ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. 2013 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
2. 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 17 Երևան ՆՀ-72-Ն |