ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 988-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը «իրականացնող,» բառից հետո լրացնել «ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին վարժանքների անցկացման դեպքում հեծանվորդների կազմակերպված խմբերն ուղեկցող,» բառերով.
2) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Սահմանել, որ հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով կարող են կահավորվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:».
3) որոշման հավելվածի՝
ա. առաջին պարբերությունում «օպերատիվ» բառը փոխարինել «օպերատիվ-ծառայողական» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ դատապարտյալներ տեղափոխելու նպատակով օգտագործվող» բառերով,
գ. չորրորդ պարբերությունում «բուժօգնություն իրականացնող բուժկանխարգելիչ» բառերը փոխարինել «և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող» բառերով,
դ. յոթերորդ պարբերությունում «ոստիկանության պետավտոտեսչության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերով,
ե. իններորդ պարբերությունից հանել «գունագրաֆիկ երանգավորում չունեցող» բառերը:
2. Կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին` մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ն առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցները ներկայացնել դրանց գրանցման մարմին` վերջինիս կողմից տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում առկայծող փարոսիկներով կահավորված լինելու մասին գրառում կատարելու և միասնական հաշվառում իրականացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման կիրարկումն ապահովող ստանդարտներում անհրաժեշտ լրացումները և փոփոխությունները, այդ թվում` հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումների համար ձայնային ազդանշանի նմուշներ սահմանելու մասով:
(3-րդ կետը խմբ. 28.12.17 N 1694-Ն)
4. Կարմիր, կապույտ փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներ տնօրինող մարմինների (ծառայությունների) ղեկավարներին՝ սահմանել պատշաճ վերահսկողություն առկայծող փարոսիկները ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու հնարավորությունը բացառելու համար, առկայծող փարոսիկների՝ ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու դեպքում կիրառել օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվության միջոց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
|