերեր նշվել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի պահանջը ցուցակում ներառվել է որպես Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի անշարժ գույքի գրավով ապահովված պահանջ (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 84-85):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/2691/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Քարիմյանի, Աշոտ Տոնոյանի ընդդեմ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, երրորդ անձ Գարիկ Իսրայելյանի՝ պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ըստ ընդդատության հանձնվել է սույն գործը քննող դատարանին (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 16):

Դատարանի 20.12.2017 թվականի որոշմամբ մերժվել է Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի պահանջի քննությունը կասեցնելու մասին այն հիմնավորմամբ, որ վիճարկվող պահանջն արդեն իսկ հաստատված է 07.07.2017 թվականի որոշմամբ (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 19):

Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի՝ որպես գործին մասնակից չդարձված անձանց ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք Դատարանի 07.07.2017 թվականի որոշման դեմ: Վերաքննիչ բողոք ներկայացվել է այն հիմնավորմամբ, որ Գարիկ Իսրայելյանի գույքի կազմում ներառված է նաև բողոքաբերներին պատկանող գույք, իսկ «Արարատբանկ» ԲԲԸ-ի պահանջը գրանցվել է որպես բողոքաբերներին պատկանող անշարժ գույքի գրավով ապահովված պահանջ: Մինչդեռ բողոքաբերները չեն ներգրավվել գործի կամ առնվազն «Արարատբանկ» ԲԲԸ-ի պահանջի քննությանն այն դեպքում, երբ 07.07.2017 թվականի որոշումը շոշափում է նրանց իրավունքները, իսկ «Արարատբանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքի ծագման հիմք հանդիսացող գործարքը վիճարկվում է դատական գործի շրջանակներում (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 9-15):

Վերաքննիչ դատարանը 19.02.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ Անահիտ Քարիմյանը և Աշոտ Տոնոյանը Դատարանի 07.07.2017 թվականի որոշումը, որը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, բողոքարկել են որպես գործին մասնակից չդարձված անձինք, մինչդեռ Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձինք վերաքննության կարգով կարող են բողոքարկել միայն գործն ըuտ էության լուծող դատական ակտերը, որոնք կայացվել են նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Այսինքն` 07.07.2017 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել են գործին մասնակից չդարձված անձինք, ովքեր սույն դեպքում դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեին (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 30-31):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը գործին մասնակից չդարձված և երրորդ անձ հանդիսացող գրավատուների կողմից բողոքարկելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալը.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 18.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-652,  16.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-665, 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 և մի շարք այլ  որոշումներով բազմիցս անդրադառնալով արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով, միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով, վկայակոչելով նաև ժողովրդավարության զարգացման միջազգային փորձն ու Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան՝ կարևորել է անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու համար նորմատիվ իրավական բավարար նախադրյալների ստեղծումն ու զարգացումը հատկապես միջազգային այն պարտավորությունների շրջանակներում, որպիսիք Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև: ՀՀ Սահմանադրական դատարանը միաժամանակ կարևորել է այդ պարտավորություններից բխող ներպետական հայեցողական որոշակի ազատությունն արդարադատության մատչելիության և հատկապես դատական բողոքարկման իրավունքի օրենսդրական սահմանափակումների հարցում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները  չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 55):

Ընդ որում, Եվրոպական դատարանի կողմից հստակ ձևավորված նախադեպային իրավունքը պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե դրանք ստեղծվել են, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում նաև՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից (տե՛ս,  Kudla v. Poland գործով Եվրոպական դատարանի 20.10.2000 թվականի վճիռ, կետ 122):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Նախկին օրենսգրքի համաձայն՝ գործին մասնակից չդարձված անձինք կարող էին բողոքարկել միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին վերապահվել է նաև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու լիազորություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավատու հանդիսացող Անահիտ Քարիմյանին և Աշոտ Տոնոյանին պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը բողոքարկելու հնարավորություն տալը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված և համապատասխանաբար ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի կողմից բացահայտված անձի դատական պաշտպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ բողոքարկվող դատական ակտն ուղղակիորեն շոշափում է Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի սեփականության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ նախորդ օրենսդրական կարգավորումը փոփոխվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով թվարկվում են առաջին ատյանի դատարանի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն մասի 15-րդ կետի համաձայն՝ բողոքարկման ենթակա են նաև այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

Հետևաբար գործող կարգավորման պայմաններում գործին մասնակից չդարձված անձինք կարող են բողոքարկել նաև պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը՝ նկատի ունենալով, որ վերջինս «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված բողոքարկման ենթակա դատական ակտ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կարևորագույն հատկանիշ է այն, որ սահմանադրական մակարդակով պետությունը հավաստում է իր հավատարմությունն այդ տեսությանը, ճանաչում և ամրագրում է իր կախվածությունն իրավունքից, իրավունքի գերակայությունը՝ պետական իշխանության նկատմամբ: Իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքը, ի թիվս այլոց, դրսևորվում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունք լինելու գաղափարը: Այն իր արտացոլումն է գտել նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ (Իրավական նորմերի աստիճանակարգությունը) և 6-րդ (Օրինականության սկզբունքը) հոդվածներում՝ մասնավորապես ամրագրելով, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Էդիկ Հակոբյանի թիվ ԼԴ/0509/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.07.2018 թվականի որոշումը):

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը, կարևորելով օրենքի նկատմամբ իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունը, արձանագրում է, որ անհրաժեշտ է Անահիտ Քարիմյանին և Աշոտ Տոնոյանին վերապահել Դատարանի 07.07.2017 թվականի որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ նկատի ունենալով, որ հակառակ դեպքում սահմանափակվում են վերջիններիս սեփականության և դատական պաշտպանության իրավունքները:

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Անահիտ Քարիմյանի և Աշոտ Տոնոյանի վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը քննարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան