ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման իրականացման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով՝
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
1.26. Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից համայնքի ղեկավարի սեփական կամ պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ վարչական հսկողության բովանդակությունը, հսկողության ոլորտները, սահմանները և միջամտող միջոցառումները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
1.27. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրականացնում են իրավական և մասնագիտական հսկողություն.
1) իրավական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի սեփական, ինչպես նաև ավագանու լիազորությունների նկատմամբ,
2) մասնագիտական հսկողությունն իրականացվում է համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների նկատմամբ:
1.28. Հայաստանի Հանրապետության մարզպետները վարչական հսկողությունն իրականացնում են իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան:
1.29. Հայաստանի Հանրապետության մարզպետները, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ն ամփոփելով մարզի համայնքների խնդիրները, համայնքներում կատարված ուսումնասիրությունները և քաղաքացիների դիմումներն ու բողոքները, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում իրենց հաջորդ տարվա վարչական հսկողության աշխատանքային ծրագրերը (այսուհետ` Ծրագիր):
1.30. Ծրագիրը կազմելիս մարզպետն առաջնորդվում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևով:
1.31. Մարզպետն առանձին դեպքերում Ծրագրում չընդգրկված համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև Ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` իրավական հսկողության բարձրագույն մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով:
1.32. Մարզպետն իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված Ծրագիրը եռօրյա ժամկետում տեղադրում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Ծրագրում կատարված փոփոխությունները սույն կետով սահմանված կարգով նույնպես ենթակա են հրապարակման:
1.33. Տարվա ընթացքում վարչական հսկողության ենթարկված համայնքները չեն ընդգրկվում տվյալ տարվան հաջորդող տարվա Ծրագրում, բացառությամբ սույն հրամանագրի 1.34-րդ կետում նշված դեպքերի:
1.34. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է Ծրագրում ընդգրկել համայնքներ, որոնցում նախորդ տարում իրականացվել է վարչական հսկողություն, մարզպետը Ծրագրի հետ միաժամանակ իրավական հսկողության բարձրագույն մարմին է ներկայացնում պատճառաբանված հիմնավորում` համապատասխան համայնքում կրկին անգամ վարչական հսկողություն իրականացնելու նպատակների վերաբերյալ:
1.35. Ծրագրում ընդգրկվում է մարզի համայնքների առնվազն 33 տոկոսը:
1.36. Մինչև 10 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 անընդմեջ աշխատանքային օր: 10 մլն դրամից մինչև 100 մլն դրամ բյուջե ունեցող համայնքներում վարչական հսկողության իրականացման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 անընդմեջ աշխատանքային օր, իսկ 100 մլն դրամից ավելի բյուջե ունեցող համայնքներում` ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր:
1.37. Վարչական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք յուրաքանչյուր ոլորտի վարչական հսկողությունն իրականացնելիս առաջնորդվում են համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնի և իրավական հսկողության բարձրագույն մարմնի համատեղ հրամաններով հաստատված հսկողության հարցաշարերով:
1.38. Վարչական հսկողությունն իրականացվում է մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Մարզպետի որոշմամբ սահմանվում է աշխատանքային խմբի կազմը, և նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավար:
1.39. Վարչական հսկողության ժամկետն ավարտելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, հսկողությունն իրականացնող աշխատանքային խումբն ամփոփում է հսկողության արդյունքները և կազմում արձանագրություն:
1.40. Արձանագրությունը կազմվում է տպագիր` իրավական հսկողության բարձրագույն մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան:
1.41. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից: Արձանագրության մեկ օրինակը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է համայնքի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Համայնքի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստորագրել արձանագրությունը կամ հսկողության արդյունքների վերաբերյալ ներկայացնել առարկություններ: Հսկողության արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում համայնքի ղեկավարի կողմից արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում` հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարի կողմից: Արձանագրության պատճենը երկօրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
1.42. Հսկողությունն իրականացնող աշխատանքային խմբի գործողությունները, ինչպես նաև վարչական հսկողության արդյունքները օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել իրավական հսկողության բարձրագույն մարմին կամ դատարան:
1.43. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետը կարող է առաջարկել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել վարչական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները:
1.44. Մարզպետը համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություն` վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունը և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու և քննարկելու վերաբերյալ:
1.45. Վարչական հսկողության ընթացքում արձանագրված խախտումները սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չվերացվելու դեպքում մարզպետը կարող է դիմել դատարան` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, իսկ մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների մասով` նաև համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմնին:
1.46. Վարչական հսկողության իրականացման արդյունքում կազմված արձանագրությունը, խախտումները վերացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև հսկողության վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած առարկությունները հրապարակվում են մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ համապատասխան արձանագրությունը կազմելուց, առաջարկությունները ներկայացնելուց, ինչպես նաև համայնքի ղեկավարի առարկությունները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
1.47. Վարչական հսկողության արդյունքները ներկայացվում են մարզի խորհրդի առաջիկա նիստում:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 5 Երևան ՆՀ-189-Ն |