ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 փետրվարի 2019 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 6-ից:
Օրենքի 4-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող 2-րդ մասը սահմանում է.
«2. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:
Օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է համաներումը չկիրառելու դեպքերը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 3-ի ԵԱՔԴ/0188/01/17 քրեական գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
Ուսումնասիրելով սույն գործով դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողի գնահատմամբ այնքանով, որքանով «համաներման կիրառմամբ պատժից ազատելու դեպքում պարտադիր պայման սահմանված չէ տուժողին պատճառված վնասը հատուցած լինելու վերաբերյալ», ավելին՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, այդքանով Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն առերևույթ հակասում է Սահմանադրության 1-ին, 3, 61, 63, 79 և 81-րդ հոդվածներին:
Ըստ դիմողի՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնակարգմամբ օրենսդիրը պատշաճ չի գնահատել պետություն-անձ հարաբերությունները, փոխադարձ իրավունքների և պարտականությունների հարաբերակցությունը: Պետությունը համաներմամբ պատժից ազատելու իր իրավունքը չպետք է իրացնի ի վնաս տուժողների առջև ունեցած սահմանադրական պարտավորությունների: Ըստ դիմողի՝ ստացվում է, որ պետությունը ոչ միայն չի կարողացել կանխել հանցագործության կատարումը, այլև, դրանից հետո պարտավոր լինելով բացահայտել հանցագործությունը և հնարավորություն տալ տուժողին իրացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, ներում է հանցանք կատարած անձին, իսկ տուժողին ուղղորդում իրավունքների պաշտպանության՝ այլ կառուցակարգերի միջոցով պաշտպանելու իր իրավունքները: Ըստ դիմողի՝ ինչպես երևում է Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասից՝ տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը չի կարող լուծվել քրեական դատավարությունում. այդ նպատակով տուժողը պետք է դիմի քաղաքացիադատավարական կառուցակարգերին: Իսկ դրանք որևէ դրական (պոզիտիվ) նշանակություն չունեն տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման տեսանկյունից: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ հայց հարուցելուց զատ տուժողին պատճառված վնասը հատուցելու հարցը լուծելու հետ կապված այլ իրավական կառուցակարգ առկա չէ:
Դիմողը գտնում է, որ եթե Օրենքն ունենար այնպիսի կանոն, որ «տուժողին պատճառված վնասը հանդես գար, որպես պարտադիր պայման պատժից ազատելու, ապա այն կլիներ ոչ միայն լրացուցիչ երաշխիք տուժողին պատճառված վնասի հատուցման համար, այլև հանցանք կատարած անձին կստիպեր, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեր տուժողին պատճառված վնասը հատուցելու համար»:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը շեշտում է, որ համաներման ակտը պետք է համահունչ լինի համաներման՝ որպես գթասրտության ակտի բնույթին և պետական իշխանության սահմանադրական պատասխանատվությանը, ինչը պարտավորեցնում է օրենսդրին հաշվի առնել համաներման ենթակա անձանց վերասոցիալիզացման խնդիրները և դրանց լուծումներն ապահովելու անհրաժեշտությունը՝ առանց վտանգի տակ դնելու ժողովրդավարական հասարակության մեջ կայուն իրավակարգի և քաղաքացիների իրավունքների երաշխավորման շահը:
Պատասխանողը նշում է, որ համաներման կիրառման օրենսդրական հիմքերը նախատեսված չեն: Այսինքն՝ հարցի կարգավորումն ամբողջությամբ թողած է պետական իշխանության իրավասու բարձրագույն մարմնի հայեցողությանը: Յուրաքանչյուր դեպքում օրենսդրի հայեցողությանն է թողած ինչպես համաներում հայտարարելու նպատակահարմարության և հանցանք կատարած անձանց շրջանակի որոշումը, այնպես էլ համաներման կիրառման պայմանների, կառուցակարգերի և բացառությունների սահմանումը: Ուստի, կոնկրետ հանցագործությունների և հանցանք կատարած անձանց շրջանակի, համաներման կիրառման պայմանների և իրավական կառուցակարգերի սահմանումը չի կարող դիտվել Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներով երաշխավորված կանոնների խախտում:
Ըստ պատասխանողի՝ ակնհայտ է, որ համաներման ակտն ընդունողի՝ օրենսդրի հայեցողական լիազորությունը կարող է իրացվել միայն իրավաչափ լուծումների և Սահմանադրության հիմնարար սկզբունքների շրջանակներում՝ բացառելով տուժողին հասցված վնասի հատուցման իրավունքների խախտման որևէ դրսևորում, մասնավորապես՝ տուժողի սեփականության իրավունքի մասով, երբ օրենսդիրը որոշակիության սկզբունքին համահունչ բացառապես ամրագրել է սահմանադրաիրավական նորմերով ստանձնած յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքը պաշտպանելու պետության պարտավորվածությունից բխող նորմեր առ այն, որ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը լուծվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որը, անշուշտ, միտված է երաշխավորելու սեփականության խախտված իրավունքների վերականգնումը:
Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:
Հաշվի առնելով, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը կարող է ընդունել համաներման մասին օրենք՝ Կառավարության առաջարկությամբ, Սահմանադրական դատարանը դիմել և ստացել է նաև Կառավարության բացատրությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ Օրենքն ընդունվել է Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածին համահունչ՝ հիմքում ունենալով նաև այն մոտեցումը, որ համաներման ակտը վերաբերում է անձին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հարցերին, բայց ոչ նրա՝ տուժողի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից ազատելու հարցերին: Ըստ Կառավարության՝ վիճարկվող իրավակարգավորումներով պետությունը չի ազատում հանցանք կատարած անձին տուժողի նկատմամբ իր ունեցած պարտականությունների կատարումից և երաշխավորում է տուժողի իրավունքների պաշտպանության միջոցի արդյունավետությունը։
Կառավարությունը նշում է նաև, որ, պահպանելով պատժից ազատելու հարցում քաղաքականության միասնականությունը և ելնելով այն հանգամանքից, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ունի նախադատելի ուժ և տուժողի համար ստեղծում է շահեկան դիրք հետագայում քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցում ստանալու հարցում, պետությունը համաներման հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում անձին պատժից ազատելու հարցում տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը չի դիտում որպես համաներման կիրառման համար բացառիկ նախապայման։
Կառավարությունը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումները չեն հակասում Սահմանադրության 1-ին, 3, 61, 63, 79 և 81-րդ հոդվածներին:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական հարցերի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
ա) սահմանափակվա՞ծ է արդյոք օրենսդրի հայեցողությունը` համաներման կիրառում նախատեսելու այն անձի նկատմամբ, որը չի կատարել հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման իր պարտականությունը,
բ) վիճարկվող և դրա հետ փոխկապակցված դրույթների իրավակարգավորումները ստեղծո՞ւմ են արդյոք հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը հատուցելու՝ անձի պարտականության չկատարման, տուժողի համար ոչ բարենպաստ պայմանների ստեղծման իրավական նախադրյալներ,
գ) երաշխավորվո՞ւմ է արդյոք տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքի իրացումը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Համաներման հետ կապված հարաբերությունները սահմանված են Սահմանադրության «Համաներումը» վերտառությամբ 117-րդ հոդվածով, համաձայն որի` «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք»: Սահմանադրական հիշյալ կարգավորումից բխում է, որ՝
- սահմանադիրը Ազգային ժողովին է վերապահել համաներման լիազորությունը, որն իրացվում է օրենք ընդունելու միջոցով,
- Ազգային ժողովը համաներման մասին օրենք կարող է ընդունել միայն Կառավարության առաջարկությամբ,
- «կարող է ընդունել» սահմանադրական դրույթով շեշտադրվում է, որ համաներման մասին օրենք ընդունելու հարցի վերաբերյալ Ազգային ժողովն ունի լայն հայեցողություն,
- համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Բացի վերոնշյալից, համաներման հետ կապված այլ հարաբերություններ, այդ թվում` համաներում կիրառելու կամ դրա կիրառումը սահմանափակելու շրջանակների վերաբերյալ, Սահմանադրությամբ սահմանված չեն: Սահմանադրությամբ սահմանված չէ նաև անձի՝ պետությունից համաներում պահանջելու կամ համաներման խնդրանքի իրավունքը: Այսինքն, այս առումով ևս օրենսդրի հայեցողությունը սահմանադրական կարգավորումներով ուղղակիորեն սահմանափակված չէ: Միանշանակ է նաև, որ օրենսդրի հայեցողական լիազորությունը կարող է իրականացվել միայն սահմանադրական հիմնարար սկզբունքների և այլ իրավաչափ լուծումների շրջանակներում:
Սահմանադիրը չի նախատեսել օրենսդրի կողմից համաներման մանրամասների ուղղակիորեն սահմանում ընդհանուր կարգավորող օրենքով, և նման առանձին օրենք ներկայում առկա չէ:
Համաներման հետ կապված ընդհանուր իրավակարգավորումներ սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում` Քրեական օրենսգրքով: Հիշյալ օրենսգրքի «Համաներումը» վերտառությամբ 82-րդ հոդվածով սահմանվում է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
Համաներման մասին ակտերը նորմատիվ իրավական ակտեր են: 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ համաներման մասին կարող է ընդունվել օրենք, իսկ մինչ հիշյալ փոփոխությունները` կարող էր ընդունվել Ազգային ժողովի որոշում: Համաներման ինստիտուտի էությունից և իրավաստեղծ գործունեության պրակտիկայից բխում է, որ համաներման մասին ակտը, լինելով նորմատիվ իրավական ակտ, այնուհանդերձ, ունի առանձնահատկություններ: Մասնավորապես, համաներման մասին ակտը`
- տարածվում է այդ ակտով կոնկրետ նշված ժամանակահատվածում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործության կատարման համար դատապարտված որոշակի կատեգորիայի անձանց, վերջիններիս վերագրվող քրեորեն պատժելի որոշակի արարքների վրա,
- վերաբերում է քրեական պատասխանատվությունից ազատելու, պատժից լրիվ կամ մասնակիորեն ազատելու կամ պատիժը մեղմացնելու, ինչպես նաև դատվածությունը վերացնելու հարցերին,
- սահմանում է համաներման կիրառման կոնկրետ ժամկետ, այլ կերպ` այդ ակտն ունի կոնկրետ գործողության ժամկետ:
Վերոնշյալից բխում է, որ համաներման մասին կարող են ընդունվել ակտեր, որոնցից յուրաքանչյուրով համաներում կիրառելու կամ դրա կիրառման սահմանափակումների շրջանակները` պայմանավորված օրենսդրի հայեցողությամբ, կարող են լինել տարբեր:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաներումը, օրենսդրի հայեցողական լիազորության իրականացման արդյունքում հանցանք կատարած որոշակի կատեգորիայի անձանց նկատմամբ արտահայտելով պետության մարդասիրական վերաբերմունքը, չի կարող իրականացվել ի հաշիվ այլոց իրավունքների: Այս համատեքստում ևս պետության սահմանադրական պարտականությունն է` հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանել անհրաժեշտ օրենսդրական կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր (Սահմանադրության 75-րդ հոդված):
4.2. Վնասի հատուցման ինստիտուտը մասնավոր իրավունքի ինստիտուտ է, և դրա վերաբերյալ ընդհանուր իրավակարգավորումներն ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքով (մասնավորապես` 17-րդ հոդվածով, 60-րդ գլխի նորմերով):
Անդրադառնալով հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման ինստիտուտի սահմանադրաիրավական հիմքերին՝ Սահմանադրական դատարանը նշում է, որ այն, նախևառաջ, անմիջականորեն առնչվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ տուժողի` հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքին:
Տուժողին պատճառված վնասի հատուցման հետ կապված Օրենքի դրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը տարանջատել և սահմանել է համաներման կիրառման առանձին շրջանակներ:
Այսպես, առաջին` Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի իրավակարգավորումներից բխում է, որ այն դեպքում, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներման կիրառման համար պարտադիր է պատճառված վնասը հատուցված կամ այն այլ կերպ հարթված լինելը, կամ դրա վերաբերյալ վեճի բացակայությունը, իսկ վերջիններիս առկայության դեպքում համաներում չի կիրառվում:
Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործը կարճելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ կարգավորումներ։ Միաժամանակ նույն հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ հիշյալ 5-րդ մասը կիրառվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ: Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ համաներման մասին օրենք ընդունելու հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ (2-րդ պարբերություն): Ընդ որում, հարկ է ընդգծել, որ հիշյալ դրույթը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված իրավակարգավորումից տարբերվող այլ բան Օրենքը չի նախատեսում:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի իրավակարգավորումների հիմքում դրվել է, նախևառաջ, այն մոտեցումը, որ քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործը կարճելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները չունեն հետագայում քաղաքացիադատավարական ընթացակարգերով՝ խախտված իրավունքը վերականգնելու հարցում նախապես հաստատված ապացույցի ուժ: Այլ կերպ՝ այդ որոշումները քաղաքացիական դատավարությունում չեն կարող ունենալ նախադատելի ուժ, դրանք կարող են օգտագործվել որպես գրավոր ապացույց և քննարկվել ներկայացված մյուս ապացույցների հետ համակցության մեջ: Դատական պրակտիկայում ևս ձևավորվել է հիշյալ մոտեցումը (համանման իրավական դիրքորոշում արտահայտել է Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, իր՝ 2010 թվականի ապրիլի 22-ի ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով քննության առարկա հարցերի շրջանակում Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ այն դեպքում, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներման կիրառման համար պարտադիր է պատճառված վնասը հատուցված կամ այն այլ կերպ հարթված լինելը, կամ դրա վերաբերյալ վեճի բացակայությունը, իսկ վերջիններիս առկայության դեպքում համաներում չի կիրառվում, իրավաչափ են, քանի որ տուժողի վրա չի դրվում վնաս պատճառելու հետ կապված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերի ապացուցման պարտականություն, ինչը տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքի իրացման տեսանկյունից բարենպաստ պայման է:
Երկրորդ` այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Օրենքով համաներման կիրառման սահմանափակում չի նախատեսվում այն անձանց համար, որոնք չեն հատուցել հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը: Օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով համաներում չկիրառելու դեպքերի մեջ նման սահմանափակում նախատեսված չէ: Օրենքով սահմանվում է, որ համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (4-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համաներման մասին 2009 թվականի հունիսի 19-ի, 2011 թվականի մայիսի 26-ի և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի ակտերով օրենսդիրն իր հայեցողության շրջանակներում չի նախատեսել համաներման կիրառում այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը: Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծելու վերաբերյալ դրույթներ համաներման մասին նախկինում ընդունված ակտերում բացակայում են:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասի իրավակարգավորումների հիմքում դրվել է, նախևառաջ, այն մոտեցումը, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով հաստատված են տուժողին վնաս պատճառելու հետ կապված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստեր, քաղաքացիադատավարական ընթացակարգերով գործ քննելիս ունի նախապես հաստատված ապացույցի ուժ։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցելուց ազատվելու հիմքերը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն»: Այս դեպքում ևս դատական պրակտիկայում ձևավորվել է հիշյալ մոտեցումը (համանման իրավական դիրքորոշում արտահայտել է Վճռաբեկ դատարանն իր՝ 2007 թվականի սեպտեմբերի 5-ի 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով քննության առարկա հարցերի շրջանակում Օրենքի վիճարկվող և դրա հետ փոխկապակցված դրույթների իրավակարգավորումները, որոնցով այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներման կիրառման սահմանափակում չի նախատեսվում այն անձանց համար, որոնք չեն հատուցել հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը, և սահմանվում է, որ համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իրավաչափ են, քանի որ տուժողի վրա չի դրվում վնաս պատճառելու հետ կապված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերի ապացուցման պարտականություն, ինչը տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքի իրացման տեսանկյունից բարենպաստ պայման է:
4.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ պատժից ազատելու օրենսդրական ընդհանուր քաղաքականության շրջանակներում հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այն այլ կերպ հարթելը չի դիտարկվում որպես բացառիկ նախապայման, առանց որի անհնար է անձին պատժից ազատել։ Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքում ևս չի դրվում հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը հատուցված կամ այն այլ կերպ հարթված լինելու որպես բացառիկ նախապայման: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներից մեկն է (Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մաս):
Հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը քաղաքացիաիրավական պարտավորության ծագման հիմք է, դրա հատուցումը պատժի նպատակ չէ, և պատժից չազատելը ոչ միայն երաշխիք չէ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` տուժողին պատճառված վնասի հատուցումն ստանալու համար, այլ այն առավել անբարենպաստ պայման կարող է լինել վնասը հատուցելու համար՝ պայմանավորված վնասը հատուցող անձի անազատության մեջ լինելու հանգամանքով:
Բացի դրանից, գործնականում չեն բացառվում դեպքեր, երբ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման տուժողի պահանջը դատական կարգով բավարարվի, սակայն դատապարտյալն ի վիճակի չլինի այն կատարել: Ասվածը, բնականաբար, չի նշանակելու, որ վերջինս դատավճռով նշանակված պատժի ժամկետից հետո շարունակելու է զրկված լինել ազատությունից այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարել պատճառված վնասի հատուցման իր պարտականությունը:
Վերոհիշյալ մոտեցումը բնավ չի նշանակում, որ օրենսդիրը համաներմամբ պատժից ազատելու իր հայեցողությունն իրականացնում է ի հաշիվ տուժողի վնասի հատուցման իրավունքի իրացման: Համաներման մասին ակտով անձը չի կարող ազատվել հանցագործության հետևանքով առաջացած այլ անձանց նկատմամբ քաղաքացիաիրավական պարտականությունների կատարումից:
Վերոնշյալի համատեքստում ևս Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի իրավակարգավորումը, որով այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներման կիրառման սահմանափակում չի նախատեսվում այն անձանց համար, որոնք չեն հատուցել հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը, իրավաչափ է և սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ:
4.4. Ինչ վերաբերում է տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի՝ դատական կարգով հատուցման իրավունքի իրացման ընթացակարգերին, ապա դրանք սահմանված են ինչպես քրեական դատավարության օրենսդրությամբ, այնպես էլ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:
Սահմանադրական դատարանն իր՝ 2011 թվականի ապրիլի 5-ի ՍԴՈ-947 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ «Ինքնանպատակ չէ այն հանգամանքը, որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, որտեղ օգտագործվում է «խախտված իրավունքների վերականգնման» բառակապակցությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «պաշտպանել իրավունքները» բառակապակցությունը, ինչը նշանակում է, որ քրեական օրենսդրությունն ունի նախականխիչ նշանակություն և քրեական օրենսդրության միջոցով օբյեկտիվորեն հնարավոր չէ վերականգնել արդեն իսկ խախտված իրավունքները: Այդ է պատճառը նաև, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի ինստիտուտը, որի միջոցով գործնականում ապահովվում է հանցագործության հետևանքով խախտված իրավունքների վերականգնումը»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցն այս կամ այն դատավարական ընթացակարգերով լուծելը սահմանադրականության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէ և գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում: Սահմանադրական պահանջն այն է, որ այդ ընթացակարգերը լինեն արդյունավետ, իսկ առկա ընթացակարգերի արդյունավետության գնահատումը սույն գործի շրջանակներից դուրս է:
Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներով ևս ամրագրում է, որ տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի պաշտպանությանն ուղղված կառուցակարգերի հարցերը գտնվում են պետության լայն հայեցողության ներքո, և շեշտում, որ պետությունը պետք է երաշխավորի այդ կառուցակարգերի արդյունավետությունը: Մասնավորապես, նշվում է, որ տուժողի իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը ենթադրում է այնպիսի միջոցի առկայություն, որը կարող է վերացնել իրավունքի խախտումը կամ կանխել դրա հետագա շարունակումը, կամ կարող է ապահովել բավարար փոխհատուցում կատարված խախտման համար: Իսկ փոխհատուցման պահանջն արդյունավետ միջոց դիտարկելու համար այն պետք է ունենա և՛ հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար, և՛ ապահովի բավարար փոխհատուցում: Փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը սկզբունքորեն դիտարկվել է դատական պաշտպանության արդյունավետ միջոց (մասնավորապես` Kudła v. Poland գործով 26.10.2000թ. վճիռ, գանգատ թիվ 30210/96, Sejdovic v. Italy գործով 01.03.2006թ. վճիռ, գանգատ թիվ 56581/00, Lukenda v. Slovenia գործով 06.10.2005թ. վճիռ, գանգատ թիվ 23032/02, Jazbec v. Slovenia գործով 14.12.2006թ. վճիռ, գանգատ թիվ 31489/02, Varacha v. Slovenia գործով 09.11.2006թ. վճիռ, գանգատ թիվ 9303/02, Budayeva and Others v. Russia գործով 20.03.2008թ. վճիռ, գանգատներ թիվ 15339/02, 21166/02, 20058/02, 11673/02 և 15343/02, Kάroly Hegedűs v. Hungary գործով 03.11.2011թ. վճիռ, գանգատ թիվ 11849/07):
Պետք է նշել նաև, որ տուժողը ևս ունի իրեն պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման հայեցողության լայն շրջանակ: Մասնավորապես, նա կարող է ինչպես օգտվել քրեադատավարական ընթացակարգերով իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, այնպես էլ չօգտվել այդ հնարավորությունից՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար դիմել քաղաքացիադատավարական ընթացակարգերին։ Տուժողը կարող է նաև ընդհանրապես չիրացնել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը: Վերջինս հաշվի առնելով է օրենսդիրը Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրել «կարող է» դրույթը՝ այն պայմանավորելով տուժողի հայեցողությամբ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, անկախ այն հանգամանքից՝ տուժողը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը քրեական դատավարության, թե քաղաքացիական դատավարության շրջանակներում է իրացնում, կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը (Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան կարգավորումներն ամրագրված են «Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում» վերտառությամբ 20-րդ գլխի նորմերով): Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի հիման վրա է ապահովվում հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցումը՝ նաև դատական ակտերի հարկադիր կատարման միջոցով՝ կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի վարույթի շրջանակներում:
Սահմանադրական դատարանը գտնում է` քանի որ Օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս են դատավարական ընթացակարգերի հետ կապված էական (սկզբունքային) մանրամասներ սահմանելու հարցերը, Օրենքի այն իրավակարգավորումը, համաձայն որի` համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (4-րդ հոդվածի 2-րդ մաս), բխում է վերոհիշյալ ընդհանուր իրավակարգավորումներից և առկա են օրենսդրական բավարար երաշխիքներ տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքի իրացման համար:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշում է, որ, Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով, տուժողի՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի իրացման ապահովման ամբողջական և արդյունավետ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
26 փետրվարի 2019 թվականի ՍԴՈ-1447 |