ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1015/05/11 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/1015/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան | |
Դատավորներ` Հ. Բեդևյան |
|
Ա. Բաբայան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի դեկտեմբերի 03-ին,
քննարկելով ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Սեյրան Պողոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեյրան Պողոսյանի ընդդեմ Տեսչության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Սեյրան Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Սեյրան Պողոսյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 10.728.360 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սեյրան Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության պետի 04.02.2011 թվականի թիվ 02 որոշման 2-րդ կետը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.07.2012 թվականի որոշմամբ Դատարանի 18.06.2012 թվականի վճռի դեմ Սեյրան Պողոսյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.08.2012 թվականի որոշմամբ Դատարանի 18.06.2012 թվականի վճռի դեմ Սեյրան Պողոսյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեյրան Պողոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը, 115-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սեյրան Պողոսյանը Դատարանի 18.06.2012 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերել մինչև 19.07.2012 թվականը, ինչը և կատարվել է: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ 19.07.2012 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք` Սեյրան Պողոսյանը բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը` անտեսելով այն հանգամանքը, որ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետի ընթացքը սկսվում է հաջորդ օրվանից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ նույն օրենսգրքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
Նշված նորմերից հետևում է, որ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ, որպիսի ժամկետի հաշվարկը սկսվում է այդ ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Սեյրան Պողոսյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի մասով չի վերացրել թույլ տրված խախտումը (վերջինիս կողմից չի ներկայացվել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին), ինչը հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 18.06.2012 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 30), իսկ դրա դեմ վերաքննիչ բողոքը բերվել է (հանձնվել է փոստային բաժանմունք) 19.07.2012 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 59), այսինքն` տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սեյրան Պողոսյանը Դատարանի 18.06.2012 թվականի վճռի դեմ սույն վերաքննիչ բողոքը բերել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում, ինչից հետևում է, որ վերջինս այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել դատավարական ժամկետների ընթացքի հաշվարկման կանոնը` խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|