Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2628/02/13

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2628/02/13

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Դատավորներ՝

Գ. Մատինյան

Ի. Վարդանյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 03-ին

քննարկելով ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 336.893,93 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 24.09.2013 թվականի դրությամբ առկա պարտք, այդ թվում` 8.386,54 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ժամկետանց պարտք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.07.2014 թվականի որոշմամբ Դատարանի 16.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, հարգելի չի համարել դատավարական ժամկետը բաց թողնելու միջնորդությունը և այն չի վերականգնել, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա, չնայած որ դատավարական ժամկետի բացթողումն ակնհայտ հարգելի էր։

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի չի առել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում արտահայտված այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլ նաև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը։ Մինչդեռ, սույն գործով խախտվել է Ընկերության սնանկության գործով կառավարչի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես` Ընկերությունը սնանկ է ճանաչվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/0039/04/14 քաղաքացիական գործով` 29.04.2014 թվականին կայացված վճռով, իսկ Խաչիկ Նազարյանը սնանկության գործով կառավարիչ է նշանակվել նույն դատարանի 19.05.2014 թվականի որոշմամբ և 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճռի մասին տեղեկացել է 03.06.2014 թվականին` թիվ ԵՄԴ/0039/04/14 քաղաքացիական գործով Բանկի ներկայացրած դիմումին կից փաստաթղթերից:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճիռն Ընկերությանն ուղարկվել է Երևանի Սիսվանի թիվ 57 հասցեով, մինչդեռ Ընկերության ծանուցման հասցեն Երևանի Ծիծեռնակաբերդի թիվ 1/3 հասցեն է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 08.07.2014 թվականի որոշումը և կայացնել դատական ակտ` «Միլլար» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի միջնորդությունը` թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով 16.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու և վերականգնելու մասին»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

28.08.2009 թվականին կողմերի միջև կնքված թիվ V09-0024 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի 3-րդ բաժնի 25-րդ կետի համաձայն` հաճախորդը պարտավոր է Բանկին անհապաղ տեղեկացնել գտնվելու վայրի, ղեկավարների, բանկային վավերապայմանների փոփոխությունների մասին, ինչը, սակայն, չի կատարել, այնինչ պարտավոր էր։ Հետևաբար նման փոփոխության առկայության դեպքում անգամ այս պարտավորությունը չկատարելու արդյունքում վրա հասած բացասական հետևանքների պատասխանատուն միայն Ընկերությունն է։ Դատարանի կողմից ուղարկված ծանուցումները պատշաճ կարգով ստացվել են Ընկերությանը հասցեագրած նամակագրությունը ստանալու իրավասու անձանց կողմից։ Դատարանը վերջիններիս չվստահելու և կասկածի տակ դնելու հիմքեր չուներ և այժմ էլ այդ ծանուցումներն Ընկերության կողմից ստացված չլինելու փաստ առկա չէ։ Այսինքն` Ընկերության բոլոր հարցերը կապված ծանուցագրերի առաքման հետ պետք է ներկայացվեն ոչ թե դատարաններին, այլ` փոստային առաքման ծառայությանը։

Դատարանի 16.04.2014 թվականի վճռով Բանկի հայցը` Ընկերությունից գումար բռնագանձելու պահանջով, բավարարվել է։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 19.05.2014 թվականի որոշմամբ է Ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակվել Խաչիկ Նազարյանը, ինչի հիմքով էլ ծագել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված` որպես կառավարչի դատարաններին դիմելու լիազորությունը, որը, սակայն, միևնույն է չի ապահովում կառավարչի` սույն գործով մասնակից լինելու և այդ հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունքը։ Հետևաբար բողոքների ներկայացումը ոչ թե սույն գործով մասնակից հանդիսացող Ընկերության կողմից է, այլ սնանկության գործով կառավարչի, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ դրանց ներկայացումը վերջինիս կողմից հետապնդում է պետական տուրքի վճարումից խուսափելու նպատակ, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կառավարիչը բողոքների համար վճարվելիք պետական տուրքից ազատված է։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ  հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՄԻԵԴնախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե′ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55) :

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:      

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ի կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին Ընկերության սնանկության գործով կառավարչի միջնորդությունը և վերադարձնելով վերջինիս վերաքննիչ բողոքը, նշել է, որ հայցադիմումում  որպես պատասխանող Ընկերության ծանուցման հասցե նշված է Երևանի Սիսվանի թիվ 57 հասցեն, Դատարանը 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճռի օրինակն ուղարկել է վերը նշված հասցեով, և համաձայն գործում առկա 25.04.2014 թվականի հանձնման հավաստագրի` Ընկերությունը 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճռի օրինակը ստացել է 25.04.2014 թվականին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ միջնորդությունը հիմնավորող բավարար ապացույցներ չեն ներկայացվել:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2014 թվականի թիվ ԵՄԴ/0039/04/14  վճռով ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 10), իսկ նույն դատարանի 19.05.2014 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել  Խաչիկ Նազարյանը (հատոր 2-րդ, գ.թ. 12):

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը 27.06.2014 թվականին Դատարանի 16.04.2014 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը, քանի որ նշված վճռի մասին տեղեկացել է 03.06.2014 թվականին թիվ ԵՄԴ/0039/04/14 սնանկության գործով Բանկի կողմից ներկայացված դիմումին կից փաստաթղթերից և անհապաղ միջոցներ է ձեռնարկել վերաքննիչ բողոք կազմելու և ներկայացնելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: 

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից  պարտապանը  (ղեկավարը) գործում  է  նույն  օրենքի  47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից։

Նույն հոդվածի 3-րդ  մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Խաչիկ Նազարյանը սնանկության գործով կառավարիչ նշանակվել է 19.05.2014 թվականին` Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը, հետևաբար վերջինս օբյեկտիվորեն բավարար հնարավորություն չի ունեցել օրենքով սահմանված ժամկետում իրացնելու իր բողոքարկման իրավունքը: Ավելին, գործում առկա ապացույցներով  հիմնավորվում է այն փաստը, որ Խաչիկ Նազարյանը Դատարանի վճռի մասին տեղեկացել է 03.06.2014 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 15), որից հետո և միջոցներ է ձեռնարկել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ անդրադառնալով 16.04.2014 թվականի թիվ ԵԿԴ/2628/02/13 վճիռն Ընկերության հասցեով ուղարկված չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, արձանագրում է հետևյալը. ի հիմնավորումն վերը նշված փաստարկի՝ սնանկության գործով կառավարիչը նշել է, որ թիվ ԵԿԴ/2628/02/13 վճիռն Ընկերությանն ուղարկվել է Երևանի Սիսվանի թիվ 57 հասցեով, մինչդեռ Ընկերության ծանուցման հասցեն Երևանի Ծիծեռնակաբերդի թիվ 1/3 հասցեն է:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործում առկա գրավի իրավունքի գրանցման 02.09.2009 թվականի թիվ 0180132 վկայականով (հատոր 1-ին, գթ. 44) հիմնավորվում է Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից մատնանշած` Երևանի Ծիծեռնակաբերդի թիվ 1/3 հասցեում սեփականության իրավունքով Ընկերությանը գույք պատկանելու հանգամանքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ  Երևանի Սիսվանի թիվ 57 հասցեն՝ որպես Ընկերության ծանուցման հասցե, նշված է եղել միայն Բանկի կողմից ներկայացված  հայցադիմումում, իսկ Դատարանի կողմից գործի քննության ընթացքում նշված հասցեով ուղարկված ծանուցումները փոստային բաժանմունքից վերադարձվել են, մասնավորապես, «հասցեում չկա այդպիսին» (հատոր 1-ին, գթ. 67), «դուռը փակ է» (հատոր 1-ին, գթ. 72) նշումներով, այսինքն՝ Ընկերությունը նշված հասցեով դատաքննության ընթացքում երբևէ չի ծանուցվել, իսկ Դատարանը, ունենալով Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի հասցե (այն է` Երևանի Ծիծեռնակաբերդի թիվ 1/3), պատշաճ և բավարար միջոցներ չի ձեռնարկել  Ընկերությանն այդ հասցեով ևս ծանուցելու ուղղությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքարկվող դատական ակտը Դատարանի կողմից Երևանի Սիսվանի թիվ 57 հասցեով ուղարկելու և այդ հասցեում ստացված լինելու հանգամանքը չէր կարող դրվել Ընկերության սնանկության գործով կառավարչի՝ որպես Ընկերության դատավարական իրավունքներն իրականացնող անձի միջնորդության մերժման հիմքում, հատկապես այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 08.07.2014 թվականի որոշումն Ընկերությանն ուղարկել է Երևանի Ծիծեռնակաբերդի թիվ 1/3 հասցեով:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը  խախտել  է  ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքի  77-րդ հոդվածի 1-ին կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, քանի որ առանց հիմնավոր պատճառաբանության, անտեսելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները` հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի առանց հարգելի պատճառների խախտման փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասով, 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան