ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0433/02/11 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0433/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի հուլիսի 27-ին,
քննարկելով Արևիկ Արուչյանի ներկայացուցիչ Կարեն Թունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արևիկ Արուչյանի ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Դանիել Գրիգորյանի` Արևիկ Արուչյանին 16.04.2007 թվականին Ընկերության տնօրենի պաշտոնից ազատված համարելու և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժնի կողմից Արևիկ Արուչյանին Ընկերության տնօրեն գրանցելու վերաբերյալ 22.06.2006 թվականին կատարված գրառումն ուժը կորցրած համարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արևիկ Արուչյանը պահանջել է իրեն 16.04.2007 թվականին Ընկերության տնօրենի պաշտոնից ազատված համարել, Արևիկ Արուչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված և 16.04.2007 թվականից ուժը կորցրած համարել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժնի կողմից իրեն Ընկերության տնօրեն գրանցելու վերաբերյալ 22.06.2006 թվականին կատարված գրառումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.03.2011 թվականի որոշմամբ Արևիկ Արուչյանի հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.05.2011 թվականի որոշմամբ Արևիկ Արուչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2011 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևիկ Արուչյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, 227-րդ հոդվածի 2-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:
Վերաքննիչ դատարանը մատնանշել է այն փաստը, որ օրենսդիրը ֆիզիկական անձանց կողմից որպես վարչական դատարան դիմելու պարտադիր նախապայման է համարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ նրանց իրավունքների հնարավոր խախտման կամ հնարավոր խախտման վտանգի ընկալումը, որ ֆիզիկական անձին վարչական դատարան դիմելու իրավունք է վերապահվում միայն այն դեպքում, երբ իրավունքների և ազատությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ենթադրյալ չապահովումը պայմանավորված է բացառապես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ և որ մնացած այլ դեպքերում, գործերը ենթակա են քննության ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի իրավունքները խախտվել և օրինական շահերը ոտնահարվել են ոչ թե վարչական մարմնի, այլ Ընկերության և Դանիել Գրիգորյանի կողմից: Այսինքն` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցը ներկայացվել է ընդդատության կանոնների պահպանմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որպես վարչական ակտ է որակել Արևիկ Արուչյանին Ընկերության տնօրեն գրանցելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիր տարածքային բաժնի կողմից 22.06.2006 թվականի գրառումը` չնշելով սակայն այն իրավանորմը, որի հիման վրա եկել է այդպիսի եզրահանգման: Մինչդեռ վարչական ակտի բնորոշման, դրա տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավանորմերի ընտրության և վերլուծության արդյունքում Դատարանը կհանգեր բոլորովին այլ եզրակացության:
Բողոք բերած անձը պահանջել է վերանայել Վերաքննիչ դատարանի 17.05.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցերին.
արդյո՞ք սույն գործով ներկայացված հիմնական պահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից և սույն գործով ներկայացված հայցը ո՞ր դատարանին է ենթակա:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից:
Հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական է համարվում այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հանրային և մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների ներկայացման դեպքում հիմնական պահանջը կարող է համարվել հանրային իրավահարաբերություններից բխող, եթե վեճի հիմքը պայմանավորված է պետական մարմինների կողմից իրենց գործադիր-կարգադրիչ գործառույթների իրականացմամբ: Այն դեպքում, երբ հանրային իրավահարաբերություններից բխող պահանջը պայմանավորված է մասնավոր տարրի առկայությամբ և դրա ելքը կախված է մասնավոր իրավահարաբերությունից բխող պահանջի ելքից, ապա հիմնական պահանջը հանրային իրավահարաբերություններից չի բխում:
Սույն գործով Արևիկ Արուչյանը պահանջել է 16.04.2007 թվականին Ընկերության տնօրենի պաշտոնից իրեն ազատված համարել և Արևիկ Արուչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարել լուծված և 16.04.2007 թվականից ուժը կորցրած համարել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժնի կողմից իրեն Ընկերության տնօրեն գրանցելու վերաբերյալ 22.06.2006 թվականին կատարված գրառումը:
Դատարանն Արևիկ Արուչյանի հայցադիմումը վերադարձնելու, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել են այն հանգամանքը, որ բացակայում է աշխատանքային վեճ և ներկայացվել է վարչարարություն իրականացնող մարմնի գործողության հետևանքով իր խախտված իրավունքը վերականգնելու պահանջ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը Ընկերության տնօրենի պաշտոնից ազատված համարելը և Արևիկ Արուչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծված համարելն է, իսկ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժնին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելն առաջինի իրավական հետևանքն է: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնական պահանջը չի բխում հանրային իրավահարաբերություններից:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու և ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, հայցը պետք է քննվի այն դատարանում, որի առարկայական ընդդատությանն է ենթակա ներկայացված հիմնական պահանջը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ անհիմն է Դատարանի և Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ սույն գործը ենթակա է ՀՀ վարչական դատարանում քննության:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.05.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2011 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |