ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 921-Ն
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 921
Կ Ա Ր Գ
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ
1. «Ներման խնդրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ «Ներում շնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի՝ իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումն ընդունվելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ուղարկվում են՝
1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
2. Ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկվում են պատիժը կատարող համապատասխան հիմնարկ և պահպանվում երեք տարի ժամկետով:
3. Պատիժը կատարող համապատասխան հիմնարկը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերը ոչնչացնում է:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն էլեկտրոնային եղանակով վարում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ` համաձայն ձևի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ
Ներման խնդրագրի հաշվառման հերթական համարը |
Ներման խնդրագրի հաշվառման թվագրումը |
Ներման խնդրագիր ներկայացնելու թվագրումը |
Ներման խնդրագիր ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը |
Ներման խնդրագիր ներկայացրած անձի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Ներման խնդրագիր ներկայացրած անձի հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում) |
Ներման խնդրագիրը ներկայացրած անձի վերաբերյալ կազմված անձնական գործը ՀՀ վարչապետին ներկայացնելու թվագրումը |
Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի կողմից ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու թվագրումը |
Ներման խնդրագրի քննարկման արդյունքում ընդունված ակտի տեսակը, ակտի թվագրումը և հակիրճ բովանդակությունը |
Ներման խնդրագրի քննարկման արդյունքում ընդունված ակտի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |